ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0678/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0678/02/12 2014 թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան |
Դատավորներ՝ |
Ա. Պետրոսյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
|
Գ. Հակոբյանի | |
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2014 թվականի մայիսի 08-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Անդրեասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Անդրեասյանի ընդդեմ «Սարջոն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Արմեն Դալլաքյանի և Վանաձոր նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանի, երրորդ անձինք «Արարատ ՋԷԳ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն), Արարատ Անդրեասյանի, Համլետ Հակոբջանյանի՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արթուր Անդրեասյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության և Ընկերության միջև 01.04.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված պետական գրանցումը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Խ. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 13.11.2012 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.04.2013 թվականի որոշմամբ Արթուր Անդրեասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.11.2012 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Անդրեասյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Դալլաքյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածների, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 6-րդ կետի, 83-րդ հոդվածի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 40-րդ, 41-րդ, 55-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 55-րդ, 131-րդ, 219-րդ և 220-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ չի անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացրած հարցերին և չի հիմնավորել դրանք։ Վերաքննիչ դատարանի կողմից հիմնավոր է համարվել այն հանգամանքը, որ ժողովի որոշման օրենքին հակասող լինելու վերաբերյալ դատական ակտը միակ թույլատրելի ապացույց ճանաչելը և ապացուցման պարտականությունը հայցվորի վրա դնելն իրավաչափ չի կարող լինել, սակայն գտել է, որ այն ինքնին վճռի բեկանման հիմք չէ, մինչդեռ տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանում հայցի մերժման հիմնավորումը հանդիսացել է բացառապես ժողովի որոշումն օրենքին հակասող լինելու վերաբերյալ դատական ակտի բացակայությունը, տվյալ պարագայում Դատարանը այլ ապացույցներով պետք է հիմնավորեր հայցի մերժումը, ինչը չի արել, իսկ բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության դեպքում Դատարանը կհանգեր այլ եզրակացության։
Բացի այդ, Դատարանն իր վճռում նշել է, որ շահագրգռվածության առկայությամբ կնքված գործարքը վիճարկելու համար անհրաժեշտ է ապացուցել այդ գործարքի օրենքի խախտմամբ կնքված լինելու փաստը, ինչը հայցվորի կողմից չի ապացուցվել, մինչդեռ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 6-րդ կետի և 83-րդ հոդվածների համադրումից հետևում է, որ շահագրգռվածությամբ կնքված գործարքի հիմք հանդիսացող որոշումն ընդունվում է շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների (տվյալ դեպքում ժողովի մասնակիցների) ձայների մեծամասնությամբ, և Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովի որոշման մեջ Արմեն Դալլաքյանի ստորագրությունն ինքին ապացուցում է նշված օրենքի 64-րդ հոդվածի 1-ին կետի խախտման փաստը։
Ըստ էության, սույն գործով կնքվել է գործարք, որտեղ չեն պահպանվել օրենքով սահմանված կանոնները, որոնք նախատեսված են պաշտպանելու բաժնետերերի գույքային իրավունքները։ Լիազորված անձը վաճառել է գույք, որը վաճառելու լիազորություն չի ունեցել։ Ինչպես նաև նոտարը վավերացրել է պայմանագիր՝ խախտելով օրենքով նախատեսված և վավերացման համար անհրաժեշտ կանոնները, ինչի արդյունքում խախտվել են բաժնետիրոջ իրավունքները։
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Գործարքն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է միաժամանակ երկու վավերապայմանների առկայություն. գործարքն օրենքի խախտմամբ կնքված լինելու փաստը և շահագրգռվածության առկայությունը։ Հետևաբար, շահագրգռվածության առկայությունը պայմանագրի (գործարքի) անվավերության հիմք չի կարող հանդիսանալ, քանի դեռ նման հիմքով գործարքն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնող անձը չի ապացուցել գործարքը «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ կնքվելու փաստը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1894954 վկայականի համաձայն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 30 հասցեում գտնվող գազալցման ճնշակայանի նկատմամբ սեփականության իրավունքը 14.08.2008 թվականին գրանցվել է Կազմակերպության անվամբ (հատոր 1, գ.թ. 39-41).
2) 30.03.2011 թվականին Կազմակերպության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը որոշել է վերը նշված գազալցման ճնշակայանի շարժական և անշարժ գույքը 75.600.000 ՀՀ դրամով վաճառել Ընկերությանը։ Ըստ նշված ժողովի թիվ 1/11 արձանագրության՝ ժողովին մասնակցել են բաժնետոմսերի 27,9803 տոկոսի սեփականատեր Արարատ Անդրեասյանը, բաժնետոմսերի 45 տոկոսի սեփականատեր Արթուր Անդրեասյանը՝ հեռախոսով, և բաժնետոմսերի 27 տոկոսի սեփականատեր Արմեն Դալլաքյանը (վերջինս արձանագրությունը ստորագրել է որպես ժողովի քարտուղար) (հատոր 1, գ.թ. 33).
3) 30.03.2011 թվականին Կազմակերպության տնօրեն Արարատ Անդրեասյանը լիազորագիր է տվել Արմեն Դալլաքյանին՝ գազալցման ճնշակայանի առուվաճառքի գործարքն իրականացնելիս իր փոխարեն ստորագրելու համար (հատոր 1, գ.թ. 34).
4) 01.04.2011 թվականին նոտարական կարգով վավերացվել է շարժական և անշարժ գույքից բաղկացած գազալցման ճնշակայանի առուվաճառքի վերաբերյալ Կազմակերպության և Ընկերության պայմանագիրը, որը Կազմակերպության անունից 30.03.2011 թվականի լիազորագրի հիման վրա ստորագրել է Արմեն Դալլաքյանը։ Պայմանագրում նշվել է վաճառվող շարժական գույքի ցանկը, որը ներառել է 4 հատ գազամղիչ, 5 հատ կուտակիչ՝ 80քմ, 4 հատ կուտակիչ՝ 20քմ, 11 հատ հաստոց, 630 կվ ուժային տրանսֆորմատոր, գազաբաշխիչ վահան, 5 հատ եռակցման սարք, ազոտաթթվածնային ստացման և լիցքավորման ԱԳԿՍ-70 սարք և 204 հատ թթվածնի բալոն (հատոր 1, գ.թ. 35, 36).
5) 21.04.2011 թվականին Կազմակերպության և Ընկերության տնօրենները ստորագրել են գույքի փոխանցման ակտ, ըստ որի՝ 01.04.2011 թվականին պայմանագրի հիման վրա Կազմակերպությունը հանձնել, իսկ Ընկերությունն ընդունել է գազալցման ճնշակայանի անշարժ գույքը՝ հողամասը և դրա վրա տեղակայված շենքերն ու շինությունները, ներառյալ` ջրամատակարարման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման արտաքին և ներքին ցանցերը, ինչպես նաև հետևյալ շարժական գույքը՝ 3 հատ գազամղիչ, 5 հատ կուտակիչ՝ 80քմ, 1 հատ 630 կվտ ուժային տրանսֆորմատոր և 1 հատ գազաբաշխիչ վահան։ Ակտում կատարվել է նշում այն մասին, որ հանձնված գույքն անորոշ ժամկետով թողնվում է Կազմակերպության պատասխանատու պահպանությանը՝ օգտագործման իրավունքով (հատոր 1, գ.թ 37, 38)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ բաժնետիրական ընկերության կողմից կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքների վիճարկման առանձնահատկություններին, ինչպես նաև այն իրավական խնդրին, թե արդյոք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում չվիճարկված փաստը, որը դատարանի կողմից գնահատվել է որպես անվիճելի, Վերաքննիչ դատարանի կողմից կարող է համարվել որպես չապացուցված փաստ:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն պահանջելու անվավեր ճանաչել նույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքը:
Վկայակոչված հոդվածից հետևում է, որ նման պահանջ ներկայացնող Ընկերության բաժնետերը պետք է միաժամանակ հիմնավորի`
- շահագրգռվածության առկայությամբ գործարքի կնքման փաստը և
- այդպիսի գործարքի` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ կնքված լինելու հանգամանքը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընկերության գործարքներում շահագրգիռ անձ է համարվում Ընկերության փոխկապակցված անձը, որը`
ա) հանդիսանում է գործարքի կողմ կամ մասնակցում է գործարքին որպես միջնորդ կամ ներկայացուցիչ.
բ) գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող անձին փոխկապակցված անձ է:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի իմաստով փոխկապակցված են համարվում ընկերության խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները, գործադիր մարմնի իրավասություններ իրականացնող իրավաբանական անձը կամ դրա տնօրենը կամ դրա խորհրդի անդամները կամ դրա կանոնադրությամբ կամ պայմանագրով նախատեսված՝ ղեկավարման գործառույթներ իրականացնող այլ անձինք, վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը), ընկերության անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձինք և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փոխկապակցված ճանաչվող այլ անձինք:
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն՝ փոխկապակցված են համարվում երկու և ավելի անձինք, եթե՝
ա. նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսին.
բ. նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.
գ. նրանցից մեկը հսկում է մյուսին, կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում, կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի.
դ. նրանք միևնույն ընտանիքի անդամներ են կամ տվյալ դեպքում գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
Նույն հոդվածի 37-րդ կետի համաձայն՝ միևնույն ընտանիքի անդամներ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինը և երեխաները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական նորմերով սահմանված են այն անձինք և այն պայմանները, որոնց առկայության դեպքում նշված անձինք՝ ազգակցական կապի, զբաղեցրած դիրքի կամ այլ հանգամանքների ուժով ընկերության գործարքներում ճանաչվում են շահագրգիռ անձ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը նշված նորմերում շահագրգիռ անձանց հասկացությունը սահմանելու համար օգտագործվում է նաև «փոխկապակցված անձ» հասկացությունը, և սահմանված է այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող են երևան գալ փոխկապակցվածության հարաբերություններ:
Ընդ որում, թեև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում «փոխկապակցված անձ» հասկացությունն ամբողջությամբ բացահայտված չէ, այդուհանդերձ դրա 62-րդ հոդվածի 2-րդ կետը հղում է կատարում «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին, որում ի լրումն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձանց, սպառիչ կերպով սահմանված է այն անձանց շրջանակը, որոնք «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց նկատմամբ հանդիսանում են փոխկապակցված անձինք:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքների՝ վերը նշված դրույթները, եզրակացնում է, որ շահագրգիռ անձինք են ճանաչվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձինք, ինչպես նաև վերջիններիս փոխկապակցված անձինք, որոնց սպառիչ շրջանակը սահմանված է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ կետում և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ և 37-րդ կետերում, իսկ այն գործարքները, որոնցում որպես կողմ հանդես են գալիս «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձինք և/կամ վերջիններիս՝ նույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ կետով և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված փոխկապակցված անձինք, Ընկերության համար համարվում են շահագրգռվածության առկայությամբ գործարքներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
Սույն գործով Դատարանը վճռում որպես չվիճարկվող փաստ նշել է այն, որ Կազմակերպության անունից գազալցման ճնշակայանի առուվաճառքի գործարքը 30.03.2011 թվականի լիազորագրով լիազորվել է կատարելու Արմեն Դալլաքյանը, որը հանդիսացել է Ընկերության տնօրենի հարազատ եղբայրը՝ վճռում նշելով, որ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի առ 18.05.2011 թվականի դրությամբ Կազմակերպության գրանցված սեփականատերերի (անվանատերերի) տոկոսային բաշխման ցուցակի, նույն ընկերության 24.10.2012 թվականի տեղեկանքի և Կազմակերպության կանոնադրության հետազոտմամբ և դրանք համադրելու կարգով գնահատմամբ դատարանը գործարքում շահագրգռվածության փաստի առկայությունը համարում է ապացուցված, քանի որ, ըստ նշված ապացույցների, գործարքի կնքման պահին Կազմակերպության անունից գործարքը կնքելու համար ներկայացուցիչը և միևնույն ժամանակ ընկերության 27 տոկոս բաժնետոմսի սեփականատերը հանդիսացել է Արմեն Դալլաքյանը, որը գործարքի մյուս կողմ, պատասխանող Ընկերության տնօրենի եղբայրն է (չվիճարկված փաստ)։
Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, Արթուր Անդրեասյանի վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ «շահագրգռվածության առկայությունը Դատարանում գործի քննության ժամանակ հայցվորի կողմից փաստարկվել է սոսկ այն պնդմամբ, թե ժողովի որոշման ընդունմանը մասնակցած Արմեն Դալլաքյանը հանդիսանում է գնորդ ընկերության տնօրենի հարազատ եղբայրը, որպիսի պնդումը հաստատող որևէ ապացույց Դատարանին չի ներկայացվել»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ «Պայմանագիրը շահագրգռվածության առկայությամբ կնքված գործարք համարելու՝ հայցվորի վկայակոչած հիմքն առկա չէ, ուստի այդ «հիմքին» առնչվող կամ դրանից բխեցվող որևէ փաստարկ հիմնավորված համարվել չի կարող»։
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանի վճռով արձանագրվել է, որ Արմեն Դալլաքյանն Ընկերության տնօրենի եղբայրն է, և նշված փաստը ներառվել է «չվիճարկվող փաստերի» մեջ։ Բացի այդ, կողմերի միջև դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտումից հետո տվյալ փաստի առկայությունն անվիճելի է համարվել: Հետևաբար վերոնշյալ փաստը Վերաքննիչ դատարանի կողմից որպես հիմք կարող էր չընդունվել միայն այն դեպքում, եթե այն վիճարկվեր վերաքննիչ բողոքով, և Վերաքննիչ դատարանը հանգեր այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:
Մինչդեռ սույն գործով Դատարանի կողմից անվիճելի գնահատված լինելու և վերաքննիչ վարույթում վիճարկված չլինելու պայմաններում Արմեն Դալլաքյանի` Ընկերության տնօրենի եղբայրը լինելու փաստը Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող գնահատման առարկա դարձվեր և դրվեր վերաքննիչ բողոքի մերժման հիմքում:
Բացի այդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածով սահմանված է շահագրգռվածության առկայության դեպքում ընկերության գործարքների կնքման կարգը:
Մասնավորապես՝ նշված հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչև 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող ընկերությունում որոշումը՝ գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը` գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` 500 և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում որոշումը՝ գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը` գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող, խորհրդի անկախ անդամների ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի անկախ անդամ է համարվում այն անձը, որը չի հանդիսանում Ընկերության միանձնյա գործադիր մարմին` տնօրեն, գլխավոր տնօրեն (այսուհետ` միանձնյա գործադիր մարմին), կամ Ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի` վարչության, տնօրինության (այսուհետ` կոլեգիալ գործադիր մարմին) անդամ, և որի ամուսինը, ծնողները, երեխաները, քույրերը և եղբայրները պաշտոններ չեն զբաղեցնում Ընկերության կառավարման մարմիններում:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ որոշումը՝ գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ, եթե գործարքով վճարման ենթակա գումարը և գործարքի առարկա հանդիսացող գույքի` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը գերազանցում են Ընկերության ակտիվների արժեքի 10 տոկոսը:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը, միևնույն ժամանակ Ընկերության գույքի օտարման կամ ձեռքբերման խոշոր գործարք է հանդիսանում, ապա դրա կնքումն իրականացվում է` հաշվի առնելով նաև նույն օրենքի VIII գլխի դրույթները:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի VIII գլխում ամրագրված 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքը, ու որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի խորհրդի կողմից միաձայն: Այդ դեպքում խորհրդից դուրս եկած անդամների ձայները հաշվի չեն առնվում:
Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունել` հարցը ժողովում քննարկելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի երկրորդ մասով սահմանված դեպքում, ինչպես նաև եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից` դրան մասնակցող բաժնետերերի (քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի) ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժողովի իրավասությանն են պատկանում, մասնավորապես, գործարքների կնքման մասին որոշման ընդունումը` նույն օրենքի 64-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և նույն օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում մասնավորապես Ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը` նույն օրենքի VIII գլխում նախատեսված դեպքերում, ինչպես նաև նույն օրենքի IX գլխով նախատեսված շահագրգռվածության առկայությամբ գործարքների կնքումը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խորհուրդը պետք է ստեղծվի 50 և ավելի բաժնետեր ունեցող Ընկերությունում:
Մինչև 50 բաժնետեր ունեցող Ընկերությունում խորհուրդ չստեղծվելու դեպքում նրա իրավասություններն իրականացնում է ժողովը:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված է շահագրգռվածության առկայությամբ գործարքների կնքման ընթացակարգը, համաձայն որի` գործարքի կնքմանը պետք է նախորդի համապատասխան որոշման ընդունումը:
Ընդհանուր կանոնի համաձայն՝ շահագրգռվածության առկայությամբ գործարքի կնքման մասին որոշումը պետք է ընդունի Ընկերության խորհուրդը, սակայն օրենքով նախատեսված դեպքերում որոշման ընդունման իրավասությունը վերապահված է Ընկերության ընդհանուր ժողովին:
Այսպես, եթե գործարքով վճարման ենթակա գումարը և գործարքի առարկա հանդիսացող գույքի՝ օրենքով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը գերազանցում են Ընկերության ակտիվների արժեքի 10 տոկոսը, ապա շահագրգռվածության առկայությամբ գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ:
Բացի այդ, եթե մինչև 50 բաժնետեր ունեցող Ընկերությունում խորհուրդ չի ստեղծվում, ապա վերջինիս իրավասությունները, այդ թվում՝ շահագրգռվածության առկայությամբ գործարքը կնքելու մասին որոշման ընդունման իրավասությունն իրականացնում է ժողովը, հետևաբար այն դեպքում, երբ Ընկերությունում խորհուրդ չի ստեղծվում, շահագրգռվածության առկայությամբ գործարքը կնքելու մասին որոշումը բոլոր դեպքերում ընդունվում է ժողովի կողմից՝ քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ՝ անկախ գործարքի առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքից:
Մյուս կողմից, այլ ընթացակարգ է նախատեսված շահագրգռվածության առկայությամբ գործարքների կնքման մասին որոշման ընդունման համար, եթե այդ գործարքը միևնույն ժամանակ հանդիսանում է Ընկերության գույքի օտարման կամ ձեռքբերման խոշոր գործարք:
Այս դեպքում շահագրգռվածության առկայությամբ գործարքի կնքման մասին որոշումը, հաշվի առնելով խոշոր գործարքի կնքման՝ օրենքով սահմանված իրավակարգավորումը, պետք է ընդունվի՝
- խորհրդի՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածով նախատեսված անդամների կողմից միաձայն, եթե գործարքի առարկա է հանդիսանում գույք, որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը,
- ժողովի՝ քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների 3/4-ով, եթե՝
ա) գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, կամ
բ) գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, կամ
գ) օրենքով մինչև 50 բաժնետեր ունեցող Ընկերությունում խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում:
Վերը նշված վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ շահագրգռվածության առկայությամբ գործարքն օրենքի խախտումով կնքված լինելու հարցը պարզելու համար դատարանները պետք է պարզեն՝
- արդյո՞ք այդպիսի գործարք կնքելու մասին որոշումն ընդունվել է Ընկերության կառավարման այն մարմնի կողմից, որի իրավասությանն է պատկանում նման որոշման ընդունումը,
- արդյո՞ք այդպիսի գործարք կնքելու մասին որոշումն ընդունվել է Ընկերության իրավասու մարմնի` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց կողմից,
- արդյո՞ք այդպիսի գործարք կնքելու մասին որոշումն ընդունվել է օրենքով սահմանված ձայների անհրաժեշտ քանակի համամասնությամբ,
- արդյո՞ք շահագրգռվածության առկայությամբ գործարքը միևնույն ժամանակ հանդիսանում է խոշոր գործարք, թե ոչ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն նշված հանգամանքները պարզելուց հետո հնարավոր կլինի պարզել գործարքի կնքման՝ օրենքով սահմանված ընթացակարգը պահպանված կամ խախտված լինելու հարցը:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ամեն դեպքում շահագրգռվածության առկայությամբ գործարքի, այդ թվում՝ խոշոր գործարքի օրենքի խախտմամբ կնքված լինելն ապացուցվում է այդ հարցով բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի, իսկ եթե ձևավորված է խորհուրդ, ապա խորհրդի՝ ընդունած որոշումը գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին չհամապատասխանելու փաստը հաստատող որոշակի ապացույցով, այն է՝ գործարքի հիմքում ընկած ժողովի կամ խորհրդի որոշումը գործող օրենքներին և իրավական այլ ակտերին չհամապատասխանելու մասին դատական ակտով, իսկ սույն գործում նման դատական ակտ առկա չէ:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Դատարանի՝ վերը նշված դիրքորոշմանը, նշել է, որ «ժողովի որոշումը վիճարկված կարող էր համարվել բացառապես այն դեպքում, երբ ներկայացված լիներ այդ որոշման իրավաբանական կարգավիճակը փոխելուն ուղղված որևէ պահանջ (օրինակ՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջ), ինչը չի արվել, հետևաբար, ժողովի որոշման վավերականության հարցը չի ներառվել հայցի առարկայի կազմում, և այս կապակցությամբ բողոքում բերված փաստարկները հիմնավորված չեն (ճիշտ է, Դատարանը ժողովի որոշման՝ օրենքի պահանջներին չհամապատասխանելու փաստը հաստատող միակ թույլատրելի ապացույց է համարել առանձին դատական ակտը, հաշվի չառնելով, որ նման դատական ակտի բացակայության դեպքում անգամ հայցվորը զրկված չէր սույն գործի շրջանակներում ժողովի որոշումը վիճարկելու իրավունքից, սակայն Դատարանի պատճառաբանություններում առկա այդ թերությունը չի կարող բողոքարկված վճռի բեկանման հիմք ծառայել, քանի որ հայցվորն իր վերոհիշյալ իրավունքը չի իրացրել և ժողովի որոշման վավերականությունը չի վիճարկել նաև սույն գործի շրջանակներում)»:
Վերը շարադրված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա՝ Կազմակերպության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 30.03.2011 թվականի թիվ 1/11 արձանագրության (որոշման) վիճարկված լինելու հանգամանքը կամ դրա իրավաչափության վերաբերյալ դատական ակտի առկայությունը սույն գործի լուծման համար չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ նշված արձանագրությունը սույն գործով հանդիսանում է միայն որոշակի հանգամանքների վերաբերյալ ապացույց, որը ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ:
Մասնավորապես, դրանում տեղեկություններ են պարունակվում այն մասին, որ`
- գործարքը կնքելու հիմքում դրվել է հենց այդ արձանագրությունը,
- գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվել է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից,
- քվեարկությանը մասնակվել են Ընկերության բաժնետոմսերի` 99,9803% սեփականատերերը՝ Արարատ Անդրեասյանը, Արմեն Դալլաքյանը, Արթուր Անդրեասյանը (վերջինս քվեարկությանը մասնակցել է հեռախոսով),
- գազաճնշիչ կայանի շարժական և անշարժ գույքը վաճառվել է 75,6 մլն դրամով,
- գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվել է միաձայն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված արձանագրությունը գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով հնարավոր կլինի պարզել՝ արդյո՞ք գործարքը կնքվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումով, թե ոչ, և արդյո՞ք Կազմակերպության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 30.03.2011 թվականի թիվ 1/11 արձանագրությունը կարող էր դրվել գործարքի կնքման հիմքում՝ հաշվի առնելով շահագրգռվածության առկայությամբ գործարքների կնքման՝ օրենքով սահմանված պահանջները:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի և այդ փաստի առկայությունը հիմնավորող թույլատրելի և վերաբերելի ապացույցների շրջանակի վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի փաստարկները հիմնավոր են և սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո գործն անհրաժեշտ է ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.09.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|