Գլխավոր տեղեկություն
Номер
N 958-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.09.2014-28.06.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.24/51(1064) Հոդ.852
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.09.2014
Дата вступления в силу
25.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 958-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 17

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 958-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագրի հետ կապված հարաբերությունները, դրանք կրելու կարգը և ժամկետները:

2. Արդարադատության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի (այսուհետ՝ բարձրագույն կոչում) կոչում ունեցող ծառայողների համազգեստը մուգ կապույտ գաբարդինից է, իսկ արդարադատության լեյտենանտից մինչև արդարադատության գնդապետի կոչում ունեցող ծառայողներինը` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արական սեռի ծառայողների համազգեստը կազմված է`

1) գլխարկ հովարով` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մուգ կապույտ մահուդե գլխարկաբոլորքով՝ կարմիր մահուդե եզրաշերտով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի վրա` կարմիր մահուդե եզրաշերտով: Երկու ոսկեգույն փոքր կոճակներով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ոսկեգույն ցանցահյուսազարդով (ձև N 3, նկար 4): Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն գլխարկանշան (կոկարդ) (ձև N 6, նկար 2), իսկ գլխարկագագաթի վրա՝ կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (ձև N 6, նկար 4): Գլխարկահովարը սև է, լաքապատ: Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների գլխարկի (ձև N 3, նկար 3) հովարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեգույն լարահյուսից, ամրացվում է կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ` 5-տոկոսանոց ոսկե թելերով, որի կենտրոնական մասում զետեղված են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի շրջանակաձև կենտրոնի երկու արծիվները, սուրը և ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով (ձև N 6, նկար 3), իսկ գլխարկագագաթի վրա` առջևի կենտրոնական մասում, Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը (ձև N 6, նկար 1).

2) գլխարկ` ականջակալներով (ձմեռային)` մուգ կապույտ, բնական մորթուց, կազմված ականջակալներից (ձև N 3, նկար 2), առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն գլխարկանշան (կոկարդ) (ձև N 6, նկար 2): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` մուգ կապույտ երանգով կարակուլե գլխարկ (ձև N 3, նկար 1), որի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշան (ձև N 6, նկար 1).

3) կիտել` մուգ կապույտ կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, հետ ծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, որոնք ներքևի հատվածում ունեն 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակար, կողքերից ունեն կափույրով ծածկվող կտրվածքով ներկարված գրպաններ, երկու կողմերում ունի ծոցագրպան: Արդարադատության լեյտենանտից մինչև արդարադատության մայորի կոչում ունեցող ծառայողների համար միակոճկուն, միաշարք երեք ոսկեգույն մեծ կոճակներով, կարովի թիկնամասով և փողքերի կտրվածքով (ձև N 8, նկար 3): Բարձրագույն, արդարադատության գնդապետ և փոխգնդապետ կոչում ունեցող ծառայողների համար երկկոճկուն (երկփեղկ)` 6 ոսկեգույն մեծ կոճակներով` տեղադրված երկշարք, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի (ձև N 8, նկար 1 և 2). Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների կիտելի օձիքն ունի կարմիր եզրաշերտ.

4) կիտել տոնական՝ սպիտակ կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, հետ ծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, որոնք ներքևի հատվածում ունեն 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակար, կողքերից ունեն կափույրով ծածկվող կտրվածքով ներկարված գրպաններ, երկու կողմերում ունի ծոցագրպան: Արդարադատության լեյտենանտից մինչև արդարադատության մայորի կոչում ունեցող ծառայողների համար միակոճկուն, միաշարք երեք ոսկեգույն մեծ կոճակներով, կարովի թիկնամասով և փողքերի կտրվածքով (ձև N 10, նկար 6): Բարձրագույն, արդարադատության գնդապետ և փոխգնդապետ կոչում ունեցող ծառայողների համար երկկոճկուն (երկփեղկ)՝ 6 ոսկեգույն մեծ կոճակներով` տեղադրված երկշարք, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի (ձև N 10, նկար 4 և 5): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների կիտելի օձիքն ունի կարմիր եզրաշերտ.

5) բաճկոն` ամենօրյա, մուգ կապույտ կտորից, կազմված է լանջափեշերից, թիկնամասից, օձիքից, և թևքերից: Լանջափեշերը միացվում են կենտրոնական շղթայով, կոկետկայով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց կենտրոնական ծալվածքով վրադիր գրպաններ, գրպանների ձևավոր կապույրները կոճկվում են երկու մուգ կապույտ փոքր կոճակներով կամ կոճգամներով: Կողային գրպանները շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնը գոտիով է, կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Թիկնամասը կոկետկայով: Օձիքը ծալովի, թևքերը ներկարված երկուական մուգ կապույտ փոքր կոճակներով կամ կոճգամներով կոճկվող, մանժետներով: Ուսադիրների շրջանում երեք փակօղակներ և երկու կամրջակներ ուսադիրների ամրացման համար (ձև N 12, նկար 4 և 5).

6) տաբատ` մուգ կապույտ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են, հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան (ձև N 8, նկար 2 և 3), բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է կարմիր վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով (ձև N 8, նկար 1).

7) կոշիկ` սև գույնի բնական կաշվից, երեսամասն ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով, հետևամասերի միացումն առաջամասերին` էլաստիկ ժապավենով, հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրեթանից` սոսնձով միացման մեթոդով.

8) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի բնական կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի, լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ կարերով, միացման մեթոդը` սոսնձով.

9) վերնաշապիկներ` երկարաթև` բաց կապույտ և սպիտակ կտորներից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով, ուսադիրների շրջանում երեք փակօղակներ և երկու կամրջակներ՝ ուսադիրների ամրացման համար (ձև N 9, նկար 1 և 2, ձև N 11, նկար 1 և 2).

10) վերնաշապիկներ` կարճաթև` բաց կապույտ և սպիտակ կտորներից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով, ուսադիրների շրջանում երեք փակօղակներ և երկու կամրջակներ՝ ուսադիրների ամրացման համար (ձև N 9, նկար 4 և 5, ձև N 10, նկար 1 և 2).

11) վերարկու` ձմեռային` մուգ կապույտ դրապից, ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, օձիքը ծալովի է, երկկոճկուն (երկփեղկ)՝ 6 ոսկեգույն մեծ կոճակներով` տեղադրված երկշարք, թիկնամասի ներքևում` կտրվածքով, գրատալանջի վրա, կոճակների միջև տարածությունը 16-17 սմ է: Թևքերը՝ երկկարանի, ներկարված: Աստառը՝ մետաքսյա, երկու կողմերում ունի ծոցագրպան, կողային գրպանները՝ ներկարովի, փեշը` գետնից 40 սմ բարձր, (ձև N 11, նկար 5): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` բարձր որակի դրապից՝ երիզված կարմիր եզրաշերտով (ձև N 11, նկար 4).

12) բաճկոն` տաք ներդիրով` մուգ կապույտ անջրաթափանց կտորից, կազմված է լանջափեշերից, թիկնամասից, օձիքից, և թևքերից: Ներդիրը` հանովի: Լանջափեշերը միացվում են կենտրոնական շղթայական և կոճակով կոճկվող կափույրով, կոկետկայով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց ներդիր գրպաններ, գրպանների ձևավոր կափույրները կոճկվում են երկու փոքր մուգ կապույտ կոճակներով կամ կոճգամներով: Կողային գրպանները շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Մեջքը կոկետկայով, օձիքը ծալովի: Ուսադիրների շրջանում երեք փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար (ձև N 12, նկար 1 և 2).

13) փողկապ` մուգ կապույտ գույնի, ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով: Օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով: Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների փողկապի վրա ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը (ձև N 7, նկար 1).

14) փողկապի ամրակ` երկճյուղանի մետաղյա ոսկեգույն շերտիկ.

15) վզարկու` մուգ կապույտ տրիկոտաժե գործվածքից.

16) ձեռնոց՝ կաշվե, սև, հինգմատնյա.

17) վրանկար ուսադիրներ` ոսկեգույն դաշտով, կարմիր գույնի մակաշերտով և զոլերով՝ տոնական համազգեստի համար (ձև N 1, նկար 1).

18) վրանկար ուսադիրներ` մուգ կապույտ գույնի դաշտով, իսկ բարձրագույն կոչում ունեցող ծառայողներինը նաև կարմիր մակաշերտով և զոլերով՝ ամենօրյա համազգեստի համար (ձև N 2, նկար 2).

19) հանովի ուսադիրներ` մուգ կապույտ գույնի դաշտով, իսկ բարձրագույն կոչում ունեցող ծառայողներինը նաև կարմիր մակաշերտով և զոլերով` ամենօրյա համազգեստի համար (ձև N 2, նկար 1).

20) հանովի ուսադիրներ` սպիտակ գույնի դաշտով և զոլերով` տոնական համազգեստի համար (ձև N 1, նկար 2).

21) հանովի ուսադիրներ՝ մուգ կապույտ գույնի դաշտով՝ տաք ներդիրով բաճկոնի համար (ձև N 2, նկար 3).

22) ուսադիրներին տեղադրվում են մետաղե ոսկեգույն աստղեր՝ կոչումներին համապատասխան: Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ուսադիրների աստղերը գործվում են 5-տոկոսանոց ոսկյա կանիտելով (ձև N 3, նկար 6):

 

 III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կին ծառայողների համազգեստը կազմված է`

1) գլխարկ` կանացի (պիլոտկա)` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից: Կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից: Վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր մահուդե եզրակով (կանտով): Ձախ կողմում ունի 3 օդանցք: Առջևի կենտրոնական ճակատային մասում ամրացվում է մետաղից պատրաստված ոսկեգույն գլխարկանշան` քննչական կոմիտեի խորհրդանիշի շրջանակաձև կենտրոնի ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով (ձև N 3, նկար 5).

2) գլխարկ` ականջակալներով (ձմեռային)` մուգ կապույտ, բնական մորթուց, կազմված ականջակալներից, առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (ձև N 3, նկար 2), բարձրագույն դասային աստիճան ունեցող կին ծառայողների համար` մուգ կապույտ երանգով կարակուլե գլխարկ, առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշան (ձև N 3, նկար 1).

3) կիտել` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հետ ծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, որոնք ներքևի հատվածում ունեն 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակար, կողքերից ունի կափույրով ծածկվող թեք կտրվածքով ներկարված գրպաններ, դեպի ձախ կոճկումով միաշարք երկու ոսկեգույն մեծ կոճակներով (ձև N 8, նկար 5 և 6): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների կիտելի օձիքն ունի կարմիր եզրաշերտ (ձև N 8, նկար 4).

4) կիտել` տոնական՝ սպիտակ կիսաբրդյա կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հետ ծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, որոնք ներքևի հատվածում ունեն 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակար, կողքերից ունի կափույրով ծածկվող թեք կտրվածքով ներկարված գրպաններ, դեպի ձախ կոճկումով միաշարք երկու ոսկեգույն մեծ կոճակներով (ձև N 10, նկար 8): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների կիտելի օձիքն ունի կարմիր եզրաշերտ (ձև N 10, նկար 7).

5) բաճկոն` ամենօրյա, ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետում նկարագրված բաճկոնին (ձև N 12, նկար 6).

6) տաբատ` մուգ կապույտ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (ձև N 8, նկար 5), բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է կարմիր վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով (ձև N 8, նկար 4).

7) կիսաշրջազգեստ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով, գոտին` գոտեմակօղերով, հետևամասում՝ բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (ձև N 8, նկար 6).

8) կոշիկ` սև գույնի բնական կաշվից, միջադիրը` բնական կաշվից, ներդիրը` կոշիկին համապատասխան կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրեթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով.

9) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի բնական կաշվից, բարձրությունը` 25-30 սմ, ներդիրը` կիսաճտքավոր կոշիկին համապատասխան կաշվից, միջադիրը` բնական մորթուց, կրունկը՝ մինչև 5.5 սմ բարձրության.

10) վերնաշապիկներ` երկարաթև` գույնով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկներին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար (ձև N 9, նկար 3 և ձև 11, նկար 3).

11) վերնաշապիկներ` կարճաթև` գույնով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկներին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար (ձև N 9, նկար 6 և ձև 10, նկար 3).

12) վերարկու` ձմեռային` մուգ կապույտ կտորից, ուրվագիծը կիսանստած, հետևամասի և լանջափեշերի վրա վերևից ներքև` ռելիեֆային կարեր, լանջափեշերի գրպանատեղում ներկարված են կտրվածքով գրպաններ, թևերը ներկարված են, ուղիղ, օձիքը` ծալվող, հետևամասի ներքևը` մշակված կտրվածքով, տաք ներդիրով և մետաքսե աստառով, փեշը գետնից մինչև 70 սմ բարձր, ունի 3 ոսկեգույն մեծ կոճակ գրատալանջի վրա` դեպի ձախ կոճկումով (ձև N 11, նկար 7): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` բարձր որակի դրապից՝ երիզված կարմիր մահուդե եզրաշերտով և ունի 3 ոսկեգույն մեծ կոճակ (ձև N 11, նկար 6).

13) բաճկոն` տաք ներդիրով` ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 12-րդ ենթակետում նկարագրված բաճկոնին (ձև N 12, նկար 3).

14) փողկապ` մուգ կապույտ կտորից, 2 շեղանկյունաձև՝ լայն, կարճ և նեղ, երկարավուն կտորներից, որի նեղ, երկարավուն կտորը գտնվում է լայն, կարճ կտորի վրա: Հանգույցի ներքևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի շրջանակաձև կենտրոնի ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով (ձև N 6, նկար 5 և ձև N 7, նկար 2).

15) վզարկու` նման է սույն հավելվածի 3-րդ կետի 15-րդ ենթակետում նկարագրված վզարկուին.

16) ձեռնոց՝ ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 16-րդ ենթակետում նկարագրված ձեռնոցին.

17) վրանկար ուսադիրներ` նման է սույն հավելվածի 3-րդ կետի 17-րդ ենթակետում նկարագրված ոսկեգույն դաշտով ուսադիրներին.

18) վրանկար ուսադիրներ` նման է սույն հավելվածի 3-րդ կետի 18-րդ ենթակետում նկարագրված ուսադիրներին.

19) հանովի ուսադիրներ` նման է սույն հավելվածի 3-րդ կետի 19-րդ, 20-րդ և 21-րդ ենթակետերում նկարագրված ուսադիրներին.

20) ուսադիրներին տեղադրվում են մետաղե ոսկեգույն աստղեր՝ կոչումներին համապատասխան: Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ուսադիրների աստղերը գործվում են 5-տոկոսանոց ոսկյա կանիտելով:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների կոչումների տարբերանշանները բաղկացած են ուսադիրներից և հնգաթև աստղանշաններից:

Ուսադիրները լինում են երկու տեսակի՝ վրանկար և հանովի:

1) վրանկար (կիտելի և ձմեռային վերարկուի վրա). տեղադրվում են թևքատեղադրման գծից ուսի կարի վրա այնպես, որ ուսի կարը համընկնի ուսադրի երկայնական առանցքային գծի հետ.

2) հանովի (վերնաշապիկների և բաճկոնների վրա). ամրացվում են ուսակարի շրջանի երեք փակօղակների և երկու կամրջակներին:

6. Ուսադիրը կիսափափուկ, ձգված վեցանկյուն է` երկարավուն զուգահեռ կողմերով, որոնց ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է կտրվածքի կողմից, ստորին ծայրին զուգահեռ ուղիղ անկյունով: Ամենօրյա համազգեստի ուսադիրները մուգ կապույտ գույնի են, իսկ բարձրագույն կոչում ունեցող ծառայողներինը նաև կարմիր մակաշերտով ու զոլերով: Տոնական համազգեստի վրանկար ուսադիրները ոսկեգույն դաշտով են, կարմիր գույնի մակաշերտով և զոլերով, իսկ հանովի ուսադիրները՝ սպիտակ գույնի դաշտով և զոլերով: Ուսադրի երկարությունը 13-14 սմ է, լայնությունը` 5-5.5 սմ: Ուսադիրներին, ըստ կոչումների, տեղադրվում են մետաղե ոսկեգույն աստղեր, իսկ վերին ծայրից 15 մմ հեռավորության վրա տեղադրվում է 13 մմ տրամագծով ոսկեգույն մետաղե կոճակ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի` շրջանակաձև կենտրոնի ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) մորթու ոսկեգույն պատկերով, իսկ բարձրագույն կոչում ունեցող ծառայողներինը՝ ոսկեգույն կոճակ` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով: Հանովի ուսադիրների վրա վերին եզրից 2.5 սմ հեռավորության վրա, միջնամասում ամրացվում է ոսկեգույն մետաղե՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի շրջանակաձև կենտրոնի երկու արծիվները, սուրը և ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) մորթու ոսկեգույն պատկերով տարբերանշան` 2.5 x 2.5 սմ չափսերով:

7. Օձիքի խորհրդանշան՝ մետաղե, ամրացվում է կիտելի օձիքին: Արդարադատության լեյտենանտից մինչև արդարադատության գնդապետի համար` շրջանակաձև կենտրոնի երկու արծիվները և ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) մորթու ոսկեգույն պատկերով (ձև N 6, նկար 6), իսկ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` դափնե տերև՝ գործված ոսկեգույն կանիտելով:

8. Թևքանշան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի պատկերն է` 4,5 սմ շառավղով: Թևքանշանը կրում են կիտելի, վերարկուի և բաճկոնների ձախ թևքի արտաքին կողմին, թևքի վերին կետից 8-9 սմ ներքև (ձև N 5, նկար 1):

9. Ոսկեգույն գլխարկանշան (կոկարդ) գլխարկաբոլորքի համար՝ 5.5 x 4.5 սմ չափսերով, բաղկացած է դափնեպսակից, կենտրոնում էլիպսաձև է, Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գույների շերտագծերով, կենտրոնում տեղադրված է ոսկեգույն հնգաթև աստղ (ձև N 6, նկար 2): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողներինը կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ` 5-տոկոսանոց ոսկե թելերով, որի կենտրոնական մասում զետեղված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի շրջանակաձև կենտրոնի երկու արծիվները, սուրը և ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով` 4 x 8.5 սմ չափսերով (ձև N 6, նկար 3):

10. Ոսկեգույն գլխարկանշան` գլխարկագագաթի համար՝ 4 x 6 սմ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի շրջանակաձև կենտրոնի երկու արծիվները և ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով, 2 կողմերից կաղնու տերևներով (ձև N 6, նկար 4): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողներինը Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով է՝ 5 սմ տրամագծով (ձև N 6, նկար 1):

11. Աստղ` հնգաթև՝ ոսկեգույն 14, 20 և 22 մմ տրամագծերով (ձև N 3, նկար 6):

12. Կոճակ` փոքր, ոսկեգույն՝ 14 մմ տրամագծով, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի` ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) մորթու ոսկեգույն պատկերով (ձև N 4, նկար 4): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների կոճակները Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով են (ձև N 4, նկար 2):

 13. Կոճակ` մեծ, ոսկեգույն՝ 22 մմ տրամագծով, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի` ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) մորթու ոսկեգույն պատկերով (ձև N 4, նկար 3): Բարձրագույն կոչում ունեցող ծառայողների կոճակները Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով են (ձև N 4, նկար 1):

 

V. ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ (ԱՍՏՂԱՆՇԱՆՆԵՐԻ) ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Ուսադիրներին աստղերը տեղադրվում են`

1) բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` երկայնակի առանցքային գծի վրա.

2) արդարադատության գնդապետի համար` երկու ներքևի աստղերը մակաշերտի վրա, իսկ երրորդը` առաջին երկուսից բարձր, երկայնակի առանցքային գծի վրա.

3) արդարադատության փոխգնդապետի համար` մակաշերտի վրա.

4) արդարադատության մայորի համար` երկայնակի առանցքային գծի վրա.

5) արդարադատության կապիտանի համար` երկու ներքևի աստղերը դաշտի կենտրոնում, երրորդը և չորրորդը` առաջին երկուսից բարձր, մակաշերտի վրա.

6) արդարադատության ավագ լեյտենանտի համար` երկու ներքևի աստղերը մակաշերտի վրա, իսկ երրորդը` առաջին երկուսից բարձր, երկայնակի առանցքային գծի վրա.

7) արդարադատության լեյտենանտի համար` մակաշերտի վրա:

15. Աստղերը ճառագայթներից մեկով ուղղված են դեպի ուսադիրների վերին եզրը:

16. Աստղերի դասավորությունը սահմանվում է համաձայն N 1 աղյուսակի:

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողը համազգեստը կրում է սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան:

18. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողները կրում են կոչումներին համապատասխանող համազգեստ:

19. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգով սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:

20. Ամառային կամ ձմեռային համազգեստի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով (ամառային համազգեստը ներառում է տղամարդկանց համար վերնաշապիկ և տաբատ, կանանց համար՝ վերնաշապիկ, տաբատ և կիսաշրջազգեստ):

21. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողները ոչ պաշտոնական միջոցառումներին ամենօրյա համազգեստը կրում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կարգադրությամբ:

22. Պաշտոնական միջոցառումների, հանդիպումների, հիշատակի օրերի, ծառայողական պարտականությունները կատարելու, խորհրդակցությունների, ատեստավորման, վերապատրաստման ժամանակ քննչական կոմիտեի ծառայողները կրում են ամենօրյա համազգեստ՝ բաց կապույտ կամ սպիտակ վերնաշապիկով՝ ըստ անհրաժեշտության: Տոնական օրերին, պարգևներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ քննչական կոմիտեի ծառայողները կրում են տոնական համազգեստ՝ տոնական կիտել, տաբատ (կին ծառայողները՝ կիսաշրջազգեստ) սպիտակ երկարաթև վերնաշապիկ, գլխարկ հովարով, կոշիկներ և փողկապ (ձև N 10, նկար 4, 5, 6, 7, 8):

23. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին արգելվում է`

1) համազգեստը, խորհրդանշանը և կոչումների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով.

2) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր կամ համազգեստը կրել քաղաքացիական հագուստի հետ համատեղ:

24. Կիտելի, վերարկուի, բաճկոնների վրա տեղադրվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանշաններ, թևքանշաններ, կարվում և ամրացվում են ուսադիրներ:

25. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դաշտային (ամառային և ձմեռային) համազգեստը կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործող դաշտային համազգեստը կրելու կարգին համապատասխան:

26. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկությունները հետևյալն են`

1) գլխարկը, ձեռնոցները կրելու կարգը. ականջակալներով գլխարկը և ամենօրյա գլխարկները կրում են ուղիղ, առանց թեքելու, ընդ որում, ամենօրյա գլխարկի հովարը պետք է գտնվի հոնքերի մակարդակին, իսկ ականջակալներով գլխարկի ներքևի եզրը պետք է լինի 2-4 սմ հոնքերից վերև: Ձեռնոցները կրում են ձմեռային վերարկուի և տաք ներդիրով բաճկոնի հետ.

2) կիտելը (այդ թվում` տոնական), վերարկուն, վզարկուն կրելու կարգը. կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում, գրպանների կափույրները դուրս հանված: Վերարկուն կրում են բոլոր կոճակները կոճկված: Վերարկուի հետ կրում են մուգ կապույտ վզարկու` օձիքի տակից.

3) տաբատը, վերնաշապիկը, փողկապը կրելու կարգը. տաբատը կրում են կոշիկների կամ կիսաճտքավոր կոշիկների վրա բաց թողնված, պետք է ունենա երկայնակի արդուկած փոթ: Երկարաթև վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկած, փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկները` առանց փողկապի, վերևի կոճակն արձակված: Երկարաթև վերնաշապիկի օձիքը հետևից պետք է լինի կիտելի օձիքի վերին ծայրին հավասար կամ դրանից ոչ ավելի, քան 0.5 սմ բարձր: Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ: Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, կոչումը ցույց տվող ճիշտ տեղադրված տարբերանշաններով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ): Փողկապն ամրացվում է վերնաշապիկին` ամրակով: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված, մաշված և կեղտոտված փողկապ: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին` 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում.

4) կոշիկները կրելու կարգը. կոշիկները պետք է լինեն բարվոք և մշտապես մաքուր վիճակում: Արգելվում է կրել կեղտոտ, վնասված վերնամասով, մաշված կրունկներով կամ ոլորված սրնքակալներով կոշիկներ: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է:

27. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստը կրելու ժամկետները սահմանվում են՝ համաձայն N 2 աղյուսակի:

Աղյուսակ N 1

Կոչումը

Աստղերի թիվն ուսադիրների վրա (հատ)

Աստղերի տրամագիծը (մմ)

Տարածությունն
ուսադրի ներքևի
եզրից մինչև
առաջին աստղի
կենտրոնը
(մմ)

Ուսադիրների երկարությամբ աստղերի կենտրոնների միջև ընկած տարածությունը (մմ)

Արդարադատության գեներալ-լեյտենանտ

2

22

25

25

Արդարադատության գեներալ-մայոր

1

22

45

-

Արդարադատության գնդապետ

3

20

25

25

Արդարադատության փոխգնդապետ

2

20

25

-

Արդարադատության մայոր

1

20

45

-

Արդարադատության կապիտան

4

14

25

25

Արդարադատության ավագ-լեյտենանտ

3

14

25

25

Արդարադատության լեյտենանտ

2

14

25

-

Աղյուսակ N 2

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը
(տարի)

1.

Ձմեռային գլխարկ՝ կարակուլից (բարձրագույն կոչումների)

1 հատ

4

2.

Գլխարկ` ականջակալով, բնական մորթուց (արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետը)

1 հատ

3

3.

Գլխարկ` հովարով (բարձրագույն կոչումների)

1 հատ

3

4.

Գլխարկ` հովարով (արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետը)

1 հատ

3

5.

Գլխարկ` կանացի

1 հատ

3

6.

Կիտել` գաբարդինից, երկկոճկուն (բարձրագույն կոչումների)

1 հատ

3

7.

Կիտել` գաբարդինից (տոնական), երկկոճկուն, (բարձրագույն կոչումների)

1 հատ

4

8.

Կիտել` կիսաբրդյա, երկկոճկուն, (արդարադատության գնդապետ և փոխգնդապետ)

1 հատ

3

9.

Կիտել` կիսաբրդյա (տոնական), երկկոճկուն (արդարադատության գնդապետ և փոխգնդապետ)

1 հատ

4

10.

Կիտել` կիսաբրդյա, միակոճկուն (արդարադատության լեյտենանտից մինչև մայորը)

1 հատ

3

11.

Կիտել` կիսաբրդյա (տոնական), միակոճկուն (արդարադատության լեյտենանտից մինչև մայորը)

1 հատ

4

12.

Տաբատ (բարձրագույն կոչումների)

2 հատ

2

13.

Տաբատ (արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետը)

2 հատ

2

14.

Բաճկոն` ամենօրյա

1 հատ

2

15.

Վերարկու` ձմեռային, երկկոճկուն, դրապից (բարձրագույն կոչումների)

1 հատ

4

16.

Վերարկու` ձմեռային, երկկոճկուն, դրապից (արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետը)

1 հատ

4

17.

Բաճկոն` տաք ներդիրով

1 հատ

3

18.

Վերնաշապիկ` երկարաթև (բաց կապույտ կտորից)

2 հատ

1

19.

Վերնաշապիկ` կարճաթև (բաց կապույտ կտորից)

2 հատ

1

20.

Վերնաշապիկ` երկարաթև (սպիտակ կտորից)

2 հատ

1

21.

Վերնաշապիկ` կարճաթև (սպիտակ կտորից)

2 հատ

1

22.

Կիսաշրջազգեստ

2 հատ

2

23.

Փողկապ

1 հատ

2

24.

Կոշիկ

1 զույգ

1

25.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2

26.

Ձեռնոց` կաշվե, սև, հինգմատյա

1 զույգ

2

27.

Փողկապի ամրակ

1 հատ

4

28.

Վզարկու

1 հատ

2

29.

Վրանկար ուսադիր, ամենօրյա

2 զույգ

3

30.

Վրանկար ուսադիր, տոնական

1 զույգ

3

31.

Հանովի ուսադիր, ամենօրյա

4 զույգ

3

32.

Հանովի ուսադիր, տոնական

1 զույգ

3

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

ՈՒՍԱԴԻՐՆԵՐ
ՏՈՆԱԿԱՆ  ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՄԱՐ
Ներմուծեք նկարագրությունը_5007

Ձև 1

ՈՒՍԱԴԻՐՆԵՐ
ԱՄԵՆՕՐՅԱ  ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՄԱՐ
Ներմուծեք նկարագրությունը_5008

Ձև 2

Ներմուծեք նկարագրությունը_5009

Ձև 3

Ներմուծեք նկարագրությունը_5012

Ձև 4

Ներմուծեք նկարագրությունը_5013

Ձև 5

Ներմուծեք նկարագրությունը_5014

Ձև 6

Ներմուծեք նկարագրությունը_5015

Ձև 7

Ներմուծեք նկարագրությունը_5016

Ներմուծեք նկարագրությունը_5017

Ձև 8

Ներմուծեք նկարագրությունը_5018

Ներմուծեք նկարագրությունը_5021

Ձև 9

Ներմուծեք նկարագրությունը_5022

Ներմուծեք նկարագրությունը_5023

Ձև 10

Ներմուծեք նկարագրությունը_3103

Ներմուծեք նկարագրությունը_5006

Ձև 11

Ներմուծեք նկարագրությունը_5024

Ներմուծեք նկարագրությունը_5025

Ձև 12