Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.05.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
08.05.2014
Дата вступления в силу
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0284/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0284/02/11

2014 թ.

Նախագահող դատավոր`  Ա. Խառատյան

Դատավորներ`   

Ա. Պետրոսյան

 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

 

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն Մակարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2013 թվականի որոշման դեմ` ըստ Վրեժ Այվազյանի հայցի ընդդեմ Արսեն Մակարյանի` ինքնակամ կառույցը քանդելուն և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ Արսեն Մակարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վրեժ Այվազյանի` ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վրեժ Այվազյանը պահանջել է պարտավորեցնել Արսեն Մակարյանին քանդել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 14 հասցեում գտնվող, իր սեփականությունը հանդիսացող 17,8քմ մակերեսով հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցը և չխոչընդոտել դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2011 թվականի որոշմամբ Վրեժ Այվազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արսեն Մակարյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը 17,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 08.02.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2013 թվականի որոշմամբ Արսեն Մակարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.02.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Մակարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները.

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Արսեն Մակարյանի հանգուցյալ հայրը` Գևորգ Մակարյանը, 20.06.1967 թվականին Հովհաննես Մովսիսյանից գնել է 20քմ մակերեսով թոնրատունը` այն սպասարկող հողամասով, որի համար վճարել է 700 խորհրդային ռուբլի: Կողմերի միջև կազմվել է ներքին առուվաճառքի պայմանագիր, ըստ որի` «Ես` Մովսիսյան Հովհաննես Կնյազի, 20քմ վաճառել եմ: Իմ և իմ ընտանիքի համաձայնության, Մովսիսյան Աստղիկի համաձայնության վաճառել ենք հացատունը 1967 թվականի հունիսի 20-ին, գնող Մակարյան Գևորգ Բաղիշի, որին ներկա էր գտնվում Գասպարյան Մերուժան Բաղիշին: Տան արժեքը 700 հարյուր ռուբլի, յոթ հարյուր ռուբլի, մեր հասցեն 11 փողոց 2 փակուղի տուն 15»:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սկսած 1967 թվականից մինչ օրս Արսեն Մակարյանը և իր ընտանիքի անդամները տիրապետում և օգտագործում են վիճելի հողամասը:

Հետագայում` 2007 թվականին, Արսեն Մակարյանը կատարել է թոնրատան վերանորոգման աշխատանքներ և այն դարձրել բնակության համար պիտանի, հետևաբար թոնրատան զբաղեցրած 17,8քմ մակերեսով տարածքն Արսեն Մակարյանի կողմից չի զավթվել:

Ավելին, Վրեժ Այվազյանը երբևէ չի խոչընդոտել Արսեն Մակարյանի ընտանիքին նշված տարածքում բնակվելուն, և Արսեն Մակարյանը վերոնշյալ 17,8քմ մակերեսով տարածքը տիրապետել և օգտագործել է որպես սեփականը:

Վրեժ Այվազյանը 17,8քմ մակերեսով կառույցի նկատմամբ որևէ իրավունք չի ունեցել, իսկ նրա գործողություններն ակնհայտ վկայել են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա հրաժարման և մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.06.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 30.05.1962 թվականի թիվ 41 գույքային թերթի համաձայն` Երևանի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 14 հասցեի բնակելի շենքը պատկանել է Վրեժ Այվազյանին (հատոր 1-ին, գ.թ. 14).

2) 20.06.1967 թվականին Հովհաննես Մովսիսյանի, Աստղիկ Մովսիսյանի և Գևորգ Մակարյանի միջև կնքված պայմանագրի համաձայն` «Ես` Մովսիսյան Հովհաննես Կնյազի, 20 քառակուսի մետր վաճառել եմ: Իմ և իմ ընտանիքի համաձայնության, Մովսիսյան Աստղիկի համաձայնության վաճառել ենք հացատուն 1967 թվականի հունիսի 20-ին, գնող Մակարյան Գևորգ Բաղիշի, որին ներկա էր գտնվում Գասպարյան Մերուժան Բաղիշին: Տան արժեքը 700 հարյուր ռուբլի, յոթ հարյուր ռուբլի, մեր հասցեն 11 փողոց 2 փակուղի տուն 15»: Պայմանագիրը ստորագրել են Հովհաննես Մովսիսյանը, Աստղիկ Մովսիսյանը, Գևորգ Մակարյանը, Մերուժան Գասպարյանը (հատոր 3-րդ, գ.թ. 103).

3) 23.06.1994 թվականի սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 14 տունը` 39,1քմ բնակելի և 99,0քմ օժանդակ մակերեսներով, սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Այվազյանին (հատոր 1-ին, գ.թ. 30).

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 28.09.2005 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 14 տան սեփականատերերն են Ռազմիկ Այվազյանը (հող` 0,01194հա, շինություն` 64,4քմ) և Վրեժ Այվազյանը (հող` 0,0328հա, շինություն` 86,9քմ) (հատոր 1-ին, գ.թ. 33).

5) Կադաստրի 23.05.2007 թվականի թիվ 1Կ-04/1-4037 գրության համաձայն` Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 14 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու վերաբերյալ Վրեժ Այվազյանի դիմումին ընթացք չի տրվել, քանի որ վերջինիս կողմից օգտագործվում է 30,4քմ մակերեսով ինքնակամ զբաղեցված հողամաս, որի վրա առկա է 39,0քմ մակերեսով ինքնակամ շինություն, հատկացված հողամասի վերջնամասում այլ քաղաքացու կողմից կառուցված են ինքնակամ շինություններ, վճարումները կատարված են մասամբ, և չի ներկայացվել առանձին միավորի հասցեի տրամադրման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 87).

6) Երևանի քաղաքապետի 19.10.2007 թվականի թիվ 01/19-18478Հ գրության համաձայն` Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23/5 տան բնակիչ Արսեն Մակարյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարվել են 1967 թվականին կառուցված` իր ծնողներին պատկանող բնակարանի վերակառուցման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները դադարեցվել են և հայտնաբերված փաստի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն (հատոր 3-րդ, գ.թ. 91).

7) Կադաստրի 15.04.2009 թվականի թիվ 1Կ-04/3-2700 գրության համաձայն` Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 14 տունը գույքագրված է Վրեժ Այվազյանի անվամբ: Նշված հասցեի օրինական հողամասի մակերեսը կազմում է 328,0քմ, շինությունների մակերեսը` 138,1քմ: Երևանի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 14 հասցեում օրինական հողամասի պակաս 53քմ մակերեսով հողի վրա 31,0քմ արտաքին չափերով շինություններն օգտագործվում են Արսեն Մակարյանի կողմից, իսկ մնացած հողը փողոցի հետ սահմանազատված է: Արսեն Մակարյանի կողմից օգտագործվող շենք-շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասի մակերեսը կազմում է 63,0քմ (որից 32,0քմ` ինքնակամ):

Արսեն Մակարյանի կողմից նշված հասցեում օգտագործվում է 32,0քմ ինքնակամ զբաղեցրած հողամաս, որի վրա առկա են 32,0քմ մակերեսով ինքնակամ շինություններ (հատոր 1-ին, գ.թ. 77).

8) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 09.09.2010 թվականի եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 14 հասցեում գտնվող, Վրեժ Այվազյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից` հողամասից, փաստացի զավթած է Արսեն Մակարյանի կողմից 17,8քմ մակերեսով հողամաս, որը ծանրաբեռնված է անօրինական շինությամբ, և համաձայն հատկացված փաստաթղթերի` այն հատկացված է եղել Վրեժ Այվազյանին: Երևան քաղաքի Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 14 հասցեում գտնվող Վրեժ Այվազյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից` հողամասից, շինությամբ ծանրաբեռնված է 196,2քմ շինություններից ազատ` 82,5քմ և հողազավթում` 17,8քմ մակերեսներով հողամաս, Արսեն Մակարյանի կողմից: Երևան քաղաքի Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 14 հասցեում գտնվող Արսեն Մակարյանի կողմից զավթած հողամասի վրա գտնվող շինությունները, որով ծանրաբեռնված 17,8քմ մակերեսով, իրենից ներկայացնում է անօրինական շինություն` բնակելի տուն (հատոր 1-ին, գ.թ.104-105).

9) Արսեն Մակարյանին հասցեագրված Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 05.05.2011 թվականի թիվ 22/01-1690 տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23/5 հասցեում առկա շինությունը կառուցվել է 1954-2001 թվականներին (հատոր 1-ին, գ.թ. 74).

10) Կադաստրի 27.06.2011 թվականի թիվ 1Կ-04/3-3790 տեղեկանքի համաձայն` Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 14 հասցեում Վրեժ Այվազյանի կողմից օգտագործվում է 270,1քմ մակերեսով հողամաս, որից 19,3քմ մակերեսն ինքնակամ զբաղեցված է, նշված 328,0քմ օրինական հողամասից 77,2քմ օրինական հողամասը Վրեժ Այվազյանի կողմից չի օգտագործվում: Համաձայն փաստացի չափագրման տվյալների` Արսեն Մակարյանի կողմից օգտագործվող շինության մի մասը` 17,8քմ մակերեսով, գտնվում է Վրեժ Այվազյանի անվամբ սեփականության իրավունքով գույքագրված հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 138).

11) Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչներ Մարիամ Պողոսյանը, Ջուլիետա Մովսիսյանը, Կիմա Խաչատրյանը, Ժորա Ավանեսյանը, Մարիետա Պողոսյանը, Սմբատ Գևորգյանը, Շողիկ Հարությունյանը, Անահիտ Պողոսյանը, Սամվել Մամիկոնյանը, Անահիտ Սարգսյանը, Կարեն Պողոսյանը 12.03.2012 թվականին գրավոր հայտարարություն են տվել այն մասին, որ 1952 թվականին Հովհաննես Մովսիսյանն իր տանը կից կառուցել է հացատուն, որը 1967 թվականին ներքին առուծախի պայմանագրով Հովհաննես Մովսիսյանից գնել է Գևորգ Մակարյանը և իր ընտանիքի հետ միասին բնակվել այդ հացատանը: Այդ տանն էլ ծնվել են նրա երկու տղաները` Արսեն և Արմեն Մակարյանները, և աղջիկը` Հռիփսիմե Մակարյանը: Հոր մահից հետո Արսեն Մակարյանն իր մոր և ընտանիքի մյուս անդամների հետ մինչ օրս շարունակում է բնակվել այդ տանը:

Տարիների ընթացքում այդ տունը գտնվել է փլուզման եզրին, և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Արսեն Մակարյանը կատարել է այդ տան վերանորոգում, որից հետո հարևան Վրեժ Այվազյանը դիմել է դատարան` պահանջելով այդ տունը քանդել և իրեն հանձնել հողատարածքը, որն ընդամենը կազմում է 17-18քմ մակերեսով տարածք:

Մինչև 2007 թվականը, այսինքն` մինչև Արսեն Մակարյանի կողմից տան վերանորոգման աշխատանքերը կատարելը, ոչ Վրեժ Այվազյանի և ոչ էլ նրա հոր կամ ընտանիքի այլ անդամի կողմից տան քանդման և հողատարածքը հանձնելու պահանջ չի եղել:

1967 թվականից այդ հողատարածքը` իր շինությունների հետ միասին, փաստացի տիրապետել և օգտագործել է Արսեն Մակարյանն իր ընտանիքի հետ միասին (հատոր 3-րդ, գ.թ. 102):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության …:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Նշված նորմերի համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուս անձի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես` դրանք են.

1) տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2) Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը: Այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3) Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4) Տիրապետումը պետք է լինի բացահայտ: Այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների, թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և, հավասարապես, անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում, ինքնին, չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ, ըստ էության, նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի, թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն` Հովհաննես Մովսիսյանը Երևանի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 հասցեում գտնվող հացատունը 20.06.1967 թվականին ներքին առուծախի պայմանագրով վաճառել է Արսեն Մակարյանի հորը` Գևորգ Մակարյանին: Գործում առկա` Երևանի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչների 12.03.2012 թվականին գրավոր հայտարարության համաձայն` Գևորգ Մակարյանն իր ընտանիքի հետ միասին 1967 թվականից բնակվել է այդ հացատանը, այդ «տանն» էլ ծնվել են նրա երկու տղաները` Արսեն և Արմեն Մակարյանները, և աղջիկը` Հռիփսիմե Մակարյանը, հոր մահից հետո Արսեն Մակարյանը մոր և ընտանիքի մյուս անդամների հետ մինչ օրս շարունակում է բնակվել այդ տանը և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով կատարել է տան վերանորոգման աշխատանքներ: Երևանի քաղաքապետի 19.10.2007 թվականի թիվ 01/19-18478Հ գրության համաձայն` Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23/5 տան բնակիչ Արսեն Մակարյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարվել են 1967 թվականին կառուցված` իր ծնողներին պատկանող բնակարանի վերակառուցման աշխատանքներ: Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23/5 հասցեում առկա շինությունը կառուցվել է 1954-2001 թվականներին: ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 09.09.2010 թվականի եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 14 հասցեում գտնվող, Վրեժ Այվազյանի սեփականություն հանդիսացող անշարժ գույքից` հողամասից, Արսեն Մակարյանի կողմից փաստացի զավթած է 17,8քմ մակերեսով հողամաս, որը ծանրաբեռնված է անօրինական շինությամբ: 30.05.1962 թվականի թիվ 41 գույքային թերթի և 23.06.1994 թվականի սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 14 տունը սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Այվազյանին:

Սույն գործով Դատարանը Վրեժ Այվազյանի հայցը բավարարելու, իսկ Արսեն Մակարյանի հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի և այդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ է մի քանի վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, մինչդեռ սույն գործի քննության ընթացքում հակընդդեմ հայցով հայցվորը չի ապացուցել իր կողմից Վրեժ Այվազյանին օրինական հիմքերով պատկանող հողամասից 17,8քմ մակերեսը բարեխիղճ տիրապետելու փաստը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Դատարանը վճիռ կայացնելիս ոչ թե խախտել, այլ ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ, 56-րդ, 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածներով` արդյունքում կայացնելով պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի, թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Արսեն Մակարյանը վիճահարույց հողի նկատմամբ չի ապացուցել այն որպես իր սեփականը տիրապետելու հանգամանքը, չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչների կողմից 12.03.2012 թվականին տրված հայտարարությունը, որով հիմնավորվում է Երևանի Ն. Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 հասցեում գտնվող հացատունը, որով զբաղեցված է վիճելի հողամասը, Արսեն Մակարյանի իրավանախորդի կողմից ձեռք բերվելու և 1967 թվականից այդ հացատանը նախ` Արսեն Մակարյանի իրավանախորդի, ապա` Արսեն Մակարյանի և նրա ընտանիքի բնակվելու փաստերը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0084/02/12 նախադեպային որոշմամբ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներին և արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով տիրապետման բարեխղճության գնահատման համատեքստում տիրապետողի գործողությունների հետ համատեղ առանձնահատուկ նշանակություն ունի գույքի սեփականատիրոջ վարքագիծը, այն է` վերջինիս կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը, որևէ կերպ չի անդրադարձել և չի գնահատել վիճելի հողամասի սեփականատիրոջ` Վրեժ Այվազյանի վարքագիծն այն պարագայում, երբ գործում առկա չէ որևէ ապացույց` Վրեժ Այվազյանի կողմից վիճելի հողամասն Արսեն Մակարյանի իրավանախորդի, հետագայում Արսեն Մակարյանի կողմից տարիներ շարունակ տիրապետելուն և օգտագործելուն խոչընդոտելու վերաբերյալ:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, գնահատելով 1967 թվականի ներքին առուծախի պայմանագիրը, սխալ հետևության է հանգել դրա իրավական հետևանքների վերաբերյալ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «...քաղաքացիական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ առկա չէ օրենքով սահմանված կարգով կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, առավել ևս, առկա չէ որևէ գույքային իրավունքի պետական գրանցման փաստ: Այսինքն` կողմերի միջև ձեռք բերված հիմնական առուվաճառքի պայմանագիր կնքելու պայմանավորվածությունն ի կատար չի ածվել, որպիսի պայմաններում Հովհաննես Մովսիսյանն օգտվել է օրենքի վրա հիմնված իր սեփականությունը տնօրինելու լիազորությունից և ստորագրել պայմանագիր, որով ուղղակի ստանձնել է իր բնակարանի մի մասը վաճառելու պարտավորություն», մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված պայմանագիրը հակընդդեմ հայցով հայցվորի կողմից վկայակոչվել է ոչ թե վավեր գործարքի և դրա հիման վրա իրավունքի պետական գրանցման փաստը հաստատելու, այլ իր տիրապետման բարեխղճությունը հիմնավորելու համար, մասնավորապես` այն, որ այդ պայմանագիրը հիմք է տվել վերջինիս ենթադրելու, որ վիճելի հողամասը տիրապետում է օրինական հիմքով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր և համոզիչ չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան