Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.39
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.03.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
28.03.2014
Дата вступления в силу
28.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0012/11/13

Գործ թիվ ՇԴ/0012/11/13

Նախագահող դատավոր՝  Ե. Դարբինյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ

դիմողի ներկայացուցիչ 

Ա. Զաքարյանի

 

2014 թվականի մարտի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ դատախազ Հ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Մարգար Ղազարյանը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրն իրեն ծեծի է ենթարկել նույն գյուղի բնակիչ Վահագն Եղիազարյանը:

2011 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ Ա.Իգիթյանի որոշմամբ Մ.Ղազարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ Մ.Ղազարյանի և Վ.Եղիազարյանի հաշտության պատճառաբանությամբ:

2013 թվականի ապրիլի 6-ին Վ.Եղիազարյանը բողոք է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ դիմող Վ.Եղիազարյանի բողոքը մերժվել է՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

Դիմող Վ.Եղիազարյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունիսի 7-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին:

Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի օգոստոսի 6-ին որոշում է կայացրել Վ.Եղիազարյանի բողոքը բավարարելու մասին: Առաջին ատյանի դատարանը վերացրել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է քննության արդյունքով ձեռք բերված փաստական հանգամանքներին տալ պատշաճ իրավական գնահատական:

2. 2013 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ Ա.Իգիթյանը որոշում է կայացրել Մ.Ղազարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և Վ.Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ տուժողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոգրյալ որոշման դեմ Առաջին ատյանի դատարան բողոք է ներկայացրել Վ.Եղիազարյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանը: Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. Նույն անձի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը` բեկանելու մասին: Վերաքննիչ դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Վ.Եղիազարյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Հ.Հակոբյանը:

Վճռաբեկ դատարանը 2014 թվականի հունվարի 24-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

2014 թվականի մարտի 3-ին Վ.Եղիազարյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել դատախազ Հ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Քրեական գործի հարուցման հարցը լուծելու փուլում Մ.Ղազարյանը բացատրություն է տվել այն մասին, որ «(…) [Վ.Եղիազարյանն] իջավ ավտոմեքենայից ու հարվածեց բռունցքով դեմքիս, ես վայր ընկա, որից հետո նա ոտքով հարվածեց ինձ: Այդ պահին վրա եկավ կինս՝ Կարինեն և դիտողություն արեց այդ երիտասարդին, սակայն վերջինս ոչինչ չպատասխանեց, հրեց կնոջս, նստեց ավտոմեքենան ու հեռացավ, ես զգացի, որ դեմքս վնասված է, կինս օգնեց, գնացինք տուն և զանգահարեցինք շտապօգնություն, ինձ տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենայով Արթիկի հիվանդանոց (…)» (տե´ս հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութեր, թերթ 11):

Կարինե Կարապետյանը բացատրություն է տվել այն մասին, որ «(…) ես տեսա, թե ինչպես այդ երիտասարդը հարվածեց ամուսնուս, նա վայր ընկավ, որից հետո այդ տղան հարվածեց ոտքով: Ես վիրավորեցի վերջինիս ամուսնուս հարվածելու համար, որից հետո նա ինձ ոչինչ չասաց, նստեց ավտոմեքենան ու հեռացավ (…)» (տե´ս հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութեր, թերթ 19):

6. 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Մ.Ղազարյանը հետևյալ բովանդակությամբ դիմում է ներկայացրել ոստիկանության Արթիկի բաժնի պետին «(…) խնդրում եմ նախապատրաստված նյութերը մերժել, քանի որ ես հաշտվել եմ Վահագն Լյովայի Եղիազարյանի հետ ինձ հարվածելու ու ֆիզիկական ցավ պատճառելու կապակցությամբ, ես չեմ ցանկանում որպեսզի նա պատժվի, քանի որ ես որևէ բողոք կամ պահանջ չունեմ» (տե´ս հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութեր, թերթ 21):

2011 թվականի հոկտեմբերի 17-ին Վ.Եղիազարյանը հետևյալ բովանդակությամբ բացատրություն է տվել «(…) ես և Մարգար Ղազարյանը հաշտվել ենք իրեն ֆիզիկական ցավ պատճառելու կապակցությամբ, ես չեմ առարկում, որպեսզի իմ վերաբերյալ նախապատրաստված նյութերը մերժվեն, քանի որ մենք ընդհանուր հայտարարի ենք եկել և հաշտվել» (տե´ս հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութեր, թերթ 24):

7. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշումը պատճառաբանված է հետևյալ կերպ. «(…) նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստացի հանգամանքներով հիմնավորվել է, որ Վահագն Լյովայի Եղիազարյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

(…) [Ն]շված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, իսկ Մարգար Արշալույսի Ղազարյանը, Կարինե Ֆելիքսի Կարապետյանը և Վահագն Լյովայի Եղիազարյանը լրացուցիչ բացատրություններ են տվել, Մարգար Ղազարյանը 2011 թվականի հոկտեմբերի 17-ին դիմում է ներկայացրել ոստիկանության Արթիկի բաժին, որ ինքը հաշտվել է Վահագն Լյովայի Եղիազարյանի հետ, նրա դեմ բողոք, նրանից որևէ պահանջ չունի և չի ցանկանում, որպեսզի վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության: Վահագն Եղիազարյանն էլ իր լրացուցիչ բացատրությամբ չի առարկել, որպեսզի իր վերաբերյալ ոստիկանության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերը մերժվեն» (տե´ս հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութեր, թերթ 56):

8. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման համաձայն՝ «(…) [Ն]ախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ Մարգար Ղազարյանը, Կարինե Կարապետյանը լրացուցիչ բացատրություններ են տվել, որ հաշտվել են Վահագն Եղիազարյանի հետ և չեն ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության, որը հիմք է հանդիսացել հետաքննիչի կողմից նման որոշում կայացնելու համար: Նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում` 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Վահագն Եղիազարյանը լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ Մարգար Ղազարյանին ֆիզիկական ցավ պատճառելու համար զղջացել է և չի առարկում, որ նախապատրաստված նյութերը մերժվեն, քանի որ ինքը հաշտվել է վերջինիս հետ: Հետևաբար նա գիտակցել է, որ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելու է տուժող Մարգար Ղազարյանի հետ հաշտվելու հիմքով և ոչ թե հանցակազմի բացակայության պատճառով: Այն դեպքում, որ նյութերում առկա է նաև Մարգար Ղազարյանին մեկից ավելի հարվածներ հասցնելու հանգամանքը:

[Հ]ետաքննիչը Մարգար Ղազարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով իր լիազորությունների շրջանակում կայացրել է համապատասխան որոշում, որով չեն խախտվել Վ.Եղիազարյանի իրավունքներն ու ազատությունները: Ուստի հետաքննիչ Ա.Իգիթյանի կողմից 2013 թվականի օգոստոսի 13-ին կայացրած որոշումն օրինական է և այն վերացնելու հիմքեր չկան» (տե´ս Վ.Եղիազարյանի ներկայացուցչի բողոքի հիման վրա հարուցված դատական վարույթի նյութեր, թերթ 47-48):

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) սույն գործով քրեական հետապնդման մարմինը պետք է գործեր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իրավադրույթների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տրված իրավական մեկնաբանությունների համատեքստում և ապահովեր դիմողի իրավունքը` իրեն ընձեռել «Կոնվենցիայի» իմաստով ներկայացված մեղադրանքից պաշտպանվելու բոլոր հնարավորությունները, ներառյալ` դիմողի իրավունքը` իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժել հանցակազմի բացակայության հիմքով, պահանջի շուրջ բազմակողմանի քննություն կատարելու և դրա արդյունքներով համապատասխան եզրահանգման գալու` քրեական հետապնդման մարմնի պարտականությունը, որը վերջինս չի կատարել:

(…) [Ք]րեական հետապնդման մարմինը պարտավոր էր ավելի բազմակողմանի քննություն կատարել` պարզելու` պարունակում է դիմողի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, թե` ոչ: Դրա համար պետք է մանրակրկիտ քննության առներ նախապատրաստված նյութերը, անդրադառնար ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմին, վերլուծեր այն, համադրեր նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների հետ և արդյունքներով գար համապատասխան եզրահանգման:

(…) [Ն]յութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությունների մեջ Վ.Եղիազարյանի կողմից Մարգար Ղազարյանի դեմքին բռունցքով հարվածելու, վերջինիս վայր ընկնելու, այնուհետև` Վ.Եղիազարյանի կողմից Մ.Ղազարյանին ոտքով հարվածելու վերաբերյալ իրենց բացատրությունների մեջ նշել են միայն Մարգար Ղազարյանը և նրա կինը` Կարինե Կարապետյանը (ինչը բնական և հասկանալի է, քանի որ վերջիններս շահագրգռված են գործի ելքով), իր բացատրություններում Վ.Եղիազարյանը նշել է միայն իր կողմից Մարգար Ղազարյանին բռունցքով մեկ անգամ հարվածելու վերաբերյալ» (տե´ս նյութեր, թերթ 80-87):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոք բերած անձը փաստարկել է, որ դիմողի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է և հիմնավորված, իսկ Վ.Եղիազարյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, դրանով թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով անհերքելիորեն հաստատվել է Վ.Եղիազարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության փաստը: Մ.Ղազարյանի, Կ.Կարապետյանի, ինչպես նաև Վ.Եղիազարյանի կողմից նյութերի նախապատրաստության ընթացքում տված բացատրությունները հիմք ընդունելով՝ բողոքաբերն ամբողջությամբ հաստատված է համարել այն հանգամանքը, որ Վ.Եղիազարյանը, դուրս գալով ավտոմեքենայից, հարվածել է Մ.Ղազարյանի դեմքին, որից հետո վայր ընկած Մ.Ղազարյանին հարվածել է նաև ոտքով: Ըստ բողոք բերած անձի, նշված գործողություններին վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված իրավական գնահատականը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված դիսպոզիցիայի պահանջներին և բխում է Վճռաբեկ դատարանի Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշման բովանդակությունից:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի փաստարկներն առ այն, որ սույն գործով կատարվել է թերի քննություն և լիարժեքորեն չեն քննարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, ինչպես նաև, որ Վ.Եղիազարյանի գործողություններում առկա չեն քննարկվող հանցագործության հատկանիշները` պայմանավորված օբյեկտիվ կողմի բացակայությամբ:

11. Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, կարծիք է հայտնել, որ օրենսդիրը նշված իրավադրույթներով նախատեսել է գործի լուծման ավելի վաղ փուլ՝ դրանով իսկ մի կողմից օպտիմալ դարձնելով քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործունեությունը, մյուս կողմից՝ դատավարության մասնակիցներին հնարավորություն ընձեռելով որոշ հանրավտանգ արարքների մասով առավել կարճ ժամանակահատվածում հասնել գործի նախապատվելի լուծման: Այս պարագայում անհրաժեշտ է քննարկել դատավարական այն միջոցները, որոնք ապահովում են կողմերի իրավունքների լիարժեք ապահովումը:

Ըստ բողոք բերած անձի, տվյալ դեպքում, Վ.Եղիազարյանը, ունենալով օրենքով ընձեռված բոլոր հնարավորությունները, ոչ միայն չի բողոքարկել վարույթն իրականացնող մարմնի գործողությունները, այլև դիմում է ներկայացրել՝ խնդրելով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ ինքը հաշտվել է տուժողի հետ:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) քրեական գործի հարուցումը մերժելիս կամ քրեական հետապնդումը դադարեցնելիս ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը հաշվի առնելու անհրաժեշտության, ինչպես նաև նշված հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշման դատական ստուգման սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով վարույթն իրականացնող մարմինը խախտել է Վ.Եղիազարյանի իրավունքներն ու ազատությունները:

 

I. Դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելիս կամ քրեական հետապնդումը դադարեցնելիս ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը հաշվի առնելը

 

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝

«1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով՝ քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:

2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 118-րդ հոդվածով (…) նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: (…)»:

Մեջբերված դրույթների համադրված վերլուծությունից երևում է, որ քրեադատավարական օրենսդրությունը, հանրային նվազ վտանգավորության հանգամանքով պայմանավորված առանձնացնում և հստակ սահմանում է մասնավոր հետապնդման գործերի շրջանակը, որոնց համար նախատեսում է քննության առանձնահատուկ դատավարական կարգ: Մասնավոր հետապնդման գործերը կարող են հարուցվել բացառապես տուժողի բողոքի հիման վրա և ենթադրյալ հանցանք կատարած անձի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է քրեական գործի հարուցումը բացառող և արդեն իսկ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ հիմք, այն է՝ եթե օրենքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի (տուժողի) բողոքը:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քրեադատավարական օրենքը չի պարտավորեցնում վարույթն իրականացնող մարմնին քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս հաշվի առնել ենթադրյալ հանցանք կատարած անձի կարծիքը, այդ թվում՝ ստանալ նրա համաձայնությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով նրա նկատմամբ վարույթ չհարուցելու կամ հարուցված վարույթը կարճելու կապակցությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրում միայն վաղեմության ժամկետներն անցնելու և համաներման ակտ ընդունվելու հիմքով, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

16. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան: (…)»:

ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով կրկնելով անմեղության կանխավարկածի սկզբունքի վերաբերյալ նախկինում ձևավորած իրավական մոտեցումները, շեշտել է, որ «(…) 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անմեղության կանխավարկածը արդար քրեական դատավարության այն բաղադրիչներից մեկն է, որը պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով (…): Այն կխախտվի, եթե քրեական իրավախախտման մեջ մեղադրվող անձի վերաբերյալ պետական պաշտոնյայի ցուցմունքում կարծիք արտահայտվի այն մասին, որ նա մեղավոր է, նախքան դա ապացուցված կլինի օրենքի համաձայն (…):

Բացի դրանից, հայտարարությունն այն մասին, որ անձին պարզապես կասկածում են հանցագործություն կատարելու մեջ պետք է հստակորեն տարբերակվի այն բացահայտ արված հայտարարությունից, որ անհատը, թեպետ դեռ չի կայացվել վերջնական մեղադրական եզրակացություն, կատարել է տվյալ հանցագործությունը (…): Վերջինով խախտվում է անմեղության կանխավարկածի դրույթը, մինչդեռ առաջին տեսակի հայտարարությունը Դատարանի կողմից քննված զանազան իրավիճակներում համարվել է անառարկելի (…): Այն հարցը, թե արդյոք պետական պաշտոնյայի կողմից արված հայտարարությամբ խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, պետք է որոշվի այն կոնկրետ հանգամանքների համատեքստում, որոնց պայմանում արվել է վիճարկվող հայտարարությունը (…)» (տե´ս Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, կետեր 185-186):

Անմեղության կանխավարկածի սկզբունքն ամրագրող կոնվենցիոն, սահմանադրական և քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով որոշման մեջ (տե´ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում շարադրված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով մասնավոր մեղադրանքի գործերով վարույթի դադարեցման կարգը (տե´ս սույն որոշման 15-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված քրեական գործի հարուցումը մերժելու, ինչպես նաև հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքն ինքնին ենթադրում է, որ մեղսագրվող արարքի կատարումն անվիճելի փաստ է: Այս հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու համար ընդամենը պետք է, որ վարույթն իրականացնող մարմինը քննությամբ ձեռք բերված (փաստական) տվյալների հիման վրա հաստատված համարի, որ անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք է կատարել, և միևնույն ժամանակ բացակայում է դիմողի (տուժողի) բողոքը: Նման իրավակարգավորումը թույլ չի տալիս անձին դատական պաշտպանության իրավունքի ուժով վիճարկել իրեն քրեական պատասխանատվության կանչելու փաստը, իր դեմ առաջադրված կասկածների, մեղադրանքի օրինականությունն ու հիմնավորվածությունը, չի նախատեսում անձի իրավունքների վերականգնման կարգ այն պայմաններում, երբ նրա մեղքը դեռ ապացուցված չէ:

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով քրեական գործի հարուցումը մերժելիս կամ քրեական հետապնդումը դադարեցնելիս ենթադրյալ հանցանք կատարած անձի կարծիքը հաշվի առնելու, այդ թվում՝ նրա համաձայնությունը ստանալու օրենսդրական պահանջի բացակայությունը հանդիսանում է անմեղության կանխավարկածի սկզբունքի և արդար դատաքննության իրավունքի խախտում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրության նման կարգավորման պայմաններում չի ապահովվում անձի իրավունքը դատական կարգով վիճարկելու այն դատավարական փաստաթղթի օրինականությունն ու հիմնավորվածությունը, որում, փաստորեն, քննարկվում է ենթադրյալ հանցանքի մեջ իր մեղավորության հարցը:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հաշվի առնել ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը: Այն դեպքում, երբ մասնավոր հետապնդման գործերով անձն առարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով վարույթի դադարեցման դեմ, անկախ դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հանգամանքից, գործի վարույթը պետք է շարունակվի սովորական կարգով` հնարավորություն տալով ենթադրյալ հանցանք կատարած անձին արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի առջև ապացուցել իր անմեղությունը:

 

II. Դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշման դատական ստուգման սահմանները

 

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

(...) 5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

Մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ.Ղևոնդյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [Ք]րեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, իսկ քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ տվյալների լրիվությունն ապահովելու նպատակով հետաքննության մարմնին կամ քննիչին ղեկավար ցուցումներ և հանձնարարություններ կարող է տալ միայն դատախազը:

(...) [Մ]ինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողության շրջանակներում դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, դատարանը պետք է պարզի, թե հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են արդյոք հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են: Բացի այդ, դատարանի խնդիրն է պարզել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով խախտվել են արդյոք անձի իրավունքները և ազատությունները:

Ի թիվս այլոց, պարզաբանման ենթակա են հետևյալ հարցերը՝

1) պահպանվե՞լ է արդյոք հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված կարգը,

2) առկա՞ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված օրինական հիմքերը,

3) պահպանվե՞լ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված պահանջները: (...)» (տե´ս Գագիկ Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 16-րդ և 18-րդ կետերը):

20. Վերահաստատելով և զարգացնելով Գ.Ղևոնդյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելիս՝ դատարանի խնդիրն է ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում պարզել, թե վարույթն իրականացնող մարմինն արդյոք ստուգման է ենթարկել և հաշվի է առել այն հանգամանքները, որոնք կարող էին ազդել քրեական գործի հարուցման հարցը լուծելու վրա կամ հանգեցնել անձի իրավունքների և ազատությունների խախտմանը: Դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս դատարանը պետք է պարզի նաև, թե հաշվի առնվել է արդյոք ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելիս դատարանն իրավասու չէ իրավական գնահատական տալ գործում առկա նյութերին, կարծիք հայտնել անձի մեղավորության, գործում առկա (փաստական) տվյալների թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ: Քրեական գործի հարուցման հարցը լուծելու փուլում ձեռք բերված (փաստական) տվյալներին դատարանի կողմից տրված իրավական գնահատականները, նախնական քննության մարմիններին հասցեագրված «քողարկված» ցուցումները, ուղղորդումները դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության տրամաբանությունից:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նյութերի նախապատրաստության փուլում վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ տուժողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ: Նշված որոշումը պատճառաբանելիս վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորված է Վ.Եղիազարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայությունը, սակայն Մ.Ղազարյանը Վ.Եղիազարյանի դեմ բողոք չունի և չի ցանկանում, որպեսզի վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության: Վ.Եղիազարյանն էլ իր բացատրությամբ չի առարկել, որպեսզի իր վերաբերյալ ոստիկանության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվի (տե´ս սույն որոշման 2-րդ և 5-7-րդ կետերը):

Վ.Եղիազարյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը Մ.Ղազարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով իր լիազորությունների շրջանակում կայացրել է համապատասխան որոշում, որով չեն խախտվել Վ.Եղիազարյանի իրավունքներն ու ազատությունները: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում է կայացրել Վ.Եղիազարյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի բողոքը մերժելու մասին (տե´ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Նույն անձի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Վ.Եղիազարյանի իրավունքների և ազատությունների խախտում, քանի որ քրեական հետապնդման մարմինը պետք է գործեր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իրավադրույթների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տրված իրավական մեկնաբանությունների համատեքստում և ապահովեր դիմողի իրավունքը` իրեն ընձեռել «Կոնվենցիայի» իմաստով ներկայացված մեղադրանքից պաշտպանվելու բոլոր հնարավորությունները, ներառյալ` դիմողի իրավունքը` իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժել հանցակազմի բացակայության հիմքով, պահանջի շուրջ բազմակողմանի քննություն կատարելու և դրա արդյունքներով համապատասխան եզրահանգման գալու` քրեական հետապնդման մարմնի պարտականությունը, որը վերջինս չի կատարել: Վարույթն իրականացնող մարմինը բազմակողմանի և ամբողջական քննություն չի կատարել պարզելու, թե Վ.Եղիազարյանի արարքը պարունակում է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, թե` ոչ: Այս առումով Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել Մ.Ղազարյանի և նրա կնոջ` Կ.Կարապետյանի բացատրություններում առկա փաստական տվյալների արժանահավատությունը` շեշտելով, որ «վերջիններս շահագրգռված են գործի ելքով» (տե´ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):

22. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-20-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

ա) Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է ենթադրյալ հանցանք կատարած անձի՝ Վ.Եղիազարյանի համաձայնության պայմաններում, ինչը նշանակում է, որ քրեական գործի հարուցումը մերժելիս Վ.Եղիազարյանի իրավունքների և ազատությունների խախտում թույլ չի տրվել (տե´ս սույն որոշման 17-19-րդ կետերը):

բ) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը և հիմնավորվածությունն ստուգելիս Վերաքննիչ դատարանը դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից և անդրադարձել է հարցերի այնպիսի շրջանակի, որոնք գտնվում են բացառապես նախնական քննության մարմնի իրավասության ներքո:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով, խախտել է Վ.Եղիազարյանի իրավունքներն ու ազատությունները:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Վերաքննիչ դատարանը, Վ.Եղիազարյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտավորություն սահմանելով, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր իրավասության սահմաններից` թույլ տալով ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի էական խախտումներ թույլ չի տվել, հետևաբար նշված որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վահագն Լյովայի Եղիազարյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան