Գլխավոր տեղեկություն
Номер
N 1929-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.08/2(237) Հոդ.17
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2002
Дата вступления в силу
09.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1929-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.04.14 N 456-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 30.04.14 N 456-Ն)

2. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 30.04.14 N 456-Ն)

3. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 30.04.14 N 456-Ն)

4. Սահմանել, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտահետազոտական, փորձագիտական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

(4-րդ կետը փոփ. 30.04.14 N 456-Ն)

5. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) հանրակրթական, միջին, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

5) հրատարակչական և տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

7) համալսարանի կանոնադրական խնդիրների հետ կապված մշակութային միջոցառումների իրականացում.

8) համալսարանի աշխատողների, սովորողների, հանրակացարանաբնակ սովորողների հանրային սննդի, հանգստի, կենցաղի կազմակերպում և սպասարկում.

9) լեզուների տարբեր մակարդակների ուսուցման դասընթացների, թարգմանչական, ուսումնական գործընթացից բխող զբոսաշրջության ու համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ սեփականության իրավունքով պատկանող տարածքներում հանգստի ծառայությունների կազմակերպում և մատուցում.

10) ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

11) համալսարանի տարբերանշաններով իրերի արտադրություն և դրանց իրացում:

(5-րդ կետը խմբ., լրաց. 20.07.06 N 1029-Ն, խմբ. 30.04.14 N 456-Ն)

6. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

(6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն, փոփ. 30.04.14 N 456-Ն)

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի վերակազմակերպումից հետո ներառվում են «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 30.04.14 N 456-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1929-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(վերնագիրը խմբ. 30.04.14 N 456-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է հումանիտար, լեզվաբանական, հասարակագիտական, գիտության և մշակույթի տարբեր ուղղությունների ուսումնառության կազմակերպմանը՝ հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:

2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Համալսարանի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է:

3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված իր խնդիրներին համապատասխան իրավունքներ ու պարտականություններ:

4. Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

5. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք և այլ անհատականացման միջոցներ:

6. Համալսարանի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` «Ереванский государственный университет языков и социальных наук им. В. Я. Брюсова» государственная некомерческая организация. 

4) ռուսերեն կրճատ` «ЕГУЯС им. В. Я. Брюсова» ГНО

5) անգլերեն լրիվ` «Yerevan BRUSOV State Սniversity of Languages and Social Sciences» State Non Profit Օrganization.

6) անգլերեն կրճատ` «BRUSOV YSULS» SNPO:

7. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375002, Թումանյան 42:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Համալսարանի գործունեության նպատակը կրթական, գիտահետազոտական, փորձագիտական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

9. Համալսարանը`

1) իրականացնում է իր ինքնավարությունը՝ ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով.

2) ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում.

3) ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը՝ ներառյալ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը։

10. Համալսարանի խնդիրներն են`

1) մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.

2) գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.

3) կրթության և գիտության ինտեգրման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու ներդրումը.

4) գիտական մշակումների տարածումը, մշակութային գործունեության իրականացումը.

5) բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը.

6) բարձրագույն կրթությամբ մասնագետների, գիտամանկավարժական ոլորտի աշխատողների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

7) կրթության որակի ապահովման և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

8) կրթական գործընթացի շարունակականության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

9) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.

10) գիտելիքների տարածումը, սովորողների կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

11) ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում սովորողների մոտ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

11. Համալսարանի իրավասությունն է`

1) ըստ կրթական ծրագրերի՝ դիմորդների՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը.

2) համալսարանի ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը.

3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը.

4) ըստ համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների` աշխատողների տեղաբաշխումը.

5) մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը.

6) տեղական և միջազգային գիտակրթական և հետազոտական ծրագրերին մասնակցությունը և դրանց իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը.

7) հետազոտական աշխատանքներում սովորողների մասնակցության ապահովումը.

8) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցում և այլն) իրականացումը.

9) հետբուհական կրթության իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճանների, համալսարանի պատվավոր կոչումների, մրցանակների, անվանական կրթաթոշակների շնորհումը, համալսարանի մեդալով և պատվոգրով պարգևատրումը.

11) ֆինանսների կառավարումը՝ ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարումը, ուսման վարձի փոխհատուցումը, ուսանողական նպաստների տրամադրումը, համալսարանի պահպանմանն ու զարգացմանը և գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.

12) սեփականության իրավունքով պատկանող կամ իրեն անհատույց օգտագործման իրավունքով տրված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության հանձնելը.

13) օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեության իրականացումը:

12. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հանրակրթական, միջին, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

5) հրատարակչական և տպագրական գործունեության ծավալում և արդյունքների իրացում.

6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

7) համալսարանի կանոնադրական խնդիրների հետ կապված մշակութային միջոցառումների իրականացում.

8) համալսարանի աշխատողների, սովորողների, հանրակացարանաբնակ սովորողների հանրային սննդի, հանգստի, կենցաղի կազմակերպում և սպասարկում.

9) լեզուների տարբեր մակարդակների ուսուցման դասընթացների, թարգմանչական, ուսումնական գործընթացից բխող զբոսաշրջության ու համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ սեփականության իրավունքով պատկանող տարածքներում հանգստի ծառայությունների կազմակերպում և մատուցում.

10) ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

11) համալսարանի տարբերանշաններով իրերի արտադրություն և դրանց իրացում:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ՝ համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

14. Հիմնադիրը՝

1) սահմանում է համալսարանի՝

ա. անվանումը,

բ. գործունեության առարկան ու նպատակները, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները,

գ. կառավարումն իրականացնող այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայությանը հանձնվում է պետական կազմակերպությունը.

2) հաստատում է համալսարանի կանոնադրությունը.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, իր անունից առաջադրում է համալսարանի խորհրդի անդամներ.

4) հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները.

5) հաստատում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

6) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

15. Լիազորված պետական մարմինը`

1) իրականացնում է վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ.

2) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.

3) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.

4) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում համալսարանի սեփականության պահպանության նկատմամբ.

6) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

16. Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է: Համալսարանի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որը, սույն կանոնադրությանը համապատասխան, ստեղծվում է 5 տարի ժամկետով՝ այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է:

17. Խորհուրդը`

1) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.

2) հաստատում է իր աշխատակարգը.

3) հաստատում է համալսարանի բյուջեն.

4) հաստատում է համալսարանի ռազմավարական ծրագիրը.

5) լսում և գնահատում է համալսարանի գործունեության տարեկան հաշվետվությունը.

6) ընտրում է համալսարանի ռեկտորին.

7) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություն համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

18. Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացուցիչներից:

19. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`

1) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.

2) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

3) խորհրդի՝ պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

20. Համալսարանի սովորողների ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

1) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող.

2) համալսարանի ուսանողական խորհուրդը ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներ և ներկայացնում լիազոր մարմին.

3) սովորողների կողմից ընտրված անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

21. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

22. Լիազորված մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

23. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

24. Խորհուրդն իր կազմից, բացառությամբ սովորողների ներկայացուցիչների, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (վարչական աշխատող, դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը համալսարանում ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունք ունի:

25. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

1) իր դիմումի համաձայն.

2) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.

3) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.

4) ըստ պաշտոնի առաջադրված լինելու դեպքում պաշտոնից ազատվելու դեպքում.

5) որպես սովորող առաջադրված լինելու դեպքում սովորողի կարգավիճակը կորցնելու դեպքում:

26. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորված մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

27. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է՝ սույն կանոնադրության 18-21-րդ կետերի պահանջներին համապատասխան: Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

28. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր՝ խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի առաջարկությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ համալսարանի ռեկտորի առաջարկությամբ:

29. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող՝ համալսարանի ուսումնական, գիտական, հետազոտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 /հինգ/ տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են յուրաքանչյուր ամիս՝ առնվազն մեկ անգամ:

30. Գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) հատկացված ընդհանուր չափաքանակների սահմաններում, համալսարանի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդհանուր տեղերը.

3) քննարկում է համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը.

4) համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.

5) քննարկում է համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը, հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների` լիազոր մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխան.

6) քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.

7) շնորհում է պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը, շնորհում է համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում է համալսարանի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածություններ.

8) իրականացնում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված` սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ.

9) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը, հաստատում է համալսարանի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների արդյունքները:

31. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել համալսարանի հաստիքային աշխատողների 1/6-ը:

32. Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են համալսարանի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, համալսարանի աշխատակազմի ղեկավարը, համալսարանի գիտական քարտուղարը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) պետերը (կամ վարիչները), ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև՝ համալսարանի ռեկտորի ընտրությամբ` կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

33. Համալսարանի գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Առաջադրված թեկնածուներին ընտրում և ներկայացնում է համալսարանի ուսանողական խորհուրդը:

34. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

35. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

36. Գիտական խորհրդին կից, գիտական խորհրդի որոշմամբ, ստեղծվում են համալսարանական հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է համալսարանի ռեկտորը: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:

37. Ռեկտորատը համալսարանի ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում իր լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեությանը վերաբերող հարցեր և ներկայացնում առաջարկություններ համալսարանի ռեկտորին:

38. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, համալսարանի աշխատակազմի ղեկավարը, համալսարանի գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, ուսումնական մասի վարիչը, իրավաբանական բաժնի պետը, արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչը, ինչպես նաև ռեկտորի առաջարկությամբ՝ այլ ստորաբաժանումների ղեկավարներ:

39. Համալսարանի գործադիր մարմինը` համալսարանի ռեկտորը, օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, համալսարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է համալսարանի գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, համալսարանի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Համալսարանի ռեկտորն առանց լիազորագրի գործում է համալսարանի անունից, ներկայացնում նրա շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում և միջազգային կազմակերպություններում:

41. Համալսարանի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտական աստիճան և գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

42. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Այդ արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

43. Համալսարանի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

44. Համալսարանի ռեկտորը`

 1) կազմակերպում է համալսարանի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

2) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.

3) տարեկան հաշվետվություն է ներկայացնում համալսարանի խորհրդին.

4) համալսարանի խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը.

5) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

6) սահմանում է համալսարանի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և (կամ) կանոնակարգերը, ներքին կարգապահական կանոններ.

7) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է համալսարանի գիտական խորհուրդը և սահմանում է համալսարանի հաստիքացուցակը, աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.

8) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու համալսարանի մյուս աշխատողներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունները, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և ենթարկում կարգապահական տույժերի.

9) արձակում է համալսարանի գործունեությանն առնչվող հրամաններ և կարգադրություններ, այդ թվում` սովորողների ընդունելության, հեռացման, վերականգնման, արձակուրդ ձևակերպելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու մասին.

10) կազմավորում է համալսարանի խորհրդակցական մարմիններ, ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.

11) տալիս է համալսարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

45. Ռեկտորի բացակայության դեպքում լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ ռեկտորի լիազորություններն իրականացնում է պրոռեկտորներից մեկը կամ ռեկտորին ներկայացվող պահանջները բավարարող այլ անձ:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

46. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, վարչությունները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, քոլեջները, վարժարանները և այլն: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով կամ կանոնակարգերով:

47. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ ուսումնական և գիտական ամբողջություն է, որի միասնությունն ապահովում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպումը՝ նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:

48. Համալսարանի ֆակուլտետը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

49. Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը:

50. Ֆակուլտետը, իր խնդիրներին և իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտահետազոտական աշխատանքներին համապատասխան, մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

51. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական ու այլ ստորաբաժանումներից:

52. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնակարգը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, լսում դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

53. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնակարգով: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

54. Ֆակուլտետի խորհրդի անդամների 25 տոկոսը սովորողներ են, որոնց առաջադրումը և ընտրությունը իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Ընտրված թեկնածուներին հաստատում և ներկայացնում է համալսարանի ուսանողական խորհուրդը:

55. Ֆակուլտետի խորհուրդը`

1) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (գիտաուսումնական կենտրոններ, լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համալսարանի ռեկտորին.

2) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտահետազոտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցերը.

3) համալսարանի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.

4) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

5) լուծում է ֆակուլտետի՝ սույն կանոնադրությունից բխող ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.

6) գաղտնի քվեարկությամբ գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում գիտական կոչումներ շնորհելու թեկնածուներին:

56. Ֆակուլտետի խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների և սովորողների համար:

57. Ֆակուլտետի գործունեությունը, սահմանված կարգին համապատասխան, կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը, ով ընտրվում է 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել դեկանի պաշտոնում: Ֆակուլտետի դեկանի ընտրության արդյունքները հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը։

58. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտահետազոտական, միջազգային գործունեությունը.

2) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

3) համալսարանի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալներին.

4) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ։

59. Ամբիոնները (գիտաուսումնական կենտրոնները, բաժինները, լաբորատորիաները) համալսարանի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու գիտաուսումնական կենտրոնների կանոնակարգերի համաձայն: Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով և համալսարանի ռեկտորի հրամանով պաշտոնի է նշանակվում` մինչև 5 տարի ժամկետով: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ձևավորվում է պրոֆեսորներից, դոցենտներից, ավագ դասախոսներից և դասախոսներից:

60. Համալսարանի ամբիոնների (գիտաուսումնական կենտրոնների, բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմն աշխատանքի է ընդունվում սահմանված կարգով անցկացվող մրցույթի հիման վրա:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

61. Սովորողների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համալսարան ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

62. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով:

63. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով. յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:

64. Համալսարանում սահմանվում են ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություններ, գործնական, լաբորատոր և անհատական պարապմունքներ, սեմինարներ, մանկավարժական և արտադրական պրակտիկաներ, խորհրդատվություններ, ստուգողական աշխատանքներ:

65. Համալսարանում կիրառվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգը. կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

66. Համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

67. Համալսարանի գիտամանկավարժական կադրերի պատրաստումը՝ ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

68. Համալսարանում լրացուցիչ մասնագիտական կրթությունն իրականացվում է վերապատրաստման և մասնագետների որակավորման բարձրացման կրթական ծրագրերով: Լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձանց տրվում է սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր (վկայական)։

69. Համալսարանում կարող են գործել գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդներ:

70. Համալսարանում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

71. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները, սովորողները, ինչպես նաև՝ պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

72. Համալսարանի աշխատողներն են՝ պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատողները:

73. Համալսարանի սովորողներն են՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողները, հայցորդները, ասպիրանտները (հետազոտողները), դոկտորանտները:

74. Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և համալսարանի այլ իրավական ակտերով:

75. Համալսարանի աշխատողներն իրավունք ունեն`

1) ընտրելու և ընտրվելու համալսարանի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

2) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

3) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ՝ մասնագիտական գործունեության համար.

4) ընտրելու ուսումնական գործընթացի դասավանդման մեթոդներ.

5) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով բողոքարկելու համալսարանի կառավարման մարմինների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ընդունած ակտերը.

6) միավորվելու արհմիությունների և հասարակական այլ կազմակերպությունների մեջ.

7) օգտվելու համալսարանի ուսումնական, գիտահետազոտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև՝ գիտական գրադարանի և տեղեկատվական ծառայություններից.

8) սահմանված կարգով ստանալու վճարվող կամ չվճարվող արձակուրդ.

9) ստանալու դրամական հատուցում՝ աշխատանքի ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար.

10) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, հավելավճարներ, ինչպես նաև՝ պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ՝ դրամական)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և համալսարանի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով.

11) ըստ նախասիրությունների՝ կազմակերպելու և մասնակցելու համալսարանում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

12) համալսարանի աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներ:

76. Համալսարանի աշխատողները պարտավոր են`

1) պահպանել համալսարանի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ապահովել ուսումնական գործընթացի, կատարվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

3) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ՝ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.

4) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

5) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

77. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ձևավորվում է գիտական խորհրդի կողմից հաստատված կարգով։

78. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ունի հետևյալ իրավունքները`

1) մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական հնարավորություններից օգտվելու.

2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության.

3) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության.

4) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան՝ ազատ որոշելու ուսումնական դասընթացների բովանդակությունը, ծրագրերը.

5) ազատ ընտրելու անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդներն ու միջոցները.

6) համատեղությամբ կատարելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ:

79. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, գիտաշխատողներին և սովորողներին տրվում են ակադեմիական ազատություններ:

80. Համալսարանի ուսանողներ են համարվում սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ռեկտորի կողմից հրամանագրված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառող անձինք:

81. Համալսարանի սովորողն իրավունք ունի`

1) սեփական հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.

2) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու դասախոսություններին, ինչպես նաև՝ մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

3) մասնակցելու իրենց կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

5) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու համալսարանի կառավարման մարմինների աշխատանքներին.

7) օգտվելու համալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

8) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.

9) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի (ներառյալ անվանական) կրթաթոշակ.

12) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և այլ իրավական փաստաթղթերին.

13) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

14) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` առնվազն յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.

15) սահմանված կարգով փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

82. Համալսարանի սովորողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) պահպանել համալսարանի կանոնադրությունը և ներքին կարգապահական կանոնները.

4) հաճախել դասախոսություններին, սեմինարներին, գործնական, արտալսարանային պարապմունքներին.

5) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը:

83. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող սովորողները պարտավոր են սահմանված ժամկետներում վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանը:

84. Սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմինը ուսանողական խորհուրդն է, որի կանոնադրությունը հաստատում է լիազորված մարմինը:

85. Այն սովորողները, ովքեր չեն կատարում ուսումնական լսարանային և արտալսարանային ծանրաբեռնվածությունը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն և խախտում են ուսումնական գործընթացի ժամանակացույցը, համալսարանի ներքին կարգապահական կանոնները, համալսարանի ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի:

86. Համալսարանի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած սովորողին շնորհվում է համապատասխան մասնագիտական որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ և ներդիր): Հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

87. Համալսարանի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրներից`

1) համալսարանին անհատույց օգտագործման համար հանձնված պետական գույքից.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից.

3) համալսարանի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներից.

4) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումներից, այդ թվում` բարեգործությունից, հովանավորչությունից, կտակած գույքից, նվիրատվությունից, հանգանակությունից.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

88. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթն ուղղվում է համալսարանի կանոնադրական խնդիրների իրականացմանը:

89. Համալսարանի եկամուտները և ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

90. Համալսարանն իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության տալու ամրացված գույքը: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

91. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, լիազոր մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

92. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)՝ լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

93. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

94. Համալսարանի լուծարման դեպքում համալսարանի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 15.09.05 N 1719-Ն, խմբ. 20.07.06 N 1029-Ն, 30.04.14 N 456-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.04.2014, N 456-Ն 24.05.2014, N 1929-Ն
20.07.2006, N 1029-Ն 26.08.2006, N 1929-Ն
15.09.2005, N 1719-Ն 17.11.2005, N 1929-Ն
09.06.2005, N 888-Ն 21.07.2005, N 1929-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան