Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.07.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.17
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.07.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
18.07.2014
Дата вступления в силу
18.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0930/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0930/02/13

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան

Դատավորներ՝   

Դ. Խաչատրյան

 

Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` հենասյուների օգտագործման թիվ 73 պայմանագրով առաջացած տույժերի գումարը բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել իր և Կազմակերպության միջև թիվ 73 պայմանագրով նախատեսված 4.263.100 ՀՀ դրամ տույժի գումարը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդ․ Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 18.10.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.10.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ, 369-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը խախտել է պարտավորության կատարման ապահովման միջոցների կիրառման քաղաքացիաիրավական հիմքերը, քանի որ դրանց կիրառման համար էական հանգամանք է հանդիսանում պարտավորության խախտման փաստը, իսկ սույն գործով ապացուցված է, որ պատասխանողը թույլ է տվել պարտավորության խախտում, մինչդեռ հաստատված համարելով սույն գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, դրանք հաշվի չի առել վեճը լուծելիս:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ընկերությունը պատշաճ ձևով ծանուցել է Կազմակերպությանը գումարը վերադարձնելու անհրաժեշտության մասին, հետևաբար մեղավորություն չունի Կազմակերպության կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Կազմակերպության միջև 13.03.2008 թվականին կնքվել է հենասյուների օգտագործման թիվ 05 պայմանագիրը:

Պայմանագրի 2.4 կետի համաձայն` Կազմակերպությունը պարտավոր է մինչև տվյալ ամսվա հաջորդող ամսի 01-ին վճարել ծառայությունների գումարը: Պայմանագրի 5.1 կետի համաձայն՝ վճարման ժամկետները խախտելու դեպքում Կազմակերպությունը վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 1%-ի չափով: 07.08.2009 թվականի համաձայնագրով 13.03.2008 թվականի պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է անորոշ ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 17-19)։

2) Ընկերության և Կազմակերպության միջև 01.09.2011 թվականին կնքել է հենասյուների օգտագործման թիվ 73 պայմանագիրը։

Պայմանագրի 2.4. կետի համաձայն` Կազմակերպությունը պարտավոր է մինչև տվյալ ամսվա հաջորդող ամսի 3-ը վճարել 3.1 կետում նշված ծառայությունների (մեկ հենասյան վրայով մեկ օպտիկամանրաթելային լարանցման համար 720 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ) գումարը, որը ենթակա է համապատասխան փոփոխման, եթե տեղի է ունեցել դրամի արժեզրկում կամ արժևորում առնվազն 10%-ի չափով։ Պայմանագրի 5.1 կետի համաձայն` վճարման ժամկետները խախտելու դեպքում Կազմակերպությունը վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0,5%-ի չափով (հատոր 1-ին, գ.թ. 15-16)։

3) Ընկերության կողմից 01.01.2013 թվականին կազմված «Հաշվարկի» համաձայն` Կազմակերպության հետ կնքված պայմանագրերով նախատեսված վարձավճարները պարբերաբար ուշացնելու համար 2010-2012 թվականների ընթացքում հաշվարկվել է 4.263.100 ՀՀ դրամ տույժ (հատոր 1-ին, գ.թ. 13)։

4) Ընկերության կողմից 11.04.2013 թվականի թիվ 116 գրությամբ Կազմակերպությանն առաջարկվել է վճարել վարձավճարները պարբերաբար ուշացնելու պատճառով հաշվարկված 4.263.100 ՀՀ դրամ տույժի գումարը (հատոր 1-ին, գ.թ. 14)։

5) Ընկերության կողմից 01.01.2013 թվականին կազմված «Հաշվարկի» համաձայն՝ Կազմակերպության կողմից 2010-2012 թվականների ժամանակաշրջանների համար վարձավճարները վճարվել են հաջորդող ամսվա 06-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում (հատոր 1-ին, գ.թ. 13)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանը կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ և 420-րդ հոդվածների կիրառմամբ պարտապանին ամբողջությամբ ազատել տույժի վճարումից կամ պատասխանատվությունից, եթե այդ հոդվածներում նախատեսված է միայն պարտապանի պատասխանատվության չափը նվազեցնելու հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի համաձայն` եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը: Դատարանն իրավունք ունի նաև նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար: Նույն հոդվածի 1-ին կետի կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքերում, երբ պարտապանը, անկախ իր մեղքից, օրենքի կամ պայմանագրի ուժով պատասխանատվություն է կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

Վկայակոչված հոդվածներից հետևում է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ՝ դրամական պատասխանատվություն:

Ընդ որում, չսահմանափակելով պայմանագրերով նախատեսվող տուժանքի գումարի չափը, օրենսդիրը միևնույն ժամանակ իրավունք է վերապահել դատարաններին որոշելու հիմնական պարտավորությանը համաչափ տուժանքի սահմանները՝ ապահովելով սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը: Դատարաններին վերապահված նման իրավունքն իրավական այն միջոցներից մեկն է, որոնք ուղղված են անձի կողմից իր քաղաքացիական իրավունքների իրականացման չարաշահումը կանխելուն, ինչն իր հերթին համահունչ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ իրավունքի որևէ ձևով չարաշահելու արգելքին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև տուժանքի չափը նվազեցնելը դատարանի իրավունքն է, այդուհանդերձ իրավունքի չարաշահումը կանխելու տեսանկյունից այն, ըստ էության, նաև դատարանի պարտականությունն է, քանի որ բոլոր դեպքերում խոսքը գնում է սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների միջև հավասարակշռության կամ ողջամիտ հարաբերակցության ապահովման մասին:

Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում տուժանքը պակասեցնելիս դատարանն առաջին հերթին պետք է գնահատման առարկա դարձնի այն հարցը, թե պայմանագրով նախատեսված տուժանքը որքանով է անհամաչափ պարտավորության խախտման հետևանքներին:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տուժանքի չափի նվազեցումը չի կարող նշանակել տուժանքի վճարումից ընդհանրապես ազատում: Հակառակ դեպքում տուժանքի ինստիտուտը կիմաստազրկվի, և հանդիսանալով պարտավորությունների կատարման երաշխիք, չի ծառայի իր նպատակին:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է նաև հետևյալ իրավադրույթների վերլուծությունից.

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Տվյալ պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ և 420-րդ հոդվածների փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատարանին վերապահել է բացառապես տուժանքը նվազեցնելու լիազորություն, հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարտապանին ազատում է տուժանքի վճարումից, թույլ է տալիս վերոնշյալ հոդվածների խախտում:

Սույն գործի փաստերի համաձայն` 13.03.2008 թվականին Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է հենասյուների օգտագործման թիվ 05 պայմանագիրը, որի 2.4. կետի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է մինչև տվյալ ամսվա հաջորդող ամսի 01-ը վճարել 3.1 կետում նշված ծառայությունների գումարը, իսկ 5.1 կետի համաձայն` վճարման ժամկետները խախտելու դեպքում Կազմակերպությունը վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 1%-ի չափով: 01.09.2011 թվականին Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է հենասյուների օգտագործման թիվ 73 պայմանագիրը, որի 2.4. կետի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է մինչև տվյալ ամսվա հաջորդող ամսի 03-ը վճարել 3.1 կետում նշված ծառայությունների գումարը` ներառյալ ԱԱՀ-ն, իսկ պայմանագրի 5.1 կետի համաձայն` վճարման ժամկետները խախտելու դեպքում Կազմակերպությունը վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0,5 %-ի չափով: Կազմակերպության կողմից 2010-2012 թվականների ժամանակաշրջանների համար վարձավճարները վճարվել են հաջորդող ամսի 06-ից մինչև 31-ը ընկած ժամանակահատվածում: Ընկերության 01.04.2013 թվականի թիվ 116 գրությամբ Կազմակերպությանն առաջարկվել է վճարել վարձավճարները պարբերաբար ուշացնելու պատճառով հաշվարկված տույժերը՝ 4.263.100 ՀՀ դրամ:

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ 2010 թվականից մինչև 01.04.2013 թվականը Կազմակերպությունը վճարել է ամսավճարները, այդ ընթացքում երբևիցե չի ստացել գրություն, նախազգուշացում կամ պայմանագրով նախատեսված տույժերի հաշվարկ, պարտաճանաչ վճարել է Ընկերության կողմից ներկայացվող հաշիվ-ապրանքագրում նշված գումարը հաշվետու ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-25-ը։ Ներկայումս պարտավորության գումար առկա չէ, քանի որ Կազմակերպության կողմից այն վճարվել է, իսկ տույժը հաշվարկվել է 2010 թվականի հունվար ամսից մինչև 2012 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար, այսինքն՝ պարտավորության մայր գումարի բացակայության պայմաններում ներկայացվել է տուժանքի գումարի բռնագանձման պահանջ, ուստի կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ և 420-րդ հոդվածները, գտել է, որ Ընկերությունը պարտավոր էր Կազմակերպության կողմից ամսավճարը սահմանված ժամկետում չվճարելու փաստը պարզել անմիջապես, մինչդեռ դրսևորելով անգործություն` դիտավորությամբ չի զբաղվել անգամ ամսավճարը ժամանակին չվճարելու համար Կազմակերպությանը նախազգուշացնելու հարցով, և ըստ էության, նպաստել է պարտավորությունը չկատարելու հետևանքով Ընկերության վնասների չափի ավելացմանը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս և Դատարանի 18.10.2013 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելիս պատճառաբանել է, որ սույն գործով հիմնական պարտավորություն հանդիսացող ներկայացված պայմանագրերով մատուցված ծառայության դիմաց ամսական վճարումները պատասխանողի կողմից ամբողջությամբ կատարվել են, և պատասխանողը չունի հիմնական պարտավորությունից բխող որևէ պարտք: Հետևաբար, հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հիմնական պարտավորությունն ամբողջությամբ կատարած լինելու փաստը և պայմանագրով սահմանված ամսական վճարման համար նախատեսված և փաստացի վճարման կատարման միջև ընկած օրերի քանակը, ինչպես նաև պայմանագրերով սահմանված ամսավճարների չափը, և համադրելով դրանք այդ պարտավորությունների խախտման արդյունքում գոյացած տույժի չափի հետ` գտել է, որ սույն գործով պահանջվող տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, որպիսի պայմաններում սույն գործի նկատմամբ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառումն իրավաչափ է:

Անդրադառնալով սույն գործով ծագած իրավահարաբերության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի կիրառելիությանը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ կողմերը պայմանագրային իրավահարաբերությունների մեջ են գտնվել դեռևս 13.03.2008 թվականից սկսած, և այդ ամբողջ ժամանակահատվածում պատասխանողը պայմանագրով սահմանված ամսական վճարը կատարել է հիմնականում մինչև հաջորդող ամսվա 20-ը, սակայն հայցվորի (բողոք բերած անձ) կողմից որևէ նախազգուշացում կամ պահանջ` վճարումը պայմանագրով սահմանված ժամկետում կատարելու մասին չի եղել` բացառությամբ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելուց առաջ պատասխանողին ուղղված թիվ 116 գրության: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, համադրելով հիշատակված հոդվածի մեջբերված դիսպոզիցիան և նշված հանգամանքները, գտել է, որ Ընկերությունը (բողոք բերած անձ), Կազմակերպության կողմից պարտավորության կատարման ամբողջ ժամանակահատվածում պայմանագրով սահմանված ամսական վճարները ստանալով պայմանագրով սահմանված ժամկետից օրեր անց, որևէ ողջամիտ միջոց չի ձեռնարկել դրանց նվազեցման համար` նպաստելով պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը, ինչի արդյունքում գտել է, որ սույն գործով ծագած իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածը և բացակայում են հայցապահանջի բավարարման հիմքերը:

Փաստորեն, Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ և 420-րդ հոդվածները, Կազմակերպությանն ամբողջությամբ ազատել է վարձավճարները պարբերաբար ուշացնելու պատճառով պայմանագրով նախատեսված տույժերը վճարելու պարտավորությունից, իսկ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ և 420-րդ հոդվածների նման իրավակիրառումը դիտել է իրավաչափ:

Մինչդեռ վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ և 420-րդ հոդվածները, անտեսել են այն հանգամանքը, որ նյութական իրավունքի նշված նորմերը դատարանին հնարավորություն են տալիս միայն նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, այլ ոչ թե պարտապանին ամբողջությամբ ազատել պատասխանատվությունից:

Վերոգրյալից հետևում է, որ տվյալ դեպքում ինչպես Դատարանը, այնպես էլ` Վերաքննիչ դատարանը սխալ են կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ և 420-րդ հոդվածները, հետևաբար անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության` վկայակոչված հոդվածների վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունների համատեքստում գործի հանգամանքները պարզելու և գնահատելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.06.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան