Գլխավոր տեղեկություն
Номер
N 153-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.07.01/15(494) Հոդ.174
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
04.06.2014
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата подписания
04.06.2014
Дата вступления в силу
11.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 հունիսի 2014 թ.

ք. Երևան

N 153-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի 1-ին, 32-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ կետերում և 3-րդ գլխի վերնագրում «լիցենզիայի գործողության ժամկետի» բառերից հետո լրացնել «(ժամանակահատվածի)» բառը, 8-րդ կետում «լիցենզիայի գործողության ժամկետը» և 32-րդ կետում «լիցենզիայում ամրագրված ժամկետը» բառերից հետո՝ «(ժամանակահատվածը)» բառը.

2) Կարգի 28-30-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«28. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության), ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա (այսուհետ` Արտադրության լիցենզիա) ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածի ավարտը կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ և Հանձնաժողով ներկայացնել՝

1) կառուցման ավարտը հավաստող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևյալ փաստաթղթերը.

ա. շինարարության շահագործման փաստագրման ակտի և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև էներգատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենները.

բ. կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

2) արտադրության ժամանակահատվածի համար պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, բացառությամբ սույն կարգի 7-րդ և 25-րդ կետերով նախատեսված դեպքերի.

3) էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի վաճառքի սակագնի սահմանման հայտ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:

29. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքներն իրականացվում են Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված և Հանձնաժողովում գրանցված պայմանագրի հիման վրա:

30. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջների բավարարման դեպքում փոփոխություններ են կատարվում Արտադրության լիցենզիայի պայմաններում` ճշգրտելով կառուցման և արտադրության ժամանակահատվածները և ամրագրելով կայանի տեղակայված հզորությունն ու հիմնական սարքավորումների տվյալները, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:»:

3) Կարգի 31-րդ կետում «Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա» բառերը փոխարինել «Արտադրության լիցենզիա» բառերով:

4) Կարգի 33-րդ կետի 1-ին ենթակետում «էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կամ ջերմային էներգիայի արտադրության գործունեության տեսակների իրականացման» բառերը փոխարինել «կառուցման ժամանակահատվածի երկարաձգման» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «25» թիվը փոխարինել «36» թվով.

5) Կարգը լրացնել 34.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«34.1. Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածի երկարաձգման հայտի մերժման դեպքում Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում Արտադրության լիցենզիան»:

6) Կարգը լրացնել 4-րդ և 5-րդ գլուխներով` հետևյալ բովանդակությամբ.

 

«4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

40. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

41. Լիցենզավորված անձը լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:

42. Հանձնաժողովը, սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:

43. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:

44. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը համապատասխան գրությամբ այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը:

45. Լիցենզավորված անձն իր դիրքորոշումը Հանձնաժողովին հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում՝ անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:

46. Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

48. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ լիցենզիայի գործողության կասեցման դեպքերի՝ լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովը կարող է մերժել նաև, եթե կասեցումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ էներգետիկայի բնագավառում հուսալիության և անվտանգության խաթարման:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

49. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ:

50. Հայտերը բավարարվում կամ մերժվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

51. Հայտը մերժվում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից:

52. Հայտատուն Հանձնաժողով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կարող է չներկայացնել:

53. Հայտատուն կարող է վճարել պետական տուրքը լիցենզիայի վերաձևակերպման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում:

54. Լիցենզիայի վերաձևակերպման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո պետական տուրքը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Հանձնաժողովն առաջնորդվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

7) Կարգի N 2 հավելվածը՝ լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.

«1.1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն՝ միայն արտադրության ժամանակահատվածի համար՝

1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

2) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, բացառությամբ սույն կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքի:»:

8) Կարգի N 3 հավելվածի՝ երաշխիքների ներկայացման կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) լիցենզիայով սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում լիցենզավորված անձը չի ավարտել կայանի կառուցման (վերակառուցման) աշխատանքները և չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը:»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 23-ի «Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու կարգը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ`

Շ. Կիրակոսյան