Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1159
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.10/48(1061) Հոդ.790
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.09.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
02.09.2014
Дата вступления в силу
02.09.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

2 սեպտեմբերի 2014 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒԺԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության և աջակցության մասին տեխնիկական համաձայնագրում (այսուհետ` Տեխնիկական համաձայնագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014թ. օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Տեխնիկական համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

2014թ. հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված Տեխնիկական համաձայնագրի նպատակն է սահմանել այն պայմանները, որոնց ներքո Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետևակային դասակը` մինչև 30 զինծառայող և 2 սպա կազմով, հատկացվում է Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի (այսուհետ` ՅՈՒՆԻՖԻԼ) իտալական զինված ուժերի ստորաբաժանմանը, ինչպես նաև Կողմերի միջև համագործակցության մանրամասները:

Տեխնիկական համաձայնագիրն ունի «Ռազմավարական տեղաշարժերը» վերտառությամբ հավելված:

Տեխնիկական համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

- իտալական զորախմբին տրամադրել հայկական զորախումբ, ներառյալ` հետևակային դասակ՝ մինչև 30 զինծառայող կազմով, 1 շտաբային սպա՝ գումարտակի շտաբում ծառայելու համար և 1 շտաբային սպա՝ բրիգադի շտաբում ծառայելու համար,

- ապահովել, որպեսզի հայկական զորախումբը կցվի իտալական զորախմբին 6 ամիս ժամկետով, ռոտացիոն հիմքով, ինչպես նաև ապահովել, որ հայկական զորախմբի անձնակազմի որևէ զինծառայողի վաղաժամ փոխարինման դեպքում պահպանվի հայկական զորախմբի՝ Տեխնիկական համաձայնագրով նախատեսված զինծառայողների անհրաժեշտ քանակը,

- ապահովել, որպեսզի շտաբային սպաները և դասակի հրամանատարներն ունենան անգլերենի բավարար գիտելիքներ, իսկ անձնակազմի մյուս անդամները՝ անգլերենի բազային գիտելիքներ,

- երաշխավորել, որ հայկական զորախումբը կիրականացնի իր ստատիկ խնդիրները` որպես ուժերի պաշտպանության դասակ` պաշտպանելով/պահպանելով Արևմտյան հատվածի շտաբի համալիրը (ՄԱԿ-ի բազա 2-3-Շամա) և/կամ Իթալբաթ համալիրը (ՄԱԿ-ի բազա 1-26 Ալ Մանսուրի) իտալական զորախմբի հրամանատարի օպերատիվ հսկողության ներքո,

- հոգալ հիվանդանալու կամ վիրավորվելու դեպքում հայկական անձնակազմի անդամների լրացուցիչ բուժման հետ կապված ծախսերը, եթե տեղակայման վայրում բուժում ստանալուց հետո անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ բուժման, և դա չի կարող կազմակերպվել տեղում, ինչպես նաև հոգալ քաղաքացիական բուժական հաստատությունների օգտագործման հետևանքով առաջացած ծախսերը,

- հոգալ տեղակայման պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման հետ կապված ծախսերը, եթե տեղակայումը վաղաժամ դադարեցվել է կարգապահական պատճառներով,

- փոխադարձության հիման վրա լինել պատասխանատու Տեխնիկական համաձայնագրի իրականացման ընթացքում երրորդ անձանց հասցված վնասների համար (հոդված 8, կետ 1), ինչպես նաև կրել պատասխանատվություն հայկական զորախմբի անձնակազմի կողմից օգտագործման նպատակով իրեն հանձնված գույքը և հանդերձանքը վնասելու կամ կորցնելու անփույթ գործողությունների համար:

Իտալական կողմը, ի թիվս այլնի, հայկական կողմի առջև ստանձնում է հետևյալ պարտավորությունները`

- տեղակայման վայրում հիվանդանալու կամ վիրավորվելու դեպքում հայկական զորախմբի անձնակազմի անդամներին տրամադրել ամբուլատոր և ստացիոնար անվճար բժշկական օգնություն իտալական բժշկական հաստատություններում,

- անվճար հիմունքներով ապահովել հայկական զորախմբի անձնակազմի անհրաժեշտ փոխադրումը դեպի գործողությունների թատերաբեմ և հետադարձ ուղղությամբ,

- ՄԱԿ-ի հետ ճշգրիտ ընթացակարգերի սահմանման միջոցով ապահովել, որպեսզի հայկական կողմը կարողանա անմիջապես ՄԱԿ-ից հայկական անձնակազմի ծախսերի դիմաց ստանալ փոխհատուցում:

Տեխնիկական համաձայնագիրը Կողմերի համար նախատեսում է նաև այլ իրավունքներ և պարտականություններ:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ համաձայն քննության առնվող միջազգային իրավական փաստաթղթի` Լիբանանում իրենց կողմից կատարված ցանկացած հանցագործության համար հայկական կողմի զինվորականները ենթարկվում են Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավազորությանը` համաձայն «Լիբանանում Միավորված ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժերի կարգավիճակի մասին» 1995 թվականի դեկտեմբերի 15-ով թվագրված համաձայնագրի 47-րդ հոդվածի «բ» կետի:

Տեխնիկական համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ Կողմերի միջև կարգավորվում է խորհրդակցությունների միջոցով, իսկ դրա գործողությունը կարող է դադարեցվել ցանկացած ժամանակ, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Կողմերից մեկի` մյուս Կողմին իննսուն օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Տեխնիկական համաձայնագրով ստանձնված փոխադարձ պարտավորությունները համահունչ են ՄԱԿ-ի շրջանակներում` միջազգային խաղաղության և անվտանգության նպատակով պետությունների համագործակցության ժամանակակից միջազգային իրավական պահանջներին:

Նկատի ունենալով, որ Տեխնիկական համաձայնագրի նպատակն է միջազգային համագործակցության միջոցով ապահովել խաղաղությունը և անվտանգությունը կոնկրետ տարածաշրջանում, սահմանադրական դատարանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածից, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության և աջակցության մասին տեխնիկական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան

 

2 սեպտեմբերի 2014 թ.

 ՍԴՈ-1159