Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-107
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (01.06.1992-18.10.1992)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/10
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
29.05.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.05.1992
Дата вступления в силу
01.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԻՆԴԵՔՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. 1992 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակչության ինդեքսավորման ենթակա եկամուտների նկատմամբ, ըստ տեսակների, կիրառել հետևյալ գործակիցները`

Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափի համար` 1,648, սահմանելով աշխատավարձի նվազագույն չափի` 600 ռուբլի.

բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի դրույքների և ժամային տարիֆային դրույքների համար` 1,65, իսկ կրթության, առողջապահության և մշակույթի բնագավառի աշխատողների պաշտոնային դրույքների համար` 1,8.

ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար` 1,648, սահմանելով դրանք`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 353 կոպ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում.

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 392 կոպ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 473 կոպ.

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների, ինչպես նաև աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերի համար` 1,764, սահմանելով կենսաթոշակի նվազագույն չափ` 600 ռուբլի.

նախկին կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը ներկա պայմաններին համադրելի դարձնելու նպատակով, 1992 թվականի հուլիսի 1-ից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելիս կենսաթոշակների գործերում հաշվարկված միջին ամսական եկամուտներն ավելացնել 900-ական ռուբլով: Նույնպիսի կարգ սահմանել նաև մինչև 1993 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցնող քաղաքացիների, ինչպես նաև աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատունակությունը կորցրած անձանց կենսաթոշակի և վնասի փոխհատուցման չափերը որոշելիս.

մինչև 17 տարեկան երեխաների (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) ամսական նպաստի, ինչպես նաև մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափերի համար` 1,5, սահմանելով այդ նպաստները 210 ռուբլի.

բուհերի ուսանողների, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակների համար` 1,5, սահմանելով այդ կրթաթոշակների չափերը համապատասխանաբար 472 ռուբ. 50 կոպ., 420 ռուբ. և 375 ռուբ.

ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների համար` 1,5, սահմանելով այդ կրթաթոշակները համապատասխանաբար 645 ռուբ. և 900 ռուբ.

2. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) ունեցող ընտանիքների համար մեկ երեխայի ամսական նպաստի չափը սահմանել հասանելիք նպաստի 25 %-ի չափով ավել:

3. Տնտհաշվարկային ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

4. 1992 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կենսաթոշակների նվազագույն չափերը և կենսաթոշակների, երեխաների համար տրվող նպաստների ու կրթաթոշակների չափերը բարձրացնելու մասին» հրամանագրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

29 մայիսի 1992 թ.

ՆՀ-107