Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1188
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.12.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1198
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
16.12.2014
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
16.12.2014
Дата вступления в силу
16.12.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 դեկտեմբերի 2014 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2014 թվականի դեկտեմբերի 3-ին և 2014 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված` «Աջակցություն Հայաստանում տարածքային զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Աջակցություն Հայաստանում տարածքային զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին և 2014 թվականի դեկտեմբերի 10-ին, համաձայն որի` Եվրոպական միությունը՝ հանձին Եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ «Հանձնաժողով») Հայաստանի Հանրապետությանն է (այսուհետ՝ «Շահառու») տրամադրում առավելագույնը 10 000 000 (տասը միլիոն) եվրո գումարի չափով ֆինանսավորում՝ Համաձայնագրում նախանշված ծրագրի (այսուհետ՝ «Ծրագիր») կատարմանն օժանդակելու, այն է՝ Հայաստանի մարզերի միջև ավելի հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված առաջընթաց ապահովելու ընդհանուր նպատակով, ընդգրկելով մայրաքաղաքը և մարզերը:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում թվով երկու հավելվածներ: Ֆինանսավորման ծրագրային ուղղությունները մանրամասնված են Համաձայնագրի հավելված II-ում:

Ըստ Համաձայնագրի` Շահառուն նույնպես 1 750 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) եվրո գումարի չափով համաֆինանսավորման միջոցով մասնակցելու է վերոհիշյալ Ծրագրի կատարման ֆինանսավորմանը, որի ուղղությունները մանրամասնված են Համաձայնագրի հավելված I-ում:

Ըստ Համաձայնագրի հավելվածների` Ծրագրի ֆինանսավորումը 11 750 000 եվրո ընդհանուր գումարի շրջանակներում իրականացվելու է գնման և դրամաշնորհային պայմանագրերի միջոցով (հավելված I-ին, 8-րդ հոդված, կետ 8.1): Ընդ որում, եթե Ծրագրի կատարմանը հատկացված միջոցները չեն կարող կրճատվել, կամ եթե գերածախսը չի կարող ծածկվել Շահառուի սեփական կամ այլ միջոցներով, Հանձնաժողովը կարող է, Շահառուի կողմից պատշաճ կերպով հիմնավորված դիմումի հիման վրա, Եվրոպական միության միջոցներից լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու որոշում կայացնել (հավելված I-ին, հոդված 2-րդ, կետ 2.3): Համաձայնագրով և Ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ մատակարարման պայմանագրերի կնքման համար մրցույթի հրավեր և հայտեր ներկայացնելու առաջարկ ստանալու իրավունքը հավասար հիմունքներով հասանելի է Եվրոպական միության անդամ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց և շահառու երրորդ երկրների անձանց: Այլ երկրների անձանց կարող է թույլատրվել մասնակցել այդ գործընթացներին՝ համագործակցության տվյալ հատվածը կարգավորող հիմնական ակտերով սահմանված հատուկ պայմանների հիման վրա կայացված որոշման համաձայն (հավելված I-ին, 10-րդ հոդված, կետեր 10.1, 10.2):

Համաձայնագիրը կիրարկող այն պայմանագիրը, որի համաձայն վճարումներ չեն կատարվել, այն ստորագրելուց հետո երեք տարվա ընթացքում ինքնաբերաբար դադարում է գործելուց, իսկ դրա ֆինանսավորումը չեղյալ է հայտարարվում:

Ծրագրի ընդհանուր ուղղվածությունը կանխորոշելու և այն գործարկելու նպատակով, Համաձայնագրի հավելված II-ի 2.9-րդ կետի համաձայն, նախատեսվում է ստեղծել ղեկավարող հանձնաժողով:

Համաձայնագրով նախատեսված է վերջինիս՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ (Հատուկ պայմաններ, 8-րդ հոդված):

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- համաֆինանսավորել Ծրագիրը 1 750 000 եվրո գումարի չափով (3-րդ հոդված, կետ 3.1),

- համապատասխան միջոցներ ձեռնարկել Համաձայնագրի դրույթների կատարման խախտումներն ու խարդախությունը կանխելու և Հանձնաժողովի պահանջով սխալ վճարված դրամական միջոցները վերադարձնելու նպատակով դատական հետապնդում նախաձեռնելու համար, ինչպես նաև ակտիվ կամ պասիվ կոռուպցիայի ցանկացած դրսևորում վերացնելու նպատակով ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները պայմանագրերի կնքման կամ դրամաշնորհների տրամադրման գործընթացի ցանկացած փուլում (4-րդ հոդված, կետ 4.3.4, ինչպես նաև հավելված I-ին, 8-րդ հոդված, կետ 8.4),

- անհապաղ տեղեկացնել Հանձնաժողովին ցանկացած խնդրի մասին, որը խախտման կամ խարդախության կասկած է հարուցում (4-րդ հոդված, կետ 4.3.5),

- միջոցներ ձեռնարկել Համաձայնագրի պայմաններին համապատասխան վճարման պահանջագրերը կամ հաշիվ-ապրանքագրերը Հանձնաժողովին տրամադրելու համար (հավելված I-ին, հոդված 5-րդ, կետ 5.1),

- երաշխավորել, որ Հանձնաժողովի կողմից նախնական ֆինանսավորման կարգով տրամադրված դրամական միջոցները նույնականացվեն Հանձնաժողովի համար ընդունելի համարվող ֆինանսական հաստատությունում բացված բանկային հաշվում (հավելված I-ին, հոդված 7-րդ, կետ 7.3),

- տեղեկացնել Հանձնաժողովին, եթե որևէ թեկնածու, հայտառու կամ դիմող հայտնվում է պայմանագրերի կնքման ընթացակարգի մասնակցությունից դուրս՝ Եվրոպական միության ընդհանուր բյուջեի համար կիրառելի ֆինանսական կանոնակարգի համապատասխան դրույթների համաձայն, կամ եթե կատարողը մեղավոր է ճանաչվում կեղծ հայտարարություն տալու համար կամ էական սխալներ է կատարել կամ կատարել է խախտում կամ խարդախություն, կամ եթե կոպտորեն խախտել է իր պայմանագրային պարտավորությունները (հավելված I-ին, 8-րդ հոդված, կետ 8.3),

- յուրաքանչյուր տարի իր կայքէջի առանձնացված և տեսանելի վայրում կամ պաշտոնական տեղեկագրում հասանելի դարձնել Համաձայնագրով ֆինանսավորվող յուրաքանչյուր պայմանագրի անվանումը, դրամաշնորհի շահառուի կամ մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի անվանումն ու հիմնադրման վայրի երկիրը, ինչպես նաև համապատասխան դրամաշնորհի կամ պայմանագրի արժեքը (հավելված I-ին, 11-րդ հոդված, կետեր 11.1 և 11.2),

- գնման պայմանագրերի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհների նկատմամբ կիրառել հարկային և մաքսային առավել բարենպաստ ռեժիմներ, որպիսիք կիրառվում են այն պետությունների կամ միջազգային կազմակերպությունների նկատմամբ, որոնց հետ պետությունն ունի հաստատված հարաբերություններ (հավելված I-ին, 13-րդ հոդված, կետ 13.1),

- Ծրագրի իրականացման համար թույլատրել գնելու անհրաժեշտ արտարժույթի ներմուծում կամ գնում (հավելված I-ին, 14-րդ հոդված, կետ 14.1),

- պարբերաբար ստուգել, որ Եվրոպական միության հիմնադրամների հաշվին ֆինանսավորվող գործառնություններն իրականացվեն պատշաճ կերպով (հավելված I-ին, 19-րդ հոդված, կետ 19.1),

- անհապաղ Հանձնաժողովին ներկայացնել տնտեսավարող այն սուբյեկտների անվանումները, որոնց նկատմամբ Եվրոպական միության ֆինանսական շահերը վնասող՝ խարդախության, կոռուպցիայի, հանցավոր համագործակցության մեջ ներգրավվելու կամ ցանկացած այլ անօրինական գործողության առնչությամբ կայացվել է վերանայման ոչ ենթակա դատական որոշում (հավելված I-ին, 19-րդ հոդված, կետ 19.5),

- Հանձնաժողովի՝ Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի և Աուդիտորների եվրոպական դատարանի պաշտոնատար անձանց և նրանց լիազորված գործակալներին մուտքի հնարավորություն տալ դեպի այն տարածքներն ու շինությունները, որտեղ իրականացվում են Համաձայնագրով ֆինանսավորվող գործողություններ, ներառյալ նրանց համակարգչային համակարգերը` մատչելի դարձնելով այդ գործողությունների տեխնիկական և ֆինանսական կառավարմանն առնչվող ցանկացած այլ փաստաթուղթ և համակարգիչ մուտքագրված տվյալ (հավելված I-ին, 20-րդ հոդված, կետ 20.3):

3. Համաձայնագրում նախատեսված են նաև կողմերի իրավունքների ու պարտականությունների կատարումն ապահովող այլ դրույթներ:

Համաձայնագրի մի շարք այլ դրույթներով մանրամասնված են նաև Հանձնաժողովի և Շահառուի միջև խորհրդակցությունների անցկացման, հնարավոր վեճերի լուծման, Համաձայնագրում փոփոխություններ կատարելու, դրա գործողությունը կասեցնելու և դադարեցնելու գործընթացները:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ծրագրի ֆինանսավորման գործընթացների շրջանակներում Համաձայնագրով նախատեսված վերահսկողական բնույթի միջոցները որոշակի երաշխիք են Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունների բարեխիղճ կատարումն ապահովելու համար: Այդ պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին և բխում են պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2014 թվականի դեկտեմբերի 3-ին և 2014 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված` «Աջակցություն Հայաստանում տարածքային զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

16 դեկտեմբերի 2014 թ.
ՍԴՈ-1188