Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1175
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.26/64(1077) Հոդ.1045
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
14.11.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
14.11.2014
Дата вступления в силу
14.11.2014

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 նոյեմբերի 2014 թ.

 

 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 27 հոկտեմբերի 2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողների գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը և պարզաբանումները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը /այսուհետ՝ «Պայմանագիր»/ կնքվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Մինսկ քաղաքում, մի կողմից՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության և, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջև»։ Պայմանագիրն ունի 5 հավելված։

Քննության առարկա Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի՝ Պայմանագրի 1-ին հավելվածով սահմանված ցանկին համապատասխան, Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ։

Պայմանագրի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հավելվածում նշված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հետ կապված հարցերի վերաբերյալ Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսված պայմաններին ու անցումային դրույթներին համապատասխան։ Հաշվի են առնվում նաև Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված ցանկով նախատեսված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության /ԵԱՏՄ/ միասնական մաքսային սակագների կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունները։

Պայմանագրի 2-րդ հավելվածում նշվում են այն փոփոխությունները, որոնք կատարվում են ԵԱՏՄ մասին պայմանագրում և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության միանալու կապակցությամբ։

Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ մասին պայմանագրի և քննության առարկա Պայմանագրով նախատեսված այլ միջազգային պայմանագրերի առանձին նորմերի կիրառման պայմանները և անցումային դրույթները։

Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանվում է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵԱՏՄ մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր։

Քանի որ Հայաստանի Հանրապետությունն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ և ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժն իրականացնելու է երրորդ պետությունների տարածքով, այդ կապակցությամբ ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունները սահմանված են Պայմանագրի 5-րդ հավելվածով։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնում Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից իր տարածքում կիրառել Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի /Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի /Մաքսային միության բարձրագույն մարմնի// որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի /մաքսային միության հանձնաժողովի/ որոշումները՝ հաշվի առնելով Պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները։

Պայմանագրի դրույթների մեկնաբանման և/կամ կիրառման հետ կապված վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 112-րդ հոդվածին համապատասխան։

 

2. Քննության առարկա Պայմանագրի 1-ին հավելվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը միանում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված հետևյալ միջազգային իրավական փաստաթղթերին.

● «Ապրանքների ծագման երկրի որոշման միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին («Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ),

● «Մաքսային միության սակագնային արտոնությունների միասնական համակարգի մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի արձանագրությանը,

● «Զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրին («Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ),

● «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին,

● ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելուն առնչվող որոշ հարցերի, այդպիսի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի գանձման առանձնահատկությունների և գանձված գումարների փոխանցումների կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին (««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելուն առնչվող որոշ հարցերի, այդպիսի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի գանձման առանձնահատկությունների և գանձված գումարների փոխանցումների կարգի մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ),

● «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկությունները փոխանակելու և ներկայացնելու մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և այլ պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը ներկայացվող պահանջների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին,

● «Մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային տարանցման առանձնահատկությունների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրին («Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ),

● «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևեր չկիրառելու մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրին,

● «Ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բեռներ և (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդները, կիսակցորդները, կոնտեյներները և երկաթուղային շարժակազմը Մաքսային միության մաքսային տարածքում ներքին փոխադրումներում օգտագործելու առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրին,

● «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի շուրջ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրին,

● «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության խախտման համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրին,

● «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով փոխգործակցության և իրավական օգնության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագրին,

● «Երրորդ երկրներից անօրինական աշխատանքային միգրացիային հակազդելու համար համագործակցության մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրին,

● «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրին,

● «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրին,

● «Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 2011 թվականի հունիսի 22-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդման միջոցների ապահովման մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրին,

● «Մաքսային միության անդամ պետությունների Մաքսային միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի համաձայնագրին,

● «Մաքսային միության մաքսային տարածքով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման կարգի մասին» 2013 թվականի հոկտեմբերի 24-ի համաձայնագրին։

3. Քննության առարկա Պայմանագրով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, ինչպես նաև քննության առարկա Պայմանագրի 1-ին հավելվածով սահմանված ցանկին համապատասխան Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող վերոնշյալ միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող սահմանադրաիրավական բնույթի պարտավորությունները, մասնավորապես, հանգում են հետևյալներին.

- մինչև քննության առարկա Պայմանագիրն ուժի մեջ մտնելը Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործունեությանն առնչվող հարցերով՝ Պայմանագրի 1-ին հավելվածում չնշված միջազգային պայմանագիր ստորագրվելու կամ ուժի մեջ մտնելու դեպքում առանձին արձանագրությամբ միանալ այդ միջազգային պայմանագրին վերջինիս ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, սակայն ոչ շուտ, քան Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը /Պայմանագրի 1-ին հոդվածի 4-րդ պարբերություն/,

- Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից գործող՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի /Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)/ որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները՝ հաշվի առնելով Պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները /Պայմանագրի 2-րդ հոդված/,

- ապահովել, որպեսզի այն ապրանքները, որոնց նկատմամբ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի /ՄՄՍ/ մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի առավել ցածր դրույքաչափեր, օգտագործվեն միայն Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններում և միջոցներ ձեռնարկել Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ նման ապրանքների արտահանումը չթույլատրելու համար՝ առանց ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վճարման /Պայմանագրի 3-րդ հավելվածի 40-րդ կետի 2-րդ պարբերություն/,

- ապահովել հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն որոշումների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անմիջական կիրառումը, որոնք ընդունվել են Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ նշված Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անցկացվող քննությունների արդյունքներով /Պայմանագրի 3-րդ հավելվածի 47-րդ կետի 4-րդ պարբերություն/,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում` որպես միասնական տնտեսական տարածքի բաղկացուցիչ մասում շուկայական սկզբունքների և ներդաշնակեցված կամ միասնականացված իրավական նորմերի կիրառման հիման վրա գործեն տնտեսության կարգավորման նման (համադրելի) և միատեսակ մեխանիզմներ և ձևավորվի միասնական ենթակառուցվածք /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի 5-րդ պարբերություն/,

- «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված ոլորտներում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը ենթադրում է միասնականացված իրավական կարգավորում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության /Միության/ մարմինների՝ իրենց լիազորությունների շրջանակներում կայացված որոշումների հիման վրա /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի 6-րդ պարբերություն/,

- «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված սահմաններում և ծավալներով իրականացնել համակարգված քաղաքականություն, այն է՝ մյուս անդամ պետությունների հետ իրականացնել համագործակցություն՝ Միության մարմինների շրջանակներում հավանության արժանացած ընդհանուր մոտեցումների հիման վրա /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի 12-րդ պարբերություն, 5-րդ հոդվածի 2-րդ կետ/,

- «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված սահմաններում և ծավալներով իրականացնել համաձայնեցված քաղաքականություն, այն է՝ տարբեր ոլորտներում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը ենթադրում է իրավական կարգավորման ներդաշնակեցում, այդ թվում՝ Միության մարմինների որոշումների հիման վրա /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի 13-րդ պարբերություն, 5-րդ հոդվածի 2-րդ կետ/,

- բարենպաստ պայմաններ ստեղծել Միության կողմից իր գործառույթներն իրականացնելու համար և ձեռնպահ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել Միության նպատակների իրագործումը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 3-րդ հոդվածի 7-րդ պարբերություն/,

- ապահովել, որպեսզի ՀՀ տարածքում Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ հարաբերություններում գործի ապրանքների ներքին շուկա, ՀՀ տարածքում կիրառվի Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և երրորդ կողմերի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ, երրորդ կողմերի հետ հարաբերություններում կիրառվի ապրանքների առևտրի միասնական ռեժիմ, իրականացվի միասնական մաքսային կարգավորում, երաշխավորվի ապրանքների ազատ տեղափոխումն անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման և պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային, բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դեպքերի /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետ/,

- ներքին շուկայի գործունեության շրջանակներում մյուս անդամ պետությունների հետ ապրանքների փոխադարձ առևտրում չկիրառել ներմուծման և արտահանման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դեպքերի /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետ/,

- Միության շրջանակներում մյուս անդամ պետությունների հետ ստեղծել պատշաճ դեղագործական գործելակերպի չափանիշներին համապատասխանող դեղամիջոցների ընդհանուր շուկա՝ հիմնված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում ամրագրված սկզբունքների վրա /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 30-րդ հոդվածի 1-ին կետ/,

- Միության շրջանակներում մյուս անդամ պետությունների հետ ստեղծել բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկա՝ հիմնված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում ամրագրված սկզբունքների վրա /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 31-րդ հոդվածի 1-ին կետ/,

- Միության շրջանակներում իրականացնել միասնական մաքսային կարգավորում՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին և Միության իրավունքը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին համապատասխան /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 32-րդ հոդվածի 1-ին կետ/,

- Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների փոխգործակցությունը համակարգելու, Մաքսային միության նպատակների և խնդիրների իրականացումն ապահովելու, Կողմ հանդիսացող պետությունների մաքսային մարմինների իրավասությանը վերապահված հարցերի նկատմամբ մաքսային օրենսդրության կիրառումն ու մաքսային կարգավորումը միասնականացնելու նպատակով՝ Կողմերի հետ համատեղ հիմնադրել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա («Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագիր),

- Միության հետ համատեղ մասնակցել Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացմանն այն ոլորտներում, որտեղ Միության մարմիններն ընդունում են անդամ պետությունների կողմից պարտադիր կատարման ենթակա որոշումներ, երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրեր կնքելու, միջազգային կազմակերպություններում մասնակցելու կամ արտաքին առևտրային քաղաքականության միջոցներ և մեխանիզմներ ինքնուրույն կերպով կիրառելու միջոցով /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 33-րդ հոդվածի 3-րդ կետ/,

- Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ծագման այն ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառել ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի 75 տոկոսի չափով /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 36-րդ հոդվածի 2-րդ կետ/,

- Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 36-րդ հոդվածի 3-րդ կետ/,

- Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառել Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու միասնական կանոնները /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 37-րդ հոդվածի 1-ին կետ/,

- այն դեպքում, երբ երրորդ կողմի հետ Միության և (կամ) երրորդ կողմերի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրով նախատեսվում է պատասխան միջոցներ կիրառելու հնարավորություն, ապա կիրառել Միության տարածքում պատասխան միջոցներ սահմանելու մասին Հանձնաժողովի որոշումը, այդ թվում՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրացնելու, քանակական սահմանափակումներ սահմանելու, առանձնաշնորհումների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու կամ Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում այլ միջոցներ ընդունելու մասին որոշումները, որոնք ազդեցություն ունեն համապատասխան պետության հետ արտաքին առևտրի վրա /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 40-րդ հոդվածի 1-ին կետ, Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի 2-րդ հոդված/,

 - երրորդ կողմերի հետ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության ձեռք բերած իրավունքը՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի հետ համեմատ որպես պատասխան միջոց ներմուծման մաքսատուրքերի ավելի բարձր դրույքաչափեր միակողմանիորեն կիրառելու, ինչպես նաև սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը միակողմանիորեն կասեցնելու վերաբերյալ, իրացնել պայմանով, որ նման պատասխան միջոցների վարչարարության մեխանիզմները չեն խախտի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթները /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 40-րդ հոդվածի 2-րդ կետ/,

- ՀՀ տարածքում կիրառել Հանձնաժողովի կողմից հաստատվող և Միության առևտրային քաղաքականության գործիքները համարվող՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 42-րդ հոդվածի 1-ին կետ/,

- միայն ՀՀ տարածքի սահմաններում ապահովել այն ապրանքների օգտագործումը, որոնց նկատմամբ կիրառվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի համեմատ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և ձեռնարկել միջոցներ՝ թույլ չտալու այլ անդամ պետություններ նման ապրանքների արտահանումը՝ առանց Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքները ներմուծելիս վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության չափով ներմուծման մաքսատուրքերի վճարման /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 42-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ պարբերություն/,

- ՀՀ տարածք ներմուծվող՝ երրորդ երկրների ծագման գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ կիրառել Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային չափաքանակները, որոնք սահմանվում են, եթե նույնանման ապրանքներ արտադրվում (արդյունահանվում, աճեցվում) են Միության մաքսային տարածքում /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 44-րդ հոդվածի 1-ին կետ, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 6-րդ հավելվածի 5-րդ կետ, Պայմանագրի 2-րդ հոդված/,

- իրականացնել համաձայնեցված մակրոտնտեսական և արժութային քաղաքականություն, տնտեսական քաղաքականությունը ձևավորել տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական այնպիսի ցուցանիշների քանակական արժեքների շրջանակներում, երբ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի տարեկան դեֆիցիտը չի գերազանցում համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը. պետական կառավարման հատվածի պարտքը չի գերազանցում համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը. գնաճի մակարդակը (սպառողական գների ինդեքսը) տարեկան արտահայտությամբ (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ) ավելի քան 5 տոկոսային կետով չի գերազանցում գնաճի մակարդակը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 62, 63 և 64-րդ հոդվածներ/,

- երաշխավորել ծառայությունների առևտրին, հիմնադրմանը, գործունեությանը և ներդրումների իրականացմանն առնչվող ՀՀ բոլոր նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումը, իսկ հնարավորության դեպքում՝ նաև «Համացանց» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում՝ համացանցի համապատասխան կայքէջում այնպես, որ ցանկացած անձ, որի իրավունքներին և (կամ) պարտավորություններին այդպիսի նորմատիվ իրավական ակտերը կարող են առնչվել, ունենա դրանց ծանոթանալու հնարավորություն, երաշխավորել նշված նորմատիվ իրավական ակտերի իրավական որոշակիությունը և այդ անձանց հիմնավորված ակնկալիքները, համենայնդեպս, մինչև դրանք ուժի մեջ մտնելու (գործողության մեջ դնելու) ամսաթիվը, ինչպես նաև ապահովել նշված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախնական հրապարակումը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 69-րդ հոդվածի 1-3-րդ կետեր/,

- անդամ պետությունների հետ չկնքել այնպիսի երկկողմ միջազգային պայմանագրեր, որոնք հակասում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ բնական մենաշնորհին վերաբերող 19-րդ բաժնին /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 78-րդ հոդվածի 8-րդ կետ/,

- անդամ պետությունների հետ Միության շրջանակներում կնքել ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որի հիմքում ընկած են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման՝ Բարձրագույն խորհրդի կողմից հաստատված հայեցակարգի և ծրագրի դրույթները /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 81-րդ հոդվածի 2-3-րդ կետեր/,

- առկա տեխնիկական հնարավորության շրջանակներում ապահովել էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների անարգել հասանելիությունն անդամ պետություններին՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին պահանջներն ապահովելու համար նշված ծառայություններն առաջնահերթորեն օգտագործելու պայմանով՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 21 հավելվածի միասնական սկզբունքներին և կանոններին համապատասխան /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 82-րդ հոդվածի 1-ին կետ/,

- անդամ պետությունների հետ Միության շրջանակներում կնքել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որի հիմքում ընկած են Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման՝ Բարձրագույն խորհրդի կողմից հաստատված հայեցակարգի և ծրագրի դրույթները /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 83-րդ հոդվածի 2-3-րդ կետեր/,

- անդամ պետությունների հետ Միության շրջանակներում կնքել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որի հիմքում ընկած են Միության՝ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման՝ Բարձրագույն խորհրդի կողմից հաստատված հայեցակարգի և ծրագրի դրույթները /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 84-րդ հոդվածի 2-3-րդ կետեր/,

- համագործակցել մյուս անդամ պետությունների հետ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության ոլորտում և ՀՀ տարածքում ապահովել դրանց նկատմամբ իրավունքների պահպանությունն ու պաշտպանությունը՝ Միության իրավունքը կազմող միջազգային իրավունքի նորմերին, միջազգային պայմանագրերին ու ակտերին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 89-րդ հոդվածի 1-ին կետ/,

- մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության ոլորտում գործունեությունն իրականացնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 90-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հիմնարար միջազգային պայմանագրերին համապատասխան և ստանձնել այդ պայմանագրերին միանալու պարտավորություն, եթե Հայաստանի Հանրապետությունը նշված միջազգային պայմանագրերի մասնակից չէ /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 90-րդ հոդվածի 3-րդ կետ/,

- իր համար պարտադիր ճանաչել 2011 թվականի մայիսի 19-ի՝ «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» պայմանագիրը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 99-րդ հոդվածի 4-րդ կետ և թիվ 31 հավելված/,

- մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մաքսային կարգավորումն իրականացնել Միության իրավունքի մաս կազմող՝ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրին և ՀՀ այլ միջազգային պայմանագրերին համապատասխան /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 101-րդ հոդվածի 1-ին կետ/, ապահովել որպեսզի հիշյալ պայմանագրով ընդունված մաքսային օրենսգրքի դրույթները գերակայեն ՀՀ մաքսային օրենսդրության այլ դրույթների նկատմամբ /«Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի («Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ) 1-ին հոդված/,

- մյուս անդամ պետությունների հետ իրականացնել այն պայմանագրերի միասնականացումը, որոնց հիման վրա երրորդ կողմի հետ առևտրում տրամադրվում են առանձնաշնորհումները /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 102-րդ հոդվածի 1-ին կետ/,

- մինչև 2025 թվականը մյուս անդամ պետությունների հետ իրականացնել ֆինանսական շուկայի ոլորտում ՀՀ օրենսդրության ներդաշնակեցում՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին և «Ֆինանսական ծառայությունների վերաբերյալ» արձանագրությանը համապատասխան, ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցումն ավարտելուց հետո մյուս անդամ պետությունների հետ որոշում ընդունել ֆինանսական շուկայի կարգավորման գծով վերազգային մարմնի լիազորությունների և գործառույթների վերաբերյալ, և նշված վերազգային մարմինն ստեղծել 2025 թվականին /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 103-րդ հոդված/,

- ՀՀ միջազգային պայմանագրերը կնքել այն հաշվով, որ դրանք չհակասեն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի նպատակներին և սկզբունքներին, մյուս անդամ պետությունների հետ երկկողմ միջազգային պայմանագրերը, որոնցով նախատեսվում է ինտեգրման առավել խոր մակարդակ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի դրույթների համեմատությամբ, կամ որոնցով հօգուտ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց ապահովվում են լրացուցիչ առավելություններ, կնքել այն պայմանով, որ դրանցով չշոշափվի այդ և այլ անդամ պետությունների կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված իրենց իրավունքների և պարտավորությունների կատարումը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 114-րդ հոդված/,

- մյուս անդամ պետություններին ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարները չփոխանցելու դեպքում այդ մյուս անդամ պետություններին վճարել տոկոսներ կետանցի համար գոյացած պարտքի ամբողջ գումարի դիմաց՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար 0,1 տոկոս դրույքաչափով՝ ներառյալ այն օրը, երբ բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարը չի փոխանցվել մյուս անդամ պետությանը (անդամ պետություններին) /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 5-րդ հավելվածի 21-րդ կետ/,

- երրորդ երկրներից ՀՀ մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների դեպքում սակագնային արտոնությունները տրամադրել նաև Հանձնաժողովի որոշումներով սահմանված դեպքերում /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 6-րդ հավելվածի 4-րդ կետ/,

- ապրանքների արտահանումն ու ներմուծումն իրականացնել առանց արգելքների ու քանակական սահմանափակումների կիրառման՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերի /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 11-րդ կետ/,

- անդամ պետությունների քաղաքացիների համար սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հավասար պայմանների ապահովման նպատակով մյուս անդամ պետությունների հետ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացնել համաձայնեցված քաղաքականություն՝ հաշվի առնելով սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությունը և միջազգային իրավունքի այդ ոլորտի նորմերը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 13-րդ հավելվածի 3-րդ կետ/,

- պարտադիր կատարման ընդունել սահմանափակումների, բացառությունների, լրացուցիչ պահանջների և պայմանների՝ Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող՝ առանձին ազգային ցանկերը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 16-րդ հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերություն, Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի 2-րդ հոդված/,

- բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 16-րդ հավելվածի 11-14-րդ կետերով նախատեսված դեպքերի՝ չեղյալ հայտարարել գործող սահմանափակումները և չսահմանել նոր սահմանափակումներ՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների հետ կապված փոխանցումների ու վճարումների առումով, հատկապես՝ եկամուտների, անդամ պետությունների կողմից որպես ներդրումներ ճանաչված փոխառությունների և վարկերի մարման համար վճարվող միջոցների, առևտրային կազմակերպության մասնակի կամ լրիվ լուծարման կամ ներդրումների վաճառքի կապակցությամբ ներդրողի ստացած միջոցների, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 16-րդ հավելվածի 77-րդ կետի համաձայն որպես վնասի հատուցում և որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 16-րդ հավելվածի 79-81-րդ կետերով նախատեսված փոխհատուցում՝ ներդրողի ստացած միջոցների, աշխատավարձի և այլ վարձատրության նկատմամբ, որոնք ստանում են մյուս անդամ պետությունների այն ներդրողներն ու քաղաքացիները, որոնց թույլատրված է աշխատել ՀՀ տարածքում ներդրումներն իրականացնելու կապակցությամբ /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 16-րդ հավելվածի 8-րդ կետ/,

