Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 211-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2014-25.08.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.10.09/28(472).1 Հոդ.282.1
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.08.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
05.09.2013
Дата вступления в силу
19.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013381

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 օգոստոսի 2013 թ.

թիվ 211-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/15-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի ծառայությունների անխափան և որակյալ մատուցումը, նվազեցնել մասնակիցների ռեեստրի վարման գործընթացի ռիսկերը,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է համապատասխանեցնել իր գործունեությունը սույն որոշմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. սեպտեմբերի 5

Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի օգոստոսի 30-ի

թիվ 211-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  5/15

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի (այսուհետ նաև՝ ֆոնդ) մասնակիցների ռեեստրի վարման կարգը և հաշվի օպերատորի գործունեության նկատմամբ պահանջները:

 

ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Մասնակիցը մասնակիցների ռեեստրում գործառնությունների կատարման համար անհրաժեշտ դիմումները, հարցումները և այլ փաստաթղթերը կամ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում`

1) մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով,

2) հաշվի օպերատորի միջնորդությամբ, առանց որևէ սպասարկման պայմանագրի կնքման:

3. Մասնակիցների ռեեստրում գործառնություն իրականացնելու համար մասնակիցը կարող է դիմել ցանկացած հաշվի օպերատորի, անկախ այն հանգամանքից, թե որ հաշվի օպերատորի միջնորդությամբ է ներկայացվել նախորդ դիմումը կամ բացվել կենսաթոշակային հաշիվը:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը պետք է սահմանի մասնակիցների ռեեստրի վարման կանոններ, որոնցով սահմանվում են կենսաթոշակային հաշիվների բացման, վարման և փակման, մասնակիցների ռեեստրում գործառնությունների գրանցման, հաշվի օպերատորների կողմից դիմումների, հարցումների և այլ տեղեկությունների ընդունման և մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցման կարգը և պայմանները, հաշվի օպերատորների նկատմամբ պահանջները, հաշվի օպերատորների հետ հաղորդակցման կարգը, ինչպես նաև սույն կանոնակարգով նախատեսված այլ դրույթներ:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները՝

1) Կանոնակարգ 10/07՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07,

2) Կանոնակարգ 10/09՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 24-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը» կանոնակարգ 10/09-ը հաստատելու մասին» թիվ 156-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը» կանոնակարգ 10/09,

3) Կանոնակարգ 5/10՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» Կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10,

4) դիմում՝ մասնակիցների ռեեստրում գործառնություն իրականացնելու դիմում կամ մասնակիցների ռեեստրից տեղեկություններ ստանալու հարցում:

6. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԲԱԺԻՆ 2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ

 

ԳԼՈՒԽ 4. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Մասնակիցների ռեեստրում գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ֆոնդերի, դրանց կառավարիչների վերաբերյալ,

2) ֆոնդերի մասնակիցների և նրանց պատկանող փայերի վերաբերյալ,

3) ֆոնդերի փայերով իրականացված գործառնությունների վերաբերյալ:

8. Մասնակիցների ռեեստրը վարողը սահմանում է սույն գլխով սահմանված՝ մասնակիցների ռեեստրում գրանցվող տեղեկությունների կազմը, աղբյուրները և գրանցման կարգը:

9. Եթե մասնակիցը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որևէ դիմումով ներկայացնում է մասնակիցների ռեեստրում առկա տվյալներից տարբերվող նոր կոնտակտային տվյալներ, ապա մասնակցին տեղեկացումների կամ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման համար մասնակիցների ռեեստրը վարողը օգտագործում է մասնակցի կողմից ներկայացված վերջին տվյալները:

 

ԳԼՈՒԽ 5. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

 

10. Մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշվում կարող են հաշվառվել միայն պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը:

11. Մասնակիցը կարող է ունենալ միայն մեկ կենսաթոշակային հաշիվ:

12. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ գրանցվում են հետևյալ տեղեկությունները՝

1) մասնակցի անունը և ազգանունը,

2) մասնակցի հասցեն,

3) մասնակցի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի սերիան, համարը,

4) կենսաթոշակային հաշվի համարը և հաշվի բացման ամսաթիվը,

5) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի անվանումը, որի փայերը հաշվառվում են կենսաթոշակային հաշվում,

6) կենսաթոշակային հաշվում հաշվառվող կենսաթոշակային ֆոնդերի փայերի քանակը,

7) կենսաթոշակային ֆոնդերի փայերի ձեռքբերման և այլ գործառնությունների գրանցման ամսաթվերը,

8) մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարները,

9) օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 6. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄԸ

 

13. Կենսաթոշակային հաշիվ կարող է բացվել միայն այն անձանց համար, ովքեր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրավունք ունեն տիրապետելու պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի:

14. Մասնակիցների ռեեստրը վարողը բացում է կենսաթոշակային հաշիվ՝

1/ անձի կողմից Կանոնակարգ 10/07-ի համաձայն ներկայացված ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա, կամ

2/ հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվության հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 7. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Մասնակիցը պարտավոր է տեղեկացնել մասնակիցների ռեեստրը վարողին կենսաթոշակային հաշվի բացման ժամանակ տրամադրված տեղեկությունների ցանկացած փոփոխության մասին: Սույն կետում նշված տեղեկությունները չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը պատասխանատվություն չի կրում մասնակցին պատճառված վնասի համար:

 

ԳԼՈՒԽ 8. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Ֆոնդի փայերի թողարկման և մարման ընթացակարգի նկատմամբ պահանջները սահմանվում են Կանոնակարգ 10/09-ով:

17. Մասնակիցների ռեեստրում գործառնությունների կատարման համար ներկայացվող դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը սահմանվում են Կանոնակարգ 10/07-ով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման առաջին տարվան հաջորդող տարիներին մասնակիցների կողմից տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» թիվ 629-Ն որոշմամբ, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով:

18. Կենսաթոշակների վճարումը ծրագրային վճարի տեսքով իրականացվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Կուտակային կենսաթոշակը ծրագրային վճարի տեսքով վճարվելու դեպքում դրա հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 1561-Ն որոշմամբ սահմանված կարգով:

19. Կենսաթոշակի վճարումը միանվագ վճարի տեսքով իրականացվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով:

20. Մինչև մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալը մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում միանվագ վճարներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 824-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ 3. ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԵՎ ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ՌԵԵՍՏՐ

 

ԳԼՈՒԽ 9. ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Եթե սույն կանոնակարգով այլ բան սահմանված չէ, հաշվի օպերատորների նկատմամբ կիրառվում են Կանոնակարգ 5/10-ի 5-րդ բաժնի դրույթները՝ «արժեթղթերի հաշվի», «արժեթղթերի հաշվառման համակարգի» և «Կենտրոնական դեպոզիտարիայի» փոխարեն հասկանալով համապատասխանաբար «կենսաթոշակային հաշիվ», «մասնակիցների ռեեստր» և «մասնակիցների ռեեստրը վարող» (ըստ կիրառելիության):

22. Հաշվի օպերատորի կողմից մասնակիցների սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները սահմանված են Հավելված 1-ում:

23. Հաշվի օպերատորը մերժում է դիմումների ընդունումը, եթե դիմումը չի համապատասխանում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, ինչպես նաև եթե անձնական տվյալները պարունակում են սխալներ և անճշտություններ, կամ դիմումը ներկայացվել է այդ դիմումը ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից:

24. Սույն կանոնակարգի 23-րդ կետի համաձայն դիմումի ընդունումը մերժելու դեպքում հաշվի օպերատորը անհապաղ տեղեկացնում է այդ մասին դիմումը ներկայացրած անձին՝ նշելով դիմումը մերժելու հիմքերը:

25. Հաշվի օպերատորը մասնակիցներին սպասարկում է յուրաքանչյուր աշխատանքային օր:

 

ԳԼՈՒԽ 10. ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

26. Մասնակիցների ռեեստրը վարողը հաշվի օպերատորի կարգավիճակ շնորհում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված անձանց, որոնք բավարարում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 11. ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ (ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԶՐԿՈՒՄԸ)

 

27. Հաշվի օպերատորի կարգավիճակի հետկանչման (զրկման) մասին մասնակիցների ռեեստրը վարողի որոշումը պետք է առնվազն սահմանի հաշվի օպերատորի կարգավիճակի հետկանչման հիմքերը:

28. Կանոնակարգ 5/10-ի 103-րդ կետը չի կիրառվում հաշվի օպերատորների նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 12. ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԶՐԿՎԱԾ ԿԱՄ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂ ԱՆՁԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

29. Հաշվի օպերատորը, որը ցանկանում է հրաժարվել հաշվի օպերատորի կարգավիճակից, պարտավոր է մասնակիցների ռեեստրը վարողի հետ կնքած պայմանագիրը դադարեցնելուց առնվազն 1 ամիս առաջ այդ մասին տեղեկացում հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն կետով սահմանված տեղեկացումը, բացի հաշվի օպերատորի կարգավիճակից հրաժարվելու մասին, պետք է պարունակի նաև տեղեկատվություն այն մասին, որ մասնակիցները կարող են սպասարկվել բոլոր այլ հաշվի օպերատորների մոտ, կամ մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով, ինչպես նաև այլ հաշվի օպերատորների հետ կապի համար անհրաժեշտ տեղեկություններ և մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի հասցեն:

30. Անձը, որը զրկվել է կամ հրաժարվում է հաշվի օպերատորի կարգավիճակից, պետք է կատարի մասնակիցների ռեեստրը վարողի բոլոր պահանջները, որոնք ուղղված են մասնակիցների իրավունքների պաշտպանությանն ու մասնակիցների ռեեստրի վարման գործընթացի շարունակականության ապահովմանը:

31. Կանոնակարգ 5/10-ի 106-109-րդ կետերը չեն կիրառվում հաշվի օպերատորների նկատմամբ:

 

ԲԱԺԻՆ 4. ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 13. ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

32. Ֆոնդի կառավարիչը մասնակիցների ռեեստրը վարողին է տրամադրում տեղեկություններ՝ օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և մասնակիցների ռեեստրը վարողի հետ կնքած պայմանագրով սահմանված կարգով և բովանդակությամբ: Եթե կառավարչի կողմից տրամադրված տեղեկատվությունը օգտագործվում է մասնակիցների ռեեստրում գործառնությունների իրականացման համար, ապա այդպիսի գործառնությունների կատարման համար հիմք է ընդունվում կառավարչի կողմից վերջին տրամադրված տեղեկատվությունը:

33. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է կառավարիչներին տրամադրել օրենքով, իր կանոններով և (կամ) կառավարչի հետ կնքած պայմանագրի համաձայն սահմանված տեղեկություններն ու հաշվետվությունները օրենքով սահմանված ծավալով և պարբերականությամբ: Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է կառավարչին պարբերաբար տրամադրել տեղեկություններ կառավարչի՝ իր կողմից կառավարվող ֆոնդում մասնակցության չափի վերաբերյալ:

 

ԲԱԺԻՆ 5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 14. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ

 

34. (կետն ուժը կորցրել է 10.12.13 թիվ 282-Ն)

35. (կետն ուժը կորցրել է 10.12.13 թիվ 282-Ն)

36. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է նախապես տեղեկացնել հաշվի օպերատորներին ռեեստրի վարման կանոններում, ընթացակարգերում, ռեեստրի վարման համար կիրառվող տեղեկատվական համակարգերում կատարվող բոլոր փոփոխությունների մասին, որոնք ազդում են հաշվի օպերատորների գործունեության վրա՝ այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առնվազն 15 օր առաջ:

37. Սույն կանոնակարգի 36-րդ կետում նշված նախնական տեղեկացման ժամկետը կարող է լինել ավելի կարճ, եթե առկա է որպես հաշվի օպերատոր հանդես եկող անձանց առնվազն երկու երրորդի գրավոր համաձայնությունը:

38. Կանոնակարգ 5/10-ի 95-րդ կետը չի տարածվում հաշվի օպերատորների վրա:

 

ԲԱԺԻՆ 6. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 15. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

39. Մասնակիցների ռեեստրը վարողը ստուգում է հաշվի օպերատորի գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը և մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սահմանված պահանջներին` մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով, մասնակիցների ռեեստրը վարողի և հաշվի օպերատորի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով:

40. Մասնակիցների ռեեստրը վարողը պարբերաբար ստուգում է հաշվի օպերատորների կողմից մասնակիցների կենսաթոշակային հաշիվներում գործառնությունների և հարցումների վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգում գրանցված արձանագրությունները՝ համեմատելով դրանք հաշվի օպերատորի մոտ առկա՝ այդ գործառնությունների և հարցումների համար հիմք հանդիսացած փաստաթղթերի հետ:

41. Սույն կանոնակարգի 39-րդ կետով նախատեսված իրավասությունն իրականացնելիս մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի հաշվի օպերատորից պահանջելու բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել մասնակիցների ռեեստրում գործառնություններ կատարելու կամ հարցումների համար:

(կանոնակարգը փոփ. 10.12.13 թիվ 282-Ն)

 

Հավելված 1

 

«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի

մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի

օպերատորների գործունեության կարգը»

 կանոնակարգ 5/15-ի

 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հաշվի օպերատորը հերթերի կարգավորման նպատակով պետք է ունենա հերթերի կառավարման համակարգ, որը կօգնի արդյունավետ կերպով կազմակերպել մասնակիցների սպասարկման գործընթացը:

2. Հաշվի օպերատորը պետք է ապահովի մասնակիցների սպասարկումը սպասարկման բոլոր պատուհանների միջոցով:

3. Հաշվի օպերատորի սպասարկման սրահում (այսուհետ նաև՝ սրահ) պետք է լինի տեղեկատվական տարածք, որը նախատեսված է կենսաթոշակային ֆոնդերի և ֆոնդերի կառավարիչների, ինչպես նաև բողոք-պահանջների վերաբերյալ բրոշյուրների, բուկլետների և այլ տեղեկատվական նյութերի համար: Հաշվի օպերատորը պետք է ապահովի բոլոր տեղեկատվական նյութերի մշտապես հասանելիությունը սրահում:

4. Հաշվի օպերատորի գրասենյակը պետք է ապահովված լինի արդյունավետ և որակյալ սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկայով (համակարգիչներ, տպիչ սարքեր, հեռախոսներ և այլն):

5. Հաշվի օպերատորը պետք է ունենա հեռախոսահամար, որով մասնակիցները կարող են դիմել իրենց կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ ստանալու կամ բողոք-պահանջները հայտնելու համար: Հաշվի օպերատորը պետք է ապահովի հեռախոսահամարի մշտապես հասանելիությունը մասնակիցների համար:

6. Հաշվի օպերատորը պետք է ունենա թեժ գծին միացված հեռախոս, որը կապահովի կապ օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի համապատասխան աշխատակցի միջև՝ մասնակցին սպասարկման ընթացքում առաջացած խնդիրները լուծելու նպատակով:

7. Սրահը պետք է կահավորված լինի այնպես, որպեսզի մասնակիցները կարողանան հեշտ և արագ կերպով ստանալ տեղեկատվություն, լրացնել համապատասխան դիմումները:

8. Սրահում տեսանելի վայրում պետք է փակցված լինի մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության քայլերի հաջորդականությունը նկարագրող պարզ և մատչելի շարադրված տեղեկատվություն:

9. Սրահում տեսանելի վայրում պետք է առկա լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների և կենսաթոշակային ֆոնդերի ցանկը:

10. Հաշվի օպերատորը պարտավոր է մասնակցի պահանջով նրան տրամադրել Կանոնակարգ 10/07-ով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի թիվ 629-Ն որոշմամբ նախատեսված որևէ դիմումի ձևի թղթային տարբերակը, որը մասնակիցը կարող է ինքնուրույն լրացնել և ներկայացնել օպերատորին:

(10-րդ կետը խմբ. 10.12.13 թիվ 282-Ն)

11. Հաշվի օպերատորը մշտապես պետք է ունենա ընդհանուր պատասխանատու, ով կդիմավորի մասնակցին սպասարկման սրահ մտնելիս և կօգնի կողմնորոշվել սրահում:

12. Հաշվի օպերատորը մշտապես պետք է ունենա սպասարկող առնվազն մեկ աշխատակից: Հերթերի գոյացման դեպքում հաշվի օպերատորը պետք է գործադրի լավագույն ջանքեր, որպեսզի մասնակիցներին սպասարկման գործընթացում հերթը չգերազանցի հինգ մարդը:

13. Հաշվի օպերատորը պետք է ապահովի, որ մասնակիցներին սպասարկող իր աշխատակիցներն ունենան բավարար գիտելիքներ մասնակիցների ռեեստրի վարման համար օգտագործվող տեղեկատվական համակարգի օգտագործման և մասնակիցներին սպասարկման համար:

14. Հաշվի օպերատորը պետք է գործադրի լավագույն ջանքեր, որպեսզի մեկ մասնակցի սպասարկման ժամանակահատվածը չգերազանցի 5 րոպեն:

15. Հաշվի օպերատորի աշխատակիցը պարտավոր է մասնակցի հետ հաղորդակցվել մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տրամադրված ստանդարտ տեքստերին համապատասխան, որոնք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

(հավելվածը խմբ. 10.12.13 թիվ 282-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.12.2024, թիվ 224-Ն 24.12.2024, թիվ 211-Ն
15.07.2014, թիվ 188-Ն 25.08.2014, թիվ 211-Ն
10.12.2013, թիվ 282-Ն 11.02.2014, թիվ 211-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան