ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 244-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից զբաղեցված, մեկ տարածքում և շենքային համալիրում պարփակված` 331.250,0 հազ. դրամ գնահատված ընդհանուր արժեքով ստորև ներկայացված հողամասերը և շենքերը (այսուհետ` գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին`
1) Երևան քաղաքի Ա. Միկոյան 2/21 հասցեում գտնվող, 266.500,0 հազ. դրամ գնահատված արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 2652206, տրված՝ 2011 թվականի հունիսի 14-ին), 1751.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և 7662.52 քառ. մետր մակերեսով հողամասը.
2) Երևան քաղաքի Ա. Միկոյան 2/22 հասցեում գտնվող, 13.500,0 հազ. դրամ գնահատված արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 2652207, տրված՝ 2011 թվականի հունիսի 14-ին), 117.7 քառ. մետր մակերեսով շինությունն ու 129.3 քառ. մետր մակերեսով հողամասը.
3) Երևան քաղաքի Հալաբյան 48 շենք, 43 հասցեում գտնվող, 51.250,0 հազ. դրամ գնահատված արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 10072012-01-0961, տրված՝ 2012 թվականի հուլիսի 10-ին) 753.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունը:
2. «ՆՅՈՒՏԵՔ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որպես կառուցապատող (այսուհետ` կառուցապատող) ներգրավել հետևյալ շինարարական և կապիտալ վերանորոգման աշխատանքներում`
1) Երևան քաղաքի Ա. Միկոյան 109/8 հասցեում գտնվող «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 3-րդ մասնաշենքում իրականացվելիք 74.400,7 հազ. դրամ արժեքով շինարարական-վերանորոգման աշխատանքներ.
2) Երևան քաղաքի Շիրակի 3-րդ նրբանցք, 6 հասցեում գտնվող «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շենք-շինություններում և տարածքում իրականացվելիք 43.564,2 հազ. դրամ արժեքով շինարարական-վերանորոգման աշխատանքներ.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարատովկայի համայնքի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառավարմանը հանձնված «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության շենք-շինություններում և տարածքում իրականացվելիք 213.285,1 հազ. դրամ արժեքով շինարարական-վերանորոգման աշխատանքներ:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված շինարարության իրականացման (կառուցման) արժեքը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, առանց տարբերության ենթակա է հաշվանցման` կառուցապատողին սեփականության իրավունքով հանձնվող` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ավելացված արժեքի հարկից ազատված) գնահատված արժեքի հետ:
4. Սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքն ավելացնել 213.285.100 դրամի չափով` հավասարապես բաշխելով ընկերության 72 բաժնետոմսերի վրա:
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի` շինարարական և կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ, կառուցապատողի հետ կնքել գլխավոր կապալի պայմանագիր` դրանում սահմանելով հետևյալ պարտադիր պայմանները`
1) կառուցապատողն իր միջոցների հաշվին`
ա. գլխավոր կապալի պայմանագրի և ամփոփ ֆինանսական հաշվարկի շրջանակներում իրականացնում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու սահմանված կարգով համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ,
բ. շինարարական համալիր աշխատանքների արդյունքը սահմանված կարգով, սեփականության իրավունքով հանձնում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության.
2) շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը սահմանել 16 ամիս` շինարարության թույլտվություն ստանալու օրվանից.
3) նախագծի մշակման և շինարարության իրականացման արժեքը չի կարող պակաս լինել 331.250.000,0 դրամից` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) գլխավոր կապալի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` շինարարության ինքնարժեքի ավելացման հետևանքով Հայաստանի Հանրապետությանը հանձնվող շինարարական աշխատանքների գնի ավելացման դեպքում նույն չափով ինքնաբերաբար ավելացվում է կառուցապատողին հանձնվող` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օտարման գինը` առանց լրացուցիչ գնահատման.
5) նախագծի մշակման և շինարարության արժեքը սույն կետի 3-րդ ենթակետում նշված արժեքից ավելին լինելու դեպքում կառուցապատողը փոխհատուցման պահանջներ չի ներկայացնում.
6) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացման դիմաց կառուցապատողի սեփականությանն է հանձնվում սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` համաձայն սույն որոշման 8-րդ կետի:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարատովկայի համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների համար անհրաժեշտ`
1) ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, ինչպես նաև նախագծերի համաձայնեցումը` այն նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.
2) շինարարության իրականացման թույլտվության տրամադրումը:
7. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 4-րդ կետի կատարմանն ուղղված համապատասխան որոշման նախագիծ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողատարածքների և դրա վրա տեղադրված շենքերի ու շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման` որպես կառուցապատման դիմաց վճարման միջոց, նաև սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված պարտավորություններն ապահովելու նպատակով` գրավի պայմանագիր` գրավի առարկա նախատեսելով սույն որոշման 1-ին կետում նշված գույքը.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո կառուցապատողի ներկայացրած կատարողական ակտերը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում թվարկված գույքը հանել գրավից.
3) սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանագրով նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն զբաղեցնելու են հանձնվող գույքը` մինչև շինարարության ավարտը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 17 Երևան |