- երրորդ պետության հետ տնտեսական ինտեգրման մասին միջազգային համաձայնագրեր կնքել այն հաշվով, որ դրանք համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին. ընդգրկեն ծառայությունների զգալի թվով ոլորտներ, ինչպես նաև՝ անհիմն կերպով չբացառեն ծառայությունների տրամադրման եղանակներից, հիմնադրմանը և գործունեությանն առնչվող հարցերից ոչ մեկը, ուղղված լինեն գոյություն ունեցող խտրական միջոցների վերացմանը և նորերի ներդրումն արգելելուն, ուղղված լինեն ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության ազատականացմանը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 16-րդ հավելվածի 45 և 46-րդ կետեր/,

- կիրառել Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող՝ ծառայությունների, առևտրի, հիմնադրման և գործունեության ընթացակարգերում չհիմնավորված խոչընդոտներն արգելելուն վերաբերող կանոնները /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 16-րդ հավելվածի 61-րդ կետ, Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի 2-րդ հոդված/,

- ՀՀ տարածքում ապահովել արդար և իրավահավասար ռեժիմ՝ մյուս անդամ պետությունների ներդրողների կողմից իրականացվող ներդրումների և գործունեության առնչությամբ, այնպես, որ նշված ռեժիմը լինի այնպիսին, որը պակաս բարենպաստ չէ ՀՀ (ազգային) ներդրողների կողմից իրականացվող ներդրումներին և այդպիսի ներդրումներին առնչվող գործունեության մասով ՀՀ կողմից ապահովվող ռեժիմից /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 16-րդ հավելվածի 68 և 69-րդ կետեր/,

- նույն (նմանատիպ) հանգամանքներում ցանկացած այլ անդամ պետության ներդրողների համար ապահովել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ ցանկացած երրորդ պետության ներդրողների, նրանց ներդրումների և այդպիսի ներդրումներին առնչվող գործունեության համար ապահովվող ռեժիմից /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 16-րդ հավելվածի 70-րդ կետ/,

- ՀՀ տարածքից մյուս անդամ պետության տարածք ՀՀ հարկատուի կողմից ապրանքներ արտահանելու դեպքում կիրառել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ և (կամ) ակցիզների վճարից ազատում /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 18-րդ հավելվածի 3-րդ կետ/,

- ՀՀ տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների (լիզինգի առարկաների) արտահանման դեպքում, լիզինգի պայմանագրի համաձայն, ըստ որի՝ դրանց սեփականության իրավունքը փոխանցվում է լիզինգն ստացողին՝ համաձայն ապրանքային վարկի (ապրանքային փոխառության, իրերով փոխառության) մասին պայմանագրի, համաձայն ապրանքների պատրաստման մասին պայմանագրի, կիրառել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ և (կամ) ակցիզների վճարից ազատում (եթե նման գործարքը, ՀՀ օրենսդրության համաձայն, ենթակա է ակցիզային հարկով հարկման /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 18-րդ հավելվածի 11-րդ կետի 2-րդ պարբերություն/,

- կատարել Հանձնաժողովի՝ գների պետական կարգավորումը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության վերաբերյալ և գների պետական կարգավորման ներմուծումը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության վերաբերյալ որոշումները /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 19-րդ հավելվածի 87-րդ կետի 1-ին և 5-րդ պարբերություններ, Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի 2-րդ հոդված/,

- ապահովել ՀՀ գազափոխադրման համակարգերով գազի փոխադրման ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունը, այլ անդամ պետության գազափոխադրման համակարգը հասանելի դարձնել անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար այնպիսի հավասար պայմաններով՝ ներառյալ սակագները, որոնցից օգտվում են նաև ՀՀ գազափոխադրման համակարգի սեփականատեր չհանդիսացող գազարտադրողները /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 22-րդ հավելվածի 3-րդ կետի 1-ին պարբերություն և 7-րդ կետի 2-րդ պարբերություն/,

- Հայաստանի Հանրապետության և անդամ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի համաձայն՝ իր ունեցած տեխնիկական հնարավորությունների սահմաններում ապահովել հետևյալ պայմանները. արդյունահանված նավթի և դրանից արտադրված նավթամթերքի երկարաժամկետ փոխադրումն իրականացնելու երաշխավորված հնարավորություն անդամ պետությունների տարածքներում գործող փոխադրման համակարգով, այդ թվում՝ մագիստրալային նավթամուղների և նավթամթերքի խողովակաշարերի համակարգերով, անդամ պետությունների տարածքներում գրանցված տնտեսավարող սուբյեկտների համար ՀՀ տարածքում տեղակայված նավթի և նավթամթերքի փոխադրման համակարգի հասանելիություն՝ նույն պայմաններով, ինչով, որ դրանք հասանելի են ՀՀ տնտեսավարող սուբյեկտների համար, որի տարածքով իրականացվում է նավթի և նավթամթերքի փոխադրումը, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար նավթի և նավթամթերքի փոխադրման սակագները սահմանել այն սակագները չգերազանցող մակարդակով, որոնք սահմանվել են ՀՀ տնտեսավարող սուբյեկտների համար, որի տարածքով իրականացվում է նավթի և նավթամթերքի փոխադրումը /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 23-րդ հավելվածի 6-րդ կետ և 7-րդ կետի 2-րդ պարբերություն/,

- բացառումներ սահմանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ընդունած ակտը չեղարկելու անհրաժեշտության մասին Հանձնաժողովի որոշումն ընդունելու դեպքում 2 ամսվա ընթացքում ապահովել ակտում համապատասխան փոփոխությունների կատարումը (այն ուժը կորցրած ճանաչելը) /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 25-րդ հավելվածի 33-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններ/,

- չկիրառել առևտրի վրա առավելապես խաթարող ազդեցություն ունեցող միջոցներ, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միասնական կանոնները կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ/ այն ապրանքների նկատմամբ, որոնք թվարկված են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հավելվածի 11-րդ կետում, առևտրի վրա առավելապես խաթարող ազդեցություն ունեցող միջոցներ կիրառելու դեպքում մյուս անդամ պետություններին վճարել փոխհատուցում՝ առևտրի վրա առավելապես խաթարող ազդեցություն գործող միջոցների ծավալին կամ առևտրի վրա թույլատրված ծավալից ավելի խաթարող ազդեցություն գործող միջոցներին հավասար չափով /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հավելվածի 6, 11 և 40-րդ կետեր/,

- ՀՀ տարածքում անդամ պետության աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրել անվճար շտապ բժշկական օգնության իրավունք (անհետաձգելի և արտակարգ)` նույն կարգով և նույն պայմաններով, ինչպիսիք տրամադրված են աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիներին, երաշխավորել, որ շտապ բժշկական օգնությունը (անհետաձգելի և արտակարգ) անդամ պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամներին ՀՀ պետական ու համայնքային համակարգերի առողջապահական կազմակերպությունների կողմից ցուցաբերվի անվճար՝ անկախ բժշկական ապահովագրության վկայականի առկայությունից, բժշկական կազմակերպության (առողջապահական հիմնարկի)՝ անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամներին ցուցաբերված շտապ բժշկական օգնության ծախսերի փոխհատուցումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվին՝ առողջապահության ֆինանսավորման գործող համակարգին համապատասխան /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 30-րդ հավելվածի 4-րդ կետ/,

- հետևողականորեն պահպանել Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների լիազորությունների միջազգային բնույթը և ազդեցություն չգործադրել նրանց վրա իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, երաշխավորել Միության մարմինների գույքի և ակտիվների անձեռնմխելիությունը վարչական կամ դատական ցանկացած միջամտությունից, երաշխավորել, որպեսզի Միության մարմինների շինությունները, ինչպես նաև դրանց արխիվները և փաստաթղթերը, այդ թվում՝ ծառայողական նամակագրությունը, անկախ դրանց գտնվելու վայրից, չենթարկվեն խուզարկության, ռեկվիզիցիայի, բռնագրավման կամ միջամտության ցանկացած այլ ձևի, որը խոչընդոտում է այդ մարմինների բնականոն գործունեությունը, Միության մարմինների պաշտոնական օգտագործման համար նախատեսված պարագաները և մյուս գույքն ազատել մաքսատուրքերից, հարկերից և մաքսավճարներից, պաշտոնատար անձանց չենթարկել քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության պաշտոնատար անձի դիրքում իրենց կողմից ասվածի կամ գրվածի և իրենց կողմից կատարված բոլոր գործողությունների համար. նրանց ազատել Միության մարմինների կողմից վճարվող աշխատավարձի և այլ վարձատրությունների հարկումից. նրանց ազատել պետական ծառայության պարտականություններից /«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 32-րդ հավելվածի 3, 4, 5, 12 և 19-րդ կետեր/,

- միջոցներ ձեռնարկել օրենսդրությունում այնպիսի փոփոխություններ կատարելու համար, որոնցով քրեական և վարչական պատասխանատվություն է նախատեսվում Մաքսային միության մաքսային օրենսդրության և Կողմերի օրենսդրության խախտումների համար, ինչպես նաև միջոցներ՝ այդպիսի գործողությունների հակաիրավական բնույթի միասնական սահմանումը նախատեսելու համար /«Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության խախտման համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի 3-րդ հոդված/։

 

4. ՀՀ Սահմանադրության 1-ին և 9-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և միջազգային հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ, իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։ Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»։

ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ սահմանադրական դատարանը «մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը»։

Սահմանադրական այս հիմնարար պահանջները հաշվի առնելով՝ ՀՀ սահմանադրական դատարանը քննության առարկա գործով էական է համարում պարզել.

ա/ Հայաստանի Հանրապետության կողմից սույն Պայմանագրով ստանձնվող պարտավորությունների արժեբանական մոտեցումների համարժեքությունը ՀՀ Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված հիմնարար սկզբունքներին,

բ/ միջազգային համագործակցության ձևերի ու մեխանիզմների համապատասխանությունը մասնակից պետությունների ինքնիշխանության, իրավահավասարության և գործակցության փոխշահավետության սկզբունքներին,

գ/ հավատարմությունն իրավունքի գերակայության երաշխավորմանը և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին,

դ/ ստանձնվող պարտավորությունների ներդաշնակությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում սահմանված նորմերին ու սկզբունքներին,

ե/ Միության մարմինների կողմից որոշումների կայացման կարգը և դրանց պարտադիր լինելու բնույթը,

զ/ Պայմանագրից դուրս գալու ընթացակարգերի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին։

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միջազգային արդի զարգացումները, գլոբալացման գործընթացները, միջպետական ինտեգրման միտումները հանգեցրել են նրան, որ երկրները գնում են առավել խոր փոխշահավետ գործակցության՝ ի սպաս իրենց ժողովուրդների և քաղաքացիների բարօրության, համատեղ լուծելու տնտեսական, բնապահպանական, սոցիալական, մարդկանց անվտանգության ապահովման և համարժեք այլ խնդիրներ։ 21-րդ դարի աշխարհակարգին բնորոշ են հատկապես տնտեսական ոլորտում անդրազգային կորպորացիաների գերիշխանությունը, գլոբալ աղետների դեմ պայքարի համաշխարհայնացումը, մարդու իրավունքների ոլորտում միասնական չափորոշիչների սահմանումը, արժեհամակարգային ինտեգրման խորացումը։ Այս գործընթացները պահանջում են նաև գործակցության նոր ձևեր, որոնցից է միջազգային և տարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափերի ակտիվ զարգացումը։

Միջազգային տնտեսական զարգացումների ընդհանուր միտումն այն է, որ նոր որակով ներկա տնտեսական համագործակցության գլխավոր բնութագրիչը փոխհամաձայնեցված կամ միասնական քաղաքականության միջոցով ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։ Նույնիսկ զարգացած երկրները ներառված են այս գործընթացներում, և նոր հազարամյակում այն այլընտրանք չունի։ Գլխավոր խնդիրն այն է, թե որքանով է ապահովվում նման ինտեգրման փոխշահավետությունը և ներդաշնակությունը երկրի սահմանադրական կարգի հիմունքներին։ Ընդ որում, պետության մասնակցությունը միջազգային կազմավորումներին համարվում է իրավաչափ, եթե դա իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան և չի հանգեցնում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակման և չի հակասում իր սահմանադրական կարգի հիմունքներին։ Նման մոտեցումը բխում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ունի ունիվերսալ բնույթ։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության բազմաթիվ հոդվածներով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին է վերապահվում տարաբնույթ իրավակարգավորումների որոշիչ դերը /մասնավորապես՝ հոդվ. 3, մաս 2, հոդվ. 6, մաս 4, հոդվ. 9, հոդվ. 11, մաս 2, հոդվ. 18, մաս 4, հոդվ. 43, մաս 2, հոդվ. 44/։ Նման հոդվածների լիազորող բնույթի վերաբերյալ սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, մասնավորապես, 2002թ. փետրվարի 22-ի ՍԴՈ-350 որոշման մեջ։

Հիշյալ հանգամանքը հաշվի առնելով՝ քննության առարկա գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն էական է համարում առաջին հերթին պարզել Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունների և ՀՀ Սահմանադրության սահմանադրական կարգի հիմնարար նորմերի փոխառնչությունները։

 

6. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։

Սահմանադրաիրավական տեսանկյունից երկրի ինքնիշխանության հիմնական բնութագրիչներն են.

նախ՝ պետական ինքնիշխանությունը, որը ենթադրում է, որ.

ա/ պետական իշխանությունն ունի գերակայություն ու անկախություն երկրի ներսում և միջազգային հարաբերություններում,

բ/ միայն ինքնիշխան պետությունն ունի միջազգային իրավասուբյեկտի կարգավիճակ,

գ/ երկրի ներսում ինքնիշխան պետությունն ինքն է սահմանում և պահպանում իր երկրի իրավակարգը՝ անհրաժեշտության դեպքում գործադրելով պետական հարկադրանքի միջոցներ,

դ/ պետական ինքնիշխանությունը տարածվում է երկրի ամբողջ տարածքի վրա, բացառում է երկիշխանությունը, միակ լեգիտիմ իշխանությունն է իրականացնում օրենսդիր, գործադիր և դատական գործառույթները։

Միաժամանակ, պետական ինքնիշխանությունը չի ենթադրում իշխանության բացարձակ անսահմանափակություն։ Իրավական պետությունում այն առաջին հերթին սահմանափակված է մարդու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, որոնք գործում են անմիջականորեն, ունեն ինչպես ներպետական, այնպես էլ վերպետական /միջազգային/ իրավական պաշտպանվածություն։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»։

Երկրորդ՝ ժողովրդական ինքնիշխանությունը, որի էությունը ժողովրդի՝ իշխանության միակ կրողն ու աղբյուրը լինելը ճանաչելն է։ ՀՀ Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Երրորդ՝ ազգային ինքնիշխանությունը, ինչն ազգի իրավունքն է ինքնուրույն և ազատորեն որոշել իր մշակութային, սոցիալ-տնտեսական և քաղաքական կեցությունը։ Ազգային ինքնիշխանությունը ենթադրում է նաև ազգի քաղաքական ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որն իր սահմանադրաիրավական ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության նախաբանում:

Հայաստանի Հանրապետությունում պետական ինքնիշխանության երաշխավորման և իրացման կարևոր իրողություններից է այն, որ սահմանադրորեն երկրի օրենսդիր մարմնին է վերապահված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու իրավասությունը /հոդվ. 81, կետ 2/։ Ընդ որում, նույն հոդվածով սահմանվում է, որ.

Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝

ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին,

գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,

ե) որոնցով նախատեսված է վավերացում,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում։

ՀՀ գործող Սահմանադրությունը չի նախատեսում նման խնդիրների լուծում պարտադիր իրավական հետևանքներ ունեցող հանրաքվեի կամ օրենքի ընդունման միջոցով։ Ավելին, Սահմանադրության 62-րդ հոդվածով սահմանված կարգով Սահմանադրության 81-րդ հոդվածին վերաբերող հարցերով, այդ թվում՝ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու դեպքում Ազգային ժողովն ընդունում է որոշում։ Իր հերթին, ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված է, որ Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին։ ՀՀ Սահմանադրությամբ միջազգային պայմանագրերի առնչությամբ Ազգային ժողովի որոշումների ընդունման այլ կարգ սահմանված չէ։

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով հանդերձ, ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության համար ճանաչում է միջազգային իրավունքի գերակայությունը հետևյալ պարագաներում.

ա/ «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» /հոդվ. 3, մաս 2/,

բ/ հոդված 9-ում շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ Պայմանը՝ հարաբերությունների բարիդրացիական և փոխշահավետ լինելն է,

գ/ ՀՀ Սահմանադրությունը միջազգային մարմինների իրավազորությունը ճանաչում է 18-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով՝ ճանաչելով յուրաքանչյուր անձի իրավունքը ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին,

դ/ Սահմանադրությունը /հոդված 43/ միջազգային պայմանագրերին է վերապահում նաև իրավունքների սահմանափակման շրջանակների սահմանման որոշիչ դերը։

Նշյալ հանգամանքները հաշվի առնելով է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետով օրենսդրական քաղաքականության իրականացման շրջանակներում պահանջվում է օրենքի նախագծի վերաբերյալ, ի թիվս այլնի, պաշտոնական եզրակացությունում նշել ոչ միայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերին, այլև միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության վերաբերյալ փորձաքննության արդյունքները։

 

7. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման միջազգայնորեն ճանաչված արժեհամակարգային հիմնարար սկզբունքներն են դառնում ազգային իրավական համակարգի հենքը։ Միաժամանակ, դրանք բացարձակ չեն կարող լինել և պետք է ունենան տվյալ ազգի ու պետության հիմնարար շահերից բխող ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական չափորոշիչներ, որպիսիք են.

ա/ իրավական, ժողովրդավարական պետության սկզբունքներին հավատարիմ մնալը,

բ/ իրավունքի գերակայության երաշխավորումը,

գ/ ժողովրդի ինքնիշխանության ճանաչումն ու երաշխավորումը,

դ/ միջազգային ու տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին պետության ինքնակամ մասնակցության և դրանից իր ցանկությամբ ու իր ժողովրդի շահերից ելնելով հրաժարվելու իրավունքի երաշխավորվածությունը։

Միջազգային իրավունքի կարևոր բաղադրիչներից են նաև.

ա/ իրավակարգավորումների շուրջ փոխշահավետ պայմանավորվածությունները,

բ/ դրանց իրացման ու վերահսկման կառուցակարգերի ստեղծումը,

գ/ առաջացած տարաձայնությունների հաղթահարման իրավական ընթացակարգերի փոխճանաչումը։

Որքան էլ միջազգային ինտեգրման գործընթացներն անշրջելի են ու վճռորոշ յուրաքանչյուր երկրի կայուն զարգացման համար, այդուամենայնիվ, դրանք պահանջում են նաև կազմակերպակառուցվածքային համարժեք իրավաչափ լուծումներ։ Ինչպես նշվեց, համաշխարհային տնտեսությունը տնտեսական հարաբերությունների ու դրանց իրավակարգավորման ողջ համակարգով դուրս է եկել ցանկացած երկրի պետական սահմաններից և վերպետական բնույթ է ստացել։ Աշխարհում աճող տնտեսական փոխկապվածությունը մղում է առավել ընդհանուր, համատեղ և արդյունավետ ջանքերի այնպիսի հիմնական համաշխարհային խնդիրների լուծման համար, ինչպիսիք են սննդի, էներգետիկ, հումքային, արժութային և ֆինանսական խնդիրները։ Դրանով իսկ ընդգծվում է նոր բնույթի և փոխշահավետ միջազգային տնտեսական խոր ինտեգրման անհրաժեշտությունը, որը բոլոր երկրների կայուն զարգացման երաշխիքն է դառնում։ Ավելին, նոր հազարամյակում մեգաէկոնոմիկան դարձել է օբյեկտիվ իրականություն և պետություններին գործակցության իր պահանջներն է առաջադրում, առանց որի հաշվառման դժվար է հաջողություն ակնկալել։

Վերպետական կառույցները ձևավորվում են վերպետական հարթակի օբյեկտիվ իրավահարաբերություններից բխող խնդիրների փոխհամաձայնեցված լուծման համար։ Դա արդեն վերպետական գործակցության բոլորովին այլ որակ է։ Յուրաքանչյուր երկրի ինքնակամ մասնակցությամբ ձևավորված վերպետական մարմնի որոշումներում առկա է ազգային մասնակցության կամքի արտահայտությունն այն մանդատով, որը մասնակցին՝ իր իսկ ազգային շահերից ելնելով, վերապահվել է վավերացված միջազգային պայմանագրի ուժով։ Ազգային կառույցներն իրենց գործառույթներն իրականացնում են ներպետական իրավական համակարգի անբաժանելի մաս հանդիսացող միջազգային պայմանագրերի իրավակարգավորումները հաշվի առնելով։

 ՀՀ Սահմանադրության նախաբանում հավաստելով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, սահմանադրական կարգի հիմունքներով արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դնելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, իրավական, ժողովրդավարական պետության կայացման գործում գերակայություն վերապահելով միջազգային իրավունքին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում միջազգային ու տարածաշրջանային համագործակցության ու այն ապահովող կառույցների իրավաչափ գործունակության ապահովման հարցերում։

Սակայն դրա համար առկա են նաև սահմանադրական հստակ պահանջներ, որոնք բխում են ՀՀ Սահմանադրության թե՛ արժեբանությունից և թե՛ մի շարք կոնկրետ դրույթներից։

Դրանք են.

1/ պետական, ժողովրդական ու ազգային ինքնիշխանության երաշխավորումը,

2/ միջազգային հարաբերությունների իրավահավասարությունն ու փոխշահավետությունը,

3/ մարդու իրավունքների միայն այնպիսի հնարավոր սահմանափակումների նախատեսումը, որոնք համարժեք են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին,

4/ Հայաստանի համար վերպետական մարմինների որոշումների գործողության հնարավորությունը միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության շրջանակներում։

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ որևէ վերպետական մարմնի կողմից ընդունված ցանկացած որոշում, որը չի համապատասխանում այդ պահանջներին, կիրառելի չէ Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այդ պահանջների պահպանման պարագայում Հայաստանի Հանրապետության կողմից այս կամ այն տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպության հետ գործակցությունը սահմանադրականության խնդիր չի կարող առաջացնել։ Սա ամբողջությամբ վերաբերում է նաև քննության առարկա Պայմանագրին ու դրա շրջանակներում ստանձնվող միջազգային պարտավորություններին։

 

8. ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, սույն գործով արձանագրում է, որ, մասնավորապես, ՀՀ Սահմանադրությանը համահունչ են քննության առարկա Պայմանագրի հիմքում դրված արժեբանական նշանակության այն հիմնարար սկզբունքները, որոնց համաձայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետությունների փոխհարաբերությունների առանցքն են կազմում.

- միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների՝ ներառյալ անդամ պետությունների ինքնիշխան հավասարության հարգումը,

- անդամ երկրների քաղաքական կարգի առանձնահատկությունների հարգումը,

- փոխշահավետ համագործակցության ապահովումը, իրավահավասարությունը, կողմերի ազգային շահերը հաշվի առնելը,

- շուկայական տնտեսության սկզբունքների պահպանումը և բարեխիղճ մրցակցությունը /«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 3-րդ հոդված/։

Սահմանադրականության առումով խնդիրներ չեն հարուցում նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում ամրագրված` Միության նպատակները /հոդվ. 4/, համաձայն որոնց նպատակ է դրվում.

- պայմաններ ստեղծել անդամ երկրների տնտեսությունների կայուն զարգացման համար՝ նրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով,

- Միության շրջանակներում ձգտել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ձևավորմանը,

- համաշխարհային գլոբալ տնտեսության պայմաններում ապահովել ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացումը, համագործակցությունը և մրցունակության բարձրացումը։

Այդ նպատակների իրականացմանն են կոչված տվյալ պայմանագրով նախատեսված մարմինների ձևավորումը, որոնցում Կողմերն ունեն մասնակցային իրավահավասար դերակատարություն, իսկ առանցքային հարցերը լուծվում են փոխհամաձայնությամբ՝ պահպանելով յուրաքանչյուրի վետոյի իրավունքը։

 

9. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու անհրաժեշտության ու նպատակահարմարության հարցը համարելով ՀՀ Ազգային ժողովի իրավասության շրջանակներում լուծվելիք խնդիր, ՀՀ սահմանադրական դատարանը քննության առարկա Պայմանագրի սահմանադրականության տեսանկյունից կարևորում է նաև առանցքային նշանակության մի շարք այլ հանգամանքներ։

Նախ՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ ԵԱՏՄ շրջանակներում ձևավորվող մարմինների գործունեության հիմքում նույնպես դրվում են.

- պետությունների ինքնիշխան զարգացման սկզբունքով ղեկավարվելը,

- մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների գերակայության սկզբունքով անվերապահորեն առաջնորդվելը,

- կողմերի ազգային շահերի հարգումը,

- փոխշահավետ և իրավահավասար տնտեսական համագործակցությունը՝ հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում սահմանված նորմերը, սկզբունքներն ու կանոնները,

- ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հավատարմությունը։

Երկրորդ՝ Միության բարձրագույն մարմիններում՝ Բարձրագույն խորհրդում և Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով /հոդվ. 8/, իսկ որոշումներն ընդունվում են միայն փոխհամաձայնությամբ /կոնսենսուսով/ /հոդվ. 13, 17, 18/։ Բոլոր այլ մարմինների որոշումները բողոքարկելի են Միության բարձրագույն մարմիններում։ Ընդ որում, Միության Բարձրագույն խորհուրդը սահմանում է նաև «զգայուն» հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ Միության հանձնաժողովի կոլեգիայի որոշումները նույնպես ընդունվում են կոնսենսուսով /հոդվ. 18/։ Բացի դրանից, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները ենթակա են անդամ պետությունների կողմից՝ նրանց ազգային օրենսդրությամբ նախատեսվող կարգով, կատարման /հոդվ. 6/։ Միության մարմիններում Կողմերի հավասար ներկայացվածության սկզբունքը վերաբերում է ոչ միայն բարձրագույն մարմիններին, այլև ընդհուպ Հանձնաժողովի դեպարտամենտների պաշտոնատար անձանց /հոդվ. 9, կետ 2/, ինչպես նաև Միության դատարանին /Դատարանի կանոնադրություն, գլխ. 2, կետ 7/։

Երրորդ՝ ապրանքների ներքին շուկայի գործունեության կարգում նախատեսվում են հստակ բացառություններ, որոնք անհրաժեշտ են անդամ պետությունում մարդու կյանքի և առողջության պահպանման, հասարակական բարոյականության և իրավակարգի պահպանման, շրջակա միջավայրի պահպանման, կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պահպանության, միջազգային պարտավորությունների կատարման, երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար /հոդվ. 29/։ Միաժամանակ, նախատեսվում է տնտեսական քաղաքականության իրականացում` ուղղված անդամ պետությունների ազգային արժույթների նկատմամբ վստահությունը բարձրացնելուն` ինչպես յուրաքանչյուր անդամ պետության ներքին արժութային շուկայում, այնպես էլ միջազգային արժութային շուկաներում (հոդվ. 64)։

Չորրորդ՝ Պայմանագրի 1-ին հավելվածով ներկայացված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի հիմքում նույնպես դրվում է Կողմերի միջազգային պարտավորությունների հարգման, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով ու սկզբունքներով ղեկավարվելու պահանջը։ Եվրասիական տնտեսական ինտեգրումն իր ողջ ծավալով կառուցված է միջազգային պայմանագրերի վրա, իսկ Կողմերի պարտավորությունները խարսխված են կամավորության ու փոխշահավետության վրա։

Հինգերորդ՝ Պայմանագրի 2-րդ հավելվածով Հայաստանի Հանրապետության միանալու առնչությամբ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական կարգավորումներին բնորոշ մի շարք առանձնահատկություններ։

Վեցերորդ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են տվյալ պայմանագրի անբաժանելի մասը /հոդվ. 115/։

Յոթերորդ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրից դուրս գալու կարգը՝ համաձայն այդ պայմանագրի 118-րդ հոդվածի, սահմանված է միջազգային պայմանագրերի համար նախատեսված ընթացակարգերին /մասնավորապես` «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիային/ համապատասխան։ Ընդ որում, եթե Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը լուծվում է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետության կողմից կնքված 2014թ. հոկտեմբերի 10-ի Պայմանագրի 1-ին հոդվածի հիման վրա, ապա Եվրասիական տնտեսական միության կազմում իր անդամակցության դադարման գործընթացը Հայաստանը կարող է նախաձեռնել ցանկացած պահի՝ համաձայն արդեն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի 118-րդ հոդվածի 1-ին կետի: Դրան համապատասխան ՀՀ սահմանադրական դատարանը որպես իրավական հիմք է ընդունում այն, որ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքի հիման վրա Պայմանագրի գործողությունը տվյալ պետության նկատմամբ դադարում է ավանդապահի կողմից համապատասխան գրավոր ծանուցում ստանալու օրվանից սկսած 12 ամիսը լրանալուն պես։

 

10. Վերոշարադրյալ առանձին պարտավորությունների կատարումն ապահովելու առումով ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Ազգային ժողովը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ կանոնակարգել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային մարմինների որոշումների կատարման ապահովման իրավական պայմանները։ Մասնավորապես, հիշյալ օրենքի 55-րդ հոդվածով սահմանվում է, որ.

«1. Միջազգային կազմակերպության հիմնադրման (ստեղծման) մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կատարվում է սույն գլխի նորմերով սահմանված ընդհանուր կարգով։

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի համաձայն ստեղծված միջազգային կազմակերպության ղեկավար և մյուս մարմինների (այսուհետ՝ մարմին) որոշումները, բանաձևերը, արձանագրությունները (այսուհետ՝ որոշում) Հայաստանի Հանրապետության կողմից կատարվում են տվյալ միջազգային կազմակերպության հիմնադրման և նրա գործունեությունը կանոնակարգող այլ միջազգային պայմանագրերին (այսուհետ՝ հիմնադիր փաստաթղթեր) համապատասխան։

Միջազգային կազմակերպության մարմնի որոշումը միջազգային պայմանագիր չի համարվում և Հայաստանի Հանրապետության կողմից կատարվում է այնքանով, որքանով տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով դա օժտված է համապատասխան իրավաբանական ուժով։

3. Եթե միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով սահմանված է, որ դրա մարմնի ընդունած որոշումները պարտադիր են կազմակերպության մասնակից պետությունների համար, կամ վերջիններս պարտավորություն են ստանձնել կատարելու այդ որոշումները, ապա պատասխանատու գերատեսչությունը ապահովում է դրանց կատարումը, անհրաժեշտության դեպքում՝

1) ընդունելով համապատասխան նորմատիվ գերատեսչական կամ այլ իրավական ակտ.

2) մշակելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի (կարգադրության), կառավարության կամ վարչապետի որոշման նախագիծ և սահմանված կարգով ներկայացնելով կառավարության քննարկմանը։

Եթե միջազգային կազմակերպության մարմնի՝ նորմատիվ իրավական ակտի ընդունում պարունակող որոշման հիման վրա կատարված ուսումնասիրությունից հետևում է, որ համապատասխան հարցերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորված են, ապա պատասխանատու գերատեսչությունը պատճառաբանված տեղեկանք է ներկայացնում կառավարություն՝ նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին։

 4. Եթե միջազգային կազմակերպության որոշումը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հետ համադրումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի նոր օրենք կամ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարի գործող օրենքում, ապա իրավասու գերատեսչությունը պարտավոր է սահմանված կարգով ձեռնամուխ լինել համապատասխան օրենքի նախագծի մշակմանը և կառավարության քննարկմանը ներկայացնելու ընթացակարգերի իրականացմանը։

 Համապատասխան ընթացակարգերը պետք է իրականացվեն միջազգային կազմակերպության մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով վարչապետի կամ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետում։

 Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքում անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը չեն կիրառվում միջազգային կազմակերպության մարմնի որոշման այն դրույթները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքին։

 5. Եթե միջազգային կազմակերպության մարմնի որոշումը՝ ըստ հիմնադիր փաստաթղթերի, խորհրդատվական (երաշխավորական) բնույթի է, ապա պատասխանատու գերատեսչությունը որոշում է դրա կատարման նպատակահարմարությունը Հայաստանի Հանրապետության կողմից։

 Եթե պատասխանատու գերատեսչությունը գտնում է, որ նման որոշումը նպատակահարմար է կատարի Հայաստանի Հանրապետությունը, ապա իրականացնում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված համապատասխան ընթացակարգերը՝ ըստ անհրաժեշտության, նախապես ստանալով այդ հարցով արտաքին գործերի նախարարության կարծիքը։

6. Միջազգային կազմակերպության մարմնի գործունեության կազմակերպման և վարման հետ կապված հարցերով (նստաշրջանների կամ նիստերի կազմակերպում, անցկացում և որոշումների ընդունում) այդ մարմնի ընդունած որոշումները Հայաստանի Հանրապետության կողմից կատարվում են, եթե դրանք առնչվում են համապատասխան մարմնին որևէ նորմատիվ կամ այլ իրավական ակտ, փաստաթուղթ, տեղեկատվություն տրամադրելուն, որի հիման վրա էլ տվյալ մարմինն իր կողմից քննարկվող հարցի վերաբերյալ ըստ էության որոշում է կայացնելու»։

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նշված օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի փետրվարի 22-ին և վերոնշյալ նորմերը սահմանադրական դատարանում վեճի առարկա չեն եղել։ Այդ նորմերը գործել են նաև նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականի մարտի 2-ից ՄԱԿ-ի անդամ է, 2001 թվականի հունվարի 25-ից՝ Եվրոպայի խորհրդի անդամ, 2003 թվականի փետրվարի 5-ից՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ՝ իր ստանձնած միջազգային պարտավորություններով հանդերձ։

Այսուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը կարևորում է նաև, որ ելնելով, մասնավորապես, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կանոնադրությունների վավերացման, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վավերացման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորության ճանաչման, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու իրավական նախադրյալների ապահովման փորձառությունից, ՀՀ Ազգային ժողովը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության իրավական երաշխիքների ամրապնդման տեսանկյունից քննության առարկա պետք է դարձնի մի շարք օրենսդրական ակտերում համարժեք փոփոխություններ կատարելու հարցը, որոնց թիվը, համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված տեղեկանքի, անցնում է երկու տասնյակից։

 

 Ելնելով գործի քննության արդյունքներից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 նոյեմբերի 2014 թ.

ՍԴՈ-1175

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան