Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.9
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.05.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
08.05.2014
Дата вступления в силу
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0704/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0704/02/11

2014 թ.

Նախագահող դատավոր`  Ս. Միքայելյան

Դատավորներ`   

Ն. Տավարացյան

 

Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

 

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երվանդ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2013 թվականի որոշման դեմ` ըստ Ղասեմ Աբդոլահ Նեժադի հայցի ընդդեմ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Խաչատրյանի և Երվանդ Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ղասեմ Աբդոլահ Նեժադը պահանջել է Աշոտ Հարությունյանից, Երվանդ Գրիգորյանից և Գարիկ Խաչատրյանից համապարտության կարգով բռնագանձել 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքը և 30.000 ՀՀ դրամ վճարված պետական տուրքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.12.2011 թվականի վճռով վճռվել է. «Աշոտ Հարությունյանից և Երվանդ Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ Ղասեմ Աբդոլահ Նեժադի բռնագանձել 10.000 (տաս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառությամբ տրված գումար, ինչպես նաև 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Հայցը` Գարիկ Խաչատրյանի մասով, մերժել»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2012 թվականի որոշմամբ Երվանդ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.12.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Երվանդ Գրիգորյանից հօգուտ Ղասեմ Աբդոլահ Նեժադի բռնագանձել 10.000 (տաս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Հայցը` Աշոտ Հարությունյանի և Գարիկ Խաչատրյանի մասով, մերժել: Երվանդ Գրիգորյանից հօգուտ Ղասեմ Աբդոլահ Նեժադի բռնագանձել 30.000 (երեսուն հազար) դրամ` որպես նախապես մասնակի վճարված պետական տուրքի գումար»։

Երվանդ Գրիգորյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 02.05.2013 թվականի վճռի` Երվանդ Գրիգորյանից հօգուտ Ղասեմ Աբդոլահ Նեժադի գումար բռնագանձելու մասի դեմ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.09.2013 թվականի որոշմամբ Երվանդ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երվանդ Գրիգորյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ, 424-րդ, 877-րդ, 878-րդ, 880-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 54-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Երվանդ Գրիգորյանի ստացականի պատճենը, որով վերջինս պարտավորվել է Աշոտ Հարությունյանի կողմից 28.11.2010 թվականին Ղասեմ Աբդոլահ Նեժադից վերցրած 10.000 ԱՄՆ դոլարը կամ ապրանքը մինչև 04.03.2011 թվականը վերադարձնել: Երվանդ Գրիգորյանի կողմից տրված ստացականը ստորագրվել է նաև գործընկերներ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Խաչատրյանի, Ղասեմ Աբդոլահ Նեժադի և «Ա. Խաչատրյանի և Հասեյն Մուրադի» կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ նշված ստացականի բնօրինակը չի ներկայացվել այն պատռված լինելու պատճառաբանությամբ, ինչը Ղասեմ Աբդոլահ Նեժադի հանդեպ Երվանդ Գրիգորյանի ունեցած պարտավորության դադարման հիմք է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.09.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Աշոտ Հարությունյանի կողմից 13.09.2011 թվականին դատարան ներկայացված պատասխանին կից առանց թվագրման «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն` «Ես` Երվանդ Գրիգորյանս, պարտավորվում եմ Աշոտ Հարությունյանի կողմից նոյեմբերի 28-ին 2010 թվականի Քյասիմ Աբդուլա Նաջաբից վերցրած 10.000$ կամ ապրանքը մինչև 2011 թվականի մարտի 04-ը կվերադարձնենք», այն ստորագրված է Ե. Գրիգորյանի, ներկաներ Ա. Հարությունյանի, Ա. Խաչատրյանի, Գ. Խաչատրյանի, Ք.Ա. Նաջաբի և Հուսեյն Մարադի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 51).

2) 23.04.2012 թվականին Վերաքննիչ դատարանին հասցեագրված դիմումով Երվանդ Գրիգորյանի ներկայացուցիչը հայտնել է, որ «գործում առկա ստացականի (որը հիմք է հանդիսացել Ե. Գրիգորյանից գումար բռնագանձելու համար) բնօրինակը մինչև գործով իմ ներգրավվելը դատարանին չի ներկայացվել և պատճենի հետ չի համեմատվել», «այդ ստացականի բնօրինակն ընդհանրապես գոյություն չունի, քանի որ այն հայցվորի կողմից պատռվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը Ե. Գրիգորյանից որևէ պահանջ չի ունեցել», «սույն գործի արդարացի և օրինական լուծման համար ստացականի բնօրինակի առկայություն ունենալու կամ չունենալու հարցն ամենաառանցքային հարցն է» (հատոր 2-րդ, գ.թ. 48).

3) 26.03.2013 թվականին Դատարանին հասցեագրված հայցադիմումի պատասխանով Երվանդ Գրիգորյանի ներկայացուցիչը հայտնել է, որ «Ինչ վերաբերում է գործով որպես ապացույց ներկայացված ստացականի պատճենին, որը գրվել և ստորագրվել է Երվանդ Գրիգորյանի կողմից, ինչպես նաև Ա. Հարությունյանի, Ա. Խաչատրյանի, Գ. Խաչատրյանի, Ք.Ա. Նաջաբի և Հուսեյն Մարադի կողմից, ապա այն չի կարող դիտվել որպես թույլատրելի ապացույց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն», «բնօրինակն այդպես էլ չի ներկայացվել, դեռ ավելին, բնօրինակի վրա պարսկերեն լեզվով ինչ որ գրառումներ են արվել, այստեղից հետևում է, որ բնօրինակը գտնվել է հայցվորի մոտ», «քանի որ հայցվորը Երվանդ Գրիգորյանից որևէ պահանջ չի ունեցել, պատռել է բնօրինակը» (հատոր 3-րդ, գ.թ. 86-87).

4) Առանց թվագրման «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի պատճենի բնօրինակը սույն գործի քննության ընթացքում չի ներկայացվել և չի հետազոտվել, ավելին, Երվանդ Գրիգորյանը չի վիճարկել այն իր կողմից կազմված, ստորագրված լինելու փաստը կամ դրա բովանդակությունը, սակայն վկայակոչել է ստացականի բնօրինակը հայցվորի մոտ գտնվելու և պարտավորությունն իր իսկ կողմից կատարված լինելու հիմքով այն վերջինիս կողմից ոչնչացնելու (պատռելու) փաստերը (հիմք` դատական նիստերի արձանագրությունների կրիչները)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ`

- կատարման հիմքով պարտավորության դադարման փաստն ապացուցելու առանձնահատկություններին.

- փաստաթղթի բնօրինակը` որպես գրավոր ապացույց, դատարան ներկայացնելու պարտադիր հիմքերին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի վերլուծությանը` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ օրենսդիրը պարտատիրոջ վրա պարտականություն է դրել պարտքի կատարումն ընդունելիս պարտապանի պահանջով կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին նրան ստացական տալ, իսկ պարտապանի կողմից պարտատիրոջն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ տրված լինելու դեպքում` պարտապանին վերադարձնել այդ փաստաթուղթը, դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշել իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Ընդ որում, այլ բան ապացուցված չլինելու դեպքում նշված փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը (տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2012 թվականի որոշումը)։

Վերոնշյալ դիրքորոշումից հետևում է, որ պարտավորության կատարման փաստն ապացուցված չլինելու պարագայում քանի դեռ պարտքային փաստաթղթի բնօրինակը գտնվում է պարտատիրոջ մոտ, գործում է պարտավորությունը կատարված չլինելու կանխավարկածը:

Այսպիսով, պայմանավորված այն հանգամանքով, թե պարտավորության որ կողմն է (պարտատերը կամ պարտապանը) դատարան ներկայացնում պարտքային փաստաթղթի բնօրինակը, այն մի դեպքում կարող է հաստատել պարտավորության առկայության, մեկ այլ դեպքում` պարտավորության դադարման փաստը:

Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պարտապանը որպես պարտավորության կատարման փաստը հաստատող ուղղակի ապացույց դատարան կարող է ներկայացնել`

- պարտքային փաստաթղթի բնօրինակը կամ

- պարտատիրոջ կողմից տրված ստացականը` կատարումն ընդունելու մասին մակագրությամբ:

Օրենսդիրը, սահմանելով պարտավորության դադարման փաստը հաստատող ուղղակի ապացույցների շրջանակը, միաժամանակ չի բացառել անուղղակի ապացույցներով նման փաստի հաստատման հնարավորությունը:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ և քննարկել այն դեպքերը, երբ պարտապանն անուղղակի ապացույցներով ևս, իսկ որոշ դեպքերում նաև` գործում ուղղակի ապացույցի բացակայությամբ կարող է հիմնավորել պարտավորության կատարման փաստը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պարտատիրոջ կողմից ստացական տալուց, պարտքային փաստաթուղթը վերադարձնելուց կամ այն վերադարձնելու անհնարինության մասին ստացականում նշելուց հրաժարվելու դեպքերում, պարտապանն իրավունք ունի կասեցնել կատարումը:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ որոշ դեպքերում պարտատերը, ընդունելով պատշաճ կատարումը, կարող է դրսևորել անբարեխիղճ վարքագիծ` հրաժարվելով վերադարձնել պարտքային փաստաթուղթը կամ այն վերադարձնելու անհնարինության մասին նշում կատարել ստացականում: Նման իրավիճակում առաջանում է պատշաճ կատարման փաստը գործնականում ապացուցելու հնարավորության խնդիր, որը հարկ է քննարկել անձի արդար դատաքննության իրավունքի համատեքստում: Արդար դատաքննության իրավունքը ենթադրում է դատավարության կողմերի իրավահավասարություն և մրցակցություն, ինչն էլ իր հերթին` ապացուցման գործընթացին մասնակցելու իրական երաշխիքների առկայություն և դրանց իրացման հնարավորություն: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պարտավորության կատարման փաստը միայն ուղղակի ապացույցներով հաստատելու պահանջը նմանատիպ իրավիճակներում պարտապանին կարող է զրկել իր առարկությունները հիմնավորող այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից` սահմանափակելով մրցակցության և իրավահավասարության պայմաններում վերջինիս գործի արդար դատաքննության իրավունքը:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական պրակտիկայում, այդ թվում նաև սույն գործով արձանագրված այն դեպքերին, երբ պարտապանը վկայակոչում է պարտավորության կատարման փաստը, սակայն պարտքային փաստաթղթի բնօրինակը ներկայացնելու անհնարինությունը պատճառաբանում է այն պարտավորության կատարման հիմքով ոչնչացված լինելու հանգամանքով: Նման դեպքերում դատարանները պարտավոր են ապացուցման գործընթացը կազմակերպել և ապացուցման բեռը բաշխել` հավասարակշռելով կողմերի շահերը և ապացուցման գործընթացին մասնակցելու իրական հնարավորությունները: Մասնավորապես` քննարկվող դեպքում դատարանները պետք է պարտատիրոջը պարտավորեցնեն պարտավորության առկայության փաստը հիմնավորել բացառապես պարտքային փաստաթղթի բնօրինակով, իսկ դրա անհնարինության դեպքում կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված բացասական հետևանքները: Հետևաբար պարտքային փաստաթղթի բնօրինակի բացակայությունը, ելնելով գործի հանգամանքների առանձնահատկություններից, ևս կարող է վկայել պարտավորության դադարման փաստի մասին:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

Ընդհանուր կանոնի համաձայն` գրավոր ապացույցները դատարան կարող են ներկայացվել կամ բնօրինակով, կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Միևնույն ժամանակ օրենսդիրը վերոնշյալ ընդհանուր կանոնից սահմանել է հետևյալ բացառությունները`

ա) փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով,

բ) անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է պահանջել ներկայացնելու փաստաթղթերի բնօրինակները: Նման անհրաժեշտություն կարող է, մասնավորապես առաջանալ, երբ գործով ներկայացված միևնույն փաստաթղթի պատճենները տարբերվում են իրենց բովանդակությամբ, և դատարանը չի կարող պարզել գրավոր ապացույցի իրական բովանդակությունն առանց դրա բնօրինակը հետազոտելու: Այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել նաև պատճենի անորակության, դրա իսկության մեջ համոզվելու անհրաժեշտության և այլ դեպքերում:

Սույն գործով Դատարանը Երվանդ Գրիգորյանի մասով հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Երվանդ Գրիգորյանն իր կողմից տրված պարտավորագրով խախտել է Ղասեմ Աբդոլլահ Նեժադի հանդեպ ստանձնած պարտավորությունը, պատշաճ չի կատարել այն, մասնավորապես` մինչև 04.03.2011 թվականը Ղասեմ Աբդոլլահ Նեժադին չի վերադարձրել 10.000 ԱՄՆ դոլարը կամ Աշոտ Հարությունյանի և Ղասեմ Աբդոլլահ Նեժադի միջև կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսված գառները, հետևաբար 10.000 ԱՄՆ դոլարը Երվանդ Գրիգորյանից ենթակա է բռնագանձման հօգուտ Ղասեմ Աբդոլլահ Նեժադի: Միաժամանակ արձանագրելով, որ կողմերը չեն վիճարկում Երվանդ Գրիգորյանի կողմից գրված սույն քաղաքացիական գործում առկա ստացականի պատճենը, Դատարանն ինչպես հայցվորին, այնպես էլ պատասխանողին ազատել է ստացականի բնօրինակը ներկայացնելու պարտականությունից:

Վերաքննիչ դատարանը, Երվանդ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 02.05.2013 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում Երվանդ Գրիգորյանը չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որով կհաստատվեր ստացականով ստանձնած պարտավորության կատարումը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածը, գտել է, որ պարտապանի կողմից պարտավորությունը պատշաճ կատարմամբ դադարելու փաստը կարող է հավաստվել գրավոր ապացույցով, ինչը քննարկվող պարագայում քաղաքացիական գործում բացակայում է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Ղասեմ Աբդոլահ Նեժադը, հիմք ընդունելով Աշոտ Հարությունյանի կողմից 13.09.2011 թվականին ներկայացված պատասխանին կից առանց թվագրման Երվանդ Գրիգորյանի «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի պատճենը, պահանջել է Աշոտ Հարությունյանից, Երվանդ Գրիգորյանից և Գարիկ Խաչատրյանից համապարտության կարգով բռնագանձել 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Գործի քննության ընթացքում Երվանդ Գրիգորյանը պահանջել է հայցվորից ներկայացնել «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի բնօրինակը` պատճառաբանելով, որ այն այլևս գոյություն չունի, քանի որ հայցվորը, ընդունելով իր կողմից պարտավորության կատարումը, ոչնչացրել է այն, ինչը պարտավորության դադարման հիմք է:

Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում համադրելով և գնահատելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործով առկա է գրավոր ապացույցի, այն է` «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի բնօրինակը պահանջելու անհրաժեշտություն: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով. հայցվորը, հայցի փաստական հիմքում դնելով պատասխանող Երվանդ Գրիգորյանի կողմից պարտավորության չկատարման փաստը, հիմնվելով «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի պատճենի վրա, դատարանից պահանջել է վերջինիցս բռնագանձել պարտքի գումարը: Պատասխանող Երվանդ Գրիգորյանը, պարտավորության կատարման հիմքով առարկելով հայցի դեմ, վկայակոչել է գործում ստացականի բնօրինակի բացակայության փաստը, որը հիմնավորում է վիճելի պարտավորության դադարումը: Այսինքն` պատասխանող Երվանդ Գրիգորյանը ըստ էության, վիճարկել է պարտավորության առկայությունը, որն ապացուցելու պարտականությունը կրում է հայցվորը: Վերջինս նշված փաստը կարող է ապացուցել` ներկայացնելով ստացականի բնօրինակը կամ հիմնավորելով դրա ներկայացման անհնարինությունը` այդ կերպ ժխտելով նաև կատարման հիմքով բնօրինակը ոչնչացված լինելու վերաբերյալ պատասխանողի փաստարկները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքներն ուղղակիորեն վկայել են գրավոր ապացույցի բնօրինակը պահանջելու անհրաժեշտության մասին, որը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գրավոր ապացույցի բնօրինակի ներկայացման և դրա հետազոտման անհրաժեշտությունը սույն գործով պայմանավորված է այդ ապացույցի ներկայացված պատճենների արժանահավատությունը գնահատելու հանգամանքով: Մասնավորապես` սույն գործով ներկայացված «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի պատճենների հետազոտությունից ակնհայտ է, որ վերջիններս ունեն բովանդակային տարբերություններ: Մասնավորապես` պատճեններից մեկը բովանդակում է պարսկերեն նախադասություններ: Պատճենների միջև առկա հակասությունը գործի քննության ընթացքում բազմիցս վկայակոչվել է պատասխանող Երվանդ Գրիգորյանի կողմից, սակայն այս հանգամանքը ևս պատշաճ գնահատման չի արժանացել ստորադաս դատարանների կողմից:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը գործի լրիվ, բազմակողմանի քննություն չի իրականացրել, ամբողջությամբ չի պարզել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, ճիշտ չի բաշխել ապացուցման բեռը, գրավոր ապացույցի` «Ստացական» վերտառության փաստաթղթի բնօրինակը պահանջելու անհրաժեշտության պարագայում չի պահանջել այն, որպիսի պարագայում չէր կարող իրավաչափ հետևության հանգել պահանջի հիմնավորվածության վերաբերյալ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ընդ որում, գործի նոր քննությունն անհրաժեշտ է իրականացնել այն ծավալով, որով Դատարանի վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, որպիսի հիմքով նաև Վճռաբեկ դատարանում, այն է` Ղասեմ Աբդոլահ Նեժադի հայցի ընդդեմ Երվանդ Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2013 թվականի որոշումը և գործն ըստ հայցի Ղասեմ Աբդոլահ Նեժադի ընդդեմ Երվանդ Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասով ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.11.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան