Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.37
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.03.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
28.03.2014
Дата вступления в силу
28.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0039/15/13

Գործ թիվ ԵԿԴ/0039/15/13

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ  դատապարտյալ 

Վ. Կոթոլյանի

 

2014 թվականի մարտի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ դատապարտյալ Վլադիմիր Մաթևոսի Կոթոլյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով Վլադիմիր Մաթևոսի Կոթոլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով և դատապարտվել է ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով: Վճռվել է նաև «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև՝ Համաներման ակտ) 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա` Վ.Կոթոլյանի պատժաչափի չկրած մասը կրճատել մեկ երրորդով:

Վ.Կոթոլյանի պաշտպաններ Վ.Գևորգյանի և Կ.Քամալյանի, ինչպես նաև մեղադրող Ա.Նադոյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճիռը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 15-ի որոշմամբ Վ.Կոթոլյանի պաշտպան Ա.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

2. 2013 թվականի հունիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Ն.Զաքարյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով մեկնաբանել Վ.Կոթոլյանի վերաբերյալ նույն դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռի անհստակությունը և հստակեցնել, թե «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման որ դրույթն է ենթակա կիրառման դատապարտյալ Վ.Կոթոլյանի նկատմամբ:

Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հունիսի 7-ին որոշել է Վ.Կոթոլյանի վերաբերյալ նույն դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռի եզրափակիչ մասում ավելացնել հետևյալ պարբերությունը. «Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վլադիմիր Մաթևոսի Կոթոլյանի նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի թիվ ԱԺՈ-277-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը և նրան ազատել պատժից»:

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա.Նադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 7-ի որոշումը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

3. Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 18-ին որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Ն.Զաքարյանի դիմումն անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժելու մասին:

4. Դատապարտյալ Վ.Կոթոլյանի պաշտպան Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Վ.Կոթոլյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Կոթոլյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վ.Կոթոլյանի պաշտպան Ա.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 15-ի որոշման համաձայն՝ «Ինչ վերաբերում է բողոքաբերի` ամբաստանյալ Վ.Կոթոլյանին «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ պատժի կրումից ազատելու վերաբերյալ փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը կիրառելու իրավասությամբ օժտված են քրեակատարողական հիմնարկների պետերը և ոչ թե դատարանները: Հետևաբար Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառելիության հարցը պետք է լուծվի համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` նույն ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրված իրավազորության սահմաններում (mutatis mutandis տե´ս Հովհաննես Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշումը)»:

7. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման համաձայն` «(…) 2012 թվականի դեկտեմբերի 13-ին կայացված և ուժի մեջ մտած դատավճռում դատարանն անդրադարձել է Վ.Կոթոլյանի նկատմամբ համաներման ակտի կիրառման հարցին և որոշել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի թիվ ԱԺՈ-277-Ն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ Վլադիմիր Մաթևոսի Կոթոլյանի պատժաչափի չկրած մասը կրճատել մեկ երրորդով:

Հետևաբար ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Ն.Զաքարյանի դիմումը վերաբերում է համաներման ակտի կիրառման հետ կապված սխալին:

Վերլուծելով վերոհիշյալ փաստերը, իրավադրույթները և ԼԴ/0224/01/11 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի որոշումը, հաշվի առնելով, որ համաներման ակտի կիրառման հետ կապված սխալը հանդիսանում է անձի նկատմամբ պատիժ նշանակելիս թույլ տրված դատական սխալ` դատարանը գտնում է, որ ԵԿԴ/0040/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռի ի կատար ածման փուլում դատապարատյալ Վ.Կոթոլյանի նկատմամբ համաներման ակտի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն դատարանը չունի, ուստի այդ առումով անհստակությունը մեկնաբանվել և լուծվել չի կարող» (տե´ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 67):

8. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման համաձայն` «(…) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավճռի անհստակությունը մեկնաբանելու մասին դիմումը մերժելու հարցում հանգել է ճիշտ եզրակացության, հետևաբար վիճարկվող դատական ակտը բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան» (տե´ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 145):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 16-րդ հոդվածների, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով իր նկատմամբ պետք է կիրառվեր Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և ինքը պետք է ազատվեր նշանակված պատժից, մինչդեռ դատարանը կիրառել է Համաներման ակտի 8-րդ կետի 3-րդ ենթակետը և իր պատժաչափի չկրած մասը կրճատել մեկ երրորդով: Իր հերթին, Վճռաբեկ դատարանը, 2013 թվականի մայիսի 15-ի որոշմամբ վերադարձնելով իր պաշտպանի վճռաբեկ բողոքը, արձանագրել է, որ Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառելիության հարցը պետք է լուծվի համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` նույն ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրված իրավազորության սահմաններում:

Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը եզրահանգել է, որ իր նկատմամբ պետք է կիրառվի Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, մինչդեռ թե´ Առաջին ատյանի դատարանը, թե´ Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Համաներման ակտի կիրառման ենթակա դրույթի վերաբերյալ անհստակությունը մեկնաբանելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի դիմումը և համապատասխանաբար, պաշտպան Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը, կայացրել են անհիմն որոշումներ` նշելով, որ սույն գործի շրջանակներում անհստակության հետ կապված որևէ խնդիր առկա չէ:

10. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել իր նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի կիրառելիության հարցը:

11. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը և հստակեցնել, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա` ինքը ենթակա է պատժից ազատման:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավճիռը կամ այլ դատական ակտն ի կատար ածելու ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները լուծելու՝ դատարանի իրավասության (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդված) սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռի անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի դիմումը մերժելու մասին ստորադաս դատարանների որոշումները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`

1) հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ.

(...)

3) լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ.

4) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները»:

Մեջբերված նյութա-դատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը համադրված վերլուծության է ենթարկել Գ. Փահլևանյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի] վերլուծությունից երևում է, որ այն սահմանում է դատավճռի կամ դատական այլ որոշման ի կատար ածման փուլում դատարանի լուծմանը ենթակա հարցերի հետևյալ շրջանակը՝

ա) պատժի չափի հստակեցում,

բ) խափանման միջոցների հետ կապված հարցեր,

գ) դատական ծախսերի վերաբաշխում,

դ) իրեղեն ապացույցների տնօրինում,

ե) որոշման մեջ առկա անհստակությունների պարզաբանում:

Վերոնշյալ հարցերի լուծումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի իմաստով, հանդիսանում է դատավճռի կամ դատական այլ որոշման ի կատար ածման փուլում ծագած կասկածների և անհստակությունների լուծում:

(…) անհստակությունների լուծման դատարանի իրավասությունը ներառում է այն հարցերի լուծումը, որոնք կապված չեն անձի մեղքի կամ նրա նկատմամբ նշանակված պատժի հետ: Այլ խոսքով՝ անձի մեղքի և (կամ) պատժի հետ կապված հարցերը ենթակա են լուծման բացառապես գործի դատական քննության փուլում, իսկ գործի քննության այլ փուլերում դրանց անդրադարձը հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության սկզբունքին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղքի և (կամ) պատժի հետ կապված հարցերը դուրս են անհստակությունների լուծման դատարանի իրավասության շրջանակներից և պետք է իրականացվեն ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված՝ դատական ակտի բողոքարկման ընթացակարգով:

(…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաներման ակտի հիման վրա պատժից ազատելու, դատվածությունը մարելու և պատժաչափը կրճատելու դեպքերը չեն հանդիսանում անձի պատժի հետ կապված հարցի լուծում:

(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ դեպքում, երբ գործի դատական քննության ընթացքում դատարանն անձի նկատմամբ չի կիրառում համաներման ակտը և դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում նախատեսված համաներման չկիրառմամբ, դատարանն իրավասու է մեկնաբանել իր որոշման մեջ առկա անհստակությունը և դատավճռի կամ դատական այլ որոշման ի կատար ածման փուլում կայացնել անձի նկատմամբ համաներման ակտի կիրառման մասին որոշում:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատական ակտի կատարման փուլում համաներման ակտի կիրառումը հնարավոր է այն դեպքում, երբ դատարանը գործի դատական քննության ընթացքում ընդհանրապես չի անդրադարձել համաներման ակտի կիրառման հարցին: Ինչ վերաբերում է այն դեպքին, երբ գործի դատական քննության փուլում դատարանը անդրադառնում է անձի նկատմամբ համաներման ակտի կիրառման հարցին և սխալ է թույլ տալիս, օրինակ՝ քննարկում է համաներման կիրառման հարցը և չի կիրառում կիրառման ենթակա համաներման ակտը կամ սխալ է կիրառում այն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման ակտի կիրառման հետ կապված վերոնշյալ սխալները հանդիսանում են անձի նկատմամբ պատիժ նշանակելիս թույլ տրված դատական սխալներ, որոնք պետք է ուղղվեն ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված՝ դատական ակտի բողոքարկման ընթացակարգով» (տե´ս Գայանե Նորիկի Փահլևանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0224/01/11 որոշման 11-12-րդ, 14-15-րդ կետերը):

15. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Պետական (…) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 13-րդ կետը նախատեսում է`

«Սույն որոշման կատարումը վերապահել`

1) դատարաններին`

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է (…).

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում (…)»:

Մեջբերված սահմանադրական և քրեադատավարական դրույթների համատեքստում մեկնաբանելով Համաներման ակտի 13-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանը Հ. Հովհաննիսյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) ելնելով անձի իրավական կարգավիճակից (կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ, դատապարտյալ)՝ [Համաներման ակտի 13-րդ կետը] հստակ սահմանում է Համաներման ակտի կիրառման իրավասություն ունեցող մարմինները:

Համաներման ակտի 13-րդ կետի իմաստով՝ դատարանների իրավասությանն է վերապահված այն անձանց նկատմամբ Համաներման կիրառումը, ում վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում և դեռևս չեն քննվել կամ քննվել են, սակայն դատական ակտերն օրինական ուժի մեջ չեն մտել, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ում հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց նկատմամբ համաներման կիրառման իրավասությունը վերապահված է համապատասխան հիմնարկի պետերին» (տե´ս Հովհաննես Ներսեսի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 20-րդ կետը):

16. Սույն որոշման 14-րդ կետում մեջբերված իրավադրույթների, ինչպես նաև սույն որոշման 15-րդ կետում մեջբերված՝ Գ. Փահլևանյանի և Հ. Հովհաննիսյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր կողմից նախկինում ձևավորված դիրքորոշումն այն մասին, որ անձի մեղքի և (կամ) պատժի հետ կապված հարցերը ենթակա են լուծման բացառապես գործի դատական քննության փուլում, իսկ անհստակությունների լուծման իրավասության շրջանակներում դատարանի կողմից դրանց անդրադառնալը հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության սկզբունքին:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ համաներման ակտի հիման վրա պատժից ազատելու, դատվածությունը մարելու և պատժաչափը կրճատելու դեպքերը չեն հանդիսանում անձի մեղքի կամ պատժի հետ կապված հարցի լուծում: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով սահմանված՝ դատավճռի ի կատար ածման փուլում ծագած անհստակությունների լուծման իր իրավասության սահմաններում դատարանը կարող է կիրառել համաներման ակտի այս կամ այն դրույթը, եթե գործի դատական քննության ընթացքում ընդհանրապես չի անդրադարձել համաներման ակտի կիրառման հարցին: Ընդ որում, այս փուլում դատարանն իրավասու է իր կողմից նախկինում կայացված դատական ակտի անհստակությունը պարզաբանել և կիրառել համաներման ակտի այս կամ այն դրույթը բացառապես այն դեպքում, եթե այն կիրառելու իրավասությունը տվյալ համաներման ակտով վերապահված է դատարանին:

Այն դեպքում, երբ համաներման ակտի կոնկրետ դրույթը կիրառելու իրավասությունը վերապահված է քրեակատարողական հիմնարկի պետին, դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք չունի դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածների և անհստակությունների լուծման իր իրավազորության սահմաններում կիրառել համաներման ակտի տվյալ դրույթը կամ նշված իրավասությամբ օժտված մարմնին (պաշտոնատար անձին) պարզաբանել խնդրո առարկա դրույթի կիրառման անհրաժեշտությունը: Համաներման ակտի այս կամ այն դրույթի կիրառման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը հստակ սահմանվում է հենց այս ակտով, ուստի նշված շրջանակի համար սահմանված կանոններից շեղումները կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման:

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ գործի դատական քննության փուլում դատարանը քննարկել է համաներման ակտի կիրառման հարցը և որոշում է կայացրել համաներման ակտի՝ կիրառման ենթակա նորմը չկիրառելու մասին կամ սխալ է կիրառել այն, ապա համաներման ակտի կիրառման հետ կապված վերոնշյալ սխալները հանդիսանում են անձի նկատմամբ պատիժ նշանակելիս թույլ տրված դատական սխալներ, որոնք պետք է ուղղվեն ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված՝ դատական ակտի բողոքարկման ընթացակարգով: Դրա հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ դատավճիռ կայացնելիս դատարանը կիրառում է համաներման ակտի որևէ դրույթ, սակայն դատական ակտն ի կատար ածելու փուլում առաջանում է դատապարտյալի նկատմամբ համաներման ակտի առավել բարենպաստ դրույթի կիրառման խնդիր (օրինակ` դատարանը գործի դատական քննության ընթացքում համաներման ակտի հիման վրա անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատում է, իսկ դատական ակտն ի կատար ածելու փուլում առաջանում են համաներման ակտի հիման վրա անձին պատժից ազատելու հիմքեր կամ ընդունվում է նոր համաներման ակտ, որի դրույթներն առավել բարենպաստ են և կիրառելի են անձի նկատմամբ), ապա այդ դրույթ(ներ)ի կիրառելիության հարցը պետք է լուծի համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը` համաներման ակտով ամրագրված իրավազորության սահմաններում, այլ ոչ թե դատարանը` դատավճռի անհստակությունը լուծելով:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր վերոշարադրյալ դիրքորոշումը չի սահմանափակում անձի դատական պաշտպանության իրավունքը, քանի որ համաներման ակտի այս կամ այն դրույթը կիրառելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի որոշման իրավաչափությունը շահագրգիռ անձի կողմից կարող է վիճարկվել դատական կարգով (ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդված):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով Վ.Կոթոլյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի 8-րդ կետի 3-րդ ենթակետը և նրա նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով: Պաշտպանների և մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ Վերաքննիչ դատարանն այն թողել է օրինական ուժի մեջ (տե´ս սույն որոշման 1-ին կետը): Վ.Կոթոլյանի պաշտպան Ա.Գրիգորյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին որոշում է կայացրել բողոքը վերադարձնելու մասին՝ արձանագրելով, որ Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը կիրառելու իրավասությամբ օժտված են քրեակատարողական հիմնարկների պետերը և ոչ թե դատարանները: Հետևաբար Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառելիության հարցը պետք է լուծվի համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` նույն ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրված իրավազորության սահմաններում (տե´ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը):

2013 թվականի հունիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Ն.Զաքարյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով մեկնաբանել Վ.Կոթոլյանի վերաբերյալ նույն դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճիռի անհստակությունը: Ի պատասխան նշված դիմումի՝ Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հունիսի 7-ին որոշել է Վ.Կոթոլյանի վերաբերյալ նույն դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռի եզրափակիչ մասում ավելացնել հետևյալ պարբերությունը. «Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վլադիմիր Մաթևոսի Կոթոլյանի նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի թիվ ԱԺՈ-277-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը և նրան ազատել պատժից»: ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա.Նադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 7-ի որոշումը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության (տե´ս սույն որոշման 2-րդ կետը):

Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 18-ին որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Ն.Զաքարյանի դիմումն անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժելու մասին (տե´ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

Դատապարտյալ Վ.Կոթոլյանի պաշտպան Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը (տե´ս սույն որոշման 4-րդ և 8-րդ կետերը):

Վերոշարադրյալ փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատավճռի անհստակությունը լուծելու մասին 2013 թվականի հունիսի 7-ի որոշմամբ, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Համաներման ակտի նույն դրույթի կիրառման կապակցությամբ պարզաբանում է տվել: Նշված հանգամանքը հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 7-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար: Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճռի անհստակությունը լուծելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ որոշում:

19. Սույն որոշման 14-17-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Վ.Կոթոլյանի նկատմամբ Համաներման ակտի կոնկրետ դրույթի կիրառման իրավասությունը համապատասխան քրեակատարողական հիմնարկին վերապահված լինելու պարագայում այն պետք է կիրառվի քրեակատարողական հիմնարկի և ոչ թե դատարանի կողմից: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռի անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի դիմումը մերժելու մասին ստորադաս դատարանների որոշումները հիմնավոր են:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 14-19-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումն օրինական, հիմնավորված ու պատճառաբանված է, այն բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան: Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

21. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված այն հարցին, որ Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել իր նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի կիրառելիության հարցը (տե´ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռի անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ կայացված որոշման վերանայման ընթացքում իրավասու չէր անդրադառնալ դատապարտյալի նկատմամբ այլ համաներման ակտի կոնկրետ դրույթի կիրառելիությանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Վլադիմիր Մաթևոսի Կոթոլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան