Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.08/1(1014) Հոդ.2
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.11.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
29.11.2013
Дата вступления в силу
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0901/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0901/02/10

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան

Դատավորներ՝   

Ս. Միքայելյան
 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱվանեսյանԻ

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մանուշակ Ասլանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Զոյա Ջուլհակյանի ընդդեմ Զինաիդա Գալստյանի, երրորդ անձ Մանուշակ Ասլանյանի` ընդհանուր օգտագործման տակ գտնվող հողատարածքից բաժնեմասի առանձնացման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Զոյա Ջուլհակյանը պահանջել է առանձնացնել Երևանի Պ. Տիչինայի թիվ 52 և թիվ 52/1 հասցեներում առկա ընդհանուր օգտագործման տակ գտնվող 419քմ մակերեսով հողատարածքից իր 1/2-րդ բաժնեմասը, որը կազմում է 210քմ մակերես։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 04.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.07.2013 թվականի որոշմամբ Մանուշակ Ասլանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.03.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանուշակ Ասլանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Զոյա Ջուլհակյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 94-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վաղարշակ Գալստյանի և Զոյա Ջուլհակյանի միջև կնքված պայմանագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այնտեղ խոսքը գնում է միայն ու միայն 1/6-րդ բաժնեմասի, այն էլ 12,6քմ մակերեսով տարածքի նկատմամբ միայն, իհարկե հողի նկատմամբ և ոչ մի խոսք անգամ չկա։ 419քմ-ից 12,6քմ մակերեսով տարածքի տերը չի կարող հավակնել ամբողջ հողի տարածքի 1/2-րդ մասին։ Պայմանագրում նման կետ չկա։ Հայցվորի այն հայտարարությունը, որ ներքին պայմանավորվածություն է եղել իրենց միջև հողն օգտագործել համատեղ, ճիշտ չէ, և նման պայմանավորվածություն չի արձանագրվել որևէ տեղ, առավել ևս իրավահաջորդների հետ նման պայման չի եղել։ Հակառակը, Դատարանը վճռում նշել է, որ պատասխանող Զինաիդա Գալստյանը և երրորդ անձ Մանուշակ Ասլանյանը հանգուցյալ Վաղարշակ Գալստյանի իրավահաջորդներն են` կինը և դուստրը: 1998 թվականին Վաղարշակ Գալստյանի մահից հետո Զինաիդա Գալստյանին 27.09.2007 թվականին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Շաբոյանի կողմից տրված սեփականության իրավունքի վկայագրով հաստատվել է, ոբ Զինաիդա Գալստյանը, որը հանդիսանում է 13.10.1998 թվականին մահացած Վաղարշակ Գալստյանի կենդանի ամուսինը, սեփականության իրավունք ունի ամուսինների գույքի 1/2-րդ բաժնի նկատմամբ։ Ընդհանուր համատեղ գույքը բաղկացած է Երևանի Պ. Տիչինայի փողոցի 52-րդ բնակարանի 5/6-րդ բաժնից։ Ամբողջ բնակարանը բաղկացած է 94,9քմ ընդհանուր մակերեսից և 419քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից, իսկ կնոջը` Զինաիդա Գալստյանին, և դստերը` Մանուշակ Ասլանյանին, նույն օրը նույն նոտարի կողմից տրված ըստ օրենքի ժաոանգության իրավունքի վկայագրի համաձայն, վերջիններս հանդիսանում են Վաղարշակ Գալստյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ, ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 բնակարանի 5/12-րդ բաժնից։ Ամբողջ բնակարանը բաղկացած է 94,0քմ ընդհանուր մակերեսից և 419քմ մակերեսով հողամասից և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքից և այն իրավունքներից, որոնք անհրաժեշտ են շենք-շինության օգտագործման և սպասարկման համար։ Պատասխանողը և երրորդ անձը նշված վկայագրերը պետական գրանցում կատարելու համար չեն ներկայացրել իրավասու մարմին՝ նրանց և հայցվորի միջև բաժնեմասերի չափերի վերաբերյալ վեճի պատճառով։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ սույն գործով կայացված դատական ակտն առնչվում է Մանուշակ Ասլանյանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել, գտնվել է արտերկրում` Իսպանիայում, և զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 19-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածների խախտում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Մանուշակ Ասլանյանը սույն գործով ընդգրկված է եղել որպես երրորդ անձ և կայացված դատական նիստի մասին նա ծանուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ:

Բացի այդ, սույն գործի փաստերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Զոյա Ջուլհակյանը, Վաղարշակ Գալստյանից գնելով Երևանի Պ. Տիչինայի 52-րդ բնակելի տան 1/6-րդ մասը, բնակելի տան համապատասխան մասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության, իսկ 419քմ մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունք:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի Պ. Տիչինայի (մայիսի 9-ի) փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 419քմ մակերեսով հողամասը և բնակելի տունը 22.04.1988 թվականին գույքագրվել է 13.12.1998 թվականին մահացած Վաղարշակ Գալստյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ.11-14)։

2. Վաղարշակ Գալստյանի և Զոյա Ջուլհակյանի միջև 25.12.1996 թվականին նոտարական վավերացմամբ կնքված բնակելի տան մասի առուծախի պայմանագրի համաձայն` Վաղարշակ Գալստյանը վաճառել, իսկ հայցվոր Զոյա Ջուլհակյանը գնել է Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 բնակելի տան 1/6-րդ մասը (հատոր 1-ին, գ.թ.7):

3. Նշված պայմանագրի հիման վրա Զոյա Ջուլհակյանին 09.01.1997 թվականին տրված թիվ 1014 սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52/1 հասցեում գտնվող օրինական մասի մակերեսը կազում է 12,6քմ և գտնվում է 419քմ մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ.15):

4. Զինաիդա Գալստյանը և երրորդ անձ Մանուշակ Ասլանյանը հանգուցյալ Վաղարշակ Գալստյանի իրավահաջորդներն են` համապատասխանաբար կինը և դուստրը (հատոր 1-ին, գ.թ.41):

5. Վաղարշակ Գալստյանի մահից հետո Զինաիդա Գալստյանին 27.09.2007 թվականին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Շաբոյանի կողմից տրված սեփականության իրավունքի վկայագրով հաստատվել է, որ Զինաիդա Գալստյանը, որը հանդիսանում է 13.10.1998 թվականին մահացած Վաղարշակ Գալստյանի կենդանի ամուսինը, սեփականության իրավունք ունի ամուսինների գույքի 1/2-րդ բաժնի նկատմամբ: Ընդհանուր համատեղ գույքը բաղկացած է Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 բնակարանի 5/6-րդ բաժնից: Ամբողջ բնակարանը բաղկացած է 94,9քմ ընդհանուր մակերեսից և 419քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից, իսկ կնոջը` Զինաիդա Գալստյանին, և դստերը` Մանուշակ Ասլանյանին, նույն օրը նույն նոտարի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն, վերջիններս հանդիսանում են Վաղարշակ Հմայակի Գալստյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ, ժառանգական գույքը բաղկացած է Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 բնակարանի 5/12-րդ բաժից: Ամբողջ բնակարանը բաղկացած է 94,0քմ ընդհանուր մակերեսից և 419քմ մակերեսով հողամասից և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքից և այն իրավունքներից, որոնք անհրաժեշտ են շենք-շինության օգտագործման և սպասարկման համար (հատոր 1-ին, գ.թ. 40-41):

6. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 01.09.2010 թվականի թիվ 4518 գրության համաձայն` նոտարի 25.12.1996 թվականի թիվ 1-2934 առուվաճառքի պայմանագրի հիման վրա ընդհանուր օգտագործման 419,0քմ մակերեսով հողամասում 94,09քմ մակերեսով բնակելի տունը 09.01.1997 թվականին գույքագրվել է Վաղարշակ Գալստյանի անվամբ` Երևանի Պ. Տիչինայի փողոց թիվ 52 հասցեով, 12,6քմ մակերեսով բնակելի տունը 09.01.1997 թվականին գույքագրվել է Զոյա Ջուլհակյանի անվամբ Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52/1 հասցեով (հատոր 1-ին, գ.թ.16):

7. Քննվող քաղաքացիական գործում բացակայում է Մանուշակ Ասլանյանին՝ որպես երրորդ անձի, վերջին հայտնի բնակության վայրի հասցեով ծանուցագիր ուղարկված լինելու մասին ապացույցը:

8. Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, 09.11.2010 թվականին դիմել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դ. Օհանյանին՝ երրորդ անձ Մանուշակ Ասլանյանին 17.11.2010 թվականի դատական նիստի մասին ծանուցելու և ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրությունը դատարան ուղարկելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 36):

9. 22.11.2010 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից Դատարան է ուղարկվել հաղորդագրություն, որում նշվել է, որ Մանուշակ Ասլանյանը չի բնակվում Երևանի Պ. Տիչինայի թիվ 52 տանը, և նրա բնակության վայրի մասին տեղեկություններ չկան (հատոր 1-ին, գ.թ. 65):

10. Դատարանը Մանուշակ Ասլանյանին վերջին հայտնի բնակության վայրի հասցեով 25.11.2010 թվականին ուղարկել է փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը, 18.01.2011 թվականին` գործի վարույթը վերսկսելու մասին որոշման պատճենը, 04.03.2011 թվականին՝ վճռի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 74-76, 121-123):

11. Դատարանը 04.02.2011 թվականին դիմել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դ. Օհանյանին՝ Մանուշակ Ասլանյանին 15.02.2011 թվականին դատական նիստի մասին ծանուցելու և ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրությունը դատարան ուղարկելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 104ա):

12. 15.02.2011 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից Դատարան է ուղարկվել հաղորդագրություն, որում նշվել է, որ Մանուշակ Ասլանյանը չի բնակվում Երևանի Պ. Տիչինայի թիվ 52 տանը և նրա բնակության վայրի մասին տեղեկություններ չկան (հատոր 1-ին, գ.թ. 107):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքը վարույթ ընդունելով` Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի կիրառման առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել պատշաճ ձևով չծանուցված գործին մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Նշված նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն նույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:

Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում արձանագրել, որ թեև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետում խոսքը վերաբերում է պատասխանողի փաստացի գտնվելու վայրի անհայտ լինելու դեպքին, այնուամենայնիվ, այդ դրույթը կիրառելի է նաև երրորդ անձանց առնչությամբ, քանզի վերջիններս գործին մասնակցելու առումով ունեն կողմերին հավասար դատավարական իրավունքներ և պարտականություններ, և նրանց՝ պատշաճ ծանուցումը չապահովելու արդյունքում գործի քննությանը մասնակից չդարձնելու դեպքում ծագում են միևնույն իրավական հետևանքներն ու միևնույն պաշտպանության միջոցներն օգտագործելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանն Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի գործով կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի վերաբերյալ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով, խախտել է պատասխանողի` ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը, ինչպես նաև 19-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Սույն եզրահանգումն ունի հետևյալ հիմնավորումը. պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը դատաքննության մասին ծանուցելու` օրենսդրի տրամաբանությունը կայանում է նրանում, որ այս երկու սուբյեկտների ենթադրյալ կապը պատասխանող ֆիզիկական անձի հետ հնարավոր է և իրատեսական, և ողջամտորեն ենթադրելի է, որ այս սուբյեկտներից որևէ մեկը կարող է անձի համար տեղեկատվության աղբյուր հանդիսանալ դատաքննության մասին: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելիս դատարանը պետք է ողջամտորեն գնահատի օրենսդրի այս կարգավորման նպատակի իրագործելիության հնարավորությունը` տվյալ գործի փաստերից ելնելով: Նման գնահատման ողջամիտ չափորոշիչներ կարող են լինել, մասնավորապես` համայնքի ղեկավարի և դրա բնակիչների համայնքային կապերի ակտիվության մակարդակը, վերջին հայտնի աշխատավայրից անձի հեռանալու ժամկետը և այլ հանգամանքներ: Բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը չպետք է և չի կարող սահմանափակել ու ի չիք դարձնել անձի` արդար դատաքննության սահմանադրական իրավունքը (տե՛ս, Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի թիվ 3-24(Ա) գործով Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Ուստի գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում:

Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ:

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մանուշակ Ասլանյանին որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ որոշումը դատարանը կայացրել է 09.11.2010 թվականին և նույն օրն էլ գրությունն ուղարկել է վարչական շրջանի ղեկավարին: Վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 09.11.2010 թվականի գրության մեջ Դատարանի խնդրանքը, մասնավորապես, ունի հետևյալ ձևակերպումը. «Խնդրում եմ ձեր հանձնարարությունը… Երրորդ անձ Մանուշակ Ասլանյանին 2010 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 10.00-ին, նշանակված դատական նիստի մասին ծանուցելու և ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրությունը դատարան ուղարկելու համար»: Ի պատասխան այս գրության՝ 22.11.2010 թվականի գրությամբ վարչական շրջանի ղեկավարը Դատարանին հայտնել է, որ «…կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Երևանի Պ. Տիչինայի փող. թիվ 52 տանը քաղաքացիներ Զինաիդա Գալստյանը և Մանուշակ Ասլանյանը չեն բնակվում և վերջիններիս բնակության վայրի մասին այլ տեղեկություններ չկան»: 04.02.2011 թվականին Դատարանը կրկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընթացակարգի կիրառմամբ խնդրել է վարչական շրջանի ղեկավարի «հանձնարարությունը… երրորդ անձ Մանուշակ Ասլանյանին 2011 թվականի փետրվարի 15-ին` ժամը 13.00-ին, նշանակված դատական նիստի մասին ծանուցելու և ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրությունը դատարան ուղարկելու համար:» Ի պատասխան 05.02.2011 թվականին կրկին ստացվել է վարչական շրջանի ղեկավարի նույնաբովանդակ պատասխանը, այն է՝ «ուսումնասիրությունից պարզվել է, որ Երևանի Պ. Տիչինայի փող. թիվ 52 տանը քաղ. Մանուշակ Ասլանյանը չի բնակվում և վերջինիս բնակության վայրի մասին այլ տեղեկություններ չկան»:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ կայացած դատական նիստերի մասին Մանուշակ Ասլանյանը ծանուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ:

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը, վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն իրավաչափ չէ: Մասնավորապես, վերոնշյալ գրությունների բովանդակության համադրված ուսումնասիրությունից հետևում է, որ Դատարանի՝ վարչական շրջանի ղեկավարին ուղղված խնդրանքն ըստ էության չի կատարվել, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընթացակարգի կիրառումը չի հանգեցրել այդ նորմով նախատեսված նպատակի իրացմանը, այն է՝ ապահովել գործին մասնակցող անձի պատշաճ ծանուցումը: Ավելին, տիրապետելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 06.06.2012 թվականի թիվ 24/1-5/122/1296 գրությամբ տրված տեղեկությանն առ այն, որ Մանուշակ Ասլանյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ այլ տեղեկություններ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում առկա չեն, և, տեղեկանալով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից նրան ծանուցելու հնարավորության բացակայության մասին, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջներին համապատասխան Մանուշակ Ասլանյանին պատշաճ ձևով տեղեկացրել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

Ուստի Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով` դատարանը չի ապահովել Մանուշակ Ասլանյանի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան