Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.15
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.05.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
08.05.2014
Дата вступления в силу
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0060/04/12

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0060/04/12

2014 թ.

Նախագահող դատավոր`  Տ. Նազարյան

Դատավորներ`   

Կ. Հակոբյան

 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Գրեյփ Նատուր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Արտակ Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2013 թվականի որոշման դեմ` Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Ընկերությունը սնանկ է ճանաչվել:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 08.01.2013 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահագն Ավագյանը։

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Արազյան) (այսուհետ` Դատարան) 16.08.2013 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.11.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.08.2013 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրենը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ, 20-րդ հոդվածների, 39-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը դատական ակտերը կայացրել են օրենքի խախտումներով, քանի որ սույն գործով Բանկը պարտավոր էր Դատարանին պահանջ ներկայացնել 17.12.2012 թվականի դրությամբ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը։ Մինչդեռ վերջինս Դատարանին պահանջ է ներկայացրել 15.05.2013 թվականի դրությամբ, որի հետևանքով էլ խախտվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջը, քանի որ նշված օրենքը սահմանում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը։

Բացի այդ, օրենսդիրը դատավարության կողմերին ամեն դեպքում վերադաս ատյանի դատարան բողոք ներկայացնելու հնարավորություն է ընձեռել, ինչը չի կարող կասեցնել օրենքով սահմանված կարգով հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հակառակ դեպքում` օրենսդրի կողմից սահմանված` դատական ակտերը հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած համարելու մասին դրույթները կկորցնեն իրենց իմաստն ու նշանակությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.11.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2012 թվականի վճռով Ընկերությունը սնանկ է ճանաչվել (հատոր 2-րդ, գ.թ. 12-17).

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 93-96).

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.05.2013 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2013 թվականի որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ. 119-122).

4) 26.06.2013 թվականին Բանկը դիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` թիվ ԱՎԴ/0060/04/12 սնանկության գործով պարտատերերի ցուցակում ընդգրկվելու համար որպես ապահովված պահանջատեր 1.424.333 ԱՄՆ դոլարի և 26.062.528 ՀՀ դրամի, ինչպես նաև (չապահովված պահանջ) 500.000 ՀՀ դրամի չափով (հատոր 3-րդ, գ.թ. 47-49).

5) Բանկի 25.06.2013 թվականի թիվ 001-2104 տեղեկանքի համաձայն` 1.424.333 ԱՄՆ դոլարի պահանջն իր մեջ ներառում է 273.070 ԱՄՆ դոլարը` որպես վարկային պայմանագրով նախատեսված տուժանք, որի հաշվարկը կատարվել է 15.05.2013 թվականի դրությամբ (հատոր 3-րդ, գ.թ. 95).

6) Բանկի 25.06.2013 թվականի թիվ 001-2103 տեղեկանքի համաձայն` 26.062.528 ՀՀ դրամի պահանջն իր մեջ ներառում է 4.469.908 ՀՀ դրամը` որպես վարկային պայմանագրով նախատեսված տուժանք, որի հաշվարկը կատարվել է 15.05.2013 թվականի դրությամբ (հատոր 3-րդ, գ.թ. 94).

7) Դատարանի 16.08.2013 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում ներառվել են Բանկի` 1.424.333 ԱՄՆ դոլարի և 26.062.528 ՀՀ դրամի, ինչպես նաև 500.000 ՀՀ դրամի պահանջներն ամբողջությամբ (հատոր 5-րդ, գ.թ. 25-28, 35-39)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. դրամական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տոկոսների և տուժանքների հաշվարկումն ու գանձումը կասեցվում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, թե այդ վճիռը Վերաքննիչ դատարանի կողմից անփոփոխ թողնելու և վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձնելու կամ այդ վճռաբեկ բողոքը մերժելու պահից։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքն ուղղված է պարտատերերի շահերի պաշտպանությանը, որը դրսևորվում է նախ և առաջ անբարենպաստ ֆինանսական դրություն ունեցող ընկերության առողջացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ընկերության գույքի հաշվին պարտատերերի պահանջների բավարարմամբ:

Այսինքն` սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի նշանակած ժամանակավոր կառավարչի կամ կառավարչի գործողությունները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր տրամաբանության լույսի ներքո անդրադառնալով օրենքի 17.1-րդ հոդվածին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու դրույթ նախատեսելն ինքնանպատակ չէ և ժամանակի գործոնի ազդեցությամբ պայմանավորված` ուղղված է պարտատերերի շահերի պաշտպանության ապահովմանը:

Միևնույն ժամանակ հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռը բողոքարկելու օրենսդրի ընձեռած հնարավորությունը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ուղղված է սնանկության վարույթում ներգրավված մասնակիցների, այդ թվում` պարտապանի դատավարական երաշխիքների ապահովմանը, սնանկության վարույթում ներգրավված մասնակիցների իրավունքների և շահերի համակողմանի և հավասարակշռված պաշտպանությանը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բողոքարկելու դեպքում, ըստ էության, բողոքարկվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, այսինքն` օրենսդիրը հնարավորություն է ընձեռում դատավարության կողմերին վերադաս ատյանի դատարանին բողոք ներկայացնելու, ինչը, սակայն, չի կարող կասեցնել օրենքով սահմանված կարգով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը և դրանով պայմանավորված` սնանկության գործի վարույթը։ Հակառակ դեպքում` օրենսդրի կողմից սահմանված` դատական ակտերը հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած համարելու մասին դրույթները կիմաստազրկվեն։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճռի կայունության և ռեալ կերպով իրացվելու ընդունակություններն արտահայտվում են որոշակի իրավական հետևանքներում։ Վճռի օրինական ուժի իրավական հետևանքներն են դրա անհերքելիությունը (անփոփոխելիությունը), բացառիկությունը, պարտադիրությունը, նախադատելիությունը, կատարելիությունը։ Վճռի անհերքելիության (անփոփոխելիության) էությունը կայանում է նրանում, որ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց պահից, որպես կանոն, ավարտվում է տվյալ քաղաքացիական գործի քննության և լուծման վարույթը։ Հետևաբար այն պարագայում, երբ օրինական ուժի մեջ մտած վճիռը բողոքարկվում է վերաքննության կամ վճռաբեկության կարգով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերոգրյալ իրավական հետևանքների մասին խոսելն անհիմն է։ Մասնավորապես, բողոքարկված դատական ակտը չի կարող այլևս համարվել անհերքելի (անփոփոխ), վերջնական և անվերապահ կատարման ենթակա։ Իսկ նշված իրավական հետևանքների բացակայության պայմաններում դատական ակտն այլևս չի կարող համարվել օրինական ուժ ունեցող։

Սույն պարագայում 17.12.2012 թվականի վճռով Ընկերությունը սնանկ է ճանաչվել, ու թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն` սնանկ ճանաչելու մասին վճիռը` որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ, օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, սակայն տվյալ դեպքում դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով, որպիսի պայմաններում նշված վճռի վերջնական, անփոփոխելիության, որպես վճռի օրինական ուժ ունենալու իրավական հետևանքների մասին խոսելն անհիմն է։ Ուստի մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով 15.05.2013 թվականին որոշում կայացնելը սնանկ ճանաչելու մասին վճռի իրավական հետևանքները, ըստ էության, առկա չեն եղել, որպիսի պայմաններում Բանկն իրավունք է ունեցել պարտավորության վերաբերյալ հաշվարկը ներկայացնել 15.05.2013 թվականի դրությամբ, երբ սնանկ ճանաչելու մասին վճիռը դարձել է վերջնական, անփոփոխելի և անհերքելի»։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հանգել է սխալ եզրակացության հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված պարտապանների պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է, որն սկսում է կիրառվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, հետևաբար վճռի բողոքարկումը չի կարող իրենից կախվածության մեջ դնել ոչ պարտապանի շահերի պաշտպանությունը, ոչ էլ պարտապանի վճարունակության վերականգնմանն ուղղված միջոցների գործադրումը ճիշտ այնպես, ինչպես որ վճռի բողոքարկումը չի կարող իրենից կախվածության մեջ դնել պահանջատերերի շահերի ապահովումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված մորատորիումը սկսում է գործել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից` անկախ այդ վճռի բողոքարկված լինելու հանգամանքից:

Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրակացությունը բխում է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից, ըստ որի` Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև Դատարանի նշանակած ժամանակավոր կառավարչի կամ կառավարչի գործողությունները։

Վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն իրավաչափ չէ, քանի որ Բանկն իր պահանջի մեջ ներառված տուժանքի գումարի հաշվարկը կատարել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.05.2013 թվականի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման կայացման օրվա դրությամբ, ինչը չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, մասնավորապես` Բանկն իր հաշվարկները ներկայացնելիս պետք է առաջնորդվեր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` կասեցնելով դրամական պարտավորությունների նկատմամբ տուժանքի հաշվարկումը, վճարումը կամ գանձումը։ Հետևաբար Բանկն իր պահանջի մեջ ներառված տուժանքի գումարի հաշվարկը Դատարանին պետք է ներկայացներ 17.12.2012 թվականի դրությամբ, քանի որ Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 17.12.2012 թվականին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքն անտեսվել է թե՛ Դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածին, ապա բողոքն այդ մասով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

Սնանկության գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերի ուժի մեջ մտնելը սահմանված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածով, այն է` «Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից», հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածը սնանկության գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերի նկատմամբ կիրառելի չէ։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 08.11.2013 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2013 թվականի որոշման` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի` որպես վարկային պայմանագրով նախատեսված տուժանք 273.070 ԱՄՆ դոլարի և 4.469.908 ՀՀ դրամի չափով պահանջը հաստատելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան