Գլխավոր տեղեկություն
Номер
N 1010-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2014-27.11.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.09.2014
Дата вступления в силу
26.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 1010-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ Գ. ԷՄԻՆԻուղղ. ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ Գ. ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունըուղղ. (պետական գրանցման համարը՝ 273.210.03400) վերակազմավորել «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի ուղղ. (այսուհետ` դպրոց):

2. Հաստատել դպրոցի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն):

4. Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր տնօրեն) նշանակել Ռուզաննա Շուրկայի Ալավերդյանին (ՀՀ քաղաքացի, անձնագիր` N AM 0785558 , տրված՝ 03. 07. 2012 թ., 011-ի կողմից):

5. Առաջարկել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել դպրոցի պետական գրանցումը:

6. «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությաննուղղ. ամրացված՝ Երևան քաղաքի Կորի (Կրիվոյի) 55 հասցեում գտնվող՝ 17763,1 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 3312,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 39899,5 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 12.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը և պետական սեփականություն հանդիսացող 0,2593 հա մակերեսով հողատարածքը հետ վերցնել և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

7. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել դպրոցին:

 8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում դպրոցի հետ կնքել համաձայնագիր՝ կատարելով սույն որոշումից բխող փոփոխություններ` ներառելով դրույթ, որ դպրոցն իրավունք ունի իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը հիմնադրի անունից, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները դպրոցի սեփականությունն են, իսկ համաձայնագրի նոտարական վավերացումն ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել դպրոցի միջոցների հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանըուղղ. սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանուղղ. գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ դպրոցին փոխանցման ակտը.

 2) դպրոցի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

 ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմը,

 բ. ապահովել «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանըուղղ. սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով դպրոցին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։

10. Սահմանել, որ դպրոցը «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանուղղ. իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1010-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամը (այսուհետ` դպրոց) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Դպրոցը «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանուղղ. (պետական գրանցման համարը՝ 273.210.03400) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. Դպրոցն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

5. Դպրոցի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ԵՐN 182 ԱԴՀ.

3) ռուսերեն լրիվ` «Ереванская старшая школа N 182 имени Геворга Эмина» фонд.

4) ռուսերեն կրճատ` ЕСТШ_Фонд N 182 ИМ ГЕВОРГА ЭМИНА

5) անգլերեն լրիվ` «Yerevan high school N 182 after Gevorg Emin» Foundation.

6) անգլերեն կրճատ` YHS_Foundation N 182 after Gevorg Emin։

6. Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0070, Կորի (Կրիվոյի) 55:

 

II. ԴՊՐՈՑԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. Դպրոցն իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:

8. Դպրոցը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. Դպրոցը որպես սեփականություն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. Դպրոցն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

11. Դպրոցի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը, ինչպես նաև ամբողջ գույքը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների լուծման համար:

12. Դպրոցն իր կանոնադրությանը համապատասխան իրականացնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը:

13. Դպրոցն ունի դրոշմակնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ, ինչպես նաև կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով իր անվամբ կնիք:

14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում դպրոցի պարտավորությունների համար, իսկ դպրոցը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:

 

III. ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔՆ ՈՒ ՆՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

15. Դպրոցը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրի կողմից դպրոցին հանձնված գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները դպրոցի սեփականությունն են: Դպրոցն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

16. Դպրոցի կողմից ստեղծված, ձեռք բերված կամ այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանձնված գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթերը և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները դպրոցի սեփականությունն են:

17. Դպրոցի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, դպրոցի մարմինների անդամների, ինչպես նաև դպրոցի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և դպրոցի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ դպրոցի հիմնադիրը, դպրոցի մարմինների անդամները, ինչպես նաև դպրոցի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներն են:

18. Դպրոցի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) դպրոցի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

 

IV. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

19. Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (ընդհանուր) և հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումն է: Միջնակարգ հանրակրթական ընդհանուր ծրագրերը ներառում են նաև հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրեր:

20. Դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման, անհատի բազմակողմանի զարգացման, նրա առողջության պահպանման, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծման ապահովումն է:

21. Դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:

22. Դպրոցը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

23. Դպրոցի կողմից հանրակրթություն և լրացուցիչ կրթություն իրականացնելիս հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.

8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

24. Դպրոցն անձամբ կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:

25. Դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

V. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 26. Դպրոցն իրականացնում է միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի հանրակրթական ծրագրերը, կարող է իրականացնել նաև միջնակարգ կրթության 1-ին, 2-րդ աստիճանի հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրեր:

27. Դպրոցում ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

28. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարության) սահմանած կարգով:

29. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է դպրոցը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

30. Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր աստիճանի (տարրական, հիմնական, միջնակարգ) ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

31. Դպրոցի շրջանավարտին, ըստ հիմնական և միջնակարգ կրթական մակարդակների, տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող ավարտական փաստաթուղթ` վկայական կամ ատեստատ:

32. Դպրոցի 10-րդ և 11-րդ հոսքային դասարաններում (բացառությամբ արհեստագործական և ընդհանուր հոսքերի), հոսքային առարկաներից տարեկան դրական գնահատական ունեցող սովորողների համար, մանկավարժական խորհրդի որոշմամբ, սահմանվում են փոխադրական քննություններ այդ առարկաներից: Քննական գնահատականը տվյալ առարկայի համար համարվում է վերջնական գնահատական:

33. Դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և ազատելը կատարվում է նախարարության սահմանած կարգով և դեպքերում:

34. Դպրոցում հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

35. Դպրոցի դասարանների կազմավորման կարգը, ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական հիմնական, ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին (այսուհետ` շահույթ)` հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

36. Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝

1) համաձայն նախարարության սահմանած կարգի.

2) հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:

37. Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:

38. Համաձայն նախարարության սահմանած կարգի` կարող են կազմակերպվել բազմահամակազմ դասարաններ:

39.Դպրոցում կարող է կազմակերպվել նաև անհատական ուսուցում` նախարարության սահմանած կարգով :

40. Դպրոցում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

41. Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է դպրոցի հոգաբարձուների խորհուրդը:

42. Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է նախարարությունը:

43. Դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական պլանները կազմվում են նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:

44. Դպրոցի օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխվում է պետական բաղադրիչով սահմանված, համայնքային կարիքների ապահովմանն ուղղված, նախարարության կողմից երաշխավորված կամ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից երաշխավորված և նախարարության կողմից հավանություն ստացած առարկաներին:

45. Դպրոցի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:

46. Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է նախարարությունը: Հանրակրթական ծրագրի (բացառությամբ նախադպրոցական) նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:

47. Դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

48. Առողջական վիճակի պատճառով դպրոց ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար դպրոցը կազմակերպում է տնային ուսուցում` համաձայն նախարարության կողմից սահմանված կարգի:

49. Ուսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափով դասերից բացակայած սովորողին քննություններին թույլատրելու, դասընթացը կրկնելու կամ դպրոցը թողնելու կարգը և դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 50. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն` համաձայն նախարարության սահմանած կարգի:

51. Դպրոցում ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած դպրոցի շրջանավարտը, սահմանված կարգով, ներկայացվում է «Գերազանցության մեդալով» պարգևատրման: Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է գովասանագրով, իսկ հիմնական դպրոցի շրջանավարտը, նախարարության սահմանած կարգով՝ գերազանցության վկայականով:

 

VI. ԴՊՐՈՑԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

52. Դպրոցի շահառուներն են դպրոցի սովորողներն ու նրանց ծնողները:

 

VII. ԴՊՐՈՑԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

53. Դպրոցն իր կանոնադրության նպատակներին համապատասխան՝ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

3) ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

4) ստեղծելու մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.

6) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն:

54. Դպրոցը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև դպրոցի կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VIII. ԴՊՐՈՑԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

55. Դպրոցն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Դպրոցի մարմիններն են՝

1) դպրոցի հոգաբարձուների խորհուրդը, որը դպրոցի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինն է.

2) դպրոցի տնօրենը (այսուհետ՝ տնօրեն), որը դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարող մարմինն է:

56. Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ներկայացմամբ`

1) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի առաջադրմամբ.

2) չորս անդամ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջադրմամբ.

3) մեկ անդամ` մանկավարժական կազմից.

4) մեկ անդամ` ծնողական խորհրդի կազմից:

57. Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք: Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել դպրոցի այլ մարմնի անդամ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետ է սահմանվում երկու տարին:

58. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում,

3) եթե դադարել են դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

5) նրան առաջադրած անձի կամ մարմնի որոշմամբ.

6) նրա մահվան դեպքում.

7) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:

59. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

60. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) առաջարկություններ ներկայացնելու հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ դպրոցի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

61. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով դպրոցի շահերից:

62. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) դպրոցի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.

2) դպրոցի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու դպրոցի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) դպրոցի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) դպրոցի վերակազմակերպման հարցով հիմնադրին դիմելու մասին որոշման ընդունումը.

5) դպրոցի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը

6) դպրոցի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

7) դպրոցի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) խորհրդի նախագահի, տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) սույն կանոնադրությամբ նախատեսված՝ դպրոցի այլ մարմինների ձևավորումը.

10) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.

11) դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

12) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.

13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

14) դպրոցի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

15) դպրոցի կառուցվածքի հաստատումը.

16) դպրոցի հաստիքացուցակի հաստատումը.

17) տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը.

18) իր կազմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

19) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև դպրոցի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

63. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամներն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով: Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

64. Հոգաբարձուների խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն կանոնադրությամբ նախատեսված՝ դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և սույն կանոնադրության 63-րդ կետով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ` օրենքով նախատեսված դեպքերում.

5) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

65. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:

66. Դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որի իրավասությանն են պատկանում դպրոցի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը: Տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը:

67. Տնօրենի տեղակալներին նշանակում և պաշտոնից ազատում է տնօրենը` հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

68. Տնօրենը`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը և հաշվետու է հոգաբարձուների խորհրդին.

2) տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում դպրոցի անունից.

3) ներկայացնում է դպրոցը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում. դպրոցի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.

4) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, հանրակրթական դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

5) մասնակցում է հոգաբարձուների խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

6) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, մինչև հինգ հարյուր հազար դրամ կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման հոգաբարձուների խորհրդի կողմից.

7) բանկերում բացում է դպրոցի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

8) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և դպրոցի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, դպրոցի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում դպրոցի աշխատողներին, այդ թվում՝ դպրոցի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

11) դպրոցի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

12) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

13) ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.

15) սահմանված կարգով ձևավորում է հանրակրթական դպրոցի սովորողների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը: Ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.

16) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների և խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հանրակրթական դպրոցի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

69. Դպրոցի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ՝ միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

70. Դպրոցի տնօրեն կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն և ղեկավարման հավաստագիր (համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի):

71. Տնօրեն չի կարող ընտրվել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) ում օրենքի համաձայն արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

3) ով նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը:

72. Տնօրեն ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ ներառյալ, բաց չսահմանափակված հետևյալ դեպքերում, եթե`

1) նա դիմում է դրա մասին.

2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5) լրացել է հավաստագրի ժամկետը.

6) կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված լիազորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում:

73. Տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

 

IX. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

74. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:

75. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

76. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է դպրոցի հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր), գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

77. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, դպրոցի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դպրոցի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

78. Հոգաբարձուների խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:

79. Դպրոցի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով հոգաբարձուների խորհրդի որոշումներից և դպրոցի շահերից:

80. Հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է հոգաբարձուների խորհուրդը:

81. Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող խորհրդի բոլոր անդամները:

 

X. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

 82. Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, ծնողական, աշակերտական խորհուրդներ, ինչպես նաև խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:

 83. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմն արձանագրվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով՝

1) քառասուն մանկավարժներից ավելի համակազմ ունեցող հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են՝ տնօրենը, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 մանկավարժներ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ.

2) մինչև քառասուն մանկավարժներից կազմված հանրակրթական դպրոցներում բոլոր մանկավարժական աշխատողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ:

84. Մանկավարժական խորհուրդը, իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի անդամության թեկնածու:

85. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝

1) դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.

2) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.

3) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.

4) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.

5) հանրակրթական դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.

6) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:

86. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝

1) դպրոցի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին.

2) դպրոցի ավագ դասարանի հոսքերի ձևավորման մասին.

3) սովորողներին դասարանից-դասարան (այդ թվում՝ հանրակրթական դպրոցի կազմում` հիմնական կրթության 2-րդ մակարդակից 3-րդ մակարդակ փոխադրվելիս) փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.

4) ավագ դպրոցի փոխադրական դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.

5) սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.

6) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.

7) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.

8) սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.

9) դպրոցի շրջանավարտներին, ըստ կրթական մակարդակների ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ) տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.

10) օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.

11) դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխման մասին և ներկայացնում է տնօրենի հաստատմանը.

12) դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հացերի մասին:

87. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է:

88. Մանկավարժական խորհուրդը քննարկում է ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր և որոշումներ է ընդունում՝

1) հանրակրթական դպրոցի ավագ դասարանի հոսքերի ձևավորման մասին, ավագ դպրոցի փոխադրական դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.

2) սովորողներին դասարանից-դասարան փոխադրելու, սովորողներին քննություններին թույլատրելու, վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.

3) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի, որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.

4) շրջանավարտներին, ըստ կրթական մակարդակների, ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ) տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում (գովասանագիր կամ շնորհակալագիր) կիրառելու մասին.

5) հանրակրթական դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխման մասին և ներկայանում է տնօրենի հաստատմանը.

6) հանրակրթական դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցերի մասին:

89. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների բարեխիղճ կազմման համար: Նիստի արձանագրությունը կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է մանկավարժական խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել:

90. Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր:

91. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

92. Մանկավարժական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ մանկավարժական խորհրդի ընտրության ժամանակ` առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

93. Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումն ապահովում է հանրակրթական դպրոցի տնօրենը և արդյունքների մասին պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին:

94. Մեթոդական միավորումներն ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում։ Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ հարակից առարկաների ուսուցիչներից։

95. Դասվարների համար ստեղծվում է տարրական կրթության մեթոդական միավորում:

96. Առարկայական կամ տարրական կրթության մեթոդական միավորումը`

1) քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին (դասվարներին) տալիս երաշխավորություններ.

2) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում պրակտիկ աշխատանքում.

3) նպաստում է ուսուցիչների (դասվարների) որակավորման բարձրացմանը.

4) որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին (դասվարներին) նախապատրաստում է ատեստավորման.

5) կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական խորհրդակցություններ, խորհրդատվություններ.

6) ուսուցիչներին (դասվարներին) հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.

7) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն.

8) մանկավարժական խորհրդում քննարկելուց հետո առաջարկություն է ներկայացնում դպրոցի տնօրենին ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին.

9) կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում և առաջարկություն է ներկայացնում հանրակրթական դպրոցի տնօրենին.

10) կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ։

97. Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Սահմանված կարգով նիստերն արձանագրվում են։

98. Դասարանների ծնողական խորհուրդները` նախագահ և երկուսից չորս անդամի կազմով, ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից մեկ ուսումնական տարվա համար:

99. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:

100. Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:

101. Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

102. Ծնողական դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցականին` տնօրենը:

103. Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանական ժողովներ` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:

104. Դպրոցի ծնողական խորհուրդը՝

1) դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից, առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.

2) դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

3) մասնակցում է դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմանագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.

4) աջակցում է դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.

5) լսում է տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.

6) դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում ձևավորում է միասնական պահանջներ.

7) ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.

8) օգնում է հանրակրթական դպրոցին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.

9) մասնակցում է սովորղների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է հանրակրթական դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.

10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյութական օգնություն ցույց տալու գործին.

11) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.

12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը հանրակրթական դպրոցում.

13) ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.

14) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

105. Դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է դպրոցի մանկավարժական խորհրդի հետ:

106. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը տնօրենի նկատմամբ անվստահությունը կարող է ներկայացնել խորհրդին:

107. Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները:

108. Ծնողական խորհուրդն իր աշխատանքների մասին հաշվետվություն է տալիս խորհրդի կազմի վերընտրության ժամանակ:

109. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն, և իր գործունեությունը կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

110. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:

111. Հաստատության աշակերտական ինքնավարության բարձրագույն մարմինը դպրոցի բարձր դասարանների (6-12-րդ դասարաններ) աշակերտների ընդհանուր ժողովն է, որի նիստերին կարող են մասնակցել նաև ցածր դասարանների աշակերտները:

112. Նոր ուսումնական տարվա առաջին աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից` սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

113. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է՝

1) տարեկան առնվազն երկու անգամ աշակերտական խորհրդի նախագահի կողմից.

2) արտահերթ ժողով կարող է հրավիրվել` աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով.

3) դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ:

114. Աշակերտները կարող են ստեղծել նաև ըստ հետաքրքրությունների ակումբներ, միավորումներ, որոնք հանդիսանում են աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ:

115. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) դպրոցի սեպտեմբերյան ժողովում ձևավորում է խորհրդակցական մարմին` աշակերտական խորհուրդ:

116. Աշակերտական խորհուրդը, ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում դպրոցի տնօրենին և խորհրդակցական մարմիններին:

117. Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է խորհրդի և մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:

118. Դպրոցի տնօրենը, նրա տեղակալները, խորհրդի, ինչպես նաև խորհրդակցական մարմինների անդամները հանրակրթական դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող դպրոցի:

 

XI. ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

119. Դպրոցի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես դպրոցի հիմնադիրը, այնպես էլ դպրոցի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել դպրոցի նպատակներին կամ շահառուներին:

 

XII. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

120. Դպրոցն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

121. Դպրոցի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

122. Դպրոցն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

123. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` դպրոցն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

 

XIII. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

124. Դպրոցի նկատմամբ օրենքի պահանջների կատարման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

125. Դպրոցի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել դպրոցի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը դպրոց է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

126. Դպրոցը սույն կանոնադրության 127-րդ կետով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո 30 օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո մեկամսյա ժամկետում հաշվետվության հրապարակման և ծանուցման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դիմում է դատարան` դպրոցը լուծարելու պահանջով:

127. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ դպրոցն հttp:www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել`

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

Հաշվետվության (որը ներառում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

XIV. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

128. Դպրոցը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

129. Դպրոցի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

130. Դպրոցի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

131. Դպրոցի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:

132. Դպրոցը կարող է լուծարվել, եթե`

1) դպրոցի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) դպրոցն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել դպրոցի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

133. Դպրոցը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

134. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին դպրոցը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է դպրոցի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1010-Ա որոշման

 

Ց Ո Ւ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ

Անշարժ գույքի հասցեն

Անշարժ գույքի անվանումը

Շահագործման տարեթիվը

Ընդհանուր մակերեսը (քառ.մ)

այդ թվում՝ նկուղի (կիսանկուղի) մակերեսը (քառ.մ)

Սկզբնական արժեքը(հազ. դրամ)

Մաշվածությունը(հազ. դրամ)

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

Հարկայնությունը

Վիճակը

Հողատարածքի մակերեսը(քառ.մ)

Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը

1.

Քաղ. Երևան Կորի (Կրիվոյի) 55

շենք

1936 թ.

3312.7

366.7

17763.1

11877.1

5886.0

4

ոչ
բարվոք

2593

28. 03. 2007 թ.
N 2340690

2.

Կաթսայատուն

2012 թ.

12.7

 

39899.5

0

39899.5

 

բարվոք

29072013-01-0048

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2019, N 1650-Ա 27.11.2019, N 1010-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան