ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0342/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0342/02/12 2014 թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
|
Գ. Հակոբյանի | |
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2014 թվականի մայիսի 08-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հովսեփ Արզումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հովսեփ Արզումանյանի ընդդեմ Թամարա Աղաջանյանի, երրորդ անձինք «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի (այսուհետ՝ Ծառայություն)` ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075հա մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և նշված հողամասի արգելանքը հանելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հովսեփ Արզումանյանը պահանջել է վավեր ճանաչել իր և Թամարա Աղաջանյանի միջև 17.01.2003 թվականին կնքված ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075հա մակերեսով տնամերձ հողամասի օտարման մասին պայմանագիրը և Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող թիվ 016-001 ծածկագրով 0,075հա մակերեսով տնամերձ հողամասի արգելանքը հանել: 15.02.2013 թվականին դատարանին ներկայացրած դիմումով Հովսեփ Արզումանյանը փոխել է հայցի հիմքը և առարկան` պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075հա մակերեսով հողամասի նկատմամբ և հանել նշված հողամասի արգելանքը:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Կուրեխյան) (այսուհետ՝ Դատարան) 19.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.07.2013 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 19.04.2013 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովսեփ Արզումանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետը, 300-րդ հոդվածի 1-ին կետը, 302-րդ հոդվածի 1-ին կետը, 562-րդ հոդվածը, 563-րդ հոդվածի 1-ին կետը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ և 141-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հովսեփ Արզումանյանն ավելի քան տասը տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետում է ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075հա մակերեսով հողամասը, այսինքն` առկա են նշված հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Հովսեփ Արզումանյանի սեփականության իրավունքը ճանաչելու բոլոր նախապայմանները:
Բացի այդ, օրենսդրությամբ սահմանված գույքի տիրապետելը, օգտագործելը և տնօրինելը գույքի սեփականատիրոջ բացառիկ լիազորություններն են, որոնք կարող են իրականացվել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ վերջինիս համաձայնությամբ այլ անձանց կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը սահմանել է ինչպես նշված իրավազորություններն առանձին-առանձին, այնպես էլ բոլորը սահմանափակելու հնարավորություն` նախատեսելով սահմանափակման միջոցները, ինչպիսինն են գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը, այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը:
Ընդ որում, գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը սահմանափակում է միայն սեփականատիրոջ կողմից գույքը տնօրինելու իրավազորությունը, իսկ ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ այլ անձանց կողմից գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքների սահմանափակումը հնարավոր է միայն, ըստ անհրաժեշտության, դատարանին դիմում ներկայացնելու և այն բավարարելու դեպքում կատարողական թերթը Ծառայությանը կատարման ներկայացնելու միջոցով:
Այսինքն` օրենսդրության տրամաբանությունից հետևում է, որ գույքի նկատմամբ արգելանքի կիրառումն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի տիրապետումը և օգտագործումը սահմանափակելու համար, սակայն պահանջատերը զրկված չէ վճռի կատարումն ապահովելու համար ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ այլ անձանց կողմից նշված իրավունքների իրականացմանն ուղղված գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորությունից: Հետևաբար, վիճելի հողամասի նկատմամբ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ1/0307/02/10 քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց կիրառելուց հետո էլ շարունակվել է Հովսեփ Արզումանյանի տիրապետումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.04.2013 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 13.01.2003 թվականի վկայականի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 0,075հա մակերեսով թիվ 11-022-016-001 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գրացված է Թամարա Աղաջանյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 100-102).
2) Հովսեփ Արզումանյանի և Թամարա Աղաջանյանի միջև 17.01.2003 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Թամարա Աղաջանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075հա տնամերձ հողամասը 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառել է Հովսեփ Արզումանյանին: Պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել (հատոր 1-ին գ.թ. 9, հատոր 2-րդ, գ.թ. 82).
3) Գետահովիտի գյուղապետարանի 14.03.2013 թվականի տեղեկանքների համաձայն` Գետահովիտ համայնքի վարչական տարածքի թիվ 17 փողոցի 7-րդ հասցեում թիվ 11-022-016-001 ծածկագրի տակ գտնվող 0,075հա մակերեսով տնամերձ հողամասի հողի հարկը 2003-2013 թվականների համար վճարել է հողամասը փաստացի տիրապետող Հովսեփ Արզումանյանը: Հովսեփ Արզումանյանը նշված հողամասում 2006 թվականից անց է կացրել ջրագիծ, որից օգտվում է առ այսօր (հատոր 2-րդ, գ.թ. 56-57).
4) Թամարա Աղաջանյանը դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխաններով ընդունել է Գետահովիտ համայնքի վարչական տարածքի թիվ 17 փողոցի 7-րդ հասցեում թիվ 11-022-016-001 ծածկագրի տակ գտնվող 0,075հա մակերեսով տնամերձ հողամասը Հովսեփ Արզումանյանին վաճառելու և նրա կողմից 17.01.2003 թվականից տիրապետելու փաստը (հատոր 1-ին, գ.թ. 73-74, հատոր 2-րդ, գ.թ. 33-37).
5) Ծառայության «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 03.09.2010 թվականի և «Պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» 03.09.2010 թվականի որոշումների համաձայն` թիվ ՏԴ1/0307/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Բանկի ընդդեմ Ա/Ձ Թամարա Աղաջանյանի և Սամվել Միկոյանի` 9.212.472 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.08.2010 թվականի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց` հայցագնի չափով արգելանք է դրվել Թամարա Աղաջանյանին պատկանող ինչպես գրավադրված գույքի, այնպես էլ անձնական գույքի և դրամական միջոցների վրա: Նշված որոշման հիման վրա Ծառայության կողմից կատարողական վարույթը հարուցվել է 03.09.2010 թվականին, և պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել (հատոր 2-րդ, գ.թ. 8-9).
6) Ծառայության «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 27.11.2012 թվականի որոշմամբ Թամարա Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի թիվ 016-001 ծածկագրով 0,075հա մակերեսով տնամերձ հողամասը` 2.587.500 ՀՀ դրամ մեկնարկային գնով, ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Նույն որոշման «Պարզեցի» բաժնում արձանագրվել է, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2011 թվականի թիվ ՏԴ1/0307/02/10 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 11-1434/11 կատարողական վարույթը: Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել Թամարա Աղաջանյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում գտնվող թիվ 016-001 ծածկագրով տնամերձ հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 21-22):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցը` գույքն արգելանքի տակ դնելը, կարո՞ղ է արդյոք ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ նախապայմանի` տիրապետման ժամկետի ընդհատման հիմք համարվել, թե ոչ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` հայցի ապահովման միջոց է պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը (տե՛ս «Բի լայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով 21.04.2008 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցներն են պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):
Նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը: Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` նույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված գույքը: Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ: Արգելանքը կիրառվում է`
1) պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.
2) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.
3) պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում:
Նույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գույքի վրա կիրառվող արգելանքը հարկադիր կատարման միջոցներից մեկն է, որը կիրառվում է պարտապանի գույքի վրա բռնագանձումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով: Ընդ որում, ի թիվս այլ դեպքերի, գույքի վրա արգելանք դնելը ներառում է մասնավորապես գույքի տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` օգտագործման իրավունքը սահմանափակելը: Միաժամանակ օրենսդիրն այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձանց համար սահմանել է լիազորություն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմելու գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան (տե՛ս նաև Տիգրան Ենոքյանն ընդդեմ Սամվել Ստեփանյանի, Լիլիա Ստեփանյանի թիվ ԿԴ1/0289/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
Վերահաստատելով վերոնշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ձեռքբերման վաղեմության հիմքով տիրապետման ժամկետը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից, կամ գույքի սեփականատիրոջ, կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորի կողմից վիճելի գույքի տիրապետումը եղել է բարեխիղճ, քանի որ այդ գույքը նրա տիրապետմանն է անցել սեփականատիրոջ համաձայնությամբ, վերջինիս հետ կնքած գործարքի արդյունքում: Բացի այդ, Դատարանը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործարքը նոտարական վավերացում չի ստացել, այնուամենայնիվ, դրանում սեփականատիրոջ` գույքն օտարելու կամարտահայտության առկայությունը բավարար հիմք է տվել հայցվորին ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով և այն տիրապետելու է որպես սեփականը: Դատարանը գտել է նաև, որ գործում առկա ապացույցներով (մասնավորապես` վիճելի գույքը Հովսեփ Արզումանյանի տիրապետման է անցել 2003 թվականի հունվար ամսին և այն տիրապետում է մինչ օրս, հողամասում առկա են բազմամյա տնկիներ, ջրագիծ է անցկացված, վճարված է հողի հարկը) հաստատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ Հովսեփ Արզումանյանը մասնակցել է վիճելի հողամասի կառավարմանը, հոգ է տարել դրա պահպանման համար, հետևաբար նա վեճի առարկա հողամասը բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ, ավելի քան տասը տարի տիրապետում է:
Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով Բանկի այն փաստարկին, որ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու որոշմամբ ընդհատվել է հայցվորի կողմից հողամասի տիրապետման ժամկետը, պատճառաբանել է, որ վիճելի գույքի վրա արգելանք դնելուց հետո էլ այն մնացել է հայցվորի տիրապետության տակ, հետևաբար նրա տիրապետումը չի ընդհատվել: Կիրառված հայցի ապահովման միջոցով ընդամենն արգելվել է սեփականատիրոջը տնօրինելու գույքը, սակայն վերջինիս կամ երրորդ անձանց` գույքը տիրապետելու կամ օգտագործելու իրավունքը չի սահմանափակվել:
Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման և փոփոխման հիմքում դրել է այն հանգամանքը, որ նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագիրը առոչինչ է, հետևաբար դրա հիման վրա անշարժ գույքի տիրապետումը և օգտագործումը չի կարող համարվել իրավաչափ:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ծառայության 03.09.2010 թվականի որոշմամբ Թամարա Աղաջանյանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու պահի դրությամբ հայցվորի կողմից վիճելի անշարժ գույքի տիրապետման և օգտագործման` ձեռքբերման վաղեմության ինստիտուտի համար անհրաժեշտ և պարտադիր վավերապայմանը` 10 տարվա վաղեմության ժամկետը, դեռևս լրացած չի եղել, հետևաբար գույքն արգելանքի տակ գտնվելու պայմաններում ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքի ճանաչումն իրավաչափ չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Հովսեփ Արզումանյանի և Թամարա Աղաջանյանի միջև 17.01.2003 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Թամարա Աղաջանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075հա մակերեսով տնամերձ հողամասը 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառել է Հովսեփ Արզումանյանին: Նշված պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել: Գործում առկա` Գետահովիտի գյուղապետարանի կողմից 14.03.2013 թվականին տրված տեղեկանքներով հաստատվում են այն հանգամանքները, որ Գետահովիտ համայնքի վարչական տարածքի թիվ 17 փողոցի 7-րդ հասցեում թիվ 11-022-016-001 ծածկագրի տակ գտնվող 0,075հա մակերեսով տնամերձ հողամասի հողի հարկը 2003-2013 թվականների համար վճարել է հողամասը փաստացի տիրապետող Հովսեփ Արզումանյանը, ինչպես նաև վերջինս նշված հողամասում անց է կացրել ջրագիծ:
Սույն գործի քննության ընթացքում չի վիճարկվել այն փաստը, որ Հովսեփ Արզումանյանը 2003 թվականի հունվար ամսից մինչ օրս բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետել և օգտագործել է վեճի առարկա հողամասը, մշակել է այն, տնկել է պտղատու ծառեր և բանջարանոցային բույսեր, ինչպես նաև կատարել է նշված հողամասի պահպանության համար անհրաժեշտ ծախսերը:
Վերը նշվածը հիմք ընդունելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 17.01.2003 թվականին կնքված անշարժ գույքի ներքին առուծախի պայմանագրի առկայության պայմաններում հաստատվում է այն հանգամանքը, որ վեճի առարկա հողամասը հայցվորի փաստացի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման, նրա մոտ ձևավորվել է այն համոզմունքը, որ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Բացի այդ, նշված գործարքը Հովսեփ Արզումանյանին տվել է բավարար հիմքեր ենթադրելու, որ վիճելի գույքը տիրապետելու է որպես իր սեփականը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովսեփ Արզումանյանի տիրապետումը վիճելի գույքի նկատմամբ բարեխիղճ է:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Հովսեփ Արզումանյանը, վիճելի գույքը 2003 թվականի հունվար ամսից մինչ օրս տիրապետելով, մշակելով այն, տնկելով պտղատու ծառեր և բանջարանոցային բույսեր, ինչպես նաև կատարելով նշված հողամասի պահպանության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, ըստ էության այն տիրապետել է նաև բացահայտ:
Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ձեռքբերման վաղեմության ինստիտուտի համար անհրաժեշտ և պարտադիր մյուս նախապայմանին` 10 տարվա ընթացքում վիճելի գույքն անընդմեջ տիրապետելու և օգտագործելու հանգամանքի առկայությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես առկա է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ՏԴ1/0307/02/10 քաղաքացիական գործով ըստ Բանկի հայցի ընդդեմ Ա/Ձ Թամարա Աղաջանյանի և Սամվել Միկոյանի` 9.212.472 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.08.2010 թվականի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով արգելանք է դրվել Թամարա Աղաջանյանին պատկանող ինչպես գրավադված գույքի, այնպես էլ անձնական գույքի և դրամական միջոցների վրա: Նշված որոշման հիման վրա Ծառայության կողմից կատարողական վարույթը հարուցվել է 03.09.2010 թվականին, և պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովում կիրառելու մասին վերոնշյալ որոշման հիման վրա հարուցված կատարողական գործողություններով սահմանափակվել է պարտապանի` սույն գործով պատասխանողի` գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից նշված հողամասի տնօրինման իրավազորությունը:
Ավելին, Թամարա Աղաջանյանը վեճի առարկա հողամասը Հովսեփ Արզումանյանին օտարել է դեռևս 17.01.2003 թվականին` մինչև վիճելի գույքի նկատմամբ որևէ սահմանափակում կիրառված լինելը, այսինքն` այն Թամարա Աղաջանյանի կողմից տնօրինվել է մինչև այլ քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցի կիրառումը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցը` տվյալ դեպքում գույքն արգելանքի տակ դնելը, Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում այլ անձանց գործողություն է, որն ուղղված է հայցի ապահովման միջոց կիրառելուն: Ուստի Հովսեփ Արզումանյանի կողմից հողամասի փաստացի տիրապետման պայմաններում այն վիճելի անշարժ գույքը սեփականատիրոջ կողմից հետ վերադարձնելուն միտված գործողություն չէ:
Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այլ քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը, որն ուղղված է հետագայում ընդունվող դատական ակտի կատարման երաշխավորմանը, հիմք չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ձեռքբերման վաղեմության հիմքով տիրապետման ժամկետի ընթացքի ընդհատման համար: Հետևաբար հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ վիճելի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու որոշմամբ ընդհատվել է հայցվորի կողմից հողամասի տիրապետման ժամկետը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հողամասը բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ 10 տարի, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու հանգամանքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2013 թվականի վճռին:
2. Թամարա Աղաջանյանից հօգուտ Հովսեփ Արզումանյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|