Գլխավոր տեղեկություն
Номер
N 947-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.17/49(1062) Հոդ.829
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.09.2014
Дата вступления в силу
27.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 947-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԵՎ ՆՐԱ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքագրման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահին մշտադիտարկումների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

1) Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների (դիտարկվող ցուցանիշների) ցանկը, ընտրված մշտադիտարկումների կետերը.

2) Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների գրառման գրանցամատյանների ձևերն ու դրանց վարման կարգը` համաձայնեցնելով մշտադիտարկումներ կատարող կազմակերպությունների հետ.

3) շտեմարանի տվյալների հայտատուներին տրամադրվող էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 11

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 947-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԵՎ ՆՐԱ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի, մշտադիտարկումների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքագրման, գրանցման, ամփոփման և տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մշտադիտարկումների միասնական էլեկտրոնային շտեմարանի (այսուհետ՝ շտեմարան) ստեղծման նպատակը Սևանա լճին վերաբերող մշտադիտարկումների տվյալների հավաքագրման, գրանցման, ամփոփման և տրամադրման միասնականության ապահովումն է, տվյալների միասնական հենքի ստեղծումը:

3. Շտեմարանի ամբողջությունն ու անվտանգությունն ապահովվում են օգտագործողների հասանելիության սահմանափակման (օգտագործողի անվան, գաղտնաբառի և (կամ) էլեկտրոնային հավաստագրի միջոցով) և տվյալների փոփոխման պատմության պահպանման միջոցով: Պարբերաբար (շաբաթական, ամսական, տարեկան) պահպանվում են շտեմարանում առկա պահուստային տվյալները:

4. Շտեմարանի տեխնիկական սպասարկումն իրականացնում ու անվտանգությունն ապահովում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (համաձայնությամբ) (այսուհետ՝ ինստիտուտ):

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Մշտադիտարկման ենթակա ցուցանիշների ցանկը կազմվում է Եվրոպական միության Ջրային շրջանակային դիրեկտիվով (ՋՇԴ) (2000/60/EC) ընդունված մակերևութային ջրերի ընդհանուր ցուցանիշների, առաջնային և երկրորդական աղտոտիչների ու ստանդարտների ցանկին համապատասխան` այն տեղայնացնելով` հաշվի առնելով Սևանա լճի առանձնահատկությունները: Շտեմարանում գրանցվող տվյալները տրամադրում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում մշտադիտարկումներ կատարող «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը (այսուհետ՝ կազմակերպություններ): Մշտադիտարկումների կատարման ժամանակ մշտադիտարկումների կետերի ընտրման մեթոդաբանությունը պետք է համապատասխանի Եվրոպական միության Ջրի շրջանակային դիրեկտիվով (ՋՇԴ) ընդունված մեթոդաբանությանը: Մշտադիտարկումների կատարման ընթացքում նմուշառման և նմուշներում ցուցանիշների չափման մեթոդաբանությունը պետք է համապատասխանի Եվրոպական միության Ջրի շրջանակային դիրեկտիվով (ՋՇԴ) ընդունված չափումների ու անալիզների կատարման մեթոդաբանությանը:

6. Շտեմարանում գրանցվող Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մշտադիտարկման տվյալները պետք է բովանդակեն դիտարկվող ցուցանիշների՝

1) անվանումները.

2) չափի միավորները.

3) մեծության հնարավոր սահմանները.

4) չափման ճշտությունը.

5) չափման վայրը և (կամ) աշխարհագրական կոորդինատները.

6) չափման ամսաթիվը և ժամանակը:

7. Մշտադիտարկումները կատարելու և ստացված արդյունքները ներկայացնելու հաճախականությունն ու պարբերականությունը սահմանվում են մշտադիտարկումներ կատարող կազմակերպությունների կողմից սահմանված կարգով:

8. Տվյալները շտեմարանում գրանցվում են դիտարկումների կատարումից և ստացված արդյունքների մշակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

9. Գրանցված և հաստատված տվյալները կարող են փոփոխության ենթարկվել միայն դրանք տրամադրած կազմակերպության կողմից, եթե՝

1) ճշգրտվել են հերթական մշտադիտարկման արդյունքում.

2) գրանցված և հաստատված տվյալներում տեղ են գտել մեխանիկական սխալներ:

 

III. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Մշտադիտարկումներ կատարող կազմակերպությունները սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ցուցանիշները գրանցում են շտեմարանի համապատասխան մասում:

 

IV. ԳՐԱՆՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Գրանցված տվյալներն ամփոփվում են մշտադիտարկումներ կատարող կազմակերպությունների կողմից հաստատված կարգերի համաձայն:

 

V. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Շտեմարանում գրանցված մշտադիտարկումների տվյալները տրամադրվում են Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում մշտադիտարկումներ կատարող կազմակերպություններին, պետական կառավարման մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

13. Նախագծահետախուզական, գիտահետազոտական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց և այլ հայտատուներին տեղեկատվությունը տրամադրվում է տվյալների ամփոփ հենքից:

14. Շտեմարանի տվյալները Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում մշտադիտարկումներ կատարող կազմակերպություններին տրամադրվում են տեքստային, թվային, գրաֆիկական տվյալներով, դրանցից կատարված քաղվածքներով, հատկանշական աղյուսակներով՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով:

15. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունները տրամադրվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան