Գլխավոր տեղեկություն
Номер
N 926-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.01.2014-20.04.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.655
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2002
Дата вступления в силу
10.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2002 թվականի N 926-Ն

 

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության` դրանում ներառելով նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրը:

(1-ին կետը լրաց. 15.07.04 N 1044-Ն)

2. Հաստատել՝

ա) «Շիկահող» պետական արգելոցի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի, և «Զանգեզուր» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

(2-րդ կետը լրաց. 15.07.04 N 1044-Ն, խմբ. 15.10.09 N 1187-Ն, փոփ. 19.12.13 N 1465-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել դրա պետական գրանցումը.

բ) «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի հողատարածքների անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա` 2 տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների քարտեզագրումը, դրանց պահպանական գոտիների սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։

(5-րդ կետը խմբ. 15.07.04 N 1044-Ն)

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝

ա) սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա՝ «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Շիկահող» պետական արգելոցը (այսուհետ՝ արգելոց) ստեղծվել է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ։

2. Արգելոցի ստեղծման նպատակներն են՝

ա) Ծավ և Շիկահող գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.

բ) հարավային Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունը.

գ) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների ու երևույթների գիտական ուսումնասիրությունը՝ ուղղված արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, արգելոցի հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակման համար բազայի ապահովմանը.

դ) էկոլոգիական դիտանցի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը,

ե) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

զ) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

3. Արգելոցի տարածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը՝ ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը:

4. Արգելոցի անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Շիկահող» պետական արգելոց,

հայերեն կրճատ՝ «Շիկահող» ՊԱ,

ռուսերեն լրիվ՝ Государственный заповедник "Шикахох",

ռուսերեն կրճատ՝ ГЗ "Шикахох",

անգլերեն լրիվ՝ Shikahogh State Reserve,

անգլերեն կրճատ՝ Shikahogh SR։

 

II. ԱՐԳԵԼՈՑԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելոցի տարածքում արգելվում են՝

ա) ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելոցի բնականոն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների և ճանապարհների շինարարության).

գ) որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի բնական պայմանների խախտումը.

դ) կենդանիների և բույսերի առանձին տեսակների թվի ավելացման նպատակով իրականացվող ցանկացած աշխատանք, ինչպես նաև դրանց նոր տեսակների ներմուծումը.

ե) հավաքածուների ստեղծման նպատակով նյութերի հավաքումը (բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի).

զ) վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի և հողերի պարարտացման նպատակով թունաքիմիկատների ու պարարտանյութերի օգտագործումը.

է) երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.

ը) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

թ) ծառահատումները, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.

ժ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը՝ թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

ժա) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգերն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և (կամ) մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:

6. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է՝

ա) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների համար.

բ) զբոսաշրջության համար:

7. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

 

III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

(8-րդ կետը փոփ. 19.12.13 N 1465-Ն)

 

IV. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելոցի պահպանական գոտին ընդգրկում է արգելոցին հատկացված տարածքում Ծավ և Շիկահող գետերի ջրհավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում՝ համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

10. Արգելոցի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելոցի էկոհամակարգին և դրա բնականոն զարգացմանը չվնասող՝ լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

(հավելվածը փոփ. 19.12.13 N 1465-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Շիկահող» պետական արգելոց» ոչ առԵՎտրային կազմակերպությանն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի ԵՎ շինությունների

 

Գույքի անվանումը Քանակը (հատ) Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)
Տնակ՝ անտառապետի 1 64,0
Ընդամենը 1 64,0

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Սոսու պուրակ» արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի N 341 որոշման: Արգելավայրն զբաղեցնում է 60 հեկտար տարածք, գտնվում է Զանգեզուրի հարավային մասում` Ծավ և Շիկահող գետերի ափերին, ծովի մակերևույթից 700-800 մետր բարձրության վրա:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Կովկասում միակ բնական սոսու պուրակի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտ է հնագույն ժամանակներից պահպանվող ռելիկտային ծառատեսակ արևելյան սոսին:

3. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող` տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

ա) «Սոսու պուրակ» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

բ) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

գ) հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող` վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

դ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:

5. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են`

ա) սոսու, հունական ընկուզենու, դաշտային թխկենու, ինչպես նաև այլ բուսական և կենդանական օբյեկտների էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, մոնիտորինգը և վերարտադրությունը.

բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան` զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

6. Արգելավայրի տարածքում արգելվում են`

ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

բ) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների).

դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.

ե) թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը.

զ) տարածքի հողի հերկումը:

7. Արգելավայրի տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են իրականