Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.30
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
15.08.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
15.08.2014
Дата вступления в силу
15.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0087/01/12

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0087/01/12

Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան
Դատավորներ` Ա. Դանիելյան
Լ. Թադևոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

     
քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Ա. Փարսադանյանի

2014 թվականի օգոստոսի 15-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մարտի 25-ի որոշման դեմ դատապարտյալ Վաժա Վախթանգի Ազարիաշվիլու պաշտպան Ա.Փարսադանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15141911 քրեական գործը` Վաժա Ազարիաշվիլու, Երվանդ Ղամբարյանի, Դավիթ Ղամբարյանի, Վարդան Եղիազարյանի, Կարեն Հովհաննիսյանի կողմից գողություն և գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ:

Նախաքննության մարմնի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Վաժա Ազարիաշվիլին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2011 թվականի դեկտեմբերի 29-ին Դավիթ Ղամբարյանը, Վարդան Եղիազարյանը և Կարեն Հովհաննիսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի մայիսի 10-ին Դ.Ղամբարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի մայիսի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով Վ.Ազարիաշվիլին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Վ.Ազարիաշվիլին դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`ազատազրկման 5 տարի ժամկետով`առանց գույքի բռնագրավման, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 5 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 5.600.000 ՀՀ դրամից:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով`պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Վ.Ազարիաշվիլու նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում`10 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 5.600.000 ՀՀ դրամից:

Դ.Ղամբարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Վ.Եղիազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Կ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Երվանդ Ղամբարյանը, Հասմիկ Դուրգարյանը և Աբգար Հովսեփյանը:

3. Կ.Հովհաննիսյանի, Վ.Ազարիաշվիլու պաշտպան Ա.Փարսադանյանի, Դ.Ղամբարյանի պաշտպան Է.Աղաջանյանի, Վ.Եղիազարյանի պաշտպան Վ.Գևորգյանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 25-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել Դ.Ղամբարյանի պաշտպան Է.Աղաջանյանը, Վ.Եղիազարյանի պաշտպան Վ.Գևորգյանը, Կ.Հովհաննիսյանը և նրա պաշտպան Ս.Սաֆարյանը: Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշման դեմ Վ.Ազարիաշվիլին վճռաբեկ բողոք չի ներկայացրել, և նրա մասով դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները բավարարվել են մասնակիորեն: Դ.Ղամբարյանի, Վ.Եղիազարյանի և Կ.Հովհաննիսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

5. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունվարի 10-ին որոշում է կայացրել Դ.Ղամբարյանի, Վ.Եղիազարյանի և Կ.Հովհաննիսյանի մասով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին:

Դ.Ղամբարյանին մեղսագրված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Վ.Եղիազարյանին մեղսագրված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Կ.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառմամբ Կ.Հովհաննիսյանն ազատվել է պատժի կրումից: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

6. 2014 թվականի ապրիլի 22-ին դատապարտյալ Վ.Ազարիաշվիլու պաշտպան Ա.Փարսադանյանը վճռաբեկ բողոք է բերել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշման դեմ:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 5-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Վ.Ազարիաշվիլին դատապարտվել է հետևյալ արարքների համար.

2010 թվականի հուլիսին Վ.Ազարիաշվիլին, Երևանի Տերյան փողոցի թիվ 72 հասցեում գտնվող «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գրապահոց ապօրինի մուտք գործելով, առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել այդ շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե.Ղամբարյանի և մեկ այլ անձի հետ: 2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ.Ազարիաշվիլին և մեկ այլ անձը ծառայություն իրականացնող Ե.Ղամբարյանի թողտվությամբ գիշերային ժամերին, պարբերաբար, ապօրինի մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենք, ապա գրապահոցների դռների վրայից դանակով առանձնացրել են պլաստիլինե դրոշմակնիքները, հարմարեցված բանալիներով բացել են դռները և գրապահոցներում ընտրել, առանձնացրել են առավել արժեքավոր գրքերը: Այնուհետև նրանք Ե.Ղամբարյանի մոտ թողել են իրենց հետ բերած դատարկ պայուսակներ, որոնցով վերջինս գրքերը գաղտնի դուրս է բերել գրադարանի շենքից և հանձնել է Վ.Ազարիաշվիլուն: Նշված եղանակով Վ.Ազարիաշվիլին, Ե.Ղամբարյանը և մեկ այլ անձը, 2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց ապօրինի մուտք գործելով, գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 7.500.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր: Կատարած գործողությունների համար Վ.Ազարիաշվիլին Ե.Ղամբարյանին տվել է 20.000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, իսկ հափշտակած գրքերի մի մասը մեկ այլ անձի հետ իրացրել է քննությամբ չպարզված հանգամանքներում և անձանց:

Բացի այդ, Վ.Ազարիաշվիլին 2010-2011 թվականների ընթացքում պարբերաբար այցելել է Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժին, որտեղ աշխատակիցներին ներկայացել է որպես պատմության թեմայով ուսումնասիրություններ կատարող գիտաշխատող: Այդ ընթացքում նա մտերմացել է բաժնի վարիչ Հ.Դուրգարյանի հետ և նրա թողտվությամբ ուսումնասիրել է իրեն հետաքրքրող ռուսերեն գրքերը: Հետագայում Հ.Դուրգարյանին հափշտակություն կատարելուն դրդելու նպատակով Վ.Ազարիաշվիլին 2011 թվականի սեպտեմբերին նրան ի պահ է տվել 9.000 ԱՄՆ դոլար`այդ խոշոր գումարն իր մոտ պահելու հնարավորություն չունենալու մտացածին պատրվակով: Այդ եղանակով նա Հ.Դուրգարյանին գցել է նյութական կախվածության մեջ, ապա համոզելու և նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է նրան պաշտոնեական դիրքն օգտագործելով`կատարել առանձնապես խոշոր չափերով գրքերի հափշտակություն`յուրացման եղանակով:

Հ.Դուրգարյանը, հանդիսանալով պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2011 թվականի հոկտեմբերի կեսերին`գործով չպարզված օրը, Երևանում յուրացման եղանակով հափշտակել է Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանին պատկանող, ռուս ժողովրդի 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական և աղբյուրագիտական նշանակություն ունեցող, իրեն վստահված, առանձնապես խոշոր չափերի` 5.627.400 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 17 միավոր ռուսերեն տարբեր գրքեր, որոնք նույն օրը հանձնել է Վ.Ազարիաշվիլուն և դրանց դիմաց նրանից ստացել է ևս 6.000 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, 2011 թվականի դեկտեմբերի կեսերին Վ.Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել Կ.Հովհաննիսյանի և Վ.Եղիազարյանի հետ` «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոցներ ապօրինի մուտք գործելով` առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ: Հափշտակության կատարման վայրը և այնտեղ գտնվող գրքերը նախապես ուսումնասիրելու նպատակով նրանք ստացել են նույն շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Դ.Ղամբարյանի` իրենց օժանդակելու վերաբերյալ համաձայնությունը: 2011 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան` ժամը 8-ի սահմաններում, առանձնապես խոշոր չափերի գրքերի գողության գործում Վ.Ազարիաշվիլուն և մյուսներին օժանդակելու նպատակով Դ.Ղամբարյանը բացել է «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը և ներս է թողել Վ.Ազարիաշվիլուն և Կ.Հովհաննիսյանին: Վերջիններս գրապահոցների դռների վրայից դանակով առանձնացրել են պլաստիլինե դրոշմակնիքները, հարմարեցված բանալիներով բացել են դռները և գրապահոցներում ուսումնասիրել են այնտեղ առկա գրքերը, դրանց տեղաբաշխումը, ինչպես նաև վերացրել են «Թամանյանական» մասնաճյուղի շենքի մուտքի դռան մոտ գտնվող խոչընդոտները` տեղահանելով դրսից դուռը բացելուն խոչընդոտող արգելաձողերը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 3-ի սահմաններում, Վ.Ազարիաշվիլին, Կ.Հովհաննիսյանը և Վ.Եղիազարյանը, իրենց հետ վերցնելով հանցագործության կատարումը հեշտացնելու համար նախատեսված երկու լապտեր, դանակ, լինգ, սպորտային տասներկու պայուսակ, գրապահոցների դռների փականներին հարմարեցված բանալիների տրցակ, Վ.Եղիազարյանին պատկանող ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Տերյան փողոց, ապօրինի մուտք գործելու և առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու նպատակով մոտեցել են «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի «Թամանյանական» մասնաճյուղի շենքի մուտքի դռանը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ ոստիկանության աշխատակիցները նրանց բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին (տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթ 51-74):

8. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(…) [Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վաժա Վախթանգի Ազարիաշվիլու կողմից, նրա մեղավորությամբ, առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։

Ապացուցված է նաև ամբաստանյալ Վաժա Վախթանգի Ազարիաշվիլու կողմից, նրա մեղավորությամբ առանձնապես խոշոր չափերով գողության փորձ կատարելը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ապացուցված է նաև ամբաստանյալ Վաժա Վախթանգի Ազարիաշվիլու կողմից, նրա մեղավորությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն դրդելը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթ 51-74):

9. Վերաքննիչ դատարանն իր 2013 թվականի մարտի 25-ի որոշման մեջ նշել է. «(…) Վերաքննիչ դատարանը, վերլուծության և գնահատության ենթարկելով քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ, հանգում է այն հետևության, որ (…) Վաժա Ազարիաշվիլու (…) արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, և կիրառվել է քրեական այն օրենքը, որը ենթակա է եղել կիրառման (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթ 19-71):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Ըստ բողոքի հեղինակի` ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում կայացված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Բողոքաբերը նշել է, որ Վ.Ազարիաշվիլուն ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի նկարագրությունը հանդիսանում է հանցագործության նախապատրաստություն, այլ ոչ թե հանցափորձ: Վ.Ազարիաշվիլուն առաջադրված մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ հանցանք կատարելուն անմիջականորեն ուղղված որևէ գործողություն նա չի կատարել: Նրան մեղսագրվել են գործողություններ, որոնք ուղղված են հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելուն կամ հարմարեցնելուն, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելուն: Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը վկայակոչել է սույն գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի և Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 10-ի որոշումները, որոնցով Վ.Ազարիաշվիլու հանցակիցների` Կ.Հովհաննիսյանի, Վ.Եղիազարյանի և Դ.Ղամբարյանի արարքներն առանձնապես խոշոր չափերով գողության փորձից վերաորակվել են որպես նախապատրաստություն:

Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց, որը հիմք կտար եզրահանգելու, թե Վ.Ազարիաշվիլու և նրա հանցակիցների դիտավորությունը հատկապես ուղղված է եղել առանձնապես խոշոր, այլ ոչ թե խոշոր կամ զգալի չափերի գողություն կատարելուն:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը կարծիք է հայտնել, որ ստորադաս դատարանները Վ.Ազարիաշվիլու արարքին տվել են սխալ քրեաիրավական գնահատական, ճիշտ չեն կիրառել քրեական օրենքը, մասնավորապես, կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 35-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, որի հատկանիշներին համապատասխանում է Վ.Ազարիաշվիլու կատարած արարքը:

11. Բացի այդ, շարադրելով և վերլուծելով Վ.Ազարիաշվիլուն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքները`բողոքաբերը կարծիք է հայտնել, որ դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներով հերքվում է, որ Վ.Ազարիաշվիլին կատարել է գողության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն կամ Հ.Դուրգարյանին դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի յուրացում:

Հետևաբար, Վ.Ազարիաշվիլու նկատմամբ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերն օրինական և հիմնավոր չեն, քանի որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն մեղադրանքը հաստատված համարելու համար:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը`բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Վ.Ազարիաշվիլուն արդարացնել, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել 35-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել 216-րդ հոդվածով և նրա նկատմամբ այդ հոդվածներով նշանակել մեղմ պատիժ, ինչպես նաև Վ.Ազարիաշվիլուն վերադարձնել վերջինիս պատկանող և Հ.Դուրգարյանի կողմից քննությանը ներկայացված 9.000 ԱՄՆ դոլարը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վ.Ազարիաշվիլու հանցակիցների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի և Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 10-ի որոշումների առկայության պայմաններում հիմնավո՞ր են արդյոք դատապարտյալ Վ.Ազարիաշվիլու արարքում առանձնապես խոշոր չափերով գողության հանցափորձի հատկանիշների առկայության և հանցագործության նախապատրաստության հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի դատական ակտի հետևությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն`«Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`«Հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթն իրացնելով`սույն գործով Դ.Ղամբարյանի, Վ.Եղիազարյանի, Կ.Հովհաննիսյանի մասով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ`նպատակ ունենալով հանցափորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդված) և հանցագործության նախապատրաստության (ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդված) սահմանազատման առումով ապահովել միասնական դատական պրակտիկա: Նշված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները`Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) Վ.Ազարիաշվիլին, Կ.Հովհաննիսյանը և Վ.Եղիազարյանը, նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերով գրքերի հափշտակություն կատարելու վերաբերյալ, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են որոշակի գործողություններ: Մասնավորապես, Վ.Ազարիաշվիլին և Կ.Հովհաննիսյանը Դ.Ղամբարյանի օժանդակությամբ նախապես մուտք են գործել գրադարանի տարածք, որտեղ գրապահոցների դռների վրայից դանակով առանձնացրել են պլաստիլինե դրոշմակնիքները, հարմարեցված բանալիներով բացել են դռները և գրապահոցներում ուսումնասիրել են այնտեղ առկա գրքերը և դրանց տեղաբաշխումը, ինչպես նաև վերացրել են շենքի մուտքի դռան մոտ գտնվող խոչընդոտները` տեղահանելով դրսից դուռը բացելուն խոչընդոտող արգելաձողերը: Հաջորդ օրը Վ.Ազարիաշվիլին, Կ.Հովհաննիսյանը և Վ.Եղիազարյանը, իրենց հետ վերցնելով հանցագործության կատարման համար նախատեսված գործիքներ և միջոցներ, ավտոմեքենայով մոտեցել են գողության կատարման վայրին` գրադարանի շենքին, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել մուտք գործել գրադարան և իրենց հանցավոր մտադրությունն իրականացնել:

Վ.Ազարիաշվիլու, Կ.Հովհաննիսյանի և Վ.Եղիազարյանի վերոնշյալ գործողություններն ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ դատարանները որակել են որպես հանցափորձ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը պատշաճ հետազոտման և գնահատման չի ենթարկել քրեական գործում առկա բոլոր ապացույցները, ինչի արդյունքում չի պարզել, թե հատկապես որ փուլում է ընդհատվել Վ.Ազարիաշվիլու, Կ.Հովհաննիսյանի և Վ.Եղիազարյանի`հանցավոր մտադրության իրագործմանն ուղղված գործունեությունը: Վերը նշված խախտումը, որը կարող էր ազդել ամբաստանյալների արարքների որակման մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության, որը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներով, պետք է պատշաճ հետազոտման և գնահատման ենթարկի գործում առկա ապացույցները, որից հետո միայն սույն որոշման 26-31-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գա համապատասխան եզրահանգման այն մասին, թե արդյոք մինչև ոստիկանության աշխատակիցների կողմից Վ.Ազարիաշվիլու, Կ.Հովհաննիսյանի և Վ.Եղիազարյանի գործողությունների խափանումը վերջիններս հասցրել են կատարել որևէ գործողություն, որով անմիջականորեն ոտնձգել են քրեաիրավական պաշտպանության ներքո գտնվող օբյեկտի դեմ, թե նրանց փաստացի կատարած արարքները սահմանափակվել են միայն պայմանների ստեղծմամբ, որոնք անմիջականորեն ուղղված են եղել հանցավոր մտադրության իրականացմանը:

Վերոգրյալ հանգամանքի պարզաբանումից հետո միայն հնարավոր կլինի իրավական գնահատական տալ ամբաստանյալներ Դ.Ղամբարյանի, Վ.Եղիազարյանի և Կ.Հովհաննիսյանի արարքներին և համապատասխան եզրահանգման գալ նրանց գործողություններում հանցափորձի կամ հանցագործության նախապատրաստության հատկանիշների առկայության վերաբերյալ (…)» (տե՛ս Դավիթ Ղամբարյանի, Վարդան Եղիազարյանի և Կարեն Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշման 32-33-րդ կետերը):

Այսպիսով, Վ.Ազարիաշվիլու հանցակիցների և նրանց պաշտպանների բողոքների քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 13-ին կայացված որոշման մեջ անդրադարձել է Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը և արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ հետազոտման և գնահատման չի ենթարկել քրեական գործում առկա բոլոր ապացույցները, ինչի արդյունքում չի պարզել, թե հատկապես որ փուլում է ընդհատվել Վ.Ազարիաշվիլու, Կ.Հովհաննիսյանի և Վ.Եղիազարյանի`հանցավոր մտադրության իրագործմանն ուղղված գործունեությունը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե գործով դատապարված են մի քանի անձ, իսկ բողոքը բերված է դատապարտյալներից միայն մեկի կամ մի քանիսի նկատմամբ, դատարանը վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում պարտավոր է գործն ստուգել միայն տվյալ դատապարտյալների վերաբերյալ»:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշման դեմ օրենքով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոքներ բերել են միայն Դ.Ղամբարյանի պաշտպան Է.Աղաջանյանը, Վ.Եղիազարյանի պաշտպան Վ.Գևորգյանը, Կ.Հովհաննիսյանը և նրա պաշտպան Ս.Սաֆարյանը: Վ.Ազարիաշվիլին վճռաբեկ բողոք չի ներկայացրել, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վճռաբեկ դատարանն իրավասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան`նոր քննության`միայն Դ.Ղամբարյանի, Վ.Եղիազարյանի և Կ.Հովհաննիսյանի մասով (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը), իսկ Վ.Ազարիաշվիլու մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:

Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունվարի 10-ին որոշում է կայացրել Դ.Ղամբարյանի, Վ.Եղիազարյանի և Կ.Հովհաննիսյանի մասով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին: Նշված անձանց մեղադրանքներն առանձնապես խոշոր չափերով գողության հանցափորձից վերաորակվել են հանցագործության նախապատրաստության (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

16. Հիմք ընդունելով Դ.Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման 15-րդ կետում շարադրված վերլուծությունը`Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Վ.Ազարիաշվիլու արարքում առանձնապես խոշոր չափերով գողության հանցափորձի հատկանիշների առկայության և հանցագործության նախապատրաստության հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի դատական ակտի հետևությունները (տե՛ս սույն որոշման 8-9-րդ կետերը) հիմնավոր չեն:

Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Վ.Ազարիաշվիլու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան`նոր քննության:

17. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերաքննիչ դատարանում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

18. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ գործը պետք է ուղարկվի ստորադաս դատարան` նոր քննության, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ բողոքաբերի մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը):

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Վաժա Վախթանգի Ազարիաշվիլու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան