Գլխավոր տեղեկություն
Номер
N 384-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2014-30.10.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.30/23(258) Հոդ.393
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.04.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.04.2003
Дата вступления в силу
10.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2003 թվականի N 384-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)՝ երկամսյա ժամկետում հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները՝ դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 10-ի N 384-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծումը, նախապատրաստումը և գործունեությունը։

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

2. Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն ստեղծվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություններ)՝ իրենց իրավասությունների սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար: Պետական կառավարման մարմիններում քաղաքացիական պաշտպանության ծառայությունների գործառույթներն իրականացնում են համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները կամ այդ ստորաբաժանումների աշխատողներից կազմված ծառայությունները:

3. Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն ստեղծվում են պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարների հրամաններով և որոշումներով:

4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ստեղծվում են քաղաքացիական պաշտպանության հետևյալ ծառայությունները՝

ա) կապի և ազդարարման,

բ) ինժեներական,

գ) բժշկական,

դ) տրանսպորտային,

ե) առևտրի և սննդի,

զ) էներգետիկայի և լուսաքողարկման,

է) բույսերի և կենդանիների պաշտպանության,

ը) հասարակական կարգի պահպանման,

թ) նյութատեխնիկական մատակարարման,

ժ) կոմունալ-տեխնիկական,

ժա) բնակչության հատուկ սպասարկումների:

Պետական կառավարման հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում ստեղծվող՝ նշված ծառայությունների տեսակները որոշվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ ելնելով դրանց խնդիրներից և գործունեության առանձնահատկություններից:

5. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները դասակարգվում են՝

ա) հանրապետականի,

բ) մարզայինի,

գ) համայնքայինի,

դ) օբյեկտայինի:

Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայությունն ստեղծվում է տվյալ բնագավառի լիազորված պետական կառավարման համապատասխան մարմնում:

Քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայություններն ստեղծվում են պետական կառավարման տարածքային մարմիններում և պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներում:

Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայություններն ստեղծվում են տեղական ինքնակառավարման մարմիններում:

Քաղաքացիական պաշտպանության օբյեկտային ծառայություններն ստեղծվում են կազմակերպություններում:

6. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց առանձնահատկություններից, կարող են ստեղծել քաղաքացիական պաշտպանության այլ ծառայություններ:

7. Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն իրենց գործունեությունն իրականացնում են ծառայությունների կանոնադրությունների համաձայն: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները հաստատում են ծառայություններ ստեղծող մարմինների ղեկավարները (քաղաքացիական պաշտպանության պետերը):

8. Հանրապետական, մարզային, համայնքային և օբյեկտային քաղաքացիական պաշտպանության ծառայությունները ենթարկվում են քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին և համապատասխան ծառայության պետին:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր խնդիրներն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը և իրականացումը քաղաքացիական պաշտպանության համակարգի «Լիակատար» պատրաստության բերման ժամանակ.

բ) քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումների ստեղծումը, դրանց ապահովումն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, պատրաստումը և պահպանումը մշտական պատրաստականության վիճակում.

գ) ստեղծված իրադրության մասին իրական տեղեկատվության ստացման, վերլուծման և գնահատման կազմակերպումն ու քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

10. Ըստ նշանակության՝ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների խնդիրներն են՝

ա) կապի և ազդարարման ծառայության գծով՝ կառավարման մարմինների և բնակչության ազդարարումը, ռազմական դրության ժամանակ կառավարման մարմինների՝ կապով ապահովումը.

բ) ինժեներական ծառայության գծով՝

պաշտպանական կառույցների շինարարության պլանավորումը, կազմակերպումը և պատսպարվող բնակչության ընդունման համար այդ կառույցները պատրաստ վիճակում պահելը,

պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման համար նախատեսված այլ տարածքների նախապատրաստման, վերանորոգման աշխատանքների պլանավորումը և դրանց շահագործման նկատմամբ հսկողության սահմանումը,

պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը,

փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովումը.

գ) բժշկական ծառայության գծով՝ հակառակորդի հարձակման վտանգի և հարձակման ժամանակ բնակչության բժշկական ապահովումն ու տուժած բնակչությանը բժշկական օգնություն ցույց տալը.

դ) տրանսպորտային ծառայության գծով՝ բնակչության տարահանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների համար նրանց փոխադրումների՝ տրանսպորտային միջոցներով ապահովումը.

ե) առևտրի և սննդի ծառայության գծով՝

տուժած բնակչության, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ընդգրկված կազմավորումների անձնակազմի՝ սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով և միջոցներով ապահովումը,

նյութական արժեքների պաշարների պահպանումը.

զ) էներգետիկայի և լուսաքողարկման ծառայության գծով՝

էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը,

էլեկտրամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը,

լուսաքողարկման միջոցառումների պլանավորումը, կազմակերպումը և կատարման նկատմամբ հսկողության սահմանումը.

է) բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության գծով՝

գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, անասնաբուծական ու բուսաբուծական արտադրանքի, գյուղատնտեսական նպատակների համար օգտագործվող ջրային աղբյուրների և ոռոգման նպատակով օգտագործվող ջրամատակարարման ցանցերի պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,

վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման աշխատանքների կազմակերպումը.

ը) հասարակական կարգի պահպանման ծառայության գծով՝

ռազմական դրության ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի պահպանման ապահովումը, գույքի պահպանումը, ինչպես նաև տարահանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանության իրականացումը,

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.

թ) նյութատեխնիկական մատակարարման ծառայության գծով՝ փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող կազմավորումների՝ նյութատեխնիկական անհաժեշտ միջոցներով ապահովումը.

ժ) կոմունալ-տեխնիկական ծառայության գծով՝ ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կայունության բարձրացման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև ջրամատակարարման և կոյուղու ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը.

ժա) բնակչության հատուկ սպասարկումների ծառայության գծով՝ բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման, դիակների հուղարկավորման աշխատանքների կատարումը:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերը՝

ա) քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին ներկայացնում են առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, կառուցվածքի, քանակի, համալրման և հագեցման վերաբերյալ.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում սահմանում են հսկողություն քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նրանց համալրման, հագեցման գործընթացի նկատմամբ.

գ) քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին ներկայացնում են առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության ծառայության գործունեության բարելավման վերաբերյալ.

դ) իրականացնում են քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականության պլանային և արտապլանային ստուգումներ.

ե) համապատասխան ծառայություններին ցույց են տալիս մեթոդական և գործնական օգնություն աշխատանքների պլանավորման, միջոցառումների իրականացման գործում.

զ) տալիս են հանձնարարականներ համապատասխան ծառայություններին ու կազմավորումներին և իրականացնում հսկողություն դրանց կատարման նկատմամբ:

12. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերը պատասխանատվություն են կրում ծառայության և ծառայության կազմավորումների պատրաստականության համար:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

13. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների նախապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր տարում անցկացվող քաղաքացիական պաշտպանության հրամանատարական-շտաբային և շտաբային ուսումնավարժություններում նրանց ներգրավմամբ։

14. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարների և անձնակազմի ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ ստեղծող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ղեկավարները:

16. Քաղաքացիական պաշտպանության ծառայության պետերը նշանակվում են քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետերի կողմից:

17. Քաղաքացիական պաշտպանության ծառայության ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան