ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արմավիրի շրջանի Ջանֆիդա և Փշատավան գյուղերում զինված խմբավորումների հրահրած հակաօրինական, հակահասարակական գործողությունները կանխելու, Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտում հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու ու կարգուկանոնը վերականգնելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 15 կետով, որոշում եմ.
1. Արմավիրի շրջանում հայտարարել արտակարգ դրություն` մեկ ամիս ժամանակով:
2. Արտակարգ դրության պարետ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հրաչյա Վազգենի Հարությունյանին:
3. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, պաշտպանության նախարարությունների և ազգային անվտանգության պետական վարչության վրա:
4. Արտակարգ դրության տարածքում պարետային ժամ սահմանելու հարցը թողնել պարետի հայեցողությանը:
5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից սահմանված կարգով հաստատվելուց հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|