Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1169
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.05/60(1073) Հոդ.979
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
28.10.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
28.10.2014
Дата вступления в силу
28.10.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 հոկտեմբերի 2014 թ.

 

1968 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻՆ ՓՐԿԵԼՈՒ, ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1968 թվականի ապրիլի 22-ին ստորագրված՝ Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 24 սեպտեմբերի 2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագիրն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից` 1967 թվականի դեկտեմբերի 19-ին և ստորագրման համար բացվել է Լոնդոն, Մոսկվա և Վաշինգտոն քաղաքներում` 1968 թվականի ապրիլի 22-ին:

Համաձայնագրի նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը տիեզերական տարածության խաղաղ հետազոտման ու օգտագործման ոլորտում, ցուցաբերել ցանկացած հնարավոր աջակցություն տիեզերագնացներին` պատահարի, աղետի կամ արտակարգ վայրէջքի դեպքում, ու ապահովել տիեզերագնացների շուտափույթ և ապահով վերադարձը, ինչպես նաև տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձը:

 

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- տեղեկություն ստանալու կամ պարզելու դեպքում, որ տիեզերանավի անձնակազմը վթարի է ենթարկվել կամ բախվել է աղետային իրավիճակի կամ արտակարգ կամ չնախատեսված վայրէջք է կատարել իր իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհապաղ՝ ա) տեղեկացնել տիեզերք արձակող մարմնին կամ, եթե չի կարող պարզել, թե ով է տիեզերք արձակող մարմինը, և անհապաղ կապ հաստատել նրա հետ, իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով հրապարակային հայտարարություն անել. բ) տեղեկացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին,

- այն դեպքում, երբ պատահարի, աղետի, արտակարգ կամ չնախատեսված վայրէջքի հետևանքով տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարում ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքում, անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը նրանց փրկելու համար` այդ մասին տեղեկացնելով տիեզերք արձակող մարմնին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին,

- տեղեկություն ստանալու կամ պարզելու դեպքում, որ տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարել միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհրաժեշտության և համապատասխան հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ անձնակազմի համար որոնողական և փրկարարական աշխատանքներում՝ նրանց անհապաղ փրկելն ապահովելու համար` ձեռնարկած քայլերի և դրանց արդյունքների մասին տեղեկացնելով տիեզերք արձակող մարմնին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին,

 - անվտանգ և անհապաղ տիեզերք արձակող մարմնի ներկայացուցիչներին վերադարձնել տիեզերանավի անձնակազմի անդամներին՝ եթե վթարի, աղետի, արտակարգ կամ չնախատեսված վայրէջքի հետևանքով տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարում ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ ՀՀ կողմից հայտնաբերվում է միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում,

 - տեղեկություն ստանալու կամ պարզելու դեպքում, որ որևէ տիեզերական օբյեկտ կամ դրա բաղկացուցիչ մաս վերադարձել է Երկիր՝ ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածք կամ միջազգային ջրեր կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայր, այդ մասին տեղեկացնել տիեզերք արձակող մարմնին և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին,

- տիեզերք արձակող մարմնի պահանջով և համապատասխան խնդրանքի առկայության դեպքում այդ մարմնի աջակցությամբ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կհամարի նպատակահարմար՝ օբյեկտը կամ դրա բաղկացուցիչ մասը վերադարձնելու համար այն դեպքում, երբ օբյեկտը կամ դրա բաղկացուցիչ մասը հայտնաբերվում է ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքում:

 

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննության առնվող Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները, որոնք ուղղված են տիեզերական տարածության խաղաղ հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների համագործակցության կազմակերպմանը, համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի պահանջներին: Ըստ այդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, որոնց կարևոր բաղադրատարրերից է նաև պետությունների համագործակցության սկզբունքը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1968 թվականի ապրիլի 22-ին ստորագրված՝ Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1169