Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065).1 Հոդ.878.21
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.05.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
31.05.2014
Дата вступления в силу
31.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0060/01/13

ԵԱՆԴ/0060/01/13

Նախագահող դատավոր`   Գ. Ավետիսյան

Դատավորներ`   

Ե. Դարբինյան
 

Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ
մեղադրող

Ա. Գասպարյանի

պաշտպան

Ռ. Սաֆարյանի

 

 

2014 թվականի մայիսի 31-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Նիկոլայ Հրաչիկի Չաքմազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունվարի 13-ի որոշման դեմ Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա.Գասպարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա.Գասպարյանի 2013 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 90211013 քրեական գործը:

 2013 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Նիկոլայ Չաքմազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Արման Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով:

2. 2013 թվականի օգոստոսի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Ա.Բեգլարյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը, ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել, և քրեական հետապնդումը դադարեցվել է:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճռով, արագացված դատական քննության կարգի կիրառմամբ Ն.Չաքմազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կարգապահական գումարտակում պահելու` 1 տարի ժամկետով: Նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա.Գասպարյանը` խնդրելով պատժի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճիռը, այն է` Ն.Չաքմազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտել կարգապահական գումարտակում պահելու` մեկ տարի ժամկետով` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման և փոխել խափանման միջոցը` կիրառելով կալանավորում:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 13-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճիռը` թողնվել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 13-ի որոշման դեմ Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա.Գասպարյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ամբաստանյալ Ն.Չաքմազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ նաև` ՀՀ ՊՆ) 24236 զորամասի կուրսանտ, 2013 թվականի հուլիսի 13-ին` ժամը 23.00-ի սահմաններում, շարքից ուշանալու կապակցությամբ վիճաբանել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 34-րդ հոդվածի կարգով իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն զորամասի կուրսանտ, կրտսեր սերժանտ Ա.Բեգլարյանի հետ, ով դիտողություն է արել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող կուրսանտ Ն.Չաքմազյանին և անպարկեշտ ձևով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը` մեկ անգամ հարվածելով վերջինիս ոտքին: Առաջացած քաշքշուկի ժամանակ Ն.Չաքմազյանը, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված` համածառայողի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, նրան ծաղրուծանակի չենթարկելու, միմյանց նկատմամբ բռնություն չգործադրելու կանոնները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել Ա.Բեգլարյանի նկատմամբ, այն է` մեկ անգամ ձեռքով հարվածել է վերջինիս աջ աչքի շրջանին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 83-85):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «Դատարանն ամբաստանյալ Ն.Չաքմազյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է դրական:

Դատարանն ամբաստանյալ Ն.Չաքմազյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:

Հաշվի առնելով ամբաստանյալ Ն.Չաքմազյանի կողմից կատարած հանցավոր արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը դատարանը հանգում է հետևության, որ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել մեղմ` կարգապահական գումարտակում պահել պատժատեսակի նշանակումը բավարար է նրան ուղղելու, նոր հանցանքի կատարումը կանխելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար:

Միաժամանակ հաշվի առնելով ամբաստանյալ Ն.Չաքմազյանի անձը դրական բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը հանգում է հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 47):

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալ Ն.Չաքմազյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել նաև մեղադրողի վերաքննիչ բողոքում մատնանշված բոլոր հանգամանքները, այդ թվում ամբաստանյալ Ն.Չաքմազյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը և հետևանքները, անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել` կատարածի համար, զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է դրական, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը և հանգել է հետևության, որ Ն.Չաքմազյանի ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու, ու վերջինիս նկատմամբ նշանակելով կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ` հիմնավոր կերպով գտել է, որ ամբաստանյալը նշանակված պատիժը չպետք է կրի` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան` մեկ տարի ժամկետով:

(…) Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում նաև ՀՀ ՊՆ 24236 զորամասի դասակի հրամանատար Հ.Ավագյանի հայտարարությունը (որի ղեկավարությամբ ռազմական ինստիտուտում սովորում է ամբաստանյալ Ն.Չաքմազյանը), որ բացի նշված միջադեպից` սովորելու ամբողջ ընթացքում, նաև դեպքից հետո Ն.Չաքմազյանը դրսևորում է պատշաճ վարքագիծ, սովորում է գերազանց առաջադիմությամբ և ուսումը ավարտելուց հետո կարող է դառնալ Հայկական բանակի առաջատար սպա» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 118-119):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի պնդմամբ Ն.Չաքմազյանի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է, և Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում: Մասնավորապես` դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 48-րդ և 70-րդ հոդվածներով սահմանված պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, առանց հաշվի առնելու, որ Ն.Չաքմազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կխաթարի ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, որպես Ն.Չաքմազյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, ինչպես նաև այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, երիտասարդ է, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է դրական, հաշտվել է տուժողի հետ, և վերջինս դատարանում որևէ բողոք կամ պահանջ չի ներկայացրել:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ Ն.Չաքմազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտության վերաբերյալ իր եզրահանգումները Վերաքննիչ դատարանը հիմնավորել է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով` առանց Ն.Չաքմազյանին մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը հաշվի առնելու:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Ն.Չաքմազյանի նկատմամբ նշանակված պատժի մասով Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս տուժողի վարքագծի հակաօրինականության կամ հակաբարոյականության (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ) գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ն.Չաքմազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարաններն անձին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համատեքստում պատշաճ գնահատման ենթարկե՞լ են արդյոք տուժողի վարքագիծը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

(...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ՀՅՔՐԴ3/0109/01/08, ԵՔՐԴ/0571/01/08, ԱՎԴ/0100/01/08, ԱՐԴ/0117/01/08, ԱՐԱԴ/0050/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԼԴ2/0019/01/09, ՍԴ/0226/01/09, ԵԱՔԴ/0120/01/09, ԵԷԴ/0138/01/09, ԳԴ1/0003/01/10, ՍԴ/0085/01/10, ԵԿԴ/0126/01/10, ԵԱՆԴ/0091/01/09, ԵԷԴ/0201/01/11, ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում:

Վերոնշյալ որոշումներում Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունը, որ ամբաստանյալի ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված` ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, կոնկրետ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման հիման վրա ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է հաշվի առնել`

ա) հանցավորի անձը բնութագրող տվյալները,

բ) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները,

գ) հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը,

դ) հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները,

ե) հանցանք կատարած անձի մեղքի ձևը,

զ) հանցանք կատարած անձի կողմից հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը և այլն:

14. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունից երևում է, որ անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է հաշվի առնի ինչպես անձին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այնպես էլ նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

Ինչ վերաբերում է պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքներին, ապա դրանք պատշաճ գնահատման ենթարկելու պահանջն ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգաման[ք] [է]`

(…)

տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը (…)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Խ.Ղազարյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) տուժողի վարքագծի հակաօրինականությունը չի սահմանափակվում միայն հանցագործության կատարումով: Այն իր մեջ ներառում է նաև այլ գործողություններ, որոնք արգելվում են իրավունքի այլ ճյուղերով, օրինակ` վարչական, աշխատանքային, քաղաքացիաիրավական օրենսդրությամբ: Հակաօրինական վարքագիծը կարող է արտահայտվել ծեծի, խոշտանգման, ծանր վիրավորանքի, մարդկային արժանապատվության նվաստացման ձևով: Այն կարող է դրսևորվել նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու, շանտաժի և այլ գործողությունների ձևով, որոնք չեն հանդիսանում բռնություն, ծաղրանք, ծանր վիրավորանք, սակայն կրում են հակաօրինական բնույթ:

Ինչ վերաբերում է տուժողի վարքագծի հակաբարոյականությանը, ապա այն գնահատելու համար անհրաժեշտ է ելնել հասարակության մեջ համընդհանուր ճանաչում գտած բարոյական և էթիկական կանոնների դիրքերից, այնպիսի կատեգորիաների մասին պատկերացումներից, ինչպիսիք են արդարությունը, պատիվը, բարին ու չարը և այլն: Հակաբարոյական վարքագծի դրսևորումներից է խաբեությունը, դավաճանությունը, խարդավանքը, պահպանության վստահված փողերը վատնելը, բամբասանքներ տարածելը, ամուսնական դավաճանությունը և այլն: (…)» (տե՛ս Խաչիկ Հովասափի Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԷԴ/0138/01/09 որոշման 16-րդ կետը):

16. Սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և դրա վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը անձին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համատեքստում պետք է պատշաճ գնահատման ենթարկի նաև հանցանքի կատարումից առաջ և դրա ընթացքում տուժողի դրսևորած վարքագիծը: Նշված հանգամանքի գնահատումը կարևոր է հանցավորի և տուժողի վարքագծի հնարավոր փոխպայմանավորվածությունը և հանցավոր վարքագծի մեխանիզմում տուժողի դերակատարությունը պարզելու համար:

17. ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 1-ին հոդվածի համաձայն` «Զորամասում զինծառայողների ամենօրյա կյանքն ու գործունեությունն իրականացվում է ներքին ծառայության պահանջներին համապատասխան:

Ներքին ծառայությունը նախատեսված է զորամասի ներքին կարգուկանոնի և զինվորական կարգապահության պահպանման համար, որոնք ապահովում են նրա մշտական մարտական պատրաստականությունը, անձնակազմի ուսուցումը, առօրյա կյանքում նրանց կողմից այլ խնդիրների կազմակերպված կատարումը և զինծառայողների առողջության պահպանումը (…)»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածի համաձայն` «Զինծառայողը պարտավոր է.

 (…)

- խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները,

 (…)

- (…) հարգել [ընկերներից] յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, (…)»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 32-րդ հոդվածի համաձայն` «(…)

Պետն իրավունք ունի ենթակային հրամաններ տալ և պահանջել դրանց կատարումը: Պետը ենթակայի համար պիտի լինի պատվի և զսպվածության օրինակ և չպիտի թույլ տա ո՛չ տնավարություն, ո՛չ էլ կանխատրամադրվածություն: Ենթակայի մարդկային արժանապատվությունը ստորացնող գործողությունների համար պետը պատասխանատվություն է կրում:

(…)»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 76-րդ հոդվածի համաձայն` «Հրամանատարը (պետը) պարտավոր է պետության մեջ և զինված ուժերում լուծվող խնդիրների հիման վրա մշտապես դաստիարակել ենթականերին`

(…)

- նրբազգացություն և ուշադրություն ցուցաբերել ենթակաների նկատմամբ, փոխհարաբերությունների մեջ թույլ չտալ անտակտություն և կոպտություն, բարձր պահանջկոտությունն ու սկզբունքայնությունը համատեղել նրանց անձնական արժանապատվության հարգման հետ, (…)»:

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Զինվորական կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր զինծառայողի`

1) հավատարիմ լինել զինվորական երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները.

(…)

5) պահպանել զինծառայողների միջև կանոնադրային փոխհարաբերությունները, ամրապնդել զորային ընկերականությունը.

(…)

7) թույլ չտալ զինծառայողի պատիվն արատավորող արարք»:

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, զինված ուժերի ներքին, կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքերի, շարային և մարտական կանոնադրությունների, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների պահանջների կատարումն ապահովելիս հրամանատարը (պետը) պետք է մշտապես դրական օրինակ ծառայի ենթակա անձնակազմին, բարձրացնի վերջիններիս մեջ պատվի և զինվորական պարտքի գիտակցումը, խրախուսի արժանիներին ու պատասխանատվության ենթարկի զինվորական կարգապահությունը խախտողներին»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի վերոշարադրյալ դրույթների վերլուծությունից հետևում է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Զինծառայողները, զինվորական պետերը (հրամանատարները) պարտավոր են միմյանց և ենթակաների նկատմամբ հարգանք դրսևորել, պահպանել նրանց անձնական արժանապատվությունը և զինվորական քաղաքավարության կանոնները: Պետերի (հրամանատարների) կողմից զինվորական բարձր կարգապահության ապահովմանն ուղղված գործունեությունը պետք է իրականացվի ենթականերին, այդ թվում իրավախախտում թույլ տված զինծառայողներին համոզելու և հարկադրելու միջոցառումների խելամիտ և ճիշտ համադրությամբ:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների վերլուծությունը` համադրելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված նախադեպային իրավունքի վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի քննարկման ժամանակ դատարանը հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համատեքստում պետք է պատշաճ գնահատման ենթարկի տուժող զինծառայողի վարքագիծը:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Բեգլարյանը 2013 թվականի հուլիսի 13-ին` ժամը 23.00-ի սահմաններում, շարքից ուշանալու կապակցությամբ դիտողություն է արել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող կուրսանտ Ն.Չաքմազյանին և անպարկեշտ ձևով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը` մեկ անգամ հարվածելով վերջինիս ոտքին: Առաջացած քաշքշուկի ժամանակ Ն.Չաքմազյանը մեկ անգամ ձեռքով հարվածել է իր նկատմամբ պետ հանդիսացող Ա.Բեգլարյանի աջ աչքի շրջանին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ա.Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ն.Չաքմազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը Ն.Չաքմազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ իրենց որոշումներում նշել են, որ հաշվի են առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը և այլն (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը): Դրա հետ մեկտեղ, սակայն, սույն գործով դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Ն.Չաքմազյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանքի առկայությունը, ինչպիսին տուժողի վարքագծի հակաօրինականությունն ու հակաբարոյականությունն է:

19. Մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված և վերլուծված` ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Չաքմազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարաններն անձին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համատեքստում պատշաճ գնահատման չեն ենթարկել տուժողի վարքագիծը: Մասնավորապես, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները թեև ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել են ճիշտ հետևության, այնուամենայնիվ հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Ն.Չաքմազյանի կողմից տուժողին հարվածելը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական վարքագծով: Մասնավորապես, տուժողը, ով հանդիսացել է Ն.Չաքմազյանի պետը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը), անպարկեշտ ձևով ստորացրել է Ն.Չաքմազյանի պատիվն ու արժանապատվությունը, բռնություն է գործադրել նրա նկատմամբ: Վերոնշյալ գործողությունների կապակցությամբ սույն գործով տուժողին ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, հետագայում նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը, և նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է ոչ արդարացնող («ոչ ռեաբիլիտացիոն») հիմքով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքը Ն.Չաքմազյանին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համատեքստում ենթակա է գնահատման որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, որը վկայում է ինչպես հանցավորի, այնպես էլ նրա կատարած արարքի նվազ հանրային վտանգավորության մասին, և սույն գործով Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից նշված այլ հանգամանքների հետ մեկտեղ (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը) պետք է դիտվի Ն.Չաքմազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Ն.Չաքմազյանին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի համատեքստում որպես հանցավորի և նրա արարքի նվազ հանրային վտանգավորության մասին վկայող հանգամանք գնահատման է ենթակա նաև այն, որ Ն.Չաքմազյանին մեղսագրվող արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների թվին:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 13-19-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս նյութական իրավունքի խախտում թույլ չի տվել, որը կարող է հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Այս առումով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին: Հետևաբար, անհիմն է բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պնդմանը, թե Ն.Չաքմազյանի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն` «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ դատավճռով նշանակված պատժի անհամապատասխանությունը կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին` որպես դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմք` անկախ նրանից, թե նշանակված պատիժն անարդարացի է` ակնհայտ խիստ է, թե ակնհայտ մեղմ, պայմանավորված է կիրառվող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժատեսակով և պատժաչափով, և այն չի կարող տարածվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության կամ չկիրառելիության վրա:

(…) պատիժը մեղմացնելը և պատիժը պայմանականորեն չկիրառելը երկու առանձին, ինքնուրույն քրեաիրավական ինստիտուտներ են, որոնց կիրառումը տարբեր հետևանքներ է առաջացնում: Մասնավորապես, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ նշանակված պատիժն ի կատար չի ածվում, իսկ պատժի մեղմացման դեպքում փոփոխվում են ի կատար ածվող պատժի ժամկետները կամ հենց պատժատեսակը» (տե՛ս Սերոբ Ֆրունզիկի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 45-46-րդ կետերը):

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Նիկոլայ Հրաչիկի Չաքմազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունվարի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան