ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով, որոշում եմ.
1. Հիմնել «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
2. Հաստատել «Հայաստան» հիմնադրամի կազմավորման ու գործունեության կարգը (կցվում է):
3. Հիմնադրամի կազմավորմանն օժանդակելու և գործնական աշխատանքների ապահովման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության վրա:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հիմնադիրների համաձայնությամբ ապահովել Հայաստանի օգնության նպատակով ստեղծված տարբեր հիմնադրամների ընդգրկումը «Հայաստան» հիմնադրամի մեջ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
3 մարտի 1992 թ. ՆՀ-80 |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 3-ի ՆՀ-80 հրամանագրով |
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Հիմնադրամի կազմավորումը նպատակ ունի`
հայ ազգի հնարավորությունների ու կարողությունների համախումբ գործադրմամբ օգնել Հայաստանի վերաշինմանն ու զորացմանը.
օժանդակել Հայաստանի տնտեսության կայունացմանը, դրա փոխադրմանը ազատ շուկայական հարաբերությունների, նպաստել ազգային գիտական, կրթական, մշակութային, առողջապահական նոր համակարգերի ստեղծմանը.
առավել արդյունավետ համախմբել ուժերը 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի հետևանքները հաղթահարելու, բռնագաղթվածներին և արցախահայությանը օգնություն ցույց տալու հարցերում.
նյութապես աջակցել ազգի ու ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող համապետական ծրագրերի իրականացմանը:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հիմնադրամը ձևավորվում է կամավորության սկզբունքով: Հիմնադրամի կազմավորմանը կարող են մասնակցություն բերել բոլոր այն անձինք և կազմակերպությունները, որոնք իրավամբ շահագրգռված են հայապահպանության ու ազգային պետականության հաստատման ու ամրապնդման խնդրով:
Հիմնադրամի կազմավորման ու նրա միջոցների օգտագործման հիմքում դրվում է միայն ու միայն ազգային շահը` հիմք ունենալով ազգային տուրքի սկզբունքը:
Յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն իր տարեկան եկամուտներից կարող է միջոցներ հատկացնել համահայկական հիմնադրամին: Հիմնադրամին հատկացումներ կարող են կատարվել նաև միանվագ նվիրատվության, ժառանգման, անանուն փոխանցումների և այլ ձևերով: Խոշոր միանվագ մուծումների դեպքում կարող են իրականացվել անվանական ծրագրեր:
Հիմնադրամի կազմավորման հիմնադիր անդամների անունները գրանցվում են հատուկ պատվավոր գրքում: Հիմնադիր անդամները դառնում են հոգաբարձուների խորհրդի խորհրդականներ: Հիմնադիր անդամ դառնալու և խորհրդականների հետ աշխատանքի կարգը որոշում է հոգաբարձուների խորհուրդը:
Հիմնադրամի կազմավորման յուրաքանչյուր մասնակից իր մուծումների չափին համապատասխան ստանում է արտոնագիր: Հիմնադրամի կազմավորման և միջոցների հավաքագրման գործին մեծ նպաստ բերողներին կարող է շնորհվել հատուկ արտոնագիր` Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից:
Մուծումները կատարվում են հիմնադրամի միասնական հաշվին, իսկ ըստ առանձին ծրագրերի դրանց հատկացման նախապատվությունն ու չափը որոշում է հոգաբարձուների խորհուրդը:
Հիմնադրամը կարող է ունենալ նպատակային ենթահաշիվներ:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հիմնադրամը գլխավորում է հոգաբարձուների խորհուրդը, որի կազմի մեջ կարող են մտնել Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները, Հայաստանի Հանրապետության բանկի կառավարիչը, հասարակայնության, հայ եկեղեցու և սփյուռքահայության ներկայացուցիչներ` ընդհանուր թվով մինչև 20 մարդ:
Հոգաբարձուների խորհուրդը յուրաքանչյուր տարի որոշում է առաջնահերթ բնագավառներն ու ծրագրերը և դրանց համար միջոցների հատկացման կարգը:
Հիմնադրամի միջոցները տնօրինում է հոգաբարձուների խորհուրդը, որը ամեն տարի հրապարակում է հաշվետվություն դրանց օգտագործման մասին:
Հիմնադրամի միջոցները շրջանառության մեջ կարող են դրվել հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` համապատասխան ֆինանսական փաստաթղթերի վրա առնվազն երեք հոգաբարձուների (այդ թվում` մեկը սփյուռքից) ստորագրության առկայության դեպքում:
Սփյուռքի առանձին գաղութներում, ըստ անհրաժեշտության, կարող են ստեղծվել հիմնադրամի տեղական ներկայացուցչություններ, որոնք հաստատվում են հոգաբարձուների խորհրդի կողմից: Ներկայացուցչությունները, հիմնվելով տվյալ երկրի օրենքների վրա, ապահովում են միջոցների հավաքագրումը, իրականացնում են հիմնադրամի ծրագրերի ու նպատակների լայն մասսայականացում:
Առանձին ծրագրերի իրականացման համար վարկային ռեսուրսներ հայթայթելու նպատակով հիմնադրամը կարող է թողարկել արժեթղթեր (բոնդեր):
Հիմնադրամը չի կարող արտահայտել որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության շահերը, այն բացառապես համազգային մարմին է:
Հիմնադրամի կանոնադրությունը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը, որը գրանցվում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|