Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.29/4(1017) Հոդ.44
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.09.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
13.09.2013
Дата вступления в силу
13.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Գործ թիվ  ՇԴ2/0007/15/12

ՇԴ2/0007/15/12

Նախագահող դատավոր՝  Ս. Չիչոյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

 

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 13-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ դատախազ Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի հոկտեմբերի 22-ին դատապարտյալ Արթուր Աշոտի Այվազյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի որոշումը Ա.Այվազյանի մասով և պարտավորեցնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին դատարան ներկայացնել միջնորդագիր` դատապարտյալ Ա.Այվազյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին՝ այն նախապես ներկայացնելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ վարչական դատարան:

ՀՀ վարչական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ բողոքը վերադարձվել է Առաջին ատյանի դատարան:

2. 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ:

Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը բեկանվել է, և նյութերն ուղարկվել են նույն դատարան:

3. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 14-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքը վերադարձվել է վերջինիս` ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու հիմքով:

4. Վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Ա.Պապիկյանը:

Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ դատախազ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 14-ի որոշումը` թողնվել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Պապիկյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքն ըստ ենթակայության ՀՀ վարչական դատարան ուղարկելու մասին իր 2012 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի որոշումը բխում է հանրային իրավահարաբերություններից, այն ըստ էության կապված է ՀՀ արդարադատության նախարարության գործառույթների հետ, և ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի բողոքի քննության վերաբերյալ գործող քրեադատավարական օրենսդրությամբ քրեադատավարական ընթացակարգ սահմանված չէ: Համանման բողոքների ընթացքն արդեն իսկ լուծվել է ՀՀ վարչական դատարանի ակտերով» (տե՛ս նյութեր, թերթ 32):

7. ՀՀ վարչական դատարանը բողոքն Առաջին ատյանի դատարանին վերադարձնելու մասին իր 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշման մեջ նշել է. «(…) թեև բողոքով ներկայացվածն իր բնույթով հանդիսանում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճ, այդուհանդերձ ՀՀ վարչական դատարանի գնահատմամբ դատապարտյալ Արթուր Այվազյանի վերաբերյալ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի 03.10.2012թ. որոշման դեմ դատապարտյալ Արթուր Այվազյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը ՀՀ վարչական դատարանի կողմից չի կարող վարույթ ընդունվել, քանի որ այդ դեպքում կխախտվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ, 72-րդ, 77-րդ, 78-րդ հոդվածների պահանջները, ինչն իր հերթին կարող է հանգեցնել նաև նույն օրենսգրքի 53-րդ, 71-րդ հոդվածների պահանջների խախտմանը:

Այսպես՝ ՀՀ վարչական դատարան ներկայացվում է ոչ թե բողոք, այլ հայցադիմում, երկրորդ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված են հայցադիմումին ներկայացվող պահանջները, որոնք սույն բողոքում բացարձակապես պահպանված չեն և բողոքը, պայմանականորեն անգամ հայցադիմում դիտարկելու պարագայում, ենթակա կլիներ վերադարձման՝ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (…)» (տե՛ս նյութեր, թերթ 72-74):

8. Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունվարի 25-ի որոշման մեջ նշել է. «(…) որոշում կայացնելիս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հղում է կատարել քրեական դատավարության օրենսգրքի 41, 44 և 49 հոդվածներին, որոնք վերաբերում են բացառապես քրեական գործերին: Մինչդեռ բողոքը վերաբերում է «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմի գործողություններին:

Վարչական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ թեև վարչակազմի գործողությունների դեմ բերված բողոքներն ընդդատյա են վարչական դատարանին, սակայն դատարանին դիմելու ձևը չպահպանելու պատճառով այն վերադարձվել է:

Ինչից ևս հետևում է, որ դատապարտյալի բողոքը քննության ենթակա է վարչական դատարանին:

Ուստի պետք է բավարարել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (…) Ա.Թամազյանի վերաքննիչ բողոքը և նյութերը վերադարձնել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան (…)» (տե՛ս նյութեր, թերթ 166-167):

9. Առաջին ատյանի դատարանն իր 2013 թվականի մարտի 14-ի որոշման մեջ նշել է. «(…) Այսպիսով, դատարանը կրկին անգամ փաստում է, որ բողոքում նշված պահանջները բխում են հանրային իրավահարաբերություններից, այն չի կարող ընդունվել դատարանի վարույթ և ներկայումս գործող ՀՀ քրեական դատավարական ընթացակարգով լսվել, որի պայմաններում էլ բողոքը պետք է հետ վերադարձնել բողոքաբերին, որն էլ իր իրավունքի խախտման վերաբերյալ հայցադիմումով կարող է դիմել ՀՀ վարչական դատարան» (տե՛ս նյութեր, թերթ 220):

10. Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 11-ի որոշման մեջ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «(...) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով դատապարտյալ Արթուր Այվազյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքի ընդդատության հարցը, նկատի ունենալով Առաջին ատյանի և Վարչական դատարանների հետևությունները, արձանագրում է, որ դատապարտյալի ներկայացուցչի բողոքով վիճարկվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի որոշումը, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ բերված բողոքներն ընդդատյա են վարչական դատարանին, ուստի և գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, և այն բեկանելու հիմքեր չկան» (տե՛ս նյութեր, թերթ 255-257):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործի քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հետ կապված ցանկացած հարց բխում է քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից: Ընդհանուր իրավասության դատարանները ոչ միայն քննում են քրեական գործերը և վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ, այլև լուծում են իրենց կողմից կայացված դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը:

Բողոքաբերի կարծիքով` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշման դեմ դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքը վերաբերում է քրեական վարույթից բխող իրավահարաբերություններին, հետևաբար՝ ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին և պետք է քննվի և լուծվի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 11-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի գործողությունների և որոշումների դեմ բերված բողոքների դատական ընդդատության հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանը քննության է առնում հետևյալ իրավական հարցը՝ ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու հիմքով դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքը վերադարձնելու արդյունքում սահմանափակվե՞լ է արդյոք Ա.Այվազյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը:

15. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք (…)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

Մեջբերված միջազգային և ներպետական իրավանորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից մեկն է: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր` գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպես` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է նշված հոդվածի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում` հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Golder v. The United Kingdom գործով 1975 թվականի փետրվարի 21-ի վճիռը, գանգատ թիվ 4451/70, կետեր 28, 36):

Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև (տե՛ս Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50):

16. Վերոնշյալ կոնվենցիոն, սահմանադրական և օրենսդրական դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները:

17. Դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի ինստիտուցիոնալ տարրից, այն է՝ անկախ, անկողմնակալ, իրավասու և օրենքի հիման վրա ստեղծված դատարան ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունից բխող հիմնարար իրավունք է նաև գործերի պատշաճ ընդդատությունը: Հանդիսանալով դատարանի իրավասության դատավարական արտահայտություն՝ ընդդատության ինստիտուտը սահմանում է, թե որ դատարանն է իրավասու քննել դատական պաշտպանություն հայցող անձի գործը: Ուստի, գործերի քննության ընդդատության կանոնների պահպանումն անհրաժեշտ երաշխիք է գործը վարույթ ընդունելիս կամայականությունների բացառման և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության՝ անձի իրավունքների ապահովման համար: Թերևս այս նկատառումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է, որ «Ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով» (ընդդատության վերաբերյալ mutatis mutandis տե՛ս Գ.Հարությունյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը):

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատություն իրականացնում են առաջին ատյանի դատարանները, քրեական վերաքննիչ դատարանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝

«1. Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես՝

(…)

6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանները քննում են բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի համաձայն՝

«1. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական որոշում կայացրած դատարանը:

2. Եթե դատական որոշումն ի կատար է ածվում որոշումը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է տվյալ դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը (…):

3. (…) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը:

(…)»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն`

«1. Պատիժներ կատարող մարմնի և հիմնարկի վարչակազմը դատարանին հայտնում է պատիժը կատարելու մասին:

2. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանը քննարկում է դատապարտյալի բողոքները` պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ»:

Մեջբերված իրավանորմերի վերլուծությունից երևում է, որ քրեադատավարական օրենքը սահմանում է հարցերի որոշակի շրջանակ, որոնք ենթակա են լուծման ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Նման հարցերից են, մասնավորապես, դատական ակտն ի կատար ածելիս ծագող հարցերը, որոնք ամրագրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-434-րդ հոդվածներում: Նշված հոդվածների իմաստով՝ դատական ակտն ի կատար ածելիս ընդհանուր իրավասության դատարանն իրավասու է անդրադառնալ հետևյալ հարցերին՝

ա) դատական ակտի վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծումը,

բ) դատական որոշման կատարման հետաձգումը,

գ) պատիժը կրելուց ազատելը հիվանդության պատճառով,

դ) այն դատապարտյալին պատժից ազատելը, ում նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, ինչպես նաև դատական որոշման կատարման հետաձգումը վերացնելը,

ե) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելը,

զ) դատապարտյալի հետախուզումը:

19. Հիմք ընդունելով ընդդատության և ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատական ակտի կատարման փուլում ունեցած իրավասության վերաբերյալ սույն որոշման 17-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելը քրեաիրավական ինստիտուտներ են, որոնք կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ և 77-րդ հոդվածներով: Այդ ինստիտուտների կիրառման կարգն ու պայմանները նախատեսված են ՀՀ քրեադատավարական և քրեակատարողական օրենսգրքերով՝ որպես դատական ակտն ի կատար ածելիս ծագող հարցեր: Այլ խոսքով՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հետ կապված իրավահարաբերություններն իրենց բնույթով քրեաիրավական են, հետևաբար ենթակա են լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի կողմից:

20. Սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող քրեաիրավական ինստիտուտի գործադրման ընթացքում դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի իրավասությունները չեն սահմանափակվում միայն դատարան ներկայացվող միջնորդությունները լուծելով: Մասնավորապես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածը սահմանում է որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը, որի ընթացքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին վերապահված է որոշակի գործողություններ կատարելու և որոշումներ կայացնելու իրավասություն: Այս առումով պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի իրավասությանը վերապահված գործողություններն ու որոշումները հանդիսանում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու քրեաիրավական ինստիտուտի գործադրման համար անհրաժեշտ տարրեր, հետևաբար դրանք նույնպես բխում են քրեաիրավական հարաբերություններից, և դրանց դեմ բերված բողոքները ենթակա են քննության քրեաիրավական նորմերի կիրառմամբ:

Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ այս դեպքում մասնավոր անձը (դատապարտյալը) վիճարկում է վարչական մարմնի՝ իր շահերին առնչվող որոշման կամ գործողության օրինականությունն ու հիմնավորվածությունը, այդուհանդերձ, տվյալ վեճը չի կարող համարվել հանրային իրավահարաբերություններից բխող այնպիսի վեճ, որի լուծումն ընդդատյա է վարչական դատարանին: Քրեաիրավական հարաբերությունները նույնպես հանրային իրավահարաբերությունների տեսակ են, սակայն այս դեպքում շահագրգիռ անձի բողոքի քննարկման և լուծման իրավասությունն օրենսդրորեն վերապահված է ընդհանուր իրավասության (քրեական) դատարանին և դուրս է վարչական դատարանի իրավասության շրջանակներից:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ մոտեցումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝

«1. Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, (...):

2. Վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը»:

21. Հիմք ընդունելով սույն որոշման 19-րդ և 20-րդ կետերում շարադրված եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերի վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի գործողությունների և որոշումների դեմ շահագրգիռ անձանց բողոքները ենթակա են քննության դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավազորության սահմաններում:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2012 թվականի հոկտեմբերի 22-ին դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանը Ա.Այվազյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր դատարան չներկայացնելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի որոշման դեմ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքն ըստ ենթակայության ուղարկել է ՀՀ վարչական դատարան՝ պատճառաբանելով, որ հանձնաժողովի որոշումը բխում է հանրային իրավահարաբերություններից, և դրա դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգ գործող օրենսդրությամբ սահմանված չէ (տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը):

ՀՀ վարչական դատարանը 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է Առաջին ատյանի դատարան՝ նշելով, որ թեև բողոքով ներկայացվածն իր բնույթով հանդիսանում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճ, այդուհանդերձ վարչական դատարան ներկայացվում է ոչ թե բողոք, այլ հայցադիմում, և դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի կողմից չի պահպանվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հայցադիմումին ներկայացվող պահանջները (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունվարի 25-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը և նյութերն ուղարկել նույն դատարան (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի մարտի 14-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանին՝ պատճառաբանելով, որ բողոքն ընդդատյա չէ ընդհանուր իրավասության դատարանին և դատապարտյալն իր իրավունքի խախտման վերաբերյալ հայցադիմումով կարող է դիմել ՀՀ վարչական դատարան (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, իր համաձայնությունը հայտնելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հետ, 2013 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ վիճարկվող դատական ակտը թողել օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 10-րդ կետերը):

23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-21-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները կամայական մեկնաբանության են ենթարկել գործերի առարկայական ընդդատության վերաբերյալ գործող օրենսդրական կանոնները, ինչի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել է դատապարտյալ Ա.Այվազյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը, ինչն էլ կարող է հանգեցնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն հիմք է՝ դատական ակտերը բեկանելու և դատապարտյալ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքն Առաջին ատյանի դատարանի քննությանը հանձնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արթուր Աշոտի Այվազյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքը վերադարձնելու մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 14-ի որոշումը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 11-ի որոշումը բեկանել և բողոքը հանձնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քննությանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան