Գլխավոր տեղեկություն
Номер
N 957-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.17/49(1062) Հոդ.836
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.09.2014
Дата вступления в силу
18.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 957-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՈՈՆՈԶՆԵՐԻ, ԶՈՈՆՈԶԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԶՈՈՆՈԶԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԶՈՈՆՈԶՆԵՐԻ ԵՎ ԶՈՈՆՈԶԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում զոոնոզների, զոոնոզային գործոնների, զոոնոզային ծագում ունեցող սննդային հիվանդությունների բռնկումների մշտադիտարկմանը ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) մշտադիտարկման համակարգում ներառվող զոոնոզների և զոոնոզային գործոնների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) Եվրոպական հանձնաժողովին և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող հաշվետվության պահանջները` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 12

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 957-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՈՈՆՈԶՆԵՐԻ, ԶՈՈՆՈԶԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԶՈՈՆՈԶԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են՝

1) զոոնոզների և զոոնոզային գործոնների մշտադիտարկմանը ներկայացվող հիմնական պահանջները.

2) զոոնոզային գործոնների հակամանրէային կայունության մշտադիտարկման պահանջները.

3) զոոնոզային ծագում ունեցող սննդային հիվանդությունների բռնկումների (այսուհետ՝ սննդային հիվանդությունների բռնկումներ) մշտադիտարկման պահանջները։

2. Սույն պահանջների նպատակն է՝

1) զոոնոզների և սննդային հիվանդությունների բռնկումների համաճարակաբանության և զոոնոզային գործոնի բացահայտումը.

2) զոոնոզների տարածման և զոոնոզային գործոնների փոխանցման մեխանիզմների պարզումը.

3) զոոնոզների և սննդային հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառների, զոոնոզային գործոնների աղբյուրների ու օջախների պարզումը, այդ նպատակով անասնահամաճարակային հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացումը.

4) կենդանիների ու մարդկանց զգայուն՝ թիրախային խմբերի և տեսակների բացահայտումն ու պաշտպանումը.

5) զոոնոզների, զոոնոզային գործոնների և սննդային հիվանդությունների բռնկումների տարածվածության գնահատումը.

6) զոոնոզների և սննդային հիվանդությունների բռնկումների կանխարգելումը, սահմանափակումը և վերացումը.

7) սպառողների համար համապատասխան երաշխիքների ապահովումը.

8) լիազոր մարմնի կողմից զոոնոզների և սննդային հիվանդությունների բռնկումների հսկողության ապահովման երաշխիքների ապահովումը.

9) զոոնոզային գործոնների հակամանրէային կայունության բացահայտումը և հսկողության իրականացումը:

3. Սույն պահանջները կիրառվում են՝ հաշվի առնելով զոոնոզների կանխարգելմանը, սահմանափակմանը և վերացմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և գերատեսչական իրավական ակտերով սահմանված հետևյալ պահանջները`

1) կենդանիների առողջության և կերակրման վերաբերյալ.

2) մարդկանց վարակիչ (զոոնոզ) հիվանդությունների վաղ բացահայտման, կանխարգելման, սահմանափակման և վերացման վերաբերյալ.

3) կենդանական ծագում ունեցող սննդամթերքի անվտանգության վերաբերյալ.

4) կենդանական ծագում ունեցող սննդամթերքի, հումքի և կերի` շրջանառությունից (շուկայից) հետկանչման վերաբերյալ.

5) փոխանցվող սպունգանման էնցեֆալոպաթիաների պրիոնային հիվանդությունների վերաբերյալ:

4. Սույն պահանջներում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) զոոնոզներ՝ վարակիչ հիվանդություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխանցվում են կենդանիներից մարդկանց.

2) զոոնոզային գործոններ՝ վիրուսներ, մանրէներ, սնկեր, մակաբույծներ կամ կենսաբանական գործոններ, որոնք կարող են զոոնոզների կամ սննդային հիվանդությունների բռնկումների առաջացման հավանական պատճառ դառնալ.

3) հակամանրէային կայունություն՝ որոշ միկրոօրգանիզմների կենսունակություն կամ անգամ աճի ունակություն հակամանրէաբանական գործոնի այն խտության պայմաններում, որը սովորաբար բավարար է նմանատիպ միկրոօրգանիզմների աճը կասեցնելու կամ սպանելու համար.

4) զոոնոզային ծագում ունեցող սննդային հիվանդությունների բռնկումներ՝ երկու կամ ավելի մարդկանց հիվանդացության և զոոնոզների դեպքեր՝ համանման կլինիկական նշաններով, որոնք նկատվել են նույն սննդի ընդունումից հետո, կամ իրավիճակ, երբ հետազոտված դեպքերի թիվը գերազանցում է մարդկանց շրջանում դրանց ենթադրելի թիվը՝ նույն տեսակի սննդի ընդունումից հետո.

5) մշտադիտարկում՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների հայտնաբերման, անասնահամաճարակային նշանակության տարածքների և օբյեկտների անասնահամաճարակային իրավիճակի, անասնահամաճարակային միջոցառումների գնահատման նպատակով հիվանդությունների բռնկման կամ բռնկման սպառնալիքի առկայության, տիրող անասնահամաճարակային վիճակի գնահատման և վերլուծության համակարգ.

6) լիազոր մարմին` մշտադիտարկում իրականացնող՝ անասնաբուժության բնագավառում լիազորված վերահսկողություն իրականացնող պետական մարմին.

7) անասնահամաճարակային վերլուծություններ՝ կենդանիների շրջանում զոոնոզների առաջացման, զարգացման, տարածման հետազոտություններ և վերլուծություններ՝ զոոնոզների կանխարգելման սահմանափակման և վերացման նպատակով:

5. Լիազոր մարմինը՝

1) իրականացնում է մշտադիտարկում զոոնոզների և զոոնոզային գործոնների, սննդային հիվանդությունների բռնկումների նկատմամբ.

2) կատարում է զոոնոզների և զոոնոզային գործոնների անասնահամաճարակային վերլուծություններ.

3) որոշում և գնահատում է զոոնոզների և զոոնոզային գործոնների, կենդանիների ու մարդկանց վարակման ռիսկերը՝ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համատեղ:

6. Զոոնոզների և զոոնոզային գործոնների մշտադիտարկումն իրականացվում է կենդանիների բուծման, կենդանական ծագում ունեցող հումքի և սննդամթերքի, կերերի նախնական արտադրության և (կամ) սննդի ու կերի շղթայի փուլերում:

7. Կախված անասնահամաճարակային վիճակից և (կամ) Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կամ Եվրոպական հանձնաժողովի առաջարկություններից՝ զոոնոզային մշտադիտարկումը ներառում է`

1) մշտադիտարկման ենթակա զոոնոզը կամ զոոնոզային գործոնը կամ սննդային հիվանդությունների բռնկումը.

2) մշտադիտարկման ենթակա կենդանիների տեսակը, սեռահասակային խումբը, թիվը.

3) սննդային հիվանդությունների բռնկումների դեպքում սննդային գործոնի, վարակված մարդկանց, ախտորոշման մասին տեղեկատվության ստացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնից.

4) մշտադիտարկման ենթակա առարկան կամ գործոնը, ոլորտը և կենդանական ծագում ունեցող սննդամթերքի և հումքի, կերի շղթայի փուլերը.

5) նմուշների թիվը, տեսակը, նմուշառման հաճախականությունը և մեթոդները.

6) մշտադիտարկման համար անհրաժեշտ տվյալները և դրանց հավաքագրման տեսակն ու մեթոդները.

7) զոոնոզների և զոոնոզային գործոնների, սննդային հիվանդությունների բռնկումների առկայության կամ մեկուսացման մասին տեղեկատվությունը.

8) զոոնոզային գործոնների նկատմամբ լաբորատոր հետազոտությունների սխեմաները.

9) լաբորատոր հետազոտությունների մեթոդները.

10) մշտադիտարկման մասին պետական կառավարման և տեղական ինքկառավարման մարմիններ ներկայացվող տեղեկատվությունը և դրա հաճախականությունը:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում անասնահամաճարակային վիճակի փոփոխության կամ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Եվրոպական հանձնաժողովի ստացած տեղեկատվության կամ ցուցումների դեպքում լիազոր մարմինները ներկայացնում են առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 957-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում փոփոխություն կամ լրացում կատարելու նպատակով՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝

1) զոոնոզների, զոոնոզային գործոնների, սննդային հիվանդությունների բռնկումների հայտնաբերման դեպքերը.

2) կենդանիների և մարդկանց առողջության համար զոոնոզների ու զոոնոզային գործոնների վտանգավոր ազդեցությունը.

3) կենդանիների, մարդկանց առողջության պահպանման և կերի ու սննդամթերքի շրջանառության վրա զոոնոզների և զոոնոզային գործոնների ազդեցության տնտեսական հետևանքները.

4) մարդկանց և կենդանիների շրջանում, ինչպես նաև կերում ու սննդամթերքում զոոնոզային գործոնների և զոոնոզային դեպքերի համաճարակաբանական զարգացման ուղղություններն ու առանձնահատկությունները:

9. Մշտադիտարկման իրականացման նպատակով սննդի շղթայի և կերի շղթայի բոլոր փուլերում լիազոր մարմինը կատարում է նաև կենդանիների, կենդանական ծագում ունեցող սննդամթերքի և հումքի, կերերի, հողի, ջրի ու համաճարակային նշանակություն ունեցող այլ գործոնների նմուշառում՝ զոոնոզային գործոնի կամ հակամիկրոբային կայունության լաբորատոր հետազոտությունները հավատարմագրված լաբորատորիաներում իրականացնելու նպատակով:

10. Զոոնոզների, զոոնոզային գործոնների և սննդային հիվանդությունների բռնկումների մշտադիտարկումն իրականացվում է՝ պահպանելով կենդանիների առողջության և արտադրանքի անվտանգության նորմերը, այդ թվում՝ կանխարգելման նպատակով նախազգուշացման և արագ արձագանքման համակարգերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 957-Ն որոշմամբ սահմանված զոոնոզների հսկողության, սննդամթերքի և կերի հիգիենայի ու անվտանգության մասին պահանջները, նկատի ունենալով արտակարգ իրավիճակներում իրականացվող միջոցառումները, շուկայից սննդամթերքի և կերի հետկանչման գործընթացը:

11. Լիազոր մարմինը, համագործակցելով Եվրոպական միության անդամ պետությունների և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության` մարդկանց կոնտագիոզ հիվանդությունների համաճարակաբանական մշտադիտարկման մասին տեղեկատվություն հավաքագրող մարմինների հետ, իրականացնում է սննդային հիվանդությունների բռնկումների, համաճարակաբանական և միկրոկենսաբանական հետազոտություններ՝ որոշելու համար՝

1) սննդային հիվանդությունների բռնկումների համաճարակաբանական բնութագրերը.

2) վարակի փոխանցման գործոններ հանդիսացող (կասկածելի) սննդամթերքը:

12. Լիազոր մարմինն իրականացնում է զոոնոզային գործոնների հակամանրէային կայունության մշտադիտարկում՝ հաշվի առնելով հետևյալ պահանջները՝

1) հիմնական պահանջներ՝

ա. մշտադիտարկման ենթակա կենդանիների տեսակներ,

բ. զոոնոզային գործոնների տեսակներ,

գ. նմուշների սխեմաներ,

դ. հակամանրէներ,

ե. հակամիկրոբային կայունության տարբերակման լաբորատոր մեթոդներ,

զ. զոոնոզային գործոնների առանձնացման լաբորատոր մեթոդներ,

է. տեղեկատվության հավաքագրման մեթոդներ.

2) հատուկ պահանջ՝

ա. լիազոր մարմինը տեղեկատվություն է հավաքագրում խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի և թռչունների շրջանում, ինչպես նաև դրանցից ստացված՝ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում սալմոնելա (Salmonella spp), կամպիլոբակտեր յեյունի (Campylobacter jejuni), կամպիլոբակտեր կոլի (Campylobacter coli) նմուշների մասին,

բ. լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի զոոնոզների և զոոնոզային գործոնների վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն, իսկ սննդային հիվանդությունների բռնկումների վերաբերյալ եվրոպական սննդի անվտանգության հարցերով լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություններ՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված ընթացակարգերով ու ժամկետներում.

3) հաշվետվությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 957-Ն որոշման N 3 հավելվածով:

13. Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքում հրապարակում է զոոնոզների, զոոնոզային գործոնների և դրանց հակամանրէային կայունության մշտադիտարկման արդյունքները:

14. Զոոնոզների մշտադիտարկման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության հետ տեղեկատվությունը փոխանակվում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ընթացակարգով:

15. Լիազոր մարմինը զոոնոզների, զոոնոզային գործոնների և սննդային հիվանդությունների բռնկումների մշտադիտարկում իրականացնող մասնագետների համար կազմակերպում է իրազեկության բարձրացման միջոցառումներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 957-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԶՈՈՆՈԶՆԵՐԻ ԵՎ ԶՈՈՆՈԶԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ

 

Բրուցելյոզ և դրա գործոններ

 

Կամպիլոբակտերիոզ և դրա գործոններ

 

Լիստերիոզ և դրա գործոններ

 

Սալմոնելոզ (զոոնոզային սալմոնելաներ) և դրա գործոններ

 

Տուբերկուլյոզ՝ հարուցված միկոբակտերիում բովիսի (Mycobacterium bovis) և այլ բակտերիաների (ոչ միկոբակտերիում բովիսի (Mycobacterium bovis) կողմից

 

Վերիոտոքսիգեն աղիքային ցուպիկ (Verotoxigenic Esherichia coli)

 

Բոտուլիզմ և դրա գործոններ

 

Լեպտոսպիրոզ և դրա գործոններ

 

Պսիտակոզ և դրա գործոններ

 

Վիբրիոզ և դրա գործոններ

 

Իերսինիոզ և դրա գրրծոններ

 

Տրիխենելոզ և դրա գործոններ

 

Էխինակոկոզ և դրա գործոններ

 

Անիսակիդոզ և դրա գործոններ

 

Կրիպտոսպորիդիոզ և դրա գործոններ

 

Ցիստիցերկոզ և դրա գործոններ

 

Տոքսոպլազմոզ և դրա գործոններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 957-Ն որոշման

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Եվրոպական հանձնաժողովին և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող նախնական հաշվետվության մեջ ներառվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) մշտադիտարկման համակարգերի (նմուշառման ռազմավարությունը և հաճախականությունը, նմուշների տեսակը, զոոնոզների դեպքերի նկարագրության և ախտորոշման մեթոդները) մասին.

2) պատվաստումների և այլ կանխարգելիչ միջոցառումների մասին.

3) հսկողության միջոցների, ծրագրերի և դրանց կիրառման մասին.

4) նախատեսվող միջոցառումների (ուղղված զոոնոզների հայտնաբերման դեպքում դրանց մեկուսացմանը) մասին.

5) զոոնոզների վերաբերյալ ծանուցման տեղեկատվական համակարգերի մասին.

6) համապատասխան զոոնոզների անասնահամաճարակային վերլուծությունների մասին:

2. Յուրաքանչյուր տարի ներկայացվող հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

1) զգայունակ կենդանիների գլխաքանակի (հաշվետվության պատրաստման օրվա դրությամբ) և կենդանիների նախիրների, հոտերի, երամակների թվի և դրանց կերակրման մասին.

2) լաբորատորիաների թվի, դրանցում կատարվող հետազոտությունների տեսակների և մշտադիտարկում իրականացնող լիազոր մարմինների մասին:

3. Յուրաքանչյուր տարի ներկայացվող հաշվետվությունը ներառում է զոոնոզների և զոոնոզային գործոնների հետևյալ մանրամասն նկարագրությունը (այդ թվում՝ դրանց հետևանքները)`

1) կիրառվող մշտադիտարկման համակարգերում կատարվող փոփոխությունները.

2) օգտագործվող մեթոդների փոփոխությունները.

3) լաբորատոր փորձաքննության արդյունքները և զոոնոզային գործոնների միկրոկենսաբանական բնութագրման մյուս մեթոդները (յուրաքանչյուր զոոնոզային գործոնի համար հաշվետվությունը կազմվում է առանձին).

4) համաճարակաբանական և անասնահամաճարակային վիճակի գնահատումը, վարակի տարածման ուղղվածության և աղբյուրների բնութագրումը.

5) զոոնոզային հիվանդությունների նշանակությունը.

6) մարդկանց շրջանում կենդանիներից և սննդից զոոնոզային հիվանդությունների դեպքերի առաջացման հաճախականությունը.

7) մարդկանց շրջանում զոոնոզային գործոնների փոխանցման կանխարգելման կամ սահմանափակման մարտավարությունը.

8) Հայաստանի Հանրապետության տարածքում անասնահամաճարակային վիճակի հսկողության ժամանակ կիրառվող մյուս առանձնահատուկ միջոցառումները և առաջարկները:

4. Հետազոտությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվություններում ներկայացվում են հետազոտված անասնահամաճարակային միավորների թիվը (կենդանիների նախիրները, հոտերը, երամակները, տեսակները և նմուշների թիվը) և զոոնոզների յուրաքանչյուր դեպքում դրական հարուցիչով նմուշների թիվը: Անհրաժեշտության դեպքում այդ արդյունքները ներկայացվում են ըստ զոոնոզների և զոոնոզային գործոնների աշխարհագրական տարածվածության:

5. Սննդային ծագում ունեցող հիվանդությունների բռնկումների մասին տեղեկատվությունը պարունակում է`

1) տվյալ տարվա ընթացքում ընդհանուր բռնկումների թիվը.

2) այդ բռնկումների ժամանակ մարդկային զոհերի և հիվանդությունների թիվը.

3) հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսացող գործոնները, անհրաժեշտության դեպքում սերոտիպերի կամ գործոնների մյուս բնորոշիչ նկարագրությունները: Այն դեպքերում, երբ գործոնների տարբերակումն անհնար է, պարզաբանվում են պատճառները.

4) սննդային հիվանդության բռնկման պատճառ հանդիսացող սննդամթերքը և մյուս հնարավոր գործոնները.

5) սննդային հիվանդության բռնկման պատճառ հանդիսացող սննդամթերքի արտադրության, գնման և սպառման վայրերը.

6) սննդային հիվանդությունների բռնկումներին նպաստող գործոնները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան