ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 սեպտեմբերի 2014 թ. |
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված` «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքվել է 2014 թվականի մայիսի 23-ին` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև:
2. Համաձայնագրի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 13.900.000 Հատուկ փոխառության իրավունքին համարժեք վարկ՝ Համաձայնագրով նախատեսված Ծրագրի նպատակներն իրականացնելու համար, մասնավորապես՝ սոցիալական պաշտպանության ծառայության մատուցումը բարելավելու և սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող և ծառայություններ մատուցող մարմինների վերլուծական, մշտադիտարկման ու գնահատման գործառույթները հզորացնելու համար:
Ծրագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, հարկերի մասով, 20 տոկոս համաֆինանսավորում: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 5 տարի:
Ծրագիրը բաղկացած է թվով հինգ բաղադրիչներից.
- ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում,
- աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների իրականացում,
- կենսաթոշակային համակարգի արդիականացում,
- աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծական կարողությունների, մոնիթորինգի և գնահատման համակարգի զարգացում,
- Ծրագրի կառավարում:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- առհանել ֆինանսավորման հասույթները՝ Համաձայնագրի առդիր 2-ի Բաժին 4-րդի համաձայն,
- ֆինանսավորման չառհանված մնացորդի դիմաց վճարել պարտավճար՝ տարեկան մեկ տոկոսի կեսից ոչ ավելի դրույքաչափով,
- առհանված վարկային մնացորդի դիմաց վճարել սպասարկման վճար՝ տարեկան մեկ տոկոսի երեք քառորդին հավասար չափով,
- առհանված վարկային մնացորդի դիմաց վճարել տոկոսավճար՝ տարեկան մեկ ամբողջ քսանհինգ տոկոսի չափով,
- վարկի մայր գումարը մարել Համաձայնագրի առդիր 3-ում սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան,
- Ծրագրի պատշաճ վերահսկման, համակարգման և իրականացման նպատակով՝ Ծրագրի ուժի մեջ մտնելուն հաջորդող մեկամսյա ժամկետում ստեղծել Կառավարման խորհուրդ, որը պատասխանատվություն կկրի Ծրագրին առնչվող կարևոր որոշումների, դրա իրականացման ընդհանուր ընթացքը մշտադիտարկելու և առաջացող խնդիրները կարգավորելու համար,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել Ծրագրի համակարգման գրասենյակ, որը կրում է Ծրագրի միջոցառումների ընդհանուր տեխնիկական համակարգման, նախապատրաստման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման պատասխանատվություն,
- Ընկերակցության հաստատմանը ներկայացնել ակտիվ աշխատաշուկայի ծրագրի շրջանակներում որակավորում չունեցող երիտասարդներին և/կամ ինքնազբաղվածության ու փոքր բիզնեսի խթանմանն ուղղված պիլոտային ծրագրերի նախագծման և իրականացման մանրամասն առաջարկ, այնուհետև՝ Ընկերակցության պահանջները բավարարող տեխնիկական առաջադրանքի համաձայն պատրաստել որակավորում չունեցող երիտասարդներին և ինքնազբաղվածության ու փոքր բիզնեսի խթանմանն ուղղված գործառնական ձեռնարկներ, որոնք կպարունակեն տեխնիկական, վարչական, գնումների, շրջակա միջավայրի և սոցիալական, ֆինանսական, հաշվապահական հաշվառման, մշտադիտարկման և գնահատման մանրամասն ընթացակարգեր, մեխանիզմներ և ներկայացնել Ընկերակցության ուսումնասիրմանն ու հաստատմանը,
- գործառնական ձեռնարկները հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում ձևավորել և իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում բողոքարկման հասանելի մեխանիզմ, որն ընդունելի կլինի Ընկերակցության կողմից, և որի նպատակն է շահառուների ընտրությանը և կանխիկ դրամաշնորհների տրամադրմանն առնչվող բողոքների կարգավորումը,
- Ընկերակցության պահանջները բավարարող պայմաններով իրականացնել հանրային իրազեկման, տեղեկատվական քարոզարշավներ՝ պիլոտային ծրագրերի և կանխիկ դրամաշնորհների վճարման վերաբերյալ,
- նախքան Ծրագրի Մաս II.2 (ա)-ի իրականացման մեկնարկն ապահովել Ընկերակցության պահանջները բավարարող պայմաններով և որակավորում չունեցող երիտասարդ շահառուների, գործատուների և այլ կազմակերպությունների միջև վերապատրաստման մասին համապատասխան համաձայնագրերի կնքումը և այդպիսի համաձայնագրի օրինակելի ձևը Ընկերակցության ուսումնասիրմանն ու հաստատմանը ներկայացնելը, ինչպես նաև ապահովել, որ այդ համաձայնագրերը կատարվեն պատշաճ խելամտությամբ և արդյունավետությամբ, Ընկերակցության պահանջները բավարարող տեխնիկական, ֆինանսական և կառավարչական չափանիշների և պրակտիկայի, այդ թվում՝ Հակակոռուպցիոն ուղեցույցների համաձայն,
- Ծրագիրն իրականացնել երաշխիքային շրջանակների և երաշխիքային բոլոր փաստաթղթերի համաձայն,
- իրականացնել Ծրագրի առաջընթացի մշտադիտարկում ու գնահատում և ներկայացնել հաշվետվություններ Ընկերակցության համար ընդունելի ցուցանիշների հիման վրա,
- վարել կամ ապահովել ֆինանսական կառավարման համակարգը,
- պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ (45) օր հետո Ընկերակցությանը ներկայացնել վերջինիս պահանջները բավարարող ձևաչափով և բովանդակությամբ միջանկյալ, աուդիտ չանցած Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ, որոնք հանդիսանում են Ծրագրի մասին հաշվետվության մաս և ընդգրկում են տվյալ կիսամյակը:
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված` «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
2 սեպտեմբերի 2014 թ. ՍԴՈ-1160 |