ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով |
Քաղաքացիական գործ թիվ 03-1452 2014 թ. |
Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. Անտոնյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Գ. Հակոբյանի Ե. Սողոմոնյանի
2014 թվականի հուլիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նադյա, Կարապետ, Սամվել, Իրինա Հունանյանների վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Համալսարան) ընդդեմ Նադյա, Կարապետ, Սամվել և Իրինա Հունանյանների, երրորդ անձ Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համալսարանը պահանջել է Նադյա, Կարապետ, Սամվել և Իրինա Հունանյաններին վտարել Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 59-րդ շենքի թիվ 3 հասցեում գտնվող տարածքից, պարտավորեցնել Քաղաքապետարանին վերջիններիս՝ որպես երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընդգրկելու արտահերթ բնակարան ստացողների ցուցակում:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարապետ Հունանյանը պահանջել է անվավեր ճանաչել հայցվորի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նադյա, Սամվել Հունանյանները, Գոհար Բաղդասարյանը պահանջել են Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 59-րդ շենքի թիվ 3 հասցեում գտնվող բնակարանը ճանաչել տիրազուրկ և այդ բնակարանի նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր` Հ. Մովսեսյան) (այսուհետ` Դատարան) 02.06.2003 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցերը մերժվել են:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.07.2003 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ 28.07.2003 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցերը թողնվել են առանց քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Նադյա, Կարապետ, Սամվել և Իրինա Հունանյանները։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համալսարանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի թիվ ՎԴ5/0546/05/09 որոշմամբ վերացվել է Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը թվով 7 ընտանիքների, այդ թվում` սույն գործով պատասխանողների զբաղեցրած մասի՝ 350քմ մակերեսով տարածքի նկատմամբ, մասնակիորեն՝ նշված 350քմ մակերեսով բնակելի շենքի մասով անվավեր է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիրը և դրա հիման վրա 02.05.2002 թվականին կատարված Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը և փոփոխել այն՝ հայցը մերժել։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոք բերողները վճռաբեկ բողոքի հիմքում դրել են այն հանգամանքը, որ թիվ ՎԴ5/0546/05/09 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի որոշմամբ մասնակիորեն՝ ՀՀ կառավարության 1998 թվականի թիվ 81 որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350քմ մակերեսով բնակելի շինության մասով անվավեր է ճանաչվել Մարզպետարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը. որպես հետևանք՝ անվավեր է ճանաչվել Մարզպետարանի և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիրը և դրա հիման վրա վիճելի հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Մինչդեռ նշված որոշման հիման վրա վերացված չէ վարչական ակտը՝ իրավունքի պետական գրանցումը, ուստի այդ որոշումը չի կարող սույն գործով հանդիսանալ նոր երևան եկած հանգամանք:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճռով Համալսարանի հայցը բավարարվել է՝ հայցվորները վտարվել են Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 59-րդ շենքի թիվ 3 բնակարանից (գ.թ. 228):
2) ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ5/0546/05/09 որոշմամբ բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 27.03.2013 թվականի վճիռը և փոփոխվել. մասնակիորեն` ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350քմ մակերեսով բնակելի շինության մասով անվավեր է ճանաչվել պետական գրանցման միասնական թիվ 1-2 մատյանի 000002 համարի տակ 15.04.2002 թվականին Մարզպետարանի սեփականության իրավունքի գրանցումը։ Որպես անվավերության հետևանք՝ մասնակիորեն` նույն 350քմ մակերեսով բնակելի շենքի մասով անվավեր է ճանաչվել Մարզպետարանի և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 1 (նախկին Թբիլիսյան խճուղի 59) հասցեի նկատմամբ Համալսարանի 02.05.2002 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է գործի վարույթը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու հիմքի առկայության խնդրին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս, ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը)։
Սույն գործով բողոք բերած անձինք որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի թիվ ՎԴ5/0546/05/09 որոշմամբ հաստատված հանգամանքները:
Հիշյալ որոշմամբ վերացվել է Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը թվով 7 ընտանիքների, այդ թվում՝ սույն գործով պատասխանողների զբաղեցրած մասի՝ 350քմ մակերեսով տարածքի նկատմամբ, մասնակիորեն՝ նշված 350քմ մակերեսով բնակելի շենքի մասով անվավեր է ճանաչվել Մարզպետարանի և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիրը և դրա հիման վրա 02.05.2002 թվականին կատարված Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Որոշմամբ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ վիճելի տարածքի նկատմամբ Մարզպետարանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է օրենքի խախտմամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավահաստատող փաստաթղթերի բացակայությամբ, նշված պատճառաբանությամբ էլ բավարարվել են հայցադիմումով ներկայացված ածանցյալ պահանջները՝ մասնավորապես անվավեր է ճանաչվել վիճելի տարածքի նկատմամբ Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ5/0546/05/09 որոշմամբ հաստատված վերը նշված հանգամանքներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար և հիմք են Վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը վերանայելու համար։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը վերանայելու և բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը:
2. Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Է. Հայրիյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|