Գլխավոր տեղեկություն
Номер
N 1053-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2014
Дата вступления в силу
03.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1053-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի միջոցառումների իրականացման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1053-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկրների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը:

2. Համաշխարհային համագործակցության գնահատմամբ՝ աշխարհի երկրների անվտանգության հիմնական սպառնալիքը մնում է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրը, մարդկությանը վտանգող գործոններից մեկը միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են:

3. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք բերված միջոցներով ստեղծվում են հանցավոր խմբեր, որոնք ազդում են երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Չնայած համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցներին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարի արդյունավետությունը մինչև օրս բարձր չէ:

4. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որն էլ կհանգեցնի վերջինիս առաջարկի նվազեցմանը:

5. Ըստ համաշխարհային տարեկան հաշվետվության՝ աշխարհի բնակչության 230-300 մլն մարդ գոնե մեկ անգամ ապօրինաբար գործածել է թմրամիջոց (4.5-6.7 տոկոսը՝ 15-64 տարեկան):

6. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ, կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:

7. Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը:

8. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

9. Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել լրացուցիչ միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի ծրագրի հիմնական նպատակներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով պետական իշխանության մարմինների և այլ պետական կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

3) հասարակության համար վտանգավոր` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և դրանք ծնող պատճառների վերացումը:

11. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման նպատակով պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծությունը, դրանց կատարելագործումը, համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

3) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդրումը.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացումը և ամրապնդումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2015 թվականի ընթացքում նպատակային է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`

1) Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործում և դրանց համապատասխանեցում միջազգային պայմանագրերին. այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ՝ ՄԱԿ-ի 1961 թվականի, 1971 թվականի և 1988 թվականի կոնվենցիաների ու միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.

2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում. այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների՝ մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.

3) թմրամոլության կանխարգելման միջոցառումների իրականացում զինծառայողների շրջանում, տարածքային զինկոմիսարիատների և ոստիկանության ստորաբաժանումների սերտ համագործակցության զարգացում.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված` հասցված վնասի և հետևանքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում. այս ուղղությամբ անհրաժեշտ է թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով, կանոնավոր դարձնել իրավասու մարմինների և կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին, հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ պատրաստել և ցուցադրել հատուկ հաղորդումներ, թեմատիկ ֆիլմեր, տեսահոլովակներ.

5) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացնող ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային իրավապահ մարմինների հետ համագործակցության զարգացում. այս նպատակով անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողներին ներգրավել ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ եվրոպական պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում վերապատրաստման կամ մասնագիտական գիտելիքների բարձրացման ծրագրերում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.

6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժում և վերականգնողական միջոցառումների իրականացում. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների ու նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.

7) անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի ապահովման միջոցառումների իրականացում. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվության միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է կատարել հետևյալ աղբյուրներից`

 1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.

 2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր պետությունների միջոցներ.

 3) այլ աղբյուրներ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացումը.

3) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1053-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարող մարմինը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

I. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին

1.

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան

օրենսդրական դաշտի բարելավում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2015 թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

2014 թվականին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարին վերաբերող դիդակտիկ նյութերի և դրանց կից նկարագրական զեկույցների նախապատրաստում (հայերեն, ռուսերեն, անգլերեն)

Հնարավորություն կտա ներկայացնելու հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, իրականացվող միջոցառումները միջազգային հանդիպումներում:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. փետրվարի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

Հայաստանի Հանրապետության տարածքում ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ընդգրկում արգելվող և հսկվող նյութերի ցանկում, համապատասխան փոփոխությունների ու լրացումների կատարում դրանց չափերը սահմանող ցանկերում

Կնվազեցնի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

II. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացումը

4.

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջպետական համաձայնագրերի, միջազգային ծրագրերի դրույթների իրականացում

թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

5.

5.1. ՀՀ սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում հսկողության ապահովման կատարելագործում
5.2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ ֆինանսների նախարարության կինոլոգիական կենտրոնների նյութատեխնիկական բազայի ընդլայնում և հզորացում

ՀՀ մաքսային սահմաններով ապօրինի տեղափոխվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

6.

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման արդյունավետության բարձրացման վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը

թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
 Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)
ՀՀ մարզպետարաններ

2015 թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

Զինծառայողների շրջանում կանխարգելիչ և դաստիարակչական միջոցառումների անցկացման վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը

զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում

ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2015 թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

8.1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և տարածքային զինկոմիսարիատների սերտ համագործակցություն
8.2. Զորակոչերի ժամանակ համապատասխան բժիշկ-մասնագետների ներգրավում բժշկական հանձնաժողովներում

զիված ուժեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս՝ քաղաքացիների մոտ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածման փաստերի հայտնաբերում

ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

III. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը

9.

9.1. Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ հատուկ հաղորդումների, թեմատիկ ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում և ցուցադրում
9.2. Թմրամոլության կանխարգելման նպատակով քարոզչական աշխատանքների կազմակերպում և անհրաժեշտ տեղեկատվության տարածում

թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին բնակչության իրազեկվածության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԶԼՄ-ներ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

IV. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը, միջազգային համագործակցության զարգացումը

10.

ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստում կամ գիտելիքների կատարելագործման այլ ծրագրերում ներգրավում

համապատասխան աշխատողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, փորձի փոխանակում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

11.

11.1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ-ում միջազգային փորձի ներդրման նպատակով խորհրդակցությունների, սեմինարների մասնակցության ապահովում
11.2. Փորձագիտական և աշխատանքային խմբերում ակտիվ մասնակցություն

օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության ամրապնդում, առաջավոր փորձի փոխանակում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

12.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկների, ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանումների նյութատեխնիկական վերազինման ապահովում

իրավասու ստորաբաժանումներում առկա տեխնիկական միջոցների բարելավում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

V. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումները

13.

13.1. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած անձանց վերականգնողական աշխատանքներ իրականացնող ծառայությունների կարիքների ուսումնասիրություն և ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը
13.2. Նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց, ովքեր գտնվում են դադարի (ռեմիսիա) շրջանում կամ հաջողությամբ ավարտել են բուժման կուրսը, պետական զբաղվածության կարգավորման ծրագրերում ընդգրկում

թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած, ռեմիսիայի շրջանում գտնվող, բուժման կուրսն ավարտած անձանց ինտեգրումը հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
 Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)
ՀՀ մարզպետարաններ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

14.

Սոցիալական ծառայությունների շրջանակում` թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալական կարիքների ամբողջական գնահատում և դրանց համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում

սոցիալական ծրագրերում թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական անհրաժեշտ օգնության ցուցաբերում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

15.

Բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն ու ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցության ապահովում

կանխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացում, նարկոլոգիական բժշկական օգնության և ծառայության առավել մատչելիության ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ

2015 թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

VI. Անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացվող առողջ ապրելակերպի միջոցառումները

16.

Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին մեթոդական օգնության ցուցաբերում` «Առողջ ապրելակերպ» ծրագրում, «Վնասակար սովորություններ» բաժնում բնակչության շրջանում թմրամոլության կանխարգելման նյութերի ներառում

անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման սոցիալական անձեռնմխելիության խթանում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ

2015 թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

17.

17.1. Ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման ու անցկացման ապահովում 17.2. Ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների վերաբերյալ զանգվածային քարոզչություն` տպագիր, էլեկտրոնային և զանգվածային լրատվության միջոցներով

բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում, առողջ կենսակերպի արմատավորում, հանրությանն իրազեկում, բնակչության լայն խավերի՝ մարզական պարապմունքներում ներգրավում, բնակչության բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, առողջության ամրապնդում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ մարզական հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

18.

Ըստ բնակության վայրերի՝ պարզ տիպի խաղահրապարակների ստեղծում

համայնքների բակերում և հանգստի գոտիներում (զբոսայգիներ, պուրակներ) խաղահրապարակների ստեղծում` հագեցած պարզ տիպի մարզասարքերով (պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցելու և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն)

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)  ՀՀ մարզպետարաններ Տեղական ինքնակառավարման մարմիններ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան