Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1156
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.06.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.18/31(1044) Հոդ.490
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.06.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
10.06.2014
Дата вступления в силу
10.06.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 հունիսի 2014 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ, ՊՏՂԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված` Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության ու մատակարարումների բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի մայիսի 26-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության ու մատակարարումների բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի մայիսի 31-ին:

Համաձայնագրի նպատակն է իրականացնել համագործակցություն սելեկցիայի և սերմնաբուծության բնագավառում:

 

2. Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

ա) կազմել և հաստատել պետական գիտական հետազոտությունների, ինստիտուտների, սերմնաբուծական և տնկարանային կազմակերպությունների ցանկը, տեղեկացնել արտադրության ծավալների, գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի իրացման, պտղահատապտղային մշակաբույսերի տնկանյութի վերաբերյալ.

բ) չգանձել արտահանման-ներմուծման մաքսատուրքեր` Համաձայնագրի շրջանակներում մատակարարվող գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտահանման (ներկրման) դեպքերում.

գ) իրականացնել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սերմնաբուծության հարցերով Միջկառավարական համակարգող խորհրդի նիստերի անցկացման հետ կապված կազմակերպչական ծախսերը.

դ) իրականացնել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սերմնաբուծության հարցերով Միջկառավարական համակարգող խորհրդի անդամների և նիստերի մասնակիցների գործուղման ծախսերը:

 

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված` Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության ու մատակարարումների բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

10 հունիսի 2014 թ.

ՍԴՈ-1156