ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 սեպտեմբերի 2014 թ. |
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված` «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 26.08.2014թ.:
Լսելով սույն գործով զեկուցողի զեկույցը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է 2014թ. մայիսի 23-ին:
Համաձայնագրի նպատակն է` Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 9,800,000 Հատուկ փոխառության իրավունքներին (SDR) համարժեք գումարի չափով վարկ` Կրթության բարելավման ծրագրի նպատակներն իրականացնելու համար, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը դպրոցին բարելավելու, ՀՀ ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանները և կրթական ռեսուրսների մատչելիությունը բարելավելու և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության բարելավված որակին և համապատասխանությանն աջակցելու համար:
Համաձայնագիրն ունի երեք Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի կատարումը», Առդիր 3. «Մարման ժամանակացույցը» և Հավելված, ինչպես նաև թվով 2 Լրացուցիչ նամակ:
Կրթության բարելավման ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից` Մաս Ա. «Հանրակրթության որակի բարձրացում», Մաս Բ. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) լիարժեք գործունեության ծավալում», Մաս Գ. «Ծրագրի կառավարումը, մոնիթորինգը և գնահատումը»:
2. Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 9,800,000 Հատուկ փոխառության իրավունքներին համարժեք գումարի չափով վարկ, որը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 5 տարի, տոկոսադրույքը կազմում է 1.25%, ծառայության վճարը` 0.75%, պարտավճարը` առավելագույնը 0.5%: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին, մայր գումարի մարման եղանակը նախատեսված է հավասարաչափ կիսամյակային վճարումներով` կապակցված վարկի ողջ գումարի հետ:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին վճարել պարտավճար Ֆինանսավորման չմասհանված մնացորդի դիմաց` առավելագույնը տարեկան մեկ տոկոսի կեսին (1%-ի 1/2) հավասար չափով,
● կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին վճարել Վարկի մասհանված մնացորդի դիմաց սպասարկման վճար` տարեկան մեկ տոկոսի երեք քառորդին (1%-ի 3/4) հավասար չափով, Վարկի մասհանված մնացորդի դիմաց` տարեկան մեկ և մեկ քառորդ (1.25%) տոկոսի չափով,
● կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին` սկսած 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 15-ը մարել Վարկի հիմնական գումարը 1.65%-ի չափով, իսկ 2029 թվականի մարտի 15-ից մինչև 2038 թվականի սեպտեմբերի 15-ը` 3.35%-ի չափով,
● Ծրագրի պատշաճ և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով` Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, պահպանել Կրթական ծրագրերի կենտրոնը որպես ԿԳՆ կազմում Ծրագրի իրականացման գրասենյակ (ԾԻԳ)` Ընկերակցության պահանջները բավարարող լիազորություններով, կադրային համալրմամբ և այլ ռեսուրսներով,
● ապահովել Ծրագրի իրականացումը` Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն,
● պահպանել կամ ապահովել ֆինանսավորման կառավարման համակարգի պահպանումը` Ընդհանուր պայմանների 4.09 բաժնի պահանջների համաձայն և այլն:
4. «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ և 48-րդ հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված` «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
4 սեպտեմբերի 2014 թ. ՍԴՈ-1162 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|