Գլխավոր տեղեկություն
Номер
N 251-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.03.2014-25.07.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.07.19/22(466) Հոդ.209
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
17.07.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.07.2013
Дата вступления в силу
29.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013281

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 251-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը և 2-րդ կետի ե) և իը) ենթակետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի օպերատորները շարժական կապի բաժանորդներին համարների տեղափոխելիության ծառայությունը մատուցում են 2014 թվականի ապրիլի 1-ից:

(2-րդ կետը փոփ. 24.10.13 N 372-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության
հանրային
ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 17-ի

N 251-Ն որոշմամբ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները սահմանում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի (այսուհետ` շարժական կապ) համարների տեղափոխելիության ծառայության կազմակերպման և իրականացման կարգն ու պայմանները:

2. Համարների տեղափոխելիության ծառայությունը կարգավորվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոններով և այլ իրավական ակտերով:

3. Սույն կանոններում օգտագործված հիմնական հասկացություններն են`

1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) Համար` հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համար.

3) Բաժանորդ` շարժական կապի ծառայություններից օգտվող անձ.

4) Համարի տեղափոխելիության ծառայություն՝ ծառայություն, որը Բաժանորդին հնարավորություն է տալիս փոխել շարժական կապի օպերատորին` պահպանելով իրեն հատկացված շարժական կապի համարը.

5) Համարի տեղափոխման գործընթաց՝ գործընթաց, որն սկսվում է համարի տեղափոխման վերաբերյալ Բաժանորդի կողմից դիմումի ներկայացմամբ և ավարտվում Կենտրոնացված տվյալների բազայում Համարի տեղափոխման բարեհաջող ավարտի վերաբերյալ գրանցում կատարելու պահին.

6) Ցանց` շարժական կապի ցանց.

7) Օպերատոր` շարժական կապի օպերատոր.

8) Դոնոր օպերատոր` օպերատոր, որի ցանցից համարը տեղափոխվում կամ տեղափոխվել է այլ օպերատորի ցանց.

9) Սկզբնական դոնոր օպերատոր՝ տեղափոխվող համարը պարունակող համարային շարքի զբաղեցման թույլտվություն ունեցող անձ.

10) Ընդունող օպերատոր՝ օպերատոր, որի ցանց տեղափոխվում կամ տեղափոխվել է դոնոր օպերատորի ցանցի համարը.

11) Կենտրոնացված տվյալների բազա` Համարների վերաբերյալ սույն կանոնների 17-րդ կետով նախատեսված տվյալները պարունակող ավտոմատացված համակարգ, որի միջոցով ապահովվում է Համարների տեղափոխելիության գործընթացը.

12) Անմիջապես` մեկ րոպեն չգերազանցող ժամանակահատված.

13) Կանչ՝ զանգի, կարճ հաղորդագրության (SMS), մուլտիմեդիա հաղորդագրության (MMS) ծառայություններ.

14) Աշխատանքային օր` երկուշաբթիից ուրբաթ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային և տոնական օրերի.

15) Աշխատանքային ժամ` աշխատանքային օրվա 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատված:

(3-րդ կետը լրաց. 31.01.14 N 12-Ն) 

4. Համարի տեղափոխելիության ծառայությունը Բաժանորդի համար անվճար է և դրանից օգտվելու Բաժանորդի իրավունքը Օպերատորների կողմից չի կարող սահմանափակվել:

5. Համարի տեղափոխման գործընթացն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Բաժանորդի կողմից ավելի ուշ ժամկետ սահմանելու դեպքի, որը չի կարող գերազանցել 30 օրը:

6. Դոնոր օպերատորը Բաժանորդի համաձայնությամբ իրավասու է սահմանափակել/կասեցնել Բաժանորդին մատուցվող ծառայությունները, բացառությամբ մուտքային, տեղական ելքային և կարճ հաղորդագրության ծառայությունների:

7. Համարի տեղափոխման գործընթացում Դոնոր օպերատորի ցանցում համարի ապաակտիվացման և Ընդունող օպերատորի ցանցում համարի ակտիվացման միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 2 ժամը:

8. Օպերատորների կողմից կիրառվող կապի տեխնոլոգիաների տարբերությունը խոչընդոտ չէ համարների տեղափոխելիության համար:

9. Դոնոր օպերատորի նկատմամբ Բաժանորդի ունեցած պարտքը արգելք չէ Համարների տեղափոխելիության ծառայությունից օգտվելու համար:

10. Համարի տեղափոխման դեպքում Բաժանորդի համարի հաշվի դրական մնացորդը չի փոխանցվում Ընդունող օպերատորի ցանցում Բաժանորդի հաշվին:

11. Բաժանորդի կողմից միևնույն պայմանագրով և տեխնիկական ներդրմամբ մեկից ավելի համար օգտագործելու դեպքում, համարի (համարների) տեղափոխումը հանգեցնում է միայն տեղափոխվող համարի (համարների) մասով պայմանագրի լուծման, իսկ մյուս համարների մասով կնքված պայմանագիրը շարունակում է գործել դրանով սահմանված պայմաններով:

12. Դոնոր օպերատորը պատասխանատու չէ իր ցանցում Բաժանորդի կողմից օգտագործվող վերջնակետային սարքավորումը Ընդունող օպերատորի ցանցում օգտագործելու համար՝ բացառությամբ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված դեպքի:

13. Համարի տեղափոխման դեպքում Սկզբնական դոնոր օպերատորը պահպանում է Հանձնաժողովի տրամադրած տեղափոխված համարը պարունակող համարային շարքի զբաղեցման թույլտվությունը:

14. Սկզբնական դոնոր օպերատորի՝ տեղափոխվող համարը պարունակող համարային շարքի զբաղեցման թույլտվության դադարեցման կամ այլ Օպերատորի փոխանցման դեպքում, տեղափոխված համարի օգտագործման իրավունքը, եթե դա տեխնիկապես հնարավոր է, պահպանվում է, ներառյալ` Բաժանորդի իրավունքը՝ համարը տեղափոխելու որևէ այլ օպերատորի ցանց:

15. Դոնոր օպերատորին արգելվում է անձամբ կամ երրորդ անձի միջոցով Համարի տեղափոխելիության ծառայություն պահանջող Բաժանորդին ներկայացնել այդ ծառայությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային բնույթ չկրող ցանկացած անհատական առաջարկ:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ

 

16. Կենտրոնացված տվյալների բազայի ստեղծման և դրա հետագա շահագործման նպատակով Օպերատորների կողմից հավասար հիմունքներով հիմնադրվում է ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Ադմինիստրատոր), որի միջոցով Օպերատորներն ապահովում են՝

1) Կենտրոնացված տվյալների բազայի ստեղծումը, ֆինանսավորումը, ինչպես նաև դրա շուրջօրյա և անխափան աշխատանքը՝ համաձայն իրենց կողմից մշակված Համարների տեղափոխելիության վերաբերյալ տեխնիկական պայմանների.

2) Կենտրոնացված տվյալների բազայի համակարգի ներդրման և դրա հետագա սպասարկման նպատակով Կենտրոնացված տվյալների բազայի մատակարարի ընտրության հրապարակային և անկողմնակալ մրցույթի կազմակերպումը և իրականացումը.

3) Կենտրոնացված տվյալների բազայի ստեղծման և սպասարկման վերաբերյալ պայմանագրի կնքումը Կենտրոնացված տվյալների բազայի մատակարարի հետ:

17. Կենտրոնացված տվյալների բազան առնվազն ներառում է տվյալներ՝

1) տեղափոխված բոլոր Համարների և դրանց տեղակայման Ցանցերի վերաբերյալ,

2) Օպերատորների նույնացման (շարժական կապի ցանցի) կոդերի վերաբերյալ,

3) տեղափոխվող համարի ապաակտիվացման կոնկրետ օրվա և ժամի վերաբերյալ,

4) յուրաքանչյուր Համարի նախորդ երկու տեղափոխման ամսաթվերի վերաբերյալ,

5) ուղղորդման համարների վերաբերյալ,

6) Օպերատորների միջև իրականացվող ադմինիստրատիվ ընթացակարգերի գրանցամատյանի վերաբերյալ,

7) Օպերատորների կոնտակտային անձանց տվյալներով ինտրանետ վեբկայք:

18. Օպերատորների միջև ստանդարտացված բոլոր հաղորդագրությունների փոխանակումն իրականացվում է Կենտրոնացված տվյալների բազայի համակարգի միջոցով:

19. Կենտրոնացված տվյալների բազան պետք է ապահովի ինչպես ամբողջությամբ ավտոմատացված, այնպես էլ ոչ ավտոմատացված (այդ թվում՝ վեբ ձևանմուշներ) գործողություններ իրականացնելու հնարավորություն: Կենտրոնացված տվյալների բազան թվայնացված ինտերֆեյս է առաջարկում Հանձնաժողովին:

20. Օպերատորների միջև անմիջական փոխգործակցության անհրաժեշտությունը ծագում է միայն այն դեպքում, երբ առկա տեխնիկական կամ գործառնական խնդիրը չի կարող լուծվել ստանդարտացված հաղորդագրությունների փոխանակման միջոցով, որի դեպքում Օպերատորի կողմից նախապես նշանակված կոնտակտային անձը հնարավորինս սեղմ ժամկետում կապ է հաստատում խնդրին առնչվող Օպերատորի կոնտակտային անձի հետ՝ Բաժանորդի շահերից բխող և սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետում լուծում գտնելու համար: Կոնտակտային անձինք պետք է ունենան հեռախոսահամարներ (ֆիքսված և բջջային) ու էլեկտրոնային փոստի հասցեներ և պետք է հասանելի լինեն աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: Ընդ որում, խնդրի վերացման հայտը մինչև ժամը 12:00-ն ստանալու դեպքում Օպերատորի կոնտակտային անձը պետք է նշված հայտին պատասխանի մինչև նույն օրվա ժամը 18:00-ն, իսկ խնդրի վերացման հայտը ժամը 12:00-ից հետո ստանալու դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Որոշակի տեխնիկական կամ գործառնական խնդրի կրկնման դեպքում Օպերատորները միջոցներ են ձեռնարկում տեխնիկական սպեցիֆիկացիաների ընդլայնման համար:

(20-րդ կետը խմբ. 31.01.14 N 12-Ն) 

21. Բոլոր հաղորդագրությունները պետք է փոխանցվեն պաշտպանված ձևով և զերծ լինեն չթույլատրված փոփոխումից ու չլիազորված հասանելիությունից: Յուրաքանչյուր հաղորդագրություն ուղարկող և ստացող պետք է պատշաճ կերպով նույնականացվի: Յուրաքանչյուր գործարք պետք է գրանցվի` դրա պատասխանատուին նույնականացնելու համար:

22. Կենտրոնացված տվյալների բազան պետք է ապահովված լինի չթույլատրված հասանելիությունից և նրա կազմում պետք է նախատեսվեն օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և ստեղծվեն այդ նպատակով անհրաժեշտ պայմաններ:

23. Յուրաքանչյուր Օպերատոր պարտավոր է անձամբ կրել Համարների տեղափոխելիության ծառայության ներդրման և գործարկման հետ կապված սեփական ծախսերը, ներառյալ՝ գործառնական տվյալների բազայի և Կենտրոնացված տվյալների բազայի հետ ինտերֆեյսեր ունենալու համար կատարված ծախսերը, ինչպես նաև համարների տեղափոխելիության ծառայության ներդրմանն իրենց Ցանցերը և համակարգերը նախապատրաստելու հետ կապված բոլոր այլ ներքին և արտաքին ծախսերը:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

24. Համարի տեղափոխելիության ծառայությունից օգտվելու մտադրության դեպքում Բաժանորդը դիմում է Ընդունող օպերատորին:

25. Ընդունող օպերատորը Բաժանորդին տրամադրում է Համարի տեղափոխման գործընթացի հետ կապված տեղեկատվություն, այդ թվում`

1) Համարի տեղափոխման գործընթացի իրականացման, շարժական կապի ծառայության ընդհատման տևողության, իր մոտ գործող առաջարկների, դրանց պայմանների ու սակագների մասին.

2) այն մասին, որ համարի տեղափոխումը հանգեցնում է տեղափոխված Համարի մասով Դոնոր օպերատորի հետ կնքած պայմանագրի լուծման, ինչը չի ազատում Բաժանորդին այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից, իսկ դրանց խախտման դեպքում` սահմանված պատասխանատվությունից, իսկ Դոնոր օպերատորի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ կապված հարցումների դեպքում դրանք Դոնոր օպերատորին ուղղելու իրավունքի մասին.

3) իր ցանցում Բաժանորդի վերջնակետային սարքավորման օգտագործման հնարավորության վերաբերյալ` Բաժանորդի հարցման դեպքում.

4) Բաժանորդի համաձայնության դեպքում Դոնոր օպերատորի կողմից տեղափոխվող համարով մատուցվող ծառայությունների կասեցման/սահմանափակման հնարավորության վերաբերյալ, բացառությամբ մուտքային, տեղական ելքային և կարճ հաղորդագրության ծառայությունների:

26. Սույն կանոնների 25-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո Համարի տեղափոխելիության ծառայությունից օգտվելու ցանկության դեպքում Բաժանորդը ներկայացնում է՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ոչ ֆիզիկական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի կամ պետական հաշվառման կամ հարկ վճարողի հաշվառման համարը և դիմում, որը ներառում է`

1) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում՝ Բաժանորդի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարի տվյալները.

2) տեղափոխման ենթակա համարը (համարները).

3) Դոնոր օպերատորի հետ պայմանագիրը լուծելու վերաբերյալ պահանջ և այդ մասին լիազորության վերապահում Ընդունող օպերատորին.

4) Բաժանորդի համաձայնության դեպքում Դոնոր օպերատորի կողմից տեղափոխվող համարով մատուցվող ծառայությունների՝ բացառությամբ մուտքային, տեղական ելքային և կարճ հաղորդագրության ծառայությունների, կասեցման/սահմանափակման վերաբերյալ նշում.

5) Համարի տեղափոխման գործընթացի շրջանակում Բաժանորդի անհատական տվյալները Կենտրոնացված տվյալների բազային և Դոնոր օպերատորին տրամադրելու վերաբերյալ Բաժանորդի համաձայնություն:

(26-րդ կետը խմբ., լրաց. 31.01.14 N 12-Ն) 

27. Ընդունող օպերատորը սույն կանոնների 26-րդ կետի համաձայն դիմումն ստանալուց հետո Կենտրոնացված տվյալների բազա է ուղարկում Համարի տեղափոխման պահանջ, որը պարունակում է՝

1) տեղափոխման ենթակա համարը (համարները),

2) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում՝ Բաժանորդի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարի տվյալները,

3) Դոնոր օպերատորի և Ընդունող օպերատորի նույնացման (շարժական կապի ցանցի) կոդերը,

4) տեղափոխման ամսաթիվը, եթե Բաժանորդի կողմից սահմանվել է 3 աշխատանքային օրվանից ավելի ուշ ժամկետ:

(27-րդ կետը խմբ. 31.01.14 N 12-Ն) 

28. Կենտրոնացված տվյալների բազան անմիջապես ստուգում է Համարի տեղափոխման պահանջի համապատասխանությունը իր բազայում առկա տվյալներին, մասնավորապես` արդյոք չի գերազանցվել Համարի տեղափոխման պահանջ ներկայացնելու սահմանաչափը կամ արդյոք տեղափոխման պահանջում նշված համարը չի գտնվում Համարի տեղափոխման գործընթացում: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Կենտրոնացված տվյալների բազան անմիջապես մերժման հաղորդագրություն է ուղարկում Ընդունող օպերատորին:

29. Համապատասխանության դեպքում Կենտրոնացված տվյալների բազան անմիջապես գրանցում է Համարի տեղափոխման պահանջը, կցում է հերթական համար և ուղարկում Դոնոր օպերատորին:

30. Դոնոր օպերատորը Համարի տեղափոխման պահանջն ստանալուց հետո ստուգում է իր մոտ առկա տվյալների համապատասխանությունը Ընդունող օպերատորի ուղարկած տվյալների հետ՝ հետևյալ սկզբունքով.

1) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում`

ա. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,

բ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի համապատասխանությունը,

գ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,

դ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,

ե. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը.

2) ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում`

ա. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվանման և հարկ վճարողի հաշվառման համարի համապատասխանությունը կամ՝

բ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի հարկ վճարողի հաշվառման համարի տվյալների համապատասխանությունը:

(30-րդ կետը խմբ. 31.01.14 N 12-Ն) 

31. Համարի տեղափոխման պահանջն ստուգելուց հետո Դոնոր օպերատորը Կենտրոնացված տվյալների բազա է ուղարկում տեղափոխման պատասխան, որը պարունակում է`

1) Համարի տեղափոխման գործընթացի հերթական համարը,

2) դրական կամ բացասական պատասխանի վերաբերյալ նշում:

32. Դոնոր օպերատորի կողմից դրական պատասխան ուղարկվում է ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր Բաժանորդի համար սույն կանոնների 30-րդ կետով սահմանված դեպքերից առնվազն մեկի համընկնման դեպքում:

(32-րդ կետը խմբ. 31.01.14 N 12-Ն) 

32.1 Սույն կանոնների 32-րդ կետի համաձայն դրական պատասխան ներկայացնելու հիմքերի բացակայության դեպքում Դոնոր օպերատորը ուղարկում է բացասական պատասխան` նշելով մերժման հիմքերը: Ընդունող օպերատորի պահանջով Դոնոր օպերատորը սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան տեղեկություններ և հիմնավորումներ Համարի տեղափոխման պահանջի մերժման հիմքերի վերաբերյալ: Համարի տեղափոխման պահանջում առկա թերությունները և վրիպակները շտկելուց հետո կարող է ներկայացվել Համարի տեղափոխման նոր պահանջ:

(32.1-ին կետը լրաց. 31.01.14 N 12-Ն) 

33. Դոնոր օպերատորի կողմից Համարի տեղափոխման պահանջին բացասական պատասխան ուղարկելու դեպքում Կենտրոնացված տվյալների բազան այն անմիջապես ուղարկում է Ընդունող օպերատորին:

34. Դոնոր օպերատորի կողմից Համարի տեղափոխման պահանջի պատասխանն ուղարկվում է ըստ ստացման հաջորդականության՝ հնարավորինս սեղմ ժամկետում, ընդ որում` մեկ օրացուցային ամսվա ընթացքում ստացված բոլոր պահանջների 90 տոկոսի համար պատասխանը ուղարկելու ժամկետը չպետք է գերազանցի 5 րոպեն, իսկ 98 տոկոսի համար՝ 4 աշխատանքային ժամը: Դոնոր օպերատորի կողմից Համարի տեղափոխման պահանջը ստանալու պահից 4 աշխատանքային ժամվա ընթացքում տեղափոխման պատասխան չուղարկելը համարվում է դրական պատասխանի ներկայացում:

35. Դոնոր օպերատորի կողմից Համարի տեղափոխման պահանջի դրական պատասխանի դեպքում Կենտրոնացված տվյալների բազան պատասխանի ստացման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Բաժանորդի կողմից Համարի տեղափոխման ավելի ուշ ժամկետ սահմանելու դեպքի, ընտրում է Դոնոր օպերատորի կողմից Համարի ապաակտիվացման ժամը և գրանցում տվյալների բազայում:

(35-րդ կետը փոփ. 31.01.14 N 12-Ն) 

36. Կենտրոնացված տվյալների բազան Դոնոր և Ընդունող օպերատորներին անմիջապես ուղարկում է տեղափոխման հաստատում, որը պարունակում է՝

1) Համարի տեղափոխման գործընթացի հերթական համարը (համարները),

2) տեղափոխման ենթակա Համարը,

3) Բաժանորդի անունը, ազգանունը կամ անվանումը,

4) Դոնոր օպերատորի և Ընդունող օպերատորի նույնացման (շարժական կապի ցանցի) կոդերը,

5) տեղափոխվող Համարի ապաակտիվացման ամսաթիվը և ժամը:

37. Կենտրոնացված տվյալների բազայից հաստատումն ստանալուց հետո Ընդունող օպերատորը Բաժանորդին անմիջապես տեղեկացնում է տեղափոխվող Համարի ապաակտիվացման ամսաթվի և ժամի մասին:

38. Կենտրոնացված տվյալների բազայից տեղափոխման հաստատումն ստանալուց հետո Դոնոր օպերատորը Կենտրոնացված տվյալների բազայով սահմանված ամսաթվին և ժամին ապաակտիվացնում է Բաժանորդի Համարը և այդ մասին անմիջապես հաստատում ուղարկում Կենտրոնացված տվյալների բազա, որն էլ իր հերթին այն անմիջապես ուղարկում է Ընդունող օպերատորին:

39. Ընդունող օպերատորը հաստատումն ստանալուց հետո ակտիվացնում է Համարը՝ անմիջապես հաստատում ուղարկելով Կենտրոնացված տվյալների բազա և տեղեկացնելով Բաժանորդին:

40. Կենտրոնացված տվյալների բազան անմիջապես գրանցում է համապատասխան փոփոխություններն իր տվյալների բազայում և Դոնոր օպերատորին տեղեկացնում Համարի տեղափոխման գործընթացի բարեհաջող ավարտի մասին:

41. Բաժանորդի կողմից տեղափոխվող Համարի մասով պայմանագիրը Դոնոր օպերատորի հետ լուծված է համարվում Համարի տեղափոխման գործընթացի բարեհաջող ավարտի վերաբերյալ Ընդունող օպերատորի հաստատումը Կենտրոնացված տվյալների բազայում գրանցվելու պահից և այդ պահից Բաժանորդին տեղափոխվող Համարով ծառայությունները մատուցվում են Ընդունող օպերատորի հետ կնքված պայմանագրի համաձայն:

42. Բաժանորդն իրավունք ունի`

1) օգտվել Համարի տեղափոխելիության ծառայությունից՝ անկախ որոշակի ժամկետում Դոնոր օպերատորի Բաժանորդը մնալու՝ պայմանագրով ստանձնած իր պարտավորությունից կամ իր կողմից Դոնոր օպերատորի հետ կնքված պայմանագրի խախտման կամ իր ծառայությունների սահմանափակված (կասեցված) լինելու հանգամանքից.

2) օգտվել Համարի տեղափոխելիության ծառայությունից վերջին տասներկու ամսվա ընթացքում առավելագույնը երկու անգամ.

3) հավասար պայմաններով և առանց խտրականության օգտվել Ընդունող օպերատորի ցանցի՝ Համարը չտեղափոխած Բաժանորդին հասանելի ծառայություններից՝ Ընդունող օպերատորի տեխնիկական հնարավորությունների շրջանակում.

4) տեղափոխել իրեն հատկացված ինչպես մեկ, այնպես էլ մի քանի Համարները՝ անկախ այդ Համարների հերթականությունից:

43. Բաժանորդը պարտավոր է Դոնոր օպերատորի հետ տեղափոխված Համարի մասով կնքված պայմանագրի խախտման դեպքում հատուցել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները:

44. Օպերատորը պարտավոր է ապահովել Համարների տեղափոխելիության ծառայության մատուցումը` սույն կանոնների համաձայն, ինչպես նաև իր վեբկայքում և սպասարկման կենտրոններում հրապարակել Համարների տեղափոխելիության ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը և դրանից օգտվելու պայմանները:

45. Ընդունող օպերատորը Կենտրոնացված տվյալների բազայի միջոցով Սկզբնական դոնոր օպերատորին և Կենտրոնացված տվյալների բազային տեղեկացնում է Բաժանորդի հետ տեղափոխված Համարի մասով կնքված պայմանագրի լուծման մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Համարի նոր տեղափոխման կամ անվանափոխության դեպքերի: Կենտրոնացված տվյալների բազան անմիջապես գրանցում է փոփոխություններն իր տվյալների բազայում:

 

ԳԼՈՒԽ 4. ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

46. Հանրային հեռախոսակապի ծառայություններ մատուցող օպերատորները պարտավոր են իրենց հաշվին ապահովել տեղափոխված Համարներին ուղղված կանչերի ուղղորդումը: Սկզբնական դոնոր օպերատորները պարտավոր են Ընդունող օպերատորների Ցանցեր ուղղորդել իրենց Ցանցից տեղափոխված Համարներին ուղղված կանչերը: Կենտրոնացված տվյալների բազային չմիացած այլ օպերատորները իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում սկզբնավորված կանչերը ուղղորդում են Սկզբնական դոնոր օպերատորի Ցանց՝ կրելով տարանցիկ ծառայությունների հետ կապված բոլոր ծախսերը:

47. Օպերատորները պարտավոր են կիրառել «հարցում յուրաքանչյուր կանչի դեպքում» ուղղորդման մեթոդը, որի համաձայն՝ նախքան յուրաքանչյուր կանչի կատարումը կանչը սկզբնավորող Օպերատորը իր գործառնական տվյալների բազայի միջոցով որոշում է կանչվող Համարի գործարկման ցանցը:

48. Օպերատորներն ամեն օր գիշերային ժամերին իրենց գործառնական տվյալների բազան սինքրոնացնում են Կենտրոնացված տվյալների բազայի հետ: Սինքրոնացման գործընթացի իրականացման ճշգրիտ ժամը որոշվում է Օպերատորների ու Ադմինիստրատորի կողմից համատեղ:

49. Տեղափոխված Համարին Կանչի սկզբնավորում իրականացնող Օպերատորը Բաժանորդին տեղեկացնում է Համարի տեղափոխված լինելու մասին ՍSSD հրահանգի միջոցով, իսկ զանգերի դեպքում՝ նաև մինչև մեկ վայրկյան տևողությամբ միատեսակ ազդանշանային համակարգով, ինչը Բաժանորդի կողմից կարող է ապաակտիվացվել: Համարի տեղափոխման տեղեկացման համակարգը կիրառվում է միայն Կանչի սկզբնավորում իրականացնող Օպերատորի ցանցից տեղափոխված Համարի դեպքում, բացառությամբ Համարը կրկին տվյալ Օպերատորի ցանց տեղափոխելու դեպքի:

(49-րդ կետը խմբ. 31.01.14 N 12-Ն) 

50. Կանչը սկզբնավորող օպերատորի կողմից տեղափոխված Համարին կանչի ուղղորդումն իրականացվում է Ընդունող օպերատորի ցանցում գործարկված և չտեղափոխված համարներին իրականացվող կանչերի գներով:

51. Օպերատորները պարտավոր են իրենց կողմից զբաղեցվող համարագրման պլանին պատկանող համարներին կարճ (SMS) կամ մուլտիմեդիա (MMS) հաղորդագրություններ ուղարկող միջազգային օպերատորներին տեղեկացնել Ընդունող օպերատորի ցանցի մասին, որտեղ տվյալ պահին գործարկված է Համարը:

52. Կանչի սկզբնավորում իրականացնող յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է անձամբ կրել կանչի ուղղորդման ծախսերը` կապված Կենտրոնացված տվյալների բազայի օգտագործման հետ:

53. Տեղափոխված Համարներին Կանչերի փոխկապակցման սակագները պետք է լինեն նույն Ցանցում գործարկված և չտեղափոխված Համարներին Կանչերի համար կիրառվող սակագներով:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխը լրաց. 31.01.14 N 12-Ն) 

 

54. Մինչև 2014 թվականի մայիսի 1-ը սույն կանոնների 30-րդ և 32-րդ կետերի համաձայն համարի տեղափոխման պատասխանը Դոնոր օպերատորի կողմից կարող է ուղարկվել ինչպես ավտոմատացված, այնպես էլ ոչ ավտոմատացված եղանակով, իսկ 2014 թվականի մայիսի 1-ից՝ միայն ավտոմատացված եղանակով։ Մինչև սույն կետում նշված ժամկետը Օպերատորի կողմից ամբողջությամբ ավտոմատացված համակարգ կիրառելու դեպքում, Օպերատորն այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին և Օպերատորներին: Սույն կետով ամրագրված անցումային ժամկետը Օպերատորներին չի ազատում սույն կանոնների 34-րդ կետով սահմանված ժամկետների պահպանման պարտավորությունից:

(գլուխը լրաց. 31.01.14 N 12-Ն) 

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 31.01.14 N 12-Ն) 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.06.2014, N 159-Ն 25.07.2014, N 251-Ն
31.01.2014, N 12-Ն 27.03.2014, N 251-Ն
24.10.2013, N 372-Ն 26.12.2013, N 251-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան