ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1053-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի միջոցառումների իրականացման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1053-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկրների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը:
2. Համաշխարհային համագործակցության գնահատմամբ՝ աշխարհի երկրների անվտանգության հիմնական սպառնալիքը մնում է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրը, մարդկությանը վտանգող գործոններից մեկը միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են:
3. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք բերված միջոցներով ստեղծվում են հանցավոր խմբեր, որոնք ազդում են երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Չնայած համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցներին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարի արդյունավետությունը մինչև օրս բարձր չէ:
4. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որն էլ կհանգեցնի վերջինիս առաջարկի նվազեցմանը:
5. Ըստ համաշխարհային տարեկան հաշվետվության՝ աշխարհի բնակչության 230-300 մլն մարդ գոնե մեկ անգամ ապօրինաբար գործածել է թմրամիջոց (4.5-6.7 տոկոսը՝ 15-64 տարեկան):
6. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ, կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:
7. Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը:
8. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
9. Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել լրացուցիչ միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի ծրագրի հիմնական նպատակներն են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով պետական իշխանության մարմինների և այլ պետական կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.
3) հասարակության համար վտանգավոր` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և դրանք ծնող պատճառների վերացումը:
11. Ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման նպատակով պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը.
2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծությունը, դրանց կատարելագործումը, համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
3) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդրումը.
4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացումը և ամրապնդումը:
III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2015 թվականի ընթացքում նպատակային է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`
1) Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործում և դրանց համապատասխանեցում միջազգային պայմանագրերին. այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ՝ ՄԱԿ-ի 1961 թվականի, 1971 թվականի և 1988 թվականի կոնվենցիաների ու միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.
2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում. այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների՝ մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.
3) թմրամոլության կանխարգելման միջոցառումների իրականացում զինծառայողների շրջանում, տարածքային զինկոմիսարիատների և ոստիկանության ստորաբաժանումների սերտ համագործակցության զարգացում.
4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված` հասցված վնասի և հետևանքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում. այս ուղղությամբ անհրաժեշտ է թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով, կանոնավոր դարձնել իրավասու մարմինների և կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին, հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ պատրաստել և ցուցադրել հատուկ հաղորդումներ, թեմատիկ ֆիլմեր, տեսահոլովակներ.
5) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացնող ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային իրավապահ մարմինների հետ համագործակցության զարգացում. այս նպատակով անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողներին ներգրավել ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ եվրոպական պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում վերապատրաստման կամ մասնագիտական գիտելիքների բարձրացման ծրագրերում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.
6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժում և վերականգնողական միջոցառումների իրականացում. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների ու նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.
7) անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի ապահովման միջոցառումների իրականացում. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվության միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:
IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
13. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է կատարել հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.
2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր պետությունների միջոցներ.
3) այլ աղբյուրներ:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
14. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը.
2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացումը.
3) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը.
4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1053-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարող մարմինը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին | |||||
1. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան |
օրենսդրական դաշտի բարելավում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
2014 թվականին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարին վերաբերող դիդակտիկ նյութերի և դրանց կից նկարագրական զեկույցների նախապատրաստում (հայերեն, ռուսերեն, անգլերեն) |
Հնարավորություն կտա ներկայացնելու հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, իրականացվող միջոցառումները միջազգային հանդիպումներում: |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. փետրվարի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
Հայաստանի Հանրապետության տարածքում ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ընդգրկում արգելվող և հսկվող նյութերի ցանկում, համապատասխան փոփոխությունների ու լրացումների կատարում դրանց չափերը սահմանող ցանկերում |
Կնվազեցնի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը: |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
II. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացումը | |||||
4. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջպետական համաձայնագրերի, միջազգային ծրագրերի դրույթների իրականացում |
թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
5. |
5.1. ՀՀ սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում հսկողության ապահովման կատարելագործում |
ՀՀ մաքսային սահմաններով ապօրինի տեղափոխվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
6. |
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման արդյունավետության բարձրացման վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը |
թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. |
Զինծառայողների շրջանում կանխարգելիչ և դաստիարակչական միջոցառումների անցկացման վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը |
զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2015 թ. ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
8. |
8.1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և տարածքային զինկոմիսարիատների սերտ համագործակցություն |
զիված ուժեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս՝ քաղաքացիների մոտ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածման փաստերի հայտնաբերում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
III. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը | |||||
9. |
9.1. Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ հատուկ հաղորդումների, թեմատիկ ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում և ցուցադրում |
թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին բնակչության իրազեկվածության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
IV. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը, միջազգային համագործակցության զարգացումը | |||||
10. |
ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստում կամ գիտելիքների կատարելագործման այլ ծրագրերում ներգրավում |
համապատասխան աշխատողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, փորձի փոխանակում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
11. |
11.1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ-ում միջազգային փորձի ներդրման նպատակով խորհրդակցությունների, սեմինարների մասնակցության ապահովում |
օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության ամրապնդում, առաջավոր փորձի փոխանակում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
12. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկների, ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանումների նյութատեխնիկական վերազինման ապահովում |
իրավասու ստորաբաժանումներում առկա տեխնիկական միջոցների բարելավում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
V. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումները | |||||
13. |
13.1. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած անձանց վերականգնողական աշխատանքներ իրականացնող ծառայությունների կարիքների ուսումնասիրություն և ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը |
թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած, ռեմիսիայի շրջանում գտնվող, բուժման կուրսն ավարտած անձանց ինտեգրումը հասարակություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
14. |
Սոցիալական ծառայությունների շրջանակում` թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալական կարիքների ամբողջական գնահատում և դրանց համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում |
սոցիալական ծրագրերում թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական անհրաժեշտ օգնության ցուցաբերում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
15. |
Բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն ու ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցության ապահովում |
կանխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացում, նարկոլոգիական բժշկական օգնության և ծառայության առավել մատչելիության ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ |
2015 թ. ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
VI. Անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացվող առողջ ապրելակերպի միջոցառումները | |||||
16. |
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին մեթոդական օգնության ցուցաբերում` «Առողջ ապրելակերպ» ծրագրում, «Վնասակար սովորություններ» բաժնում բնակչության շրջանում թմրամոլության կանխարգելման նյութերի ներառում |
անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման սոցիալական անձեռնմխելիության խթանում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ |
2015 թ. ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
17. |
17.1. Ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման ու անցկացման ապահովում 17.2. Ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների վերաբերյալ զանգվածային քարոզչություն` տպագիր, էլեկտրոնային և զանգվածային լրատվության միջոցներով |
բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում, առողջ կենսակերպի արմատավորում, հանրությանն իրազեկում, բնակչության լայն խավերի՝ մարզական պարապմունքներում ներգրավում, բնակչության բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, առողջության ամրապնդում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ մարզական հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
18. |
Ըստ բնակության վայրերի՝ պարզ տիպի խաղահրապարակների ստեղծում |
համայնքների բակերում և հանգստի գոտիներում (զբոսայգիներ, պուրակներ) խաղահրապարակների ստեղծում` հագեցած պարզ տիպի մարզասարքերով (պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցելու և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն) |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ Տեղական ինքնակառավարման մարմիններ(համաձայնությամբ) |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |