Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.29/4(1017) Հոդ.39
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.09.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
13.09.2013
Дата вступления в силу
13.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Գործ թիվ  ԱՎԴ/0082/01/12

ԱՎԴ/0082/01/12

Նախագահող դատավոր՝  Գ. Մելիք-Սարգսյան

Դատավորներ՝   

 Կ. Ղազարյան
 

 Հ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ ամբաստանյալ

Ս. Աղախանյանի

  դատախազ

Վ. Պողոսյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 13-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սեյրան Կառլենի Աղախանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Աղախանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 27120612 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Սեյրան Կառլենի Աղախանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2012 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2013 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Ս.Աղախանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել է ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ս.Աղախանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Աղախանյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Աղախանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ս.Աղախանյանը դատապարտվել է այն բանի համար, որ «2012 թվականի օգոստոս ամսվա կեսերին, նկատելով իր տան բակում եգիպտացորենի բույսերի հետ ինքն իրեն աճած կանեփի բույսերը, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար դրանց գլխիկները պոկել, չորացրել է, որից հետո ձեռքով մանրացնելու եղանակով պատրաստել է մարիխուանա տեսակի թմրամիջոց ու լցնելով ծխախոտի գլանակի մեջ, միայնակ ծխել է: Դրանից շուրջ մեկ շաբաթ անց` օգոստոսի 8-ին կամ 9-ին, Սեյրան Աղախանյանն իր օգտագործման համար, կրկին իր տան բակում աճած կանեփի բույսերի գլխիկները պոկել է ու նույն եղանակով թմրամիջոց պատրաստելու նպատակով դրանք լցրել է սկուտեղի մեջ ու այն դրել իրենց տան բակում գտնվող պահարանի վրա, որն էլ 2012 թվականի օգոստոսի 10-ին նրա տան բակում ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից կատարված զննությամբ հայտնաբերվել ու վերցվել է` պետրահիդրոկաննաբինոլ պարունակող խոշոր չափի` 9,4 գրամ չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 162-163):

6. Արարատի մարզի Ոստանի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքի համաձայն «Սեյրան Կառլենի Աղախանյանի ընտանիքը բաղկացած է հետևյալ շնչերից. 1. Ինքը` Աղախանյան Սեյրան Կառլենի, 1972թ., 2. Կինը` Աղախանյան Սիրուն Ժուդեքսի 1977թ., 3. Տղան` Աղախանյան Գրիգոր Սեյրանի, 1996թ., 4. Տղան` Աղախանյան Գեղամ Սեյրանի, 1998թ., 5. Տղան` Աղախանյան Կառլեն Սեյրանի 2000թ.» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 70):

7. Ոստան համայնքի ղեկավար Հ.Խաչատրյանի կողմից տրված բնութագրի համաձայն «Սեյրան Կառլենի Աղախանյանը (…) [ա]շխատասեր, լուրջ, խելացի անձնավորություն է, ընկերասեր, հարևանների և ընկերների կողմից սիրված ու հարգված է, հավասարակշռված է: Ամուսնացած է, ունի երեք անչափահաս երեխա: Ընտանիքը վայելում է համագյուղացիների սերն ու հարգանքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 71):

8. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության տեղեկանքի համաձայն «(…) Սեյրան Աղախանյանի ընտանիքը (…) 1994 թվականից հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (…): Ընտանիքը սոցիալապես անապահով է և ստանում է աղքատության նպաստ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 76):

9. Ըստ «Արտաշատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի գրության Ս.Աղաջանյանի կինը տառապում է էպիլեպսիկ հիվանդությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 72):

10. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի համաձայն Ս.Աղախանյանը երկու անգամ դատապարտվել է (1992 թվականին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածով դատապարտվել է ազատարզկման` 2 տարի ժամկետով և 1995 թվականին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 1 տարի ուղղիչ աշխատանքներ) (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 18-19):

11. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Սեյրան Կառլենի Աղախանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առնում այն, որ նա խոստովանեց ու զղջաց կատարած արարքի համար, բնութագրվում է դրականորեն, խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները: (…) Դատարանը գտնում է, որ Սեյրան Կառլենի Աղախանյանի հետագա ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր չէ նրան առանց հասարակությունից մեկուսացնելու» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 163):

12. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ընդհանուր իրավասության դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, արդեն իսկ հաշվի է առել և դատավճռի հիմքում դրել է ամբաստանյալի կողմից վերաքննիչ բողոքով ներկայացված պահանջները և բավարար չափով ստուգման ու պատշաճ գնահատության է ենթարկել նրա կողմից կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, ինչը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքների ծանրությանը, դրանք կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին:

Այսպիսով, վերաքննիչ դատարանը քննության առնելով վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, հաշվի առնելով վերջինիս մեղսագրված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ անձը բնութագրող դատարանի կողմից մատնանշված վերոգրյալ բոլոր հանգամանքները, ինչպես նաև գործի կոնկրետ տվյալները, որ ամբաստանյալը նախկինում երկու անգամ դատապարտվել է, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Սեյրան Աղախանյանի ուղղվելը հնարավոր չէ առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու, հետևաբար նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր չկան:

Ինչ վերաբերում է ամբաստանյալի այն պատճառաբանությանը, որ իր ընտանիքը ստանում է աղքատության նպաստ, կինը վատառողջ է, ապա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի կողմից բերված փաստարկները սույն գործի շրջանակներում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 30):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

13. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում այն առումով, որ իր նկատմամբ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման:

Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս պետք է հաշվի առներ ոչ միայն այն, որ ինքը լիովին ընդունել է իրեն առաջադրած մեղադրանքը, զղջացել է կատարած արարքի համար, այլ նաև այն, որ ունի երեք անչափահաս երեխա, կինը վատառողջ է, տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, ընտանիքն ստանում է աղքատության նպաստ, ինքը հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, բնութագրվում է դրականորեն:

Ըստ բողոք բերած անձի` վերոնշյալ հանգամանքների առկայության պարագայում Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի հիմնավորել, թե ինչու իր նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և իր ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը փաստացի կրելու:

14. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 4-ի որոշումը և իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք Ս.Աղախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

(...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթները Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլ որոշումների (տե՛ս Վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-124/07, ՎԲ-192/07, ԵՇԴ/0029/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԼԴ2/0019/01/09 որոշումները և այլն), վերլուծության է ենթարկել Դ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց ռեալ (իրական) պատիժ կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:

(…) պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին» (տե՛ս Դավիթ Ռոբերտի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 11-12-րդ կետերը):

18. Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)» (տե՛ս Հազարապետ Ալբերտի Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը):

Ն.Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ զարգացնելով Հ.Հարությունյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) հանցանք կատարած անձի ուսումնասիրությունը մեծ դեր է խաղում պատիժ նշանակելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի («Պատժի նպատակները») իմաստով պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը, ուստի դատարանը պարտավոր է հանգամանորեն հետազոտել անձի ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալական առանձնահատկությունները: Այս կապակացությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շատ դեպքերում պատժի տեսակի և չափի վրա ազդում են հանցավորի սեռը, տարիքը, առողջական վիճակը» (տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 19-րդ կետը):

Հ.Հարությունյանի, Ն.Սարգսյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը զարգացրել է Ս.Սարգսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) «հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով «հանցավորի անձնավորություն» եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցավորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրենքում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտյալին պատժից ազատելու նախապայման:

(...) պատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ:

(...) հանցավորի անձը բնութագրող տվյալները չեն կարող սահմանափակվել միայն անձի բարոյական հատկանիշներով և ներառում են նաև անձի ընտանեկան դրությունը, զբաղմունքի տեսակը, կրթությունը, նրա դրական կամ բացասական բնութագիրը, խրախուսանքների կամ տույժերի առկայությունը և այլն: Անձը բնութագրող տվյալների նշված մեկնաբանությունը վերաբերելի է հատկապես հանցանք կատարած զինծառայողների անձնավորությանը, ինչը պայմանավորված է զինվորական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձնահատուկ տեսակով և այդ ծառայությունը կրող զինծառայողների հատուկ կարգավիճակով» (տե՛ս Սերոբ Ֆրունզիկի Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 36-37-րդ կետերը):

19. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա: Մասնավորապես, սույն գործով գնահատման էր արժանի այն հանգամանքը, որ ամբաստանյալին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն, նրա խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները, իսկ կինը վատառողջ է, և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը նրանց կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս.Աղախանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ նա զղջացել է կատարածի համար, բնութագրվում է դրական, նրա խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ Ս.Աղախանյանի ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր չէ առանց նրան հասարակությունից մեկուսացնելու (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, բավարար չափով ստուգման ու պատշաճ գնահատության է ենթարկել Ս.Աղախանյանի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, նրա խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները, զղջում է կատարածի համար և նրա նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, ինչն անհրաժեշտ ու բավարար է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործմանը հասնելու համար:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Ս.Աղախանյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է, հանգել է հետևության, որ վերջինիս ուղղվելը հնարավոր չէ առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու, հետևաբար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքաբերի կողմից բերված փաստարկները (ընտանիքը ստանում է աղքատության նպաստ, կինը վատառողջ է) սույն գործի շրջանակներում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը քննարկելիս հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի հետևությունները, որոնք ուղղակի վերարտադրել է իր որոշման մեջ՝ առանց անդրադառնալու այն հարցին, թե ամբաստանյալ Ս.Աղախանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության մասին հետևությունն արդյոք համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին ու պատժի արդարացիության սկզբունքին: Այս առումով հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանն արժանի գնահատման չի ենթարկել ամբաստանյալ Ս.Աղախանյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների՝ գործում առկա ամբողջ զանգվածը, մասնավորապես այն, որ վերջինիս ընտանիքը 1994 թվականից հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է աղքատության նպաստ, ամբաստանյալի կինը վատառողջ է, տառապում է էպիլեպսիկ հիվանդությամբ (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը):

Դրա փոխարեն Վերաքննիչ դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ իր որոշումը հիմնավորելու համար փաստարկել է, որ ամբաստանյալ Ս.Աղախանյանը նախկինում երկու անգամ դատված է եղել:

21. ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝

«1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:

(…)

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: (…)»:

Մեջբերված քրեաիրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ դատվածությունը բնորոշվում է որպես անձի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հանգամանք, հետևաբար դատվածություն ունեցող անձի համար նոր հանցագործություն կատարելու դեպքում ծագում են քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ: Միևնույն ժամանակ, նախկինում դատվածություն ունենալը չի նշանակում, որն անձն իր ամբողջ կյանքի ընթացքում համարվում է հանրային բարձր վտանգավորություն ունեցող: Քրեական օրենքը նախատեսում է դատվածությունը հանելու կամ մարելու հնարավորություն, որի դեպքում անձը օրենքի տեսանկյունից համարվում է որևէ հանցանք չկատարած, ուստի և նրա դատվածությունը չի կարող առաջացնել քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ, այդ թվում՝ չի կարող հաշվի առնվել նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ամբաստանյալ Ս.Աղախանյանի նախկին դատվածություններն օրենքով սահմանված կարգով մարված են (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Այլ կերպ՝ Ս.Աղախանյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, հետևաբար սույն քրեական գործի շրջանակներում նրա նախկին դատվածությունները որևէ իրավական հետևանք չեն կարող առաջացնել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի փաստարկն այն մասին, որ Ս.Աղախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի է, այն հիմնավորմամբ որ վերջինս նախկինում դատված է եղել: Վերաքննիչ դատարանը, փաստորեն, Ս.Աղախանյանի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս հաշվի է առել վերջինիս մարված դատվածությունները, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի պահանջների խախտում է:

23. Հիմք ընդունելով սույն որոշման 17-22-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված չէ Ս.Աղախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի, մասնավորապես` 5-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության և արդարության սկզբունքների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սեյրան Կառլենի Աղախանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան