Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.34
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.03.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
28.03.2014
Дата вступления в силу
28.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵՇԴ/0055/01/11

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0055/01/11

Նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան

     Դատավորներ` Գ. Մելիք-Սարգսյան

                   Հ. Տեր-Ադամյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

 
մասնակցությամբ պաշտպաններ

Գ. Պապոյանի

Կ. Քամալյանի

 

2014 թվականի մարտի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ ամբաստանյալներ Սիրաժ Գաբրիելի Ղամբարյանի և Արմեն Վլադիմիրի Բաղդասարյանի պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Արա Գեորգիի Ռոստոմյանի, Հակոբ Դերենիկի Համբարձումյանի և Սամվել Համբարձումի Մկրտումյանի պաշտպան Կ.Քամալյանի, ամբաստանյալ Աղվան Վանիկի Վարդանյանի պաշտպան Ա.Մուխսիկարոյանի, ամբաստանյալ Աշոտ Հովհաննեսի Առաքելյանի պաշտպան Գ.Պապոյանի, ամբաստանյալ Արմեն Պողոսի Լեպեջյանի և նրա պաշտպան Գ.Սարդարյանի, ամբաստանյալ Սամվել Սերգեյի Խաչատրյանի և նրա պաշտպան Ա.Մուխսիկարոյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (այսուհետ նաև՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ) քննության վարչության 3-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69104810 քրեական գործը` Աղվան Վարդանյանի, Աշոտ Մելիքյանի և Հակոբ Համբարձումյանի կողմից նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ:

2010 թվականի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության 3-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69105010 քրեական գործը` Աշոտ Առաքելյանի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ, և միացվել է թիվ 69104810 քրեական գործին:

Նախաքննության մարմնի 2011 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ Սամվել Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով:

2011 թվականի ապրիլի 27-ի որոշումներով Սիրաժ Ղամբարյանը և Սամվել Մկրտումյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով:

2011 թվականի ապրիլի 27-ի որոշումներով Արմեն Բաղդասարյանը, Հակոբ Համբարձումյանը, Արա Ռոստոմյանը, Արմեն Լեպեջյանը, իսկ 2011 թվականի ապրիլի 28-ի որոշումներով Աղվան Վարդանյանը և Աշոտ Առաքելյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով:

2011 թվականի մայիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով`

1) Ս.Ղամբարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ս.Ղամբարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2) Ա.Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Բաղդասարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3) Ս.Մկրտումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ս.Մկրտումյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

4) Հ.Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ.Համբարձումյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի 11 (տասնմեկ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Հ.Համբարձումյանի նկատմամբ պատժի կրման ընթացքում սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն:

5) Ա.Ռոստոմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Ռոստոմյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

6) Ա.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

7) Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

8) Ա.Լեպեջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Լեպեջյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

9) Ս.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ս.Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Ամբաստանյալներ Ս.Ղամբարյանի, Ա.Բաղդասարյանի և նրանց պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Ա.Ռոստոմյանի, Հ.Համբարձումյանի, Ս.Մկրտումյանի պաշտպան Կ.Քամալյանի, ամբաստանյալ Ս.Խաչատրյանի պաշտպան Վ.Նիկողոսյանի, ամբաստանյալ Ա.Լեպեջյանի պաշտպան Գ.Սարդարյանի, ամբաստանյալ Ա.Վարդանյանի պաշտպան Վ.Խաչատրյանի, ամբաստանյալ Ա.Առաքելյանի պաշտպան Գ.Պապոյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Համբարձումյանի պաշտպան Կ.Քամալյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը Հ.Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխվել է: Հ.Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ.Համբարձումյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 100.000 ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է նրա նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը, և Հ.Համբարձումյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 100.000 ՀՀ դրամի չափով: Հ.Համբարձումյանի նկատմամբ պատժի կրման ընթացքում սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն:

Մյուս ամբաստանյալների մասով ներկայացված վերաքննիչ բողոքները մերժվել են, և նրանց վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալներ Ս.Ղամբարյանի, Ա.Բաղդասարյանի պաշտպան Վ.Գրիգորյանը, ամբաստանյալներ Ա.Ռոստոմյանի, Հ.Համբարձումյանի, Ս.Մկրտումյանի պաշտպան Կ.Քամալյանը, ամբաստանյալ Ա.Վարդանյանի պաշտպան Ա.Մուխսիկարոյանը, ամբաստանյալ Ա.Առաքելյանի պաշտպան Գ.Պապոյանը, ամբաստանյալ Ա.Լեպեջյանը և նրա պաշտպան Գ.Սարդարյանը, ամբաստանյալ Ս.Խաչատրյանը և նրա պաշտպան Ա.Մուխսիկարոյանը և նախկին պաշտպան Վ.Նիկողոսյանը:

2014 թվականի մարտի 7-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբաստանյալներ Ս.Ղամբարյանի և Ա.Բաղդասարյանի պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Ա.Ռոստոմյանի, Հ.Համբարձումյանի և Ս.Մկրտումյանի պաշտպան Կ.Քամալյանի, ամբաստանյալ Ա.Վարդանյանի պաշտպան Ա.Մուխսիկարոյանի, ամբաստանյալ Ա.Առաքելյանի պաշտպան Գ.Պապոյանի, ամբաստանյալ Ա.Լեպեջյանի և նրա պաշտպան Գ.Սարդարյանի, ամբաստանյալ Ս.Խաչատրյանի և նրա պաշտպան Ա.Մուխսիկարոյանի վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ, իսկ ամբաստանյալ Ս.Խաչատրյանի նախկին պաշտպան Վ.Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն թողել է առանց քննության:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալներ Ս.Ղամբարյանին, Ա.Բաղդասարյանին, Ա.Ռոստոմյանին, Հ.Համբարձումյանին, Ս.Մկրտումյանին, Ա.Վարդանյանին, Ա.Առաքելյանին, Ա.Լեպեջյանին, Ս.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ`

5.1. Ս.Ղամբարյանը, աշխատելով Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 10ա հասցեում գտնվող «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում որպես լաբորատորիայի վարիչ, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու շուրջ նախնական համաձայնության է եկել նույն ընկերության տնօրեն Ս.Խաչատրյանի, փորձարարական արտադրության պետ Ա.Ռոստոմյանի և ընկերության չգրանցված աշխատակից Ա.Լեպեջյանի հետ և 2007 թվականի դեկտեմբերին ընկերության օժանդակ մասնաշենքում Ա.Ռոստոմյանի և Ա.Լեպեջյանի հետ ապօրինի պատրաստել «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր հանդիսացող «1-ֆենիլ-2-պրոպանոն» (կետոն, մեթիլբենզիլկետոն): Ստացված նյութը խառնելով մեթանոլ սպիրտի հետ, ակտիվացնելով նիկել ռենեյի կատալիզատորով՝ հարստացրել են ամոնիակի, իսկ ապա ջրածնի գազով, որից հետո ստացված ռեակցիոն խառնուրդը կատալիզատորից անջատելու, ապա մեթանոլը թորելու եղանակով ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` մոտ 180 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց` հիմքի տեսքով:

Ս.Ղամբարյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 25-ին խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության և դատաքննության ընթացքում Ս.Ղամբարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել (տե´ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 266-268, հատոր 5-ի թերթ 200-203, հատոր 6-ի թերթ 7-9, 71, 259, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.2. Ա.Բաղդասարյանը Աշոտ Մելիքյանի կողմից հրավիրված քիմիկոս Ս.Մկրտումյանի և բանվորական աշխատանքներ կատարելու համար ներգրավված այլ աշխատակիցների հետ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի պատրաստել են պրեկուրսոր հանդիսացող` շուրջ 800 կգ 95-տոկոսանոց մաքրությամբ «մեթիլբենզիլկետոն», որից 80 կգ-ը (1 կգ-ը 400 ԱՄՆ դոլարով վաճառելով) ապօրինի իրացրել է Ա.Ռոստոմյանին, իսկ 515 կգ-ը վաճառելով` ապօրինի իրացրել է քննությամբ չպարզված այլ անձանց:

2010 թվականի մայիսին Ա.Բաղդասարյանը Ա.Մելիքյանից ապօրինի ձեռք է բերել կետոնից պատրաստված թմրամիջոցի` առանձնապես խոշոր չափից մոտ 5 գրամ «ամֆետամինի» աղի նմուշ: Այնուհետև, 2010 թվականի մայիսի 19-ին Երևան քաղաքի Նոյ թաղամասում Ա.Բաղդասարյանը Հ.Համբարձումյանին է տվել իրացվելիք թմրամիջոցի նմուշը գնորդ Ա.Վարդանյանին փոխանցելու համար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, այսինքն` առանձնապես խոշոր չափի` 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց չի իրացվել հանցավորների կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2010 թվականի մայիսի 21-ին Երևան քաղաքի Սախարովի հրապարակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում գնորդ Ա.Վարդանյանը, պայմանավորվածության համաձայն, Ա.Մելիքյանին և Հ.Համբարձումյանին չի վճարել իրացվելիք թմրամիջոցի արժեքը կազմող 22.500 ԱՄՆ դոլար գումարը:

2010 թվականի մայիսի վերջերին Ա.Բաղդասարյանը Ա.Ռոստոմյանի հետ «Բարոնի» ՍՊԸ-ում արտադրված կետոնից տարբեր խմբաքանակներով` 150 կգ, փոխադրել է իր մոտ, որը Ա.Ռոստոմյանի հետ միասին խառնել է մեթանոլ սպիրտի հետ, ակտիվացրել նիկել ռենեյի կատալիզատորով, ապա այդ ամենը հարստացրել ամոնիակի, իսկ այնուհետև ջրածնի գազով և ստացել առավել քիչ տոկոսային հարաբերությամբ առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 21 կգ 433,677 գրամ «ամֆետամինի» պարունակությամբ հիմք: Չբավարարվելով ստացված արդյունքից` Ա.Բաղդասարյանը, 2010 թվականի հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը «ամֆետամինի» հիմքի վերը նշված ռեակցիոն խառնուրդից թորման եղանակով ավելի բարձր տոկոսային բաղադրությամբ «ամֆետամինի» հիմք ստանալու նպատակով նախնական համաձայնության է եկել Հ.Համբարձումյանի, Ա.Մելիքյանի, իսկ ապա Ս.Մկրտումյանի հետ, և վերջիններիս կողմից լաբորատորիա տեղափոխած սարքավորումներով թորելու եղանակով ռեակցիոն խառնուրդի մի մասից ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` 6 կգ 392 գրամ «ամֆետամինի» պարունակությամբ հիմք: Թմրամիջոցի ընդհանուր` 21 կգ 433,677 գրամ քանակությունը 2010 թվականի հունիսի 5-ին հայտնաբերվել և առգրավվել է նշված լաբորատորիայի զննության ժամանակ:

Ա.Բաղդասարյանը ձերբակալվել է 2010 թվականի հունիսի 5-ին:

Նախաքննության ընթացքում Ա.Բաղդասարյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն դատաքննության ժամանակ հայտարարել է, որ անմեղ է (տե´ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 141-143, 171, հատոր 4-ի թերթ 35-38, 118-125, հատոր 5-ի թերթ 78-79, 178-179, հատոր 6-ի թերթ 58, 135, 189, 224-225, 239, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.3. Ս.Մկրտումյանը Հ.Համբարձումյանի, Ա.Մելիքյանի և բանվորական աշխատանքներ կատարելու համար ներգրավված այլ աշխատակիցների հետ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բաղդասարյանի միջոցներով ձեռք բերված համապատասխան նյութերով ապօրինի պատրաստել են պրեկուրսոր հանդիսացող` շուրջ 800 կգ 95-տոկոսանոց մաքրությամբ մեթիլբենզիլկետոն:

2010 թվականի հունիսի 4-ին Ս.Մկրտումյանը Ա.Բաղդասարյանի հետ գնացել է վերջինիս և Ա.Ռոստոմյանի կողմից Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց 3 փողոցի թիվ 12 կիսակառույց տան հողամասում կառուցած «ամֆետամինի» պատրաստման լաբորատորիա, որտեղ Ա.Բաղդասարյանի հետ միասին հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը թորելու եղանակով կրկին ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` 6 կգ 392 գրամ «ամֆետամինի» պարունակությամբ հիմք, որը 2010 թվականի հունիսի 5-ին հայտնաբերվել և առգրավվել է նշված լաբորատորիայի զննության ժամանակ:

Ս.Մկրտումյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 24-ին խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ս.Մկրտումյանը նախաքննության ժամանակ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, իսկ դատաքննության ընթացքում իր մեղքն ընդունել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով (տե´ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 202-206, հատոր 3-ի թերթ 241-243, հատոր 4-ի թերթ 75-76, հատոր 5-ի թերթ 91, 285-287, հատոր 6-ի թերթ 67, 245-246, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.4. Հ.Համբարձումյանը Ա.Մելիքյանի գլխավորությամբ սարքավորումները մոնտաժելուց հետո վերջինիս կողմից հրավիրված քիմիկոս Ս.Մկրտումյանի և բանվորական աշխատանքներ կատարելու համար ներգրավված այլ աշխատակիցների հետ միասին 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բաղդասարյանի միջոցներով առանց պատշաճ հաշվառման ձեռք բերված համապատասխան նյութերով ապօրինի պատրաստել են պրեկուրսոր հանդիսացող` շուրջ 800 կգ 95-տոկոսանոց մաքրությամբ մեթիլբենզիլկետոն, որի ապօրինի իրացումները կատարել են Ա.Բաղդասարյանը, Ա.Մելիքյանը:

2010 թվականի մայիսի 19-ին Հ.Համբարձումյանը գնորդ Ա.Վարդանյանին փոխանցելու նպատակով Երևան քաղաքի Նոյ թաղամասում Ա.Բաղդասարյանից ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի` մոտ 5 գրամ «ամֆետամինի» աղի նմուշը, որից հետո նույն օրը Ա.Մելիքյանի և Ա.Վարդանյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն Երևան քաղաքի Բագրատունյաց 70/22 հասցեում գտնվող շենքի մոտ այն ապօրինի իրացրել է Ա.Վարդանյանին: 2010 թվականի մայիսի 21-ին Երևան քաղաքի Սախարովի հրապարակում Հ.Համբարձումյանը և Ա.Մելիքյանը իրացվելիք թմրամիջոցի ամբողջ գումարն Ա.Վարդանյանից ստանալու համար հանդիպել են նրան, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, այսինքն` առանձնապես խոշոր չափի` 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց չեն պատրաստել և չեն իրացրել` իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ տեղի ունեցած հանդիպման ընթացքում գնորդ Ա.Վարդանյանը, պայմանավորվածության համաձայն, Ա.Մելիքյանին և Հ.Համբարձումյանին չի վճարել իրացվելիք թմրամիջոցի արժեքը կազմող 22.500 ԱՄՆ դոլար գումարը:

2010 թվականի հունիսի 4-ին Ա.Բաղդասարյանի, Ա.Մելիքյանի, այնուհետև Ս.Մկրտումյանի հետ իրենց կողմից լաբորատորիա տեղափոխած սարքավորումներով թորելու եղանակով ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` 6 կգ 392 գրամ «ամֆետամինի» պարունակությամբ հիմք, որը 2010 թվականի հունիսի 5-ին հայտնաբերվել և առգրավվել է լաբորատորիայի զննության ժամանակ:

Հ.Համբարձումյանն արգելանքի է վերցվել 2010 թվականի հունիսի 5-ին:

Նախաքննության ընթացքում Հ.Համբարձումյանն իրեն մեղավոր է ճանաչել և տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, իսկ դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել (տե´ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 134-136, 179-180, հատոր 3-ի թերթ 203-206, հատոր 4-ի թերթ 101, 158-159, հատոր 5-ի թերթ 104-105, 175, հատոր 6-ի թերթ 252, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.5. Ա.Ռոստոմյանը, աշխատելով Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 10ա հասցեում գտնվող «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում որպես փորձարարական արտադրության պետ, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու շուրջ նախնական համաձայնության է եկել նույն ընկերության տնօրեն Ս.Խաչատրյանի, լաբորատորիայի վարիչ Ս.Ղամբարյանի և ընկերության չգրանցված աշխատակից Ա.Լեպեջյանի հետ և հավելյալ վարձատրություն ստանալու պայմանով 2007 թվականի դեկտեմբեր ամսին Ս.Ղամբարյանի և Ա.Լեպեջյանի հետ ապօրինի պատրաստել են «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր հանդիսացող «1-ֆենիլ-2-պրոպանոն» (կետոն, մեթիլբենզիլկետոն): Ստացված նյութը մեթանոլ սպիրտի հետ խառնելով, նիկել ռենեյի կատալիզատորով ակտիվացնելով՝ հարստացրել են ամոնիակի, այնուհետև ջրածնի գազով, որից հետո ստացված ռեակցիոն խառնուրդը կատալիզատորից անջատելու, ապա մեթանոլը թորելու եղանակով ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` մոտ 180 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց` հիմքի տեսքով:

2009 թվականի վերջերին Ա.Ռոստոմյանը, տեղեկանալով Ա.Բաղդասարյանի կողմից «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի պատրաստման պրեկուրսոր հանդիսացող «1-ֆենիլ-2-պրոպանոն» (կետոն, մեթիլբենզիլկետոն) վաճառելու մտադրության մասին, այն գնելու առաջարկությամբ դիմել է Ա.Լեպեջյանին և նրա համաձայնությունը ստանալուց հետո, պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Պարոնյան 1 հասցեում գտնվող շենքի մոտ երկու դեպքով չպարզված տարբեր օրերին, կրկին Ա.Բաղդասարյանից մեկ կգ-ը 400 ԱՄՆ դոլարով գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել ընդհանուր` մոտ 80 կգ «կետոն», որը նույն տեղում մեկ կգ-ը 450 ԱՄՆ դոլարով կրկին ապօրինի իրացրել է Ա.Լեպեջյանին:

2010 թվականի գարնանը Ա.Ռոստոմյանը իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու համար Ա.Բաղդասարյանի կողմից վարձակալած Երևան քաղաքի Կ.Ուլնեցու 66ա շենքի 67 բնակարանում, Ա.Մելիքյանի կողմից Ա.Բաղդասարյանին տրված ռեակցիոն խառնուրդն աղաթթվով վերամշակելով, փորձել է կրկին ապօրինի պատրաստել «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի աղ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ռեակցիոն խառնուրդն իրականում Ա.Մելիքյանի կողմից ձևացված է եղել և իր մեջ «ամֆետամին» չի պարունակել:

Ա.Ռոստոմյանը իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու համար Ա.Բաղդասարյանի հետ 2010 թվականի մայիսին Կոտայքի մարզի Առինջ գյուղում վարձակալել է կիսակառույց տուն, որի հողամասում կառուցել են լաբորատորիա, անհրաժեշտ սարքավորումներով կահավորել այն, որտեղ մայիսի վերջերին Ա.Բաղդասարյանի հետ վերջինիս կողմից «Բարոնի գիտաարտադրական ընկերություն» ՍՊԸ-ում արտադրված և տարբեր խմբաքանակներով լաբորատորիա ապօրինի փոխադրված 150 կգ «կետոնից» ստացել են առավել քիչ տոկոսային հարաբերությամբ առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 21 կգ 433,677 գրամ «ամֆետամինի» պարունակությամբ հիմք: Թմրամիջոցի հիշյալ քանակությունը 2010 թվականի հունիսի 5-ին հայտնաբերվել և առգրավվել է նշված լաբորատորիայի զննության ժամանակ:

Ա.Ռոստոմյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 25-ին խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում Ա.Ռոստոմյանն իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ դատաքննության ժամանակ ընդունել իր մեղքը մեղսագրվող հանցանքներում և հրաժարվել է ցուցմունքներ տալուց (տե´ս քրեական գործ, հատոր 3-ի թերթ 77-81, հատոր 4-ի թերթ 90-92, 148-149, հատոր 6-ի թերթ 49-53, 63, 144, 198, 265, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.6. Ա.Վարդանյանը 2008 թվականի սկզբներին հետագայում ապօրինի իրացնելու նպատակով որպես իրացվելիք պրեկուրսորի նմուշ Ա.Առաքելյանից անհատույց, ապօրինի ձեռք է բերել 14 լիտր «քացախաթթվի անհիդրիդ», որը պահել է Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի 93 շենքի թիվ 35 չբնակեցված բնակարանում, որտեղից էլ 2010 թվականի հունիսի 8-ին կամովին ներկայացրել է:

2010 թվականի սկզբներին Ա.Վարդանյանը, «ամֆետամինի» պատրաստման պրեկուրսոր հանդիսացող «1-ֆենիլ-2-պրոպանոնի» (կետոն, մեթիլբենզիլկետոն) ապօրինի ձեռք բերելու և այն Ա.Լեպեջյանին իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Ա.Առաքելյանի հետ, նույն ժամանակահատվածում Ա.Մելիքյանից մեկ կգ-ը 270 ԱՄՆ դոլարով, տարբեր չափաբաժիններով, մաս-մաս ապօրինի ձեռք են բերել 75 կգ «կետոն», որից 55 կգ-ը մեկ կգ-ը 400 ԱՄՆ դոլարով վաճառելով, Երևան քաղաքի Բագրատունյաց 14 շենքի մոտ կրկին ապօրինի իրացրել են Ա.Լեպեջյանին, իսկ մնացած 20 կգ-ը Ա.Մելիքյանի պահանջով ոչնչացրել են:

Ա.Վարդանյանը 2010 թվականի մայիսի 10-ին որպես հետագայում իրացվելիք թմրամիջոցի նմուշ Ա.Մելիքյանից անհատույց, իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` 5,7 գրամ «ամֆետամինի» աղ, որը նույն օրը Երևան քաղաքի Ներսիսյան փողոցում կրկին ապօրինի իրացրել է Ա.Մանուչարյանին, որպեսզի հետագայում նրան իրացնի նշված թմրամիջոցից առանձնապես խոշոր չափով` 15 կգ` մեկ կգ-ը 2200 ԱՄՆ դոլարով:

2010 թվականի մայիսին Ա.Վարդանյանը գործով դեռևս չպարզված ոմն Մաջիթին առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու նպատակով նախնական համաձայնության է եկել Ա.Առաքելյանի հետ և 2010 թվականի մայիսի 19-ին Երևան քաղաքի Բագրատունյաց 70/22 հասցեում գտնվող շենքի մոտ հանդիպել է Ա.Մելիքյանի կողմից ուղարկված Հ.Համբարձումյանին, ումից կրկին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցից առանձնապես խոշոր չափի` մոտ 5 գրամ «ամֆետամինի» աղի նմուշ, որն Անգլիական այգում Ա.Առաքելյանի հետ ցույց են տվել ոմն Մաջիթին: Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքով հանցագործությունը` Ա.Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելը, չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ Մաջիթը հայտնել է, որ իր ուզածն այդ թմրամիջոցը չէ, ինչից հետո նմուշը թափել են այգու աղբարկղերից մեկի մեջ:

Ա.Մանուչարյանի հետ սկսած թմրամիջոցի իրացման գործարքն ավարտին հասցնելու համար Ա.Վարդանյանը 2010 թվականի մայիսի 21-ին, պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Սախարովի հրապարակում հանդիպել է Ա.Մելիքյանի և Հ.Համբարձումյանի հետ, որոնց հայտնել է, որ 15 կգ «ամֆետամինի» գնորդը պատրաստ է դրա դիմաց պահանջվող գումարը` 1 կգ-ի դիմաց 1.500 ԱՄՆ դոլարը, վճարել թմրամիջոցը ստանալուց հետո, ինչին Ա.Մելիքյանը առարկել է, և Ա.Վարդանյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը` առանձնապես խոշոր չափի` 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի իրացումը, հասցնել ավարտին:

Ա.Մանուչարյանին խոստացած 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցը հայթայթելու համար Ա.Վարդանյանը նույն օրը դիմել է Ա.Առաքելյանին: Ա.Առաքելյանը Երևան քաղաքի Արեշ թաղամասում «Քիմտեխ ԳՀԻ» ՓԲԸ տնօրեն Ս.Խաչատրյանից և Ա.Լեպեջյանից որպես իրացվելիք թմրամիջոցի նմուշ ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` 31,7084 գրամ «ամֆետամին» և նույն պահին հանձնել է Ա.Վարդանյանին: Սակայն Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գործող «Մարմարի աշխարհ» խանութի մոտ իրացվելիք թմրամիջոցի նմուշը` առանձնապես խոշոր չափի` 31,7 գրամ «ամֆետամինի» քանակությունը, Ա.Մանուչարյանին կրկին իրացնելուց հետո հանցագործությունը` Ա.Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի` 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելը, իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ Ա.Առաքելյանը հասկացել է, որ գտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում:

Ա.Վարդանյանն արգելանքի է վերցվել 2010 թվականի հունիսի 5-ին:

Նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում Ա.Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչել (տե´ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 124-127, 175, 218-221, հատոր 3-ի թերթ 245-246, հատոր 5-ի թերթ 176-177, հատոր 6-ի թերթ 280-282, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.7. Ա.Առաքելյանը 2008 թվականի սկզբներին Իրանի Իսլամական Հանրապետությունից սահմանված կարգով Հայաստան է ներկրել թմրամիջոցների պատրաստման պրեկուրսոր հանդիսացող` 9.520 կգ «քացախաթթվի անհիդրիդ», որից հետագայում ապօրինի իրացնելու նպատակով որպես իրացվելիք պրեկուրսորի նմուշ մոտ 14 լիտր ապօրինի իրացրել է Ա.Վարդանյանին: «Քացախաթթվի անհիդրիդի» վերը նշված քանակությունը 2010 թվականի հունիսի 8-ին Ա.Վարդանյանը կամովին ներկայացրել է Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի 93 շենքի թիվ 35 չբնակեցված բնակարանից:

2010 թվականի ապրիլ ամսին Ա.Առաքելյանը, առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց և «էֆեդրին» տեսակի հոգեմետ նյութ իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով «Քիմտեխ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի տնօրեն Ս.Խաչատրյանի և Ա.Լեպեջյանի հետ, ընկերության օժանդակ մասնաշենքում նախապես այդ նպատակով տեղադրված հաբավորման սարքավորումներով Ա.Լեպեջյանի կողմից պատրաստված առանձնապես խոշոր չափի` 1 կգ 500 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի և նույն քանակության հոգեմետ նյութ հանդիսացող` չպարզված հանգամանքներում ձեռք բերված «էֆեդրինի», ինչպես նաև այլ նյութերի օգտագործմամբ, դրանց հաբավորմամբ ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափերի` մոտ 52 կգ` ընդհանուր մոտ 150.000 «կապտագոն» դեղահատեր, որոնք քննությամբ չպարզված հանգամանքներում Ս.Խաչատրյանն ու Ա.Լեպեջյանը իրացրել են արտերկրացիներ ոմն Խալոյին և Դային:

2010 թվականի սկզբներին Ա.Առաքելյանը, Ա.Լեպեջյանից տեղեկանալով «ամֆետամինի» ելանյութի` պրեկուրսոր հանդիսացող «1-ֆենիլ-2-պրոպանոն» (կետոն, մեթիլբենզիլկետոն) ձեռք բերելու մտադրության, նաև այն մասին, որ դրա արտադրությամբ «Բարոնի» ՍՊԸ-ում զբաղվում է Ա.Մելիքյանը, ապօրինի «կետոն» ձեռք բերելու և իրացնելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ա.Վարդանյանի հետ և նույն ժամանակահատվածում նրա միջոցով Ա.Մելիքյանից մեկ կգ-ը 270 ԱՄՆ դոլարով գնելով` ապօրինի ձեռք են բերել մոտ 75 կգ «կետոն», որից 55 կգ-ը` մեկ կգ-ը 400 ԱՄՆ դոլարով, Երևան քաղաքի Բագրատունյաց 14 շենքի մոտ կրկին իրացրել են Ա.Լեպեջյանին, իսկ մնացած 20 կգ-ը Ա.Մելիքյանի պահանջով Ա.Վարդանյանը թափել է:

Այնուհետև, 2010 թվականի մայիսին Ա.Առաքելյանը գործով դեռևս չպարզված նույն Մաջիթին առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ա.Վարդանյանի հետ: Վերջինս իրացվելիք թմրամիջոցի նմուշը ձեռք բերելու և գնորդ Մաջիթին ցույց տալու համար դիմել է Ա.Մելիքյանին: 2010 թվականի մայիսի 19-ին Ա.Վարդանյանը Երևան քաղաքի Բագրատունյաց 70/22 հասցեում գտնվող շենքի մոտ հանդիպել է Ա.Մելիքյանի կողմից ուղարկված Հ.Համբարձումյանին, ումից կրկին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի` մոտ 5 գրամ «ամֆետամինի» աղի նմուշը, որը Անգլիական այգում Ա.Առաքելյանի հետ միասին ցույց են տվել ոմն Մաջիթին: Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքով հանցագործությունը` Ա.Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելը, չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ Մաջիթը հայտնել է, որ իր ուզածն այդ թմրամիջոցը չէ, ինչից հետո նմուշը թափել են այգու աղբարկղներից մեկի մեջ:

2010 թվականի մայիսի 21-ին Ա.Առաքելյանը, 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Ա.Վարդանյանի հետ, պայմանավորվել է այն ձեռք բերել «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ից: Ա.Առաքելյանը Երևան քաղաքի Արեշ թաղամասում «Քիմտեխ ԳՀԻ» ՓԲԸ տնօրեն Ս.Խաչատրյանից և Ա.Լեպեջյանից որպես իրացվելիք թմրամիջոցի նմուշ, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` 31,7084 գրամ «ամֆետամին», որը գնորդ Ա.Մանուչարյանին իրացնելու համար նույն պահին հանձնել է Ա.Վարդանյանին: Վերջինիս կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գործող «Մարմարի աշխարհ» խանութի մոտ իրացվելիք թմրամիջոցի նմուշը` առանձնապես խոշոր չափի` 31,7 գրամ «ամֆետամինի» քանակությունը, Ա.Մանուչարյանին կրկին իրացնելուց հետո հանցագործությունը` Ա.Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի` 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելը, իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ Ա.Առաքելյանը հասկացել է, որ գտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում:

Ա.Առաքելյանի նկատմամբ 2010 թվականի հունիսի 15-ին խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ա.Առաքելյանը նախաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրվող արարքներում, սակայն դատաքննության ընթացքում մեղքը չի ընդունել (տե´ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 295-301, հատոր 4-ի թերթ 247-250, 280-282, հատոր 5-ի թերթ 13-14, 211, հատոր 6-ի թերթ 101, 170, 274-275, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.8. Ա.Լեպեջյանը, աշխատելով «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում, 2007 թվականի վերջերին «ամֆետամինի» ելանյութի` պրեկուրսոր հանդիսացող կետոնի և դրանից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու շուրջ նախնական համաձայնության է եկել ընկերության տնօրեն Ս.Խաչատրյանի, լաբորատորիայի վարիչ Ս.Ղամբարյանի և փորձարարական արտադրության պետ Ա.Ռոստոմյանի հետ, և 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղամբարյանի և Ա.Ռոստոմյանի հետ միասին ընկերության օժանդակ մասնաշենքում ապօրինի պատրաստել են «ամֆետամինի» պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող «1-ֆենիլ-2-պրոպանոն» (կետոն, մեթիլբենզիլկետոն), որն էլ մեթանոլ սպիրտի հետ խառնելով, նիկել ռենեյի կատալիզատորով ակտիվացնելով, ապա այդ ամենը ամոնիակի, իսկ այնուհետև ջրածնի գազով հարստացնելուց հետո, ստացված ռեակցիոն խառնուրդը կատալիզատորից անջատելու և մեթանոլը թորելու եղանակով ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` 180 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի հիմք:

2008 թվականի գարնանը Ա.Ռոստոմյանի և Ս.Ղամբարյանի հեռանալուց հետո Ա.Լեպեջյանը, տնօրեն Ս.Խաչատրյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, շարունակել է ընկերություն ներկրված նատրիումական աղերի մնացած քանակությունից նույն եղանակով պատրաստել պրեկուրսոր, իսկ դրանից` առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց, որոնք իրացրել են քննությամբ չպարզված անձանց:

Ա.Լեպեջյանը ընկերությունում իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու վերաբերյալ Ս.Խաչատրյանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ 2009 թվականի վերջերին Երևան քաղաքի Պարոնյան 1 շենքի մոտ Ա.Ռոստոմյանից մեկ կգ-ը 450 ԱՄՆ դոլարով ապօրինի ձեռք է բերել պրեկուրսոր հանդիսացող, ընդհանուր` մոտ 80 կգ կետոն, որն ընկերություն փոխադրելուց հետո նույն եղանակով պատրաստել են առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց և քննությամբ չպարզված հանգամանքներում կրկին ապօրինի իրացրել են անհայտ անձանց:

Դրանից հետո, Ա.Լեպեջյանը ընկերությունում` իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու վերաբերյալ Ս.Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ 2010 թվականի սկզբներին Երևան քաղաքի Բագրատունյաց 14 շենքի մոտ Ա.Վարդանյանից և Ա.Առաքելյանից մեկ կգ-ը 400 ԱՄՆ դոլարով ապօրինի ձեռք է բերել Ա.Մելիքյանի կողմից «Բարոնի» ՍՊԸ-ում արտադրված և Ա.Վարդանյանին իրացրած պրեկուրսոր հանդիսացող, ընդհանուր` մոտ 55 կգ կետոն, որն ընկերություն փոխադրելուց հետո նույն եղանակով պատրաստել են առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց և քննությամբ չպարզված հանգամանքներում կրկին ապօրինի իրացրել են անհայտ անձանց:

2010 թվականի ապրիլին Ա.Լեպեջյանը, իրացման նպատակով «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի և հոգեմետ նյութ հանդիսացող «էֆեդրինի» պարունակությամբ «կապտագոն» անվամբ հայտնի դեղահատերի առանձնապես խոշոր չափերի քանակություն պատրաստելու և արտերկրացիներ` քննությամբ դեռևս չպարզված ոմն Խալոյին, Դային և Մաջիթին իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Ս.Խաչատրյանի և Ա.Առաքելյանին հետ, ընկերության օժանդակ մասնաշենքում նախապես այդ նպատակով տեղադրված հաբավորման սարքավորումներով, իր կողմից նախապես պատրաստած առանձնապես խոշոր չափի` 1 կգ 500 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի և նույն քանակության հոգեմետ նյութ հանդիսացող` չպարզված հանգամանքներում ձեռք բերված «էֆեդրինի», ինչպես նաև այլ նյութերի օգտագործմամբ, դրանց հաբավորմամբ, ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափերի` մոտ 52 կգ` ընդհանուր մոտ 150.000 «կապտագոն» դեղահատեր, որոնք քննությամբ չպարզված հանգամանքներում Ս.Խաչատրյանի հետ միասին իրացրել են վերը նշված անձանց:

2010 թվականի մայիսի 21-ին Ա.Լեպեջյանը, երբ Ա.Առաքելյանը 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար դիմել է Ս.Խաչատրյանին, նույն օրը վերջինիս հանձնարարությամբ որպես իրացվելիք թմրամիջոցի նմուշ Երևան քաղաքի Արեշ թաղամասում Ա.Առաքելյանին կրկին ապօրինի իրացրել է «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերությունում պատրաստված առանձնապես խոշոր չափի` 31,7084 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, Ա.Լեպեջյանը իրացնելու նպատակով «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու վերաբերյալ Ս.Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ մինչև 2010 թվականի հունիսի 15-ը ընկերությունում տարբեր խմբաքանակներով պատրաստել և քննությամբ չպարզված անձանց իրացրել են առանձնապես խոշոր չափերի «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ տարբեր տեսակի դեղահատեր, որոնց նմուշներից հայտնաբերվել և առգրավվել են «Քիմտեխ ԳՀԻ» ՓԲ ընկերության օժանդակ մասնաշենքում կատարված զննությամբ:

Ա.Լեպեջյանը վարույթն իրականացնող մարմին է ներկայացել 2010 թվականի հոկտեմբերի 12-ին:

 Նախաքննության ժամանակ իր մեղավորության կամ անմեղության վերաբերյալ Ա.Լեպեջյանը դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում մեղքն ընդունել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով (տե´ս քրեական գործ, հատոր 3-ի թերթ 168-169, հատոր 6-ի թերթ 136-140, 233, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.9. Ս.Խաչատրյանը, հանդիսանալով Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 10ա հասցեում գործող «Քիմտեխ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, 2005 թվականին իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու նպատակով խորհրդի նախագահ Արամայիս Մարտիրոսյանի միջոցով Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված, գործով չպարզված երկու քիմիկոսներին տրամադրել է ընկերության օժանդակ մասնաշենքը և իր կողմից ապօրինի ձեռք բերված` «ամֆետամինի» պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող` չպարզված քանակության «1-ֆենիլ-2-պրոպանոնը» (կետոն, մեթիլբենզիլկետոն): Ընկերության աշխատակից Ա.Ռոստոմյանին «ամֆետամինի» պատրաստման եղանակն ուսուցանելու համար Ս.Խաչատրյանը նրան ներգրավել է ինչպես քիմիկոսների կողմից օժանդակ մասնաշենքում համապատասխան սարքավորումների մոնտաժմանը, այնպես էլ վերջիններիս կողմից պրեկուրսոր հանդիսացող` չպարզված քանակության «1-ֆենիլ-2-պրոպանոնից» առանձնապես խոշոր չափի` շուրջ 60 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի աղի ապօրինի պատրաստմանը, որից հետո նշված քանակության թմրամիջոցը չպարզված հանգամանքներում ապօրինի իրացրել է:

Այնուհետև, Ա.Ռոստոմյանից տեղեկանալով, որ վերջինս, օժանդակ մասնաշենքում մնացած պրեկուրսոր հանդիսացող մոտ 200 գրամ կետոնը նույն եղանակով վերամշակելով, կարողացել է ինքնուրույն պատրաստել «ամֆետամինի» հիմք, իրացնելու նպատակով նշված թմրամիջոցի արտադրություն կազմակերպելու համար 2007 թվականի գարնանը Ա.Առաքելյանի, Ա.Մելիքյանի և Ա.Վարդանյանի միջոցով փորձել է ընկերությունում կազմակերպել «ամֆետամինի» ելանյութի` պրեկուրսոր հանդիսացող կետոնի արտադրություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ պրեկուրսորի ստացման աշխատանքների ժամանակ ընթացող քիմիական ռեակցիան չի ստացվել` աշխատակցի կողմից թյուրիմացաբար այլ քիմիական նյութ ավելացվելու պատճառով:

Շարունակելով իրականացնել հանցավոր մտադրությունը` Ս.Խաչատրյանը 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ընկերություն է ներկրել «ամֆետամինի» ելանյութի` պրեկուրսոր հանդիսացող կետոնի և դրանից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու համար անհրաժեշտ` ընդհանուր 5.631 կգ լվացող միջոց հանդիսացող նատրիումական աղ: Ա.Լեպեջյանը Ս.Ղամբարյանի և Ա.Ռոստոմյանի հետ միասին ընկերության օժանդակ մասնաշենքում նատրիումական աղերից ջրի և կաուստիկ սոդայի հետ խառնելու եղանակով ապօրինի պատրաստել են «ամֆետամինի» պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող «1-ֆենիլ-2-պրոպանոն» (կետոն, մեթիլբենզիլկետոն), այնուհետև ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` 180 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի հիմք:

2008 թվականի գարնանը Ա.Ռոստոմյանի և Ս.Ղամբարյանի հեռանալուց հետո, Ա.Լեպեջյանը տնօրեն Ս.Խաչատրյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն շարունակել է ընկերություն ներկրված նատրիումական աղերի մնացած քանակությունից նույն եղանակով պատրաստել պրեկուրսոր, իսկ դրանից` առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց, որոնք իրացրել են քննությամբ չպարզված անձանց:

Բացի դրանից, Ս.Խաչատրյանը ընկերությունում իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու համար Ա.Լեպեջյանի միջոցով 2009 թվականի վերջերին Երևան քաղաքի Պարոնյան 1 շենքի մոտ Ա.Ռոստոմյանից մեկ կգ-ը 450 ԱՄՆ դոլարով ապօրինի ձեռք է բերել պրեկուրսոր հանդիսացող, ընդհանուր` մոտ 80 կգ կետոն, որն ընկերություն փոխադրելուց հետո նույն եղանակով պատրաստել են առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց և քննությամբ չպարզված հանգամանքներում կրկին ապօրինի իրացրել են անհայտ անձանց:

Ս.Խաչատրյանը 2010 թվականի սկզբներին Ա.Լեպեջյանի միջոցով Երևան քաղաքի Բագրատունյաց 14 շենքի մոտ Ա.Վարդանյանից և Ա.Առաքելյանից մեկ կգ-ը 400 ԱՄՆ դոլարով ապօրինի ձեռք է բերել Ա.Մելիքյանի կողմից «Բարոնի» ՍՊ ընկերությունում արտադրված և Ա.Վարդանյանին իրացրած պրեկուրսոր հանդիսացող, ընդհանուր` մոտ 55 կգ կետոն, որն ընկերություն փոխադրելուց հետո նույն եղանակով պատրաստել են առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց և քննությամբ չպարզված հանգամանքներում կրկին անգամ ապօրինի իրացրել են անհայտ անձանց:

2010 թվականի ապրիլին առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց և «էֆեդրին» տեսակի հոգեմետ նյութ իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Ա.Առաքելյանի և Ա.Լեպեջյանի հետ, ընկերության օժանդակ մասնաշենքում նախապես այդ նպատակով տեղադրված հաբավորման սարքավորումներով, Ա.Լեպեջյանի կողմից նախապես պատրաստած առանձնապես խոշոր չափի` 1 կգ 500 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի և նույն քանակության հոգեմետ նյութ հանդիսացող` չպարզված հանգամանքներում ձեռք բերված «էֆեդրինի», ինչպես նաև այլ նյութերի օգտագործմամբ, դրանց հաբավորմամբ, ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափերի` մոտ 52 կգ` ընդհանուր մոտ 150.000 «կապտագոն» դեղահատեր, որոնք քննությամբ չպարզված հանգամանքներում Ս.Խաչատրյանն ու Ա.Լեպեջյանը իրացրել են քննությամբ չպարզված ոմն Խալոյին և Դային:

Դրանից բացի, 2010 թվականի մայիսի 21-ին Ա.Առաքելյանից տեղեկանալով 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու վերջինիս մտադրության մասին նույն օրը Ա.Լեպեջյանի միջոցով որպես իրացվելիք թմրամիջոցի նմուշ Երևան քաղաքի Արեշ թաղամասում Ա.Առաքելյանին կրկին ապօրինի իրացրել է «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերությունում պատրաստված առանձնապես խոշոր չափի` 31,7084 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Ս.Խաչատրյանը Ա.Լեպեջյանի հետ նախնական համաձայնությամբ մինչև 2010 թվականի հունիսի 15-ը ընկերությունում տարբեր խմբաքանակներով պատրաստել և քննությամբ չպարզված անձանց իրացրել են առանձնապես խոշոր չափերի «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ տարբեր տեսակի դեղահատեր, որոնց նմուշներից հայտնաբերվել և առգրավվել են «Քիմտեխ ԳՀԻ» ՓԲ ընկերության օժանդակ մասնաշենքում կատարված զննությամբ:

Ս.Խաչատրյանը ձերբակալվել է 2010 թվականի հունիսի 15-ին:

Նախաքննության ժամանակ Ս.Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց: Դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում Ս.Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել (տե´ս քրեական գործ, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Հետազոտելով և վերլուծելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված (…) ապացույցները` դատարանը հաստատված է համարում Սիրաժ Ղամբարյանի և Սամվել Մկրտումյանի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի «ամֆետամին» տեսակի թմրամիջոցն ապօրինի պատրաստելու, ինչպես նաև դրա համար պրեկուրսոր հանդիսացող կետոնն ապօրինի պատրաստելու փաստը:

Դատարանը հաստատված է համարում նաև Արմեն Բաղդասարյանի, Հակոբ Համբարձումյանի, Արա Ռոստոմյանի, Աղվան Վարդանյանի, Աշոտ Առաքելյանի, Արմեն Լեպեջյանի և Սամվել Խաչատրյանի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի «ամֆետամին» տեսակի թմրամիջոցն ապօրինի պատրաստելու, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի «ամֆետամին» տեսակի թմրամիջոցն ապօրինի պատրաստելու փորձ կատարելու, ինչպես նաև «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի համար պրեկուրսոր հանդիսացող կետոնն ապօրինի պատրաստելու փաստերը:

Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալների կատարած արարքները որակված են ճիշտ, Սիրաժ Ղամբարյանի և Սամվել Մկրտումյանի կատարած արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 266-րդ հոդվածի 4-րդ մասին, իսկ Արմեն Բաղդասարյանի, Հակոբ Համբարձումյանի, Արա Ռոստոմյանի, Աղվան Վարդանյանի, Աշոտ Առաքելյանի, Արմեն Լեպեջյանի և Սամվել Խաչատրյանի կատարած արարքները` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 266-րդ հոդվածի 4-րդ մասին, և ամբաստանյալները պետք է պատիժ կրեն կատարած հանցագործությունների համար (…)» (տե´ս քրեական գործ, հատոր 12-ի թերթ 51-75):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) ընդհանուր իրավասության դատարանի կողմից պահպանվել են ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեադատավարական օրենսդրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջները:

Այսպիսով, դատաքննությամբ և գործով ձեռք բերված ապացույցներով վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալներ Սիրաժ Ղամբարյանի և Սամվել Մկրտումյանի կատարած արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 266-րդ հոդվածի 4-րդ մասին, իսկ Արմեն Բաղդասարյանի, Հակոբ Համբարձումյանի, Արա Ռոստոմյանի, Աղվան Վարդանյանի, Աշոտ Առաքելյանի, Արմեն Լեպեջյանի և Սամվել Խաչատրյանի կատարած արարքները` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 266-րդ հոդվածի 4-րդ մասին, իսկ նրանց և պաշտպանների կողմից բերված պատճառաբանությունները հերքվում են գործի փաստական տվյալների վերոշարադրյալ ամբողջությամբ (…)» (տե´ս քրեական գործ, հատոր 15-ի թերթ 88):

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Ամբաստանյալներ Ս.Ղամբարյանի և Ա.Բաղդասարյանի պաշտպան Վ.Գրիգորյանի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով: Մասնավորապես, դատարանները Ս.Ղամբարյանի մեղքը հիմնավորող ապացույցների շարքում դրել են նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքները, Ա.Ռոստոմյանի նախաքննական ցուցմունքները, Ա.Լեպեջյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները և արդյունքում անհիմն եզրակացություն են արել նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ: Ըստ պաշտպանի` Ս.Ղամբարյանի և Ա.Բաղդասարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայությունը չի բխում վերոնշյալ անձանց ցուցմունքների բովանդակությունից, իսկ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի մեղադրանքի հիմքում դրված նրա նախաքննական ցուցմունքները, փորձաքննությունների եզրակացությունները, խուզարկության արձանագրությունները և այլն, արժանահավատ չեն և չեն վկայում Ա.Բաղդասարյանի կողմից «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ստանալու մտադրության մասին:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ սույն գործով ստորադաս դատարանները անհիմն կերպով Ս.Ղամբարյանի և Ա.Բաղդասարյանի նկատմամբ չեն կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 365-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պարտավոր էին կիրառել: Ուստի, խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Ս.Ղամբարյանի և Ա.Բաղդասարյանի մասով Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

9. Ամբաստանյալ Ս.Մկրտումյանի պաշտպան Կ.Քամալյանի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի հիմնարար խախտումներով և պետք է բեկանվեն:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ գնահատման չեն ենթարկվել, մասնավորապես դատարանները գործով ճշմարտությունը բացահայտելու նպատակով կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն չեն նշանակել այն դեպքում, երբ գործով նշանակված փորձաքննությունները եղել են թերի և մակերեսային: Արդյունքում կայացվել են անօրինական և անարդար դատական ակտեր:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ ամբաստանյալ Ս.Մկրտումյանի նկատմամբ նշանակված խիստ պատիժը չի բխում պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներից: Այս կապակցությամբ բողոքաբերն ընդգծել է, որ դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն անկեղծորեն զղջում է կատարվածի համար, տվել է ճշմարիտ ցուցմունքներ և ակտիվորեն աջակցել քննությանը, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, զբաղվում է հանրօգուտ գործունեությամբ, ծառայել է բանակում, ունի բարձրագույն կրթություն, պաշտպանել է գիտական թեզ և աշխատել որպես ավագ գիտաշխատող:

Վերոգրյալի հիման վրա պաշտպան Կ.Քամալյանը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության, Ս.Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 64-րդ հոդվածը:

10. Ամբաստանյալ Հ.Համբարձումյանի պաշտպան Կ.Քամալյանի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի հիմնարար խախտումներով և պետք է բեկանվեն:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ գնահատման չեն ենթարկվել, մասնավորապես իր պաշտպանյալի հոգեկան առողջության վիճակի բացահայտման համար Առաջին ատյանի դատարանը դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակել, իսկ Վերաքննիչ դատարանը կրկնակի ստացիոնար փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր միջնորդությունն անհիմն և ապօրինաբար մերժել է` բավարարվելով նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությամբ, որի արդյունքում ամբաստանյալը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Արդյունքում կայացվել են անօրինական և անարդար դատական ակտեր:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ ամբաստանյալ Հ.Համբարձումյանի նկատմամբ նշանակված խիստ պատիժը չի բխում պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներից: Այս կապակցությամբ բողոքաբերն ընդգծել է, որ դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, զբաղվում է հանրօգուտ գործունեությամբ, ծառայել է բանակում, ներկայացել է մեղայականով, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և ակտիվորեն աջակցել հանցագործության բացահայտմանը:

Վերոգրյալի հիման վրա պաշտպան Կ.Քամալյանը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Հ.Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 64-րդ հոդվածը:

11. Ամբաստանյալ Ա.Ռոստոմյանի պաշտպան Կ.Քամալյանի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի հիմնարար խախտումներով և պետք է բեկանվեն:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ գնահատման չեն ենթարկվել, մասնավորապես կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն չի նշանակվել այն դեպքում, երբ գործով նշանակված փորձաքննությունները եղել են թերի և մակերեսային: Ըստ բողոք բերած անձի` վերոնշյալ փորձաքննությունների նշանակման դեպքում կհիմնավորվեր իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ Ա.Ռոստոմյանի նկատմամբ նշանակված խիստ պատիժը չի բխում պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներից: Այս կապակցությամբ բողոքաբերն ընդգծել է, որ իր պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, զբաղվել է հանրօգուտ գործունեությամբ, ծառայել է բանակում, ունի բարձրագույն կրթություն, երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում և արժանացել կոչումների ու պարգևների, ներկայացել է մեղայականով, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, որով ակտիվորեն աջակցել է հանցագործության բացահայտմանը: Բացի այդ, ամբաստանյալը տառապում է նյարդային հիվանդությամբ, 1-ին խմբի հաշմանդամ է և ունի մշտական խնամքի ու հոգածության կարիք:

Վերոգրյալի հիման վրա պաշտպանը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Ա.Ռոստոմյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 64-րդ հոդվածը կամ պարզաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հարցը:

12. Ամբաստանյալ Ա.Վարդանյանի պաշտպան Ա.Մուխսիկարոյանի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են կամ կարող են ազդել գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ գործով չի պարզվել, թե ով է Արտակ Մանուչարյանը, ինչու է մեղադրողը հրաժարվել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց այն պայմաններում, երբ վերջինս հանդիսացել է թմրամիջոց ձեռք բերող: Արդյունքում բողոքաբերը կարծիք է հայտնել, որ նրա հետ կապված գործողություններն ու ցուցմունքները պետք է համարել ոչ արժանահավատ: Այս կապակցությամբ բողոք բերած անձը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 105-րդ, 127-րդ, 342-րդ, 345-րդ, 358-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-107/07, 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵԿԴ/0014/01/09, 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 գործերով կայացված որոշումները և եզրահանգել է, որ դրանք սույն գործով կայացված դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու հիմք են:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ իր պաշտպանյալից ցուցմունքները կորզվել են ծեծի և սպառնալիքի ազդեցությամբ, ինչպես նաև Ա.Վարդանյանի նախորդ պաշտպանը եղել է իրավապահ մարմինների գործակալ և իր վստահորդի շահերը պաշտպանելու փոխարեն աջակցել է քննիչի ապօրինի գործողություններին:

 Վերոգրյալի հիման վրա պաշտպանը խնդրել է ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը, բեկանել վիճարկվող դատական ակտը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

13. Ամբաստանյալ Ա.Առաքելյանի պաշտպան Գ.Պապոյանի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 365-րդ հոդվածի 2-րդ մասի, 397-րդ, 398-րդ հոդվածների և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 62-րդ հոդվածների պահանջների խախտմամբ:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չկայացնելով, թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքներում նրա մեղքը բացառող հանգամանքների առկայության պայմաններում նրան չի արդարացրել և չփարատված կասկածները մեկնաբանել է ի վնաս նրա` արդյունքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ և 360-րդ հոդվածներով սահմանված դատական ակտին ներկայացվող պահանջները:

 Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը և Ա.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով արդարացնել, իսկ 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

14. Ամբաստանյալ Ա.Լեպեջյանի և նրա պաշտպան Գ.Սարդարյանի պնդմամբ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով: Մասնավորապես, դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ, 18-րդ, 61-րդ, 266-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-րդ հոդվածի 3-րդ մասի, 18-րդ, 23-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, 25-րդ, 102-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 114-րդ, 115-րդ հոդվածի 3-րդ մասի, 121-րդ, 127-րդ, 347-րդ, 358-րդ և 360-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 242-րդ և 366-րդ հոդվածները, որոնք պարտավոր էր կիրառել:

Բողոք բերած անձինք նշել են, որ Վերաքննիչ դատարանը մեղադրանքի հիմքում դրել է Ա.Լեպեջյանի ինքնախոստովանական ցուցմունքները` հաշվի չառնելով վերջինիս հայտարարությունն այն մասին, որ նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքները ճիշտ չեն: Բողոքաբերների կարծիքով՝ մեղադրանքի հիմքում չէին կարող դրվել նաև խուզարկությունների, զննումների, առգրավումների արձանագրությունները և իրեղեն ապացույցները դատարանում զննելու արձանագրությունը, քանի որ վերոնշյալ բոլոր քննչական գործողությունները կատարվել են առանց ընթերակաների մասնակցության: Բացի այդ, գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման համար քննչական փորձարարություն նշանակելու միջնորդության վերաբերյալ դատարանն ընդհանրապես որոշում չի կայացրել:

Բողոքի հեղինակները փաստարկել են նաև, որ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Ա.Լեպեջյանի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, հիմնվել է ենթադրությունների վրա, քանի որ ամբաստանյալի մեղքը հիմնավորող ապացույցները գործում բացակայում են:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Ա.Լեպեջյանին արդարացնել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով դատական ակտը թողնել անփոփոխ, նրան ազատ արձակել կամ գործն ուղարկել նոր քննության:

 15. Ամբաստանյալ Ս.Խաչատրյանի պաշտպան Ա.Մուխսիկարոյանի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի մի շարք խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 127-րդ, 391-րդ, 392-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածները, չեն կիրառվել 2011 և 2013 թվականներին ընդունված համաներման ակտերը:

Բողոք բերած անձը կարծիք է հայտնել, որ այն պայմաններում, երբ հայտնի չէ, թե ում են իրացվել թմրանյութերը, դրանց իրացման փաստը չի կարելի ապացուցված համարել, մինչդեռ ստորադաս դատարանները նման կերպ են վարվել:

Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանում ինքը ճառով հանդես չի եկել, իսկ իր պաշտպանյալին վերջին խոսքի իրավունք չի տրվել, Վերաքննիչ դատարանն ապօրինաբար մերժել է փորձաքննություն նշանակելու վերաբերյալ ներկայացված պահանջը, որևէ միջոցներ չի ձեռնարկել գործով չպարզված վկաներ` քիմիկոս գիտնականներին, Դայիին, Խալոյին և Մաջիթին հայտնաբերելու և առերես հարցաքննելու ուղղությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը, բեկանել վիճարկվող դատական ակտը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության, Ս.Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխել գրավով և նրան ազատ արձակել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կարգի, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը վճռաբեկության փուլում դադարեցնելու ընթացակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը սույն գործով ենթակա՞ է արդյոք դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

I. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը.

18. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելու, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելու պահից:

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:

(…)»:

Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Սաղաթելյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) քրեական օրենսդրությամբ, կապված արարքի բնույթից և հանրության համար վտանգավորության աստիճանից, նախատեսված են քրեական պատասխանատվության ենթարկելու տարբեր ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր վտանգավորությունը, և անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: (…)» (տե´ս Անահիտ Հայկի Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 24-րդ կետը):

19. Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-323-Ն օրենքի ընդունումը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրված էր հետևյալ բովանդակությամբ` «Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-323-Ն օրենքի ընդունումից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով»:

Մեջբերված քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ ինչպես մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-323-Ն օրենքի ընդունումը գործող, այնպես էլ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-323-Ն օրենքի ընդունումից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ուստի այն ինչպես մինչև ՀՀ քրեական օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունների կատարումը, այնպես էլ դրանից հետո հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մաս):

20. Համադրելով սույն որոշման 18-19-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-323-Ն օրենքի ընդունումը գործող, այնպես էլ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-323-Ն օրենքի ընդունումից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հարցի լուծման համար էական նշանակություն ունի վերոնշյալ հոդվածով նրանց մեղսագրված արարքն ավարտված համարելու պահի որոշումը:

21. Հանցագործության ավարտման պահը, պայմանավորված հանցագործության բնույթով (տևող կամ շարունակվող), որոշվում է տարբեր կերպ: Մասնավորապես, տևող հանցագործությունները դրսևորվում են հանրորեն վտանգավոր գործողության կամ անգործության` տևական ժամանակահատվածում անընդմեջ իրականացմամբ, զուգորդվում են օրենքով հանցավորի վրա դրված պարտականությունների տևականորեն չկատարմամբ և ավարտված են համարվում արարքի դադարման պահից, որը կարող է պայմանավորված լինել ինչպես հանցավորի գործողություններով (օրինակ` մեղայականով ներկայանալով), այնպես էլ նրանից անկախ հանգամանքներով (օրինակ` իրավապահ մարմինների միջամտությամբ և այլն):

Շարունակվող հանցագործությունները բաղկացած են մեկից ավելի նույնական արարքներից, որոնցից յուրաքանչյուրը թեկուզև ինքնուրույն հանցակազմ է պարունակում, բայց ընդգրկված են միասնական դիտավորության մեջ, հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ, հետևաբար դիտվում են իբրև մեկ հանցագործություն, որն ավարտված է համարվում հանցավորի դիտավորությամբ ընդգրկված վերջին արարքի կատարման պահից: Շարունակվող հանցագործության դեպքում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցավորի միասնական դիտավորության մեջ ընդգրկված արարքներից վերջինի կատարման պահից (ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մաս): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ շարունակվող հանցագործության պարագայում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից (ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մաս):

Այսպես` նոր կատարված հանցագործությունն ընդհատում է նախկին հանցագործության վաղեմության ժամկետի ընթացքը հետևյալ պայմանների առկայության դեպքում`

1. նախկին հանցագործությունն ավարտվել է և օրենքով դրա համար սահմանված վաղեմության ժամկետը դեռևս չի անցել,

2. նոր կատարվածը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է:

Վաղեմության ժամկետի ընդհատվելու դեպքում նախորդ հանցանքի համար ընթացող ժամկետը չեղյալ է համարվում, և հաշվարկը վերսկսվում է նոր հանցագործության ավարտման պահից: Այլ կերպ ասած` նոր հանցանքի կատարմամբ նախկին հանցագործության համար նախատեսված վաղեմության ժամկետը չի վերանում, իսկ ինչպես նոր հանցանքի, այնպես էլ նախկին հանցանքի համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետները սկսվում են հաշվարկվել նոր հանցանքի ավարտման պահից` յուրաքանչյուր հանցագործության համար ինքնուրույն:

Վերոնշյալ դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ վաղեմության ժամկետը կապված է կոնկրետ հանցագործության հետ և կրում է ինքնուրույն բնույթ: Այդ պատճառով, եթե անձը միաժամանակ կատարում է երկու կամ ավելի հանցագործություն, դրանցից յուրաքանչյուրի համար վաղեմության ժամկետը պետք է հաշվարկվի առանձին: Հետևաբար, հանցագործություններից մեկի համար վաղեմության ժամկետի ավարտի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից այդ հանցագործության համար, սակայն մյուսների համար, որոնց վաղեմության ժամկետները չեն անցել, անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ընդհանուր կարգով:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալներ Ս.Ղամբարյանը, Ա.Բաղդասարյանը, Ս.Մկրտումյանը, Հ.Համբարձումյանը, Ա.Ռոստոմյանը, Ա.Վարդանյանը, Ա.Առաքելյանը, Ա.Լեպեջյանը և Ս.Խաչատրյանը 2007-ից 2010 թվականների ընթացքում նախնական համաձայնությամբ, գործելով միասնական դիտավորությամբ, թմրամիջոց պատրաստելու նպատակով ապօրինի պատրաստել, ձեռք են բերել, պահել, փոխադրել, ինչպես նաև ապօրինի իրացրել են պրեկուրսորներ, այսինքն` կատարել են մեկ միասնական շարունակվող հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Մասնավորապես, Ս.Ղամբարյանը 2007 թվականի դեկտեմբերից 2008 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում Ս.Խաչատրյանի, Ա.Ռոստոմյանի և Ա.Լեպեջյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պատրաստել է պրեկուրսոր հանդիսացող «կետոն» և «մեթիլբենզիլկետոն» (տե´ս սույն որոշման 5.1-ին կետը):

Ա.Բաղդասարյանը 2009 թվականի հոկտեմբերից 2010 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Ս.Մկրտումյանի, Հ.Համբարձումյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պատրաստել է 800 կգ պրեկուրսոր հանդիսացող «մեթիլբենզիլկետոն», որից 80 կգ-ն իրացրել է Ա.Ռոստոմյանին, իսկ ևս 515 կգ-ը` գործով չպարզված անձանց: 2010 թվականի գարնանը պատրաստել են 10 կգ «կետոն», իսկ 2010 թվականի մայիսին Ա.Ռոստոմյանի հետ նախնական համաձայնությամբ տարբեր խմբաքանակներով իր մոտ է փոխադրել 150 կգ «կետոն»: Այսինքն` Ա.Բաղդասարյանը միասնական դիտավորությամբ ապօրինի պատրաստել, իրացրել, փոխադրել է պրեկուրսորներ (տե´ս սույն որոշման 5.2-րդ կետը):

Ս.Մկրտումյանը և Հ.Համբարձումյանը 2009 թվականի հոկտեմբերից 2010 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բաղդասարյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պատրաստել են 800 կգ պրեկուրսոր հանդիսացող «մեթիլբենզիլկետոն» (տե´ս սույն որոշման 5.3-5.4-րդ կետերը):

Ա.Ռոստոմյանը 2007 թվականի դեկտեմբերից 2008 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում Ս.Խաչատրյանի, Ս.Ղամբարյանի և Ա.Լեպեջյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել է պրեկուրսոր հանդիսացող «կետոն» և «մեթիլբենզիլկետոն»: 2009 թվականի վերջերին Ա.Բաղդասարյանից ձեռք է բերել 80 կգ «կետոն», այնուհետև նույն տեղում իրացրել է Ա.Լեպեջյանին: 2010 թվականի մայիսին Ա.Բաղդասարյանի հետ տարբեր խմբաքանակներով փոխադրել է 150 կգ «կետոն»: Այսինքն` Ա.Ռոստոմյանը միասնական դիտավորությամբ ապօրինի պատրաստել, ձեռք է բերել, իրացրել, փոխադրել է պրեկուրսորներ (տե´ս սույն որոշման 5.5-րդ կետը):

Ա.Վարդանյանը 2008 թվականի սկզբներին Ա.Առաքելյանից ապօրինի ձեռք է բերել պրեկուրսոր հանդիսացող 14 լիտր քանակությամբ «քացախաթթվի անհիդրիդ», որը պահել է բնակարանում և 2010 թվականի հունիսի 8-ին կամովին ներկայացրել է: 2010 թվականի սկզբներին Ա.Մելիքյանից տարբեր չափաբաժիններով մաս-մաս ձեռք է բերել 75 կգ «կետոն», որից 55 կգ-ը իրացրել է, իսկ մնացածը` ոչնչացրել: Այսինքն` Ա.Վարդանյանը միասնական դիտավորությամբ ապօրինի ձեռք է բերել, պահել և իրացրել է պրեկուրսորներ (տե´ս սույն որոշման 5.6-րդ կետը):

Ա.Առաքելյանը 2008 թվականի սկզբներին Իրանից Հայաստան է ներկրել պրեկուրսոր` 9520 կգ «քացախաթթվի անհիդրիդ», որից որպես նմուշ 14 լիտր ապօրինի իրացրել է Ա.Վարդանյանին: 2010 թվականի սկզբներին Ա.Վարդանյանի հետ ապօրինի ձեռք են բերել 75 կգ «կետոն», որից 55 կգ-ն իրացրել են, իսկ մնացածը` ոչնչացրել: Այսինքն` Ա.Առաքելյանը միասնական դիտավորությամբ ապօրինի ձեռք է բերել և իրացրել պրեկուրսորներ (տե´ս սույն որոշման 5.7-րդ կետը):

Ա.Լեպեջյանը 2007 թվականի դեկտեմբերից 2008 թվականի հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղամբարյանի և Ա.Ռոստոմյանի հետ միասին ապօրինի պատրաստել են պրեկուրսոր հանդիսացող «կետոն», «մեթիլբենզիլկետոն»: 2008 թվականի գարնանը Ա.Լեպեջյանը Ս.Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ շարունակել է ապօրինի պատրաստել պրեկուրսոր, որոնք իրացրել են քննությամբ չպարզված անձանց: 2009 թվականի վերջերին Ա.Ռոստոմյանից ապօրինի ձեռք է բերել պրեկուրսոր հանդիսացող 80 կգ «կետոն», որը փոխադրվել է ընկերություն: 2010 թվականի սկզբներին Ա.Վարդանյանից և Ա.Առաքելյանից ապօրինի ձեռք է բերել 55 կգ «կետոն», որը դարձյալ տեղափոխել է ընկերություն: Այսինքն` Ա.Լեպեջյանը միասնական դիտավորությամբ ապօրինի պատրաստել, ձեռք է բերել, իրացրել և փոխադրել է պրեկուրսորներ (տե´ս սույն որոշման 5.8-րդ կետը):

Ս.Խաչատրյանը 2005 թվականին ապօրինի ձեռք է բերել պրեկուրսոր հանդիսացող «կետոն», «մեթիլբենզիլկետոն»: 2007 թվականի դեկտեմբերից 2008 թվականի հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Ա.Լեպեջյանի, Ս.Ղամբարյանի և Ա.Ռոստոմյանի հետ ապօրինի պատրաստել են պրեկուրսոր հանդիսացող «կետոն», «մեթիլբենզիլկետոն»: 2008 թվականի գարնանը Ա.Լեպեջյանի հետ նախնական համաձայնությամբ շարունակել են պատրաստել պրեկուրսոր: 2009 թվականի վերջերին Ս.Խաչատրյանը Ա.Լեպեջյանի հետ նախնական համաձայնությամբ, նրա միջոցով Ա.Ռոստոմյանից ապօրինի ձեռք է բերել 80 կգ «կետոն», որը փոխադրվել է ընկերություն: 2010 թվականի սկզբներին Ս.Խաչատրյանը Ա.Լեպեջյանի հետ նախնական համաձայնությամբ, նրա միջոցով Ա.Վարդանյանից և Ա.Առաքելյանից ապօրինի ձեռք է բերել 55 կգ «կետոն», որը դարձյալ տեղափոխել է ընկերություն: Այսինքն` Ա.Ռոստոմյանը միասնական դիտավորությամբ ապօրինի պատրաստել, ձեռք է բերել, փոխադրել է պրեկուրսորներ (տե´ս սույն որոշման 5.9-րդ կետը):

23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 21-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

ա) Ս.Ղամբարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքներից վերջինն ավարտվել է 2008 թվականի գարնանը, որից հետո նա նոր հանցագործություն չի կատարել, այսինքն` վաղեմության ժամկետների ընդհատում տեղի չի ունեցել: Հետևաբար, այդ պահից սկսվել է վաղեմության ընթացքը: Նա որպես մեղադրյալ ներգրավվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` հանցանքն ավարտված համարվելու օրվանից մոտ 3 տարի անց: Հետևաբար, Ս.Ղամբարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:

բ) Ա.Բաղդասարյանի հանցավոր գործունեությունը խափանվել է 2010 թվականի հունիսի 5-ին: Դրանից հետո Ա.Բաղդասարյանը նոր հանցանք չի կատարել, հետևաբար այդ պահից էլ սկսվել է վաղեմության ժամկետների ընթացքը: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացվել է 2013 թվականի հունիսի 18-ին` հանցանքն ավարտված համարվելու օրվանից մոտ 3 տարի անց: Հետևաբար, Ա.Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:

գ) Ս.Մկրտումյանի և Հ.Համբարձումյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքներից վերջինը խափանվել է 2010 թվականի հունիսի 5-ին: Դրանից հետո նրանք նոր հանցանք չեն կատարել, հետևաբար այդ պահից էլ սկսվել է վաղեմության ժամկետների ընթացքը: Ուստի, Ս.Մկրտումյանին և Հ.Համբարձումյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:

դ) Ա.Ռոստոմյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքներից վերջինն ավարտվել է 2010 թվականի մայիսին: Դրանից հետո, սակայն, 2010 թվականի մայիսին Ա.Ռոստոմյանը նոր հանցանք է կատարել` Ա.Բաղդասարյանի հետ ապօրինի պատրաստել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց, այսինքն` նախկին հանցագործության վաղեմության ժամկետներն ընդհատվել են: Հետևաբար, նոր հանցագործության ավարտման պահից էլ վերսկսվել է վաղեմության ժամկետների ընթացքը: Հետևաբար, Ա.Ռոստոմյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:

ե) Ա.Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը դադարել է 2010 թվականի հունիսի 8-ին, որից հետո նա նոր հանցանք չի կատարել: Հետևաբար, Ա.Վարդանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:

զ) Ա.Առաքելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքներից վերջինն ավարտվել է 2010 թվականի սկզբներին, իսկ 2010 թվականի մայիսի 21-ին նա փորձել է ապօրինի առանձնապես խոշոր չափի թմրամիջոց իրացնել, որն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, այսինքն` վաղեմության ընթացքն ընդհատվել է: Հետևաբար, նոր կատարված հանցանքն ավարտված համարվելու պահից` մայիսի 21-ից, վերսկսվել է նախկին հանցագործության վաղեմության ժամկետների ընթացքը: Հետևաբար, Ա.Առաքելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:

է) Ա.Լեպեջյանի` 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքներից վերջինն ավարտվել է 2010 թվականի սկզբներին, իսկ 2010 թվականի հունիսի 15-ին կատարել է նոր հանցանք` պատրաստել և իրացրել է թմրամիջոց, ուստի այդ հանցագործության ավարտման պահից էլ վերսկսվել է նախորդ հանցագործության վաղեմության ժամկետների ընթացքը: Հետևաբար, Ա.Լեպեջյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:

ը) Ս.Խաչատրյանի` 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքներից վերջինն ավարտվել է 2010 թվականի սկզբներին, իսկ 2010 թվականի հունիսի 15-ին կատարել է նոր հանցանք` պատրաստել և իրացրել է թմրամիջոց, հետևաբար այդ հանցագործության ավարտման պահից էլ վերսկսվել է նախորդ հանցագործության վաղեմության ժամկետների ընթացքը: Հետևաբար, Ս.Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները նույնպես անցել են:

Վերոնշյալ՝ ա)-ը) ենթակետերում շարադրված և վերլուծված հանգամանքների առկայության պարագայում սակայն ո´չ Առաջին ատյանի դատարանը, ո´չ Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով սույն գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին չեն անդրադարձել (տե´ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

II. Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը վճռաբեկության փուլում դադարեցնելու ընթացակարգը.

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Սաղաթելյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Ինչպես երևում է նշված արգելքը սահմանող իրավանորմի վերլուծությունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կիրառման համար ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ քրեական գործն արդեն իսկ հարուցված է, և անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, այսինքն` նրա նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում: (…)» (տե´ս Անահիտ Հայկի Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 24-րդ կետը):

Վերահաստատելով Ա.Սաղաթելյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար մեղադրյալի համաձայնության առկայությունը բխում է անմեղության կանխավարկածի սկզբունքից և անձի արդար դատաքննության, մասնավորապես օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իրավունքից: Հետևաբար, այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնել իր անմեղության ապացուցման: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում:

25. Զարգացնելով Ա.Սաղաթելյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունն ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այն դեպքում, երբ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի պահանջները, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում ընդհանուր կարգով շարունակում են դատական քննությունը և դատական ակտ են կայացնում՝ առանց անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ապա Վճռաբեկ դատարանը պարտավոր է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնել անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Նշված հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկել իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով ամբաստանյալների մեղավորության վերաբերյալ հանգելով ճիշտ հետևության (տե´ս սույն որոշման 6-7-րդ կետերը), միևնույն ժամանակ հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ամբաստանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով մեղսագրված արարքները հանդիսացել են շարունակվող հանցագործություն, որի համար ամբաստանյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ավարտվել է վերջին արարքը կատարելու պահից երկու տարի հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ գործը գտնվել է դատական քննության փուլում վաղեմության ժամկետներն անցած են եղել (տե´ս սույն որոշման 23-րդ կետը): Արդյունքում, ստորադաս դատարանները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի պահանջները, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում ընդհանուր կարգով շարունակել են սույն գործի դատական քննությունը և դատական ակտ են կայացրել՝ առանց ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու:

27. Սույն որոշման նախորդ կետում առկա եզրահանգումը վերլուծելով սույն որոշման 18-21-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը սույն գործով ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ վերջիններս արդեն հնարավորություն ունեցել են ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկել իրենց առաջադրված մեղադրանքը (տե´ս սույն որոշման 25-րդ կետը):

Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` 1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը. (...)»:

Նշված քրեադատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ս.Հովհաննիսյանի գործով կայացված որոշման մեջ` արձանագրելով, որ «(...) վարույթի կարճման հիմքերի առկայության դեպքում քրեական գործով դատական քննություն չիրականացնելու կանոնը պետք է մեկնաբանվի քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հեդապնդումը դադարեցնելու հիմքերի իրավական նշանակությանը համապատասխան. այն չպետք է հիմք հանդիսանա առերևույթ կամայականության համար: Այսինքն` այս կանոնը պետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող դատարանը գործը վարույթ ընդունելիս չգիտեր և չէր կարող իմանալ, որ առկա են քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր: Հակառակ դեպքում Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա ենթակա է անվերապահ բեկանման՝ անկախ այն հանգամանքից, թե ով և ինչ հիմքով է վերաքննիչ բողոք ներկայացրել: Այլ խոսքով՝ գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտի անվերապահ բեկանումը քրեադատավարական օրենքի իմպերատիվ պահանջ է (անվերապահ բեկանման հիմքերի մասին տե´ս mutatis mutandis Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը) (տե´ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 32-րդ կետը):

28. Սույն որոշման 18-27-րդ կետերում շարադրված վերլուծությունը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել և փոփոխել, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

29. Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալներին մեղսագրվող արարքների հիմնավորված չլինելու վերաբերյալ բողոքաբերների փաստարկներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում իրականացնելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց, այդ թվում` ամբաստանյալների ցունցմունքները իրենց անմեղության վերաբերյալ գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգել են ճիշտ հետևության, որ ամբաստանյալներ Ս.Ղամբարյանի, Ա.Բաղդասարյանի, Ս.Մկրտումյանի, Հ.Համբարձումյանի, Ա.Ռոստոմյանի, Ա.Վարդանյանի, Ա.Առաքելյանի, Ա.Լեպեջյանի և Ս.Խաչատրյանի կատարած հանցանքներն ապացուցված, և նրանց մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Մասնավորապես, նրանց մեղքը հաստատված է, իսկ բողոքաբերների պատճառաբանությունները հերքված են վկաներ Արտակ Գրիգորյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարուժան Մելքոնյանի, Գարիկ Ասրյանի, Սաշիկ Թովմասյանի, Արամ Հակոբյանի, Արման Մարգարյանի, Քամալ Հասոյանի, Կարապետ Կարապետյանի և այլոց ցուցմունքներով, ամբաստանյալների մասնակի խոստովանական ցուցմունքներով, դատաքիմիական փորձաքննությունների եզրակացություններով, զննության, խուզարկության, առգրավման արձանագրություններով, դատարանում հետազոտված իրեղեն ապացույցներով (տե´ս քրեական գործ, հատոր 15-ի թերթ 45-82):

Հետևաբար, ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չլինելու վերաբերյալ բողոքաբերների փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, ուստի հիմք չեն կարող հանդիսանալ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու, ամբաստանյալներին արդարացնելու կամ գործը նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ամբաստանյալներ Սիրաժ Գաբրիելի Ղամբարյանի և Արմեն Վլադիմիրի Բաղդասարյանի պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Արա Գեորգիի Ռոստոմյանի, Հակոբ Դերենիկի Համբարձումյանի և Սամվել Համբարձումի Մկրտումյանի պաշտպան Կ.Քամալյանի, ամբաստանյալ Աղվան Վանիկի Վարդանյանի պաշտպան Ա.Մուխսիկարոյանի, ամբաստանյալ Աշոտ Հովհաննեսի Առաքելյանի պաշտպան Գ.Պապոյանի, ամբաստանյալ Արմեն Պողոսի Լեպեջյանի և նրա պաշտպան Գ.Սարդարյանի, ամբաստանյալ Սամվել Սերգեյի Խաչատրյանի և նրա պաշտպան Ա.Մուխսիկարոյանի վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն:

2. Սիրաժ Գաբրիելի Ղամբարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ` թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

3. Արմեն Վլադիմիրի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ` թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանցանքների համակցությամբ նշանակված 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

4. Սամվել Համբարձումի Մկրտումյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ` թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

5. Արա Գեորգիի Ռոստոմյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ` թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանցանքների համակցությամբ նշանակված 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

6. Աղվան Վանիկի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ` թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանցանքների համակցությամբ նշանակված 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

7. Աշոտ Հովհաննեսի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ` թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանցանքների համակցությամբ նշանակված 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

8. Արմեն Պողոսի Լեպեջյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ` թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանցանքների համակցությամբ նշանակված 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

9. Սամվել Սերգեյի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ` թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանցանքների համակցությամբ նշանակված 12 (տասներկու) տարի ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

10. Հակոբ Դերենիկի Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ` թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանցանքների համակցությամբ նշանակված 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

11. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

12. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան