Գլխավոր տեղեկություն
Номер
N 438-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.04.30/22(1035).1 Հոդ.342.8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.04.2014
Дата вступления в силу
10.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2014 թվականի N 438-Ն

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «մասնակցի» բառից հետո լրացնել «կամ երկրապահ կամավորականի» բառերով.

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգում`

ա. վերնագիրը «մասնակցի» բառից հետո լրացնել «կամ երկրապահ կամավորականի» բառերով,

բ. 1-ին կետում «1990-1994 թվականների» բառերը փոխարինել «1989-1994 թվականների» բառերով,

գ. 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգի համաձայն մարտական գործողությունների մասնակցի կամ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Միջգերատեսչական հանձնաժողովը`

1) ճշտում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց կարգավիճակը և հաշվառում նրանց.

2) տալիս է եզրակացություն մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ.

3) գնահատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց սոցիալ-տնտեսական վիճակը (կարիքները) և մշակում է նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձը կամ մարտական գործողությունների ժամանակ զոհված, ինչպես նաև այդ գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում մահացած անձի` օրենքով սահմանված ընտանիքի անդամը մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի (մարտական գործողությունների ժամանակ զոհված, ինչպես նաև այդ գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում մահացած անձին` հետմահու) վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացնում`

1) դիմում.

2) սույն կարգի 1-ին կետում, ինչպես նաև օրենքի 2-րդ հոդվածում նշված համապատասխան հանգամանքները հաստատող փաստաթղթեր, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ զինվորական ծառայության ստաժի հաշվարկման կանոններով սահմանված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին.

3) մարտական ուղին` տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մարտական գործողություններին մասնակցած այլ անձանց կողմից տրված վկայություններ:»,

դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշումն ուժի մեջ մտնելը սույն կարգի 1-ին կետի «գ» կամ «դ» ենթակետերով սահմանված հիմքերով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձի կամ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերում` ընտանիքի անդամի կողմից երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացվում միայն դիմում և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականի պատճենը:»,

ե. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1. Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, այդ թվում` արտագնա (մարզային), որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ: Նիստն իրավազոր է միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ` նիստերին կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձինք: Ներկայացված դիմումների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունները հաստատվում են որոշումներով, որոնք ընդունվում են նիստին ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը դիմումն ու դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո գրանցում է դրանք և ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 15-օրյա ժամկետում: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում հաստատվում են ներկայացված դիմումների գրանցամատյանի և միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների ձևերը, գրանցամատյանի վարման կարգը:

4.2. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից անձին մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին դիմումը վերադարձվում է օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում և կարգով: Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից անձին մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին դիմումը մերժվում է օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում, իսկ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին դիմումը` նաև օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետից հետո ներկայացվելու դեպքում:»,

զ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը` դրա կայացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է դիմումը ներկայացրած անձին, ով մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող վկայական ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում դիմում` դրան կցելով համապատասխան եզրակացությունը, ինչպես նաև անհրաժեշտ չափսերով և թվով լուսանկարներ, որոնց հիման վրա ոչ ուշ, քան դիմումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում սահմանված կարգով մուտքագրվելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով անձին շնորհվում է մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ (այդ թվում` հետմահու), և դիմումատուին տրվում է համապատասխան կարգավիճակը հաստատող վկայական: Դիմումի և համապատասխան կարգավիճակը հաստատող վկայականների ձևերը, ինչպես նաև անհրաժեշտ լուսանկարների չափսերն ու թիվը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել`

1) մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը.

2) մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակը հաստատող վկայական ստանալու համար դիմումի, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակը հաստատող վկայականների ձևերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 23-ի N 438-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

«Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ, հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար

 

«Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան