Գլխավոր տեղեկություն
Номер
N 304-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.04.2014-19.04.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.04.02/16(1029) Հոդ.240
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.2014
Дата вступления в силу
03.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2014 թվականի N 304-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը և «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1201-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 27

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 304-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի նպատակը համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման գործընթացի կազմակերպումն ու իրականացումն է:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները սահմանվում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:

3. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՀԱՄ)՝ ներառյալ հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), հավատարմագրման տեխնիկական կոմիտեները (այսուհետ` կոմիտե), բողոքարկման հանձնաժողովը, փորձագետները, գնահատողները (ներառյալ օտարերկրյա փորձագետներ և գնահատողներ) և հավատարմագրված ու հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ)։

4. Հավատարմագրման գործընթացը և հավատարմագրման գործընթացի մասնակիցների հարաբերությունները կարգավորվում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք), սույն կարգի, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետությունում ՀԳՄ-ին հավատարմագրում է ՀԱՄ-ը:

6. Հավատարմագրման համար կարող են դիմել հետևյալ ՀԳՄ-ները`

1) փորձարկման լաբորատորիաները.

2) տրամաչափարկման (կալիբրավորման) լաբորատորիաները.

3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինները.

4) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինները.

5) ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինները.

6) տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինները.

7) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ:

7. Օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացի հետ կապված պարբերաբար արդիականացվող ամբողջական տեղեկատվությունը տեղադրվում է ՀԱՄ-ի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

8. Հավատարմագրման չափանիշներն են օրենքով, ազգային` ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17020, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011, տարածաշրջանային և միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջները:

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Հավատարմագրման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`

1) ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման նպատակով ՀԱՄ-ին հայտի ներկայացում և գրանցում, մինչհավատարմագրման պայմանագրի կնքում.

2) հայտի և դրան կից փաստաթղթերի փորձաքննություն.

3) ՀԳՄ-ի՝ ըստ գտնվելու վայրի գնահատում.

4) հավատարմագրման մասին որոշման ընդունում, հավատարմագրման վկայագրի գրանցում, հավատարմագրման պայմանագրի կնքում և հավատարմագրման վկայագրի տրամադրում.

5) հավատարմագրված ՀԳՄ-ների գնահատում (պարբերական, այդ թվում` արտահերթ):

10. ՀԳՄ-ն հավատարմագրման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո կարող է 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմել բողոքարկման հանձնաժողով` ՀԱՄ-ի կողմից ընդունված որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջով: Բողոքարկման հանձնաժողովի գործունեության և բողոքարկումների քննարկման կարգը սահմանում է խորհուրդը:

11. Հավատարմագրման հավակնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը յուրաքանչյուր ՀԳՄ-ի համար ՀԱՄ-ին է ներկայացնում առանձին հայտ:

12. Հավատարմագրման գործընթացի նկարագրությունը և հավատարմագրման գործընթացին առնչվող փաստաթղթերի ցանկը տեղադրվում է ՀԱՄ-ի պաշտոնական կայքում:

13. ՀԳՄ-ն հավատարմագրման համար, ուղեկցող գրությամբ ՀԱՄ-ին է ներկայացնում թղթային և էլեկտրոնային տարբերակներով հայտ, որն առնվազն ներառում է՝

1) ՀԳՄ-ի ընդհանուր բնութագիրը` ներառյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, կազմակերպաիրավական ձևը, մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվություն.

2) ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն` գործունեության ոլորտը, գտնվելու վայրը (վայրերը).

3) հավատարմագրման ոլորտը.

4) ՀԳՄ-ի համաձայնությունը հավատարմագրման պահանջների և ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ.

5) ՀԳՄ-ի կողմից մատուցվող համապատասխանության գնահատման ծառայությունների նկարագիրը, ինչպես նաև ստանդարտների, մեթոդների կամ ընթացակարգերի ցանկը.

6) ՀԳՄ-ի որակի ձեռնարկի պատճենը (թղթային և էլեկտրոնային), ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին համապատասխան այլ փաստաթղթեր:

14. Եթե հավատարմագրման չափանիշներով ՀԳՄ-ի անձնակազմի համար սահմանված են համապատասխան որակավորում ունենալու պահանջներ, ապա որակավորման պահանջը համարվում է բավարարված, եթե անձնակազմի տվյալ անդամն ունի համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ մասնակցել է համապատասխան որակավորման դասընթացներին և ստացել որակավորման վկայական:

15. Հայտի և դրան կից փաստաթղթերի, ՀԳՄ-ի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը սահմանում է ՀԱՄ-ը:

16. ՀԱՄ-ը մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներկայացված հայտի ու դրան կից փաստաթղթերի լրակազմի նախնական ուսումնասիրություն և համապատասխանության դեպքում ՀԳՄ-ին տրամադրում է հայտը գրանցելու վերաբերյալ գրություն: Ընդունված հայտը գրանցվում է ՀԱՄ-ի հավատարմագրման հայտերի գրանցամատյանում:

17. ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում ՀԱՄ-ը, մինչև գնահատումը, ՀԳՄ-ի համաձայնությամբ կարող է իրականացնել նախնական այց` հայտը գրանցելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչի վերաբերյալ կողմերի միջև կնքվում է պայմանագիր`

1) նախնական այցն իրականացվում է պայմանագրով սահմանված վճարումը կատարելուց հետո: Սահմանված վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում ՀԱՄ-ը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է վճարման մասին.

2) նախնական այցի ընթացքում պետք է բացառվի գնահատողների կողմից խորհրդատվության տրամադրումը:

18. ՀԱՄ-ը գրությամբ ծանուցում է ՀԳՄ-ին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ փաստաթղթերի՝ սահմանված ձևանմուշներին չհամապատասխանելու կամ ոչ ամբողջական լրակազմ ներկայացնելու դեպքում:

19. ՀԳՄ-ի կողմից սահմանված ժամկետում, ինչպես նաև թերությունները չվերացնելու դեպքում հայտի գրանցումը մերժվում է և ՀԱՄ-ը փաստաթղթերի թղթային օրինակը վերադարձնում է ՀԳՄ-ին` նշելով վերադարձման հիմքերը:

20. Նախնական այցից կամ, դրա բացակայության դեպքում, հավատարմագրման հայտը գրանցելուց հետո ՀԱՄ-ի և ՀԳՄ-ի միջև կնքվում է (ՀԱՄ-ի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան) մինչհավատարմագրման պայմանագիր: Հավատարմագրման գործընթացն սկսվում է ՀԳՄ-ի կողմից վճարումը կատարելուց հետո:

21. Մինչհավատարմագրման պայմանագրով սահմանված վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում ՀԱՄ-ը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է վճարման մասին: Վճարում չկատարելը հիմք է ՀԳՄ-ի հավատարմագրումը մերժելու համար: ՀԳՄ-ն հավատարմագրման գործընթացի յուրաքանչյուր փուլում կարող է հետ վերցնել հավատարմագրման հայտը` վճարելով մինչ այդ կատարված աշխատանքների համար:

22. ՀԳՄ-ի կողմից վճարումը կատարելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀԱՄ-ի ղեկավարը ձևավորում է գնահատման խումբ` խորհրդի կողմից հաստատված հավատարմագրման գործընթացում ընդգրկված փորձագետների (ներառյալ օտարերկրյա փորձագետներ և գնահատողներ) ցանկից:

23. Գնահատման խմբի անդամներն ստորագրում են անկողմնակալության և գաղտնիության վերաբերյալ հայտարարագիր:

24. ՀԱՄ-ի ղեկավարը գնահատման խմբի կազմում ընդգրկված անդամների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ծանուցում է ՀԳՄ-ին: ՀԳՄ-ն ծանուցումն ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում իր գրավոր համաձայնությունն է ներկայացնում, իսկ շահերի բախման, կողմնակալության կամ այլ հիմնավոր պատճառների դեպքերում` գրավոր հիմնավոր առարկություն է ներկայացնում կոնկրետ գնահատողի կամ փորձագետի նշանակման վերաբերյալ: ՀԱՄ-ը նման իրավիճակներում պետք է ունենա իր քաղաքականությունը:

25. Գնահատման խմբում ընդգրկված գնահատողների և փորձագետների թիվը սահմանվում է ելնելով հավատարմագրման ոլորտի բարդությունից և ծավալից` առավելագույնը 8 անձից:

26. ՀԱՄ-ի ղեկավարի կողմից գնահատման խմբի կազմը հաստատելուն հաջորդող աշխատանքային օրվանից սկսվում է ՀԳՄ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը:

27. Փաստաթղթերի փորձաքննության 30 աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում ՀԳՄ-ին տրամադրվում է հաշվետվությունը` տրամադրելով 90-օրյա ժամկետ` դրանց վերացման համար: Սահմանված ժամկետում ՀԳՄ-ի կողմից փաստաթղթերի լրամշակված տարբերակ չներկայացնելը հիմք է հավատարմագրումը մերժելու համար:

28. ՀԳՄ-ի կողմից ուղեկցող գրությամբ լրամշակված փաստաթղթեր ներկայացնելուց հետո գնահատման խումբը 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրանց լրացուցիչ փորձաքննություն:

29. Փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննության բացասական եզրակացության դեպքում ՀԱՄ-ի կողմից կասեցվում է ՀԳՄ-ի գնահատման գործընթացը մինչև սույն կարգի 36-41-րդ կետերով սահմանված կարգով համապատասխան որոշման ընդունումը: ՀԱՄ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ՀԳՄ-ին գնահատման գործընթացի կասեցման վերաբերյալ:

30. Փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատման խմբի կողմից կազմվում է գնահատման ծրագիր՝ ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի, որը հաստատում է ՀԱՄ-ի ղեկավարը:

31. ՀԱՄ-ի ղեկավարն ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի գնահատման ծրագիրը հաստատելուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր համաձայնեցնում է այն ՀԳՄ-ի հետ:

32. ՀԳՄ-ի համաձայնությունն ստանալուց հետո ՀԱՄ-ի ղեկավարը, ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի, գնահատման ծրագրով նախատեսված ժամկետներում, կազմակերպում է ՀԳՄ-ի գնահատում` ըստ գտնվելու վայրի: Գնահատման խումբը ՀԱՄ-ին և ՀԳՄ-ին ներկայացնում է գնահատման վերաբերյալ հաշվետվություն` ծրագրով նախատեսված ժամկետին հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում:

33. Գնահատման խմբի կողմից հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում ՀԳՄ-ն 10 աշխատանքային օրվա ընթացքում մշակում և ՀԱՄ-ին է ներկայացնում ուղղիչ գործողությունների ծրագիր:

34. Անհամապատասխանությունների վերացման համար ՀԳՄ-ին տրամադրվում է 90-օրյա ժամկետ: Սահմանված ժամկետում անհամապատասխանությունների չվերացնելը կամ վերացման վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը հիմք է ՀԱՄ-ի կողմից հավատարմագրումը մերժելու համար:

35. Անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ սահմանված ժամկետում տեղեկատվություն ստանալուց հետո ՀԱՄ-ը այն տրամադրում է գնահատման խմբին: Գնահատման խումբը 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ստացված տեղեկատվությունը և իրականացնում լրացուցիչ գնահատում, որի արդյունքները ներկայացվում են հաշվետվության մեջ:

36. ՀԱՄ-ի ղեկավարը գնահատման/լրացուցիչ գնահատման հաշվետվությունն ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է կոմիտե: Կոմիտեի կազմում չի կարող նշանակվել տվյալ ՀԳՄ-ի գնահատման խմբում ընդգրկված գնահատողը և (կամ) փորձագետը:

37. Կոմիտեի կազմը հաստատելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն ուսումնասիրում է ՀԳՄ-ի գնահատման արդյունքները, արձանագրում հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ իր առաջարկությունը և ներկայացնում է ՀԱՄ-ի ղեկավարին ու խորհրդին:

38. Կոմիտեի առաջարկությունն ստանալուց հետո ՀԱՄ-ը 10 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է խորհրդի նիստ:

39. Խորհրդի նիստի ընթացքում, հիմք ընդունելով կոմիտեի արձանագրությունը, ընդունվում է ՀԳՄ-ի հավատարմագրման մասին համապատասխան որոշում:

40. Հավատարմագրման մասին դրական որոշման ընդունման դեպքում ՀԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում`

1) գրանցում է ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագիրը հավատարմագրված ՀԳՄ-ների հավատարմագրման գրանցամատյանում և կնքում հավատարմագրման պայմանագիր: ՀԳՄ-ն հավատարմագրված է համարվում հավատարմագրման գրանցամատյանում գրանցման պահից.

2) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման վկայագիր, որով հավաստվում է ՀԳՄ-ի հավատարմագրման ոլորտի շրջանակներում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու իրավասությունը: Հավատարմագրման վկայագրի պատճենը պահվում է ՀԱՄ-ում: Հավատարմագրման ոլորտն ամրագրվում է հավատարմագրման վկայագրի հավելվածում, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է.

3) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման նշան, որի կիրառման կարգը սահմանում է խորհուրդը:

41. Մերժման դեպքում ՀԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀԳՄ-ին գրավոր տեղեկացնում է հավատարմագրման մերժման որոշման վերաբերյալ` նշելով մերժման հիմքերը:

42. Սույն կարգին համապատասխան առաջին անգամ հավատարմագրվելու դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետը սահմանվում է երեք տարի, իսկ հետագա հավատարմագրման դեպքում` 4 տարի:

43. Հետագա հավատարմագրման դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է հավատարմագրման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, հակառակ դեպքում` ժամկետի փոփոխությունը հիմք է հավատարմագրումը որպես առաջին հավատարմագրում դիտարկելու համար: Սահմանված ժամկետը ՀԳՄ-ի կողմից պահպանելու, ինչպես նաև «Համապատասխանության գնահատման մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հավատարմագրված ՀԳՄ-ների կողմից հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրման հայտ ներկայացնելու դեպքերում, եթե հավատարմագրման գործընթացը չի ավարտվել, ապա ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագիրը շարունակում է գործել մինչև խորհրդի կողմից հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:

 

IV. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

 

44. ՀԳՄ-ի վերապահումով հավատարմագրման վկայագրի գործողության, ինչպես նաև վերապահումով հավատարմագրման առավելագույն ժամկետները սահմանված են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և իրականացվում են հետևյալ դեպքերում`

1) երբ ՀԳՄ-ն չի ապահովում չափումների հետևելիության, այդ թվում` կիրառվող չափման միջոցների տրամաչափարկման կատարման պահանջը (բացառությամբ տրամաչափարկման լաբորատորիաների).

2) երբ ՀԳՄ-ն չի ապահովում չափումների անորոշության որոշման/գնահատման պահանջը (բացառությամբ տրամաչափարկման լաբորատորիաների).

3) երբ ՀԳՄ-ն չի ապահովում միջլաբորատոր համեմատությունների կամ որակի ստուգման ծրագրերին մասնակցության պահանջը:

 

V. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

45. ՀԱՄ-ը, հիմք ընդունելով ՀԳՄ-ի հետ կնքված հավատարմագրման պայմանագիրը (որտեղ նշվում է ՀԳՄ-ի պարբերական գնահատման անցկացման ժամկետները), ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագրի վավերականության ամբողջ ընթացքում, սույն կարգի 22-23 կետերով սահմանված կարգով ձևավորված գնահատման խմբի միջոցով, իրականացնում է պարբերական գնահատում:

46. ՀԱՄ-ը ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում, պարբերական գնահատումն իրականացնում է հավատարմագրումից ոչ ուշ, քան 12 ամիս հետո` մեկ անգամ: ՀԳՄ-ի հետագա պարբերական գնահատումներն իրականացվում են ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

47. Մինչև պարբերական գնահատում իրականացնելը ՀԱՄ-ի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում պարբերական գնահատման ծրագիրը գրավոր համաձայնեցնում է ՀԳՄ-ի հետ:

48. ՀԳՄ-ի համաձայնությունն ստանալուց հետո ՀԱՄ-ի ղեկավարը կազմակերպում է ՀԳՄ-ի պարբերական գնահատում` ըստ գտնվելու վայրի:

49. Գնահատման խումբը, ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի, պարբերական գնահատումը (այդ թվում՝ արտահերթ գնահատումը) իրականացնում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն:

50. ՀԱՄ-ը, տեղեկացնելով ՀԳՄ-ներին, կարող է իրականացնել արտահերթ գնահատումներ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից և ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններից ստացված գանգատների (բողոքների), ահազանգերի և հավատարմագրման պայմանների փոփոխությունների առկայության դեպքերում (դեպքերն ամրագրված են հավատարմագրման պայմանագրում):

51. Պարբերական գնահատման, այդ թվում` արտահերթ գնահատման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում ՀԱՄ-ը սահմանում է ուղղիչ գործողությունների իրականացման ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրը: Սահմանված ժամկետում անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը հիմք է ՀԱՄ-ի կողմից հավատարմագրումը դադարեցնելու համար:

52. Անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ սահմանված ժամկետում տեղեկատվություն ստանալուց հետո ՀԱՄ-ը այն տրամադրում է գնահատման խմբին: Գնահատման խումբը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ստացված տեղեկատվությունը և իրականացնում լրացուցիչ գնահատում` ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի, որի արդյունքները ներկայացվում են հաշվետվության մեջ:

53. ՀԱՄ-ը, խորհրդի որոշմամբ, հիմնվելով պարբերական գնահատման արդյունքների հիման վրա, ընդունում է որոշում հավատարմագրումը կասեցնելու, կրճատելու, դադարեցնելու մասին:

 

VI. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

 

54. Հավատարմագրումը կարող է ընդլայնվել ՀԳՄ-ի հայտի հիման վրա:

55. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը, համապատասխան որոշման ընդունումը և փաստաթղթի տրամադրումն իրականացվում են համաձայն սույն կարգի 13-41-րդ կետերի:

56. Հավատարմագրման ընդլայնման դեպքում հավատարմագրման վկայագրին կցվում է հավատարմագրման ոլորտի ընդլայնման վերաբերյալ հավելված, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրման գրանցամատյանում:

57. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն 2 ամիս առաջ:

58. Հավատարմագրման ընդլայնման վավերությունը սահմանվում է մինչև ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետի ավարտը:

 

VII. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

59. ՀԳՄ-ի հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը կարող է կրճատվել, կասեցվել կամ դադարեցվել:

60. ՀԳՄ-ն կարող է դիմել ՀԱՄ-ին հավատարմագրումը կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու համար:

61. Հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է խորհրդի որոշմամբ` ոչ ավելի, քան 4 ամիս:

62. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում ՀԳՄ-ն իրավունք չունի իրականացնելու համապատասխանության գնահատման գործունեություն` վկայակոչելով իր հավատարմագրված լինելը, օգտվելու հավատարմագրման նշանից, ինչպես նաև ներկայացնելու հավատարմագրման ընդլայնման հայտ:

63. ՀԳՄ-ն կասեցման հիմքերի վերացման ապացույցները ներկայացնում է ՀԱՄ-ին: ՀԱՄ-ը գնահատման խմբի միջոցով 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է լրացուցիչ գնահատում` փաստաթղթային և (կամ) ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի:

64. Լրացուցիչ գնահատման արդյունքում ՀԱՄ-ը սույն կարգի 36-41-րդ կետերով սահմանված կարգով որոշում է ընդունում հավատարմագրումը կրճատելու, վերականգնելու կամ դադարեցնելու մասին:

65. Հավատարմագրման կրճատման դեպքում հավատարմագրման վկայագրին կցվում է հավատարմագրման ոլորտի կրճատման վերաբերյալ հավելված, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրման գրանցամատյանում:

66. ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է`

1) դիմումի հիման վրա.

2) հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում.

3) կասեցման հիմքերը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.

4) պարբերական գնահատման, այդ թվում՝ արտահերթ, լրացուցիչ գնահատման իրականացումից հրաժարվելու դեպքում.

5) հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս` հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում:

67. Հավատարմագրման դադարեցման մասին որոշումն ընդունելուց հետո ՀԳՄ-ն 10 աշխատանքային օրվա ընթացքում ՀԱՄ-ին է վերադարձնում հավատարմագրման վկայագրի բնօրինակն իր հավելվածներով` անկախ բողոքարկման հավանականությունից:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան