Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.29/4(1017) Հոդ.40
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.09.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
13.09.2013
Дата вступления в силу
13.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Գործ թիվ  ԱՐԴ/0150/01/12

ԱՐԴ/0150/01/12

Նախագահող դատավոր՝  Ա. Խաչատրյան

Դատավորներ՝   

Ա. Դանիելյան
 

Լ. Թադևոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 13-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Օգսեն Ղազարի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մարտի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է թիվ 57115612 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2012 թվականի սեպտեմբերի 11-ին Օգսեն Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Օ.Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2012 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Օ.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2012 թվականի նոյեմբերի 14-ին Օ.Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 21-ի դատավճռով Օ.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Օ.Մկրտչյանը զրկվել է նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ Օ.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Տուժողի իրավահաջորդ Գեղեցիկ Գևորգյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի հարցը` 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, համարվել է լուծված, իսկ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի պահանջի վերաբերյալ կողմերի միջև կայացած համաձայնության շուրջ, պարտավորությունը չկատարելու պայմաններում, տուժողի իրավահաջորդ Գ.Գևորգյանին իրավունք է վերապահվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան:

3. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 21-ի դատավճիռը` նշանակված պատժի մասով, թողել է օրինական ուժի մեջ: Քաղաքացիական հայցի հարցը համարվել է լուծված: Դատավճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Օ.Մկրտչյանը և նշելով, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են, արդարացի, իսկ վճռաբեկ բողոքը՝ անհիմն, հակասական, չպատճառաբանված, չի բխում օրենքի պահանջներից, խնդրել է այն մերժել և ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 21-ի դատավճիռը:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Օ.Մկրտչյանը դատապարտվել է այն բանի համար, որ «2012 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Ռ.Եսայան փողոցում իր կողմից վարած «Վազ 21063» մակնիշի 64 ՕՏ 371 պետհամարանիշի ավտոմեքենայով երթևեկել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ, ու իր երթևեկության համար վտանգն առաջանալու` հանդիպակաց ուղղությամբ ընթացող ավտոմոբիլի հեռահար լույսերից շլանալու սկզբնապահից սկսած, արգելակում չկատարելով, այլ շլացած վիճակում շարունակելով երթևեկությունը, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 65, 67 և 129 կետերի պահանջներին հակասող գործողություններ և վրաերթի է ենթարկել իր ավտոմեքենային համընթաց քայլող հետիոտն, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Արսեն Նորիկի Ենոքյանին և անզգուշությամբ պատճառել մահ»:

6. 2013 թվականի հունիսի 28-ին Վճռաբեկ դատարանում ստացված մահվան վկայականի պատճենի համաձայն` ամբաստանյալ Օ.Մկրտչյանը 2013 թվականի հունիսի 16-ին մահացել է տեխնիկական էլեկտրահարության պատճառով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերով ու հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը հիմնավորված և օրինական չէ, դրանով թույլ են տրվել նյութական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Բողոքի հեղինակը, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ, 70-րդ հոդվածների, Վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշումների վկայակոչմամբ, նշել է, որ ամբաստանյալ Օ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի վերոգրյալ դրույթների պահանջները, ինչի արդյունքում նշանակել է ոչ արդարացի պատիժ՝ հաշվի չառնելով Օ.Մկրտչյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև նրա պատժի անհատականացման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների ամբողջ ծավալը:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը չի վերլուծել պատժի բոլոր նպատակների իրականացման համատեքստում, մինչդեռ դրանց պատշաճ վերլուծությունը ցույց կտար, որ նշանակված պատժի կրումից Օ.Մկրտչյանին ազատելը զգալիորեն նվազեցնում է պատժի նպատակների իրականացման հնարավորությունը:

8. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել և փոփոխել, գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախևառաջ պետք է պատասխանել հետևյալ իրավական հարցին. առկա՞ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեական գործի վարույթը բացառող հանգամանք:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) բացակայում է հանցագործության դեպքը.

2) արարքի մեջ հանցակազմ չկա.

3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.

6) անցել են վաղեմության ժամկետները.

7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.

8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.

9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.

11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.

12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.

13) ընդունվել է համաներման ակտ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) թեև (…) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման» (տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը):

11. Վերոգրյալ իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքի՝ քրեական հետապնդման ենթարկվող անձի մահվան դեպքում, այդ անձի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ քրեական գործի վարույթը` կարճվի:

Նշվածից բացառություն կարող է լինել միայն այն դեպքերում, երբ տվյալ գործով վարույթի իրականացումն անհրաժեշտ է.

ա) մահացածի իրավունքների վերականգնման համար,

բ) այլ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:

Հետևաբար, եթե բացառություն կազմող վերոգրյալ անհրաժեշտությունը բացակայում է, ապա անձի մահվան դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը` կարճման, անկախ նրանից, թե գործը քննության որ փուլում է գտնվում:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով Օ.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով, և նա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ Օ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը՝ վիճարկելով ամբաստանյալ Օ.Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը: Գործի քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` նշանակված պատժի մասով, թողել է օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը՝ փաստարկելով, որ ամբաստանյալ Օ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է ոչ արդարացի պատիժ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը` վերը նշված հիմնավորումներով, Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

2013 թվականի հունիսի 28-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է սույն գործով ամբաստանյալ Օ.Մկրտչյանի մահվան փաստը հաստատող վկայականի պատճենը, որի համաձայն՝ Օ.Մկրտչյանն էլեկտրահարվելու պատճառով 2013 թվականի հունիսի 16-ին մահացել է (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

13. Սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 12-րդ կետում նշված փաստական հանգամանքները, այն է՝ ամբաստանյալ Օ.Մկրտչյանի մահվան փաստը, ինչպես նաև այն, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը բերված չէ ամբաստանյալի իրավունքների վերականգնման նպատակով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված` Օ.Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչպես նաև նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը բացառող հանգամանք: Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում է մահացածի իրավունքների վերականգնման նպատակով գործի վարույթը շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև առկա չէ այլ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու անհրաժեշտություն:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օգսեն Ղազարի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը պետք է բեկանել, Օ.Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` ամբաստանյալի մահվան հիմքով:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Օգսեն Ղազարի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել, Օգսեն Ղազարի Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` նրա մահվան կապակցությամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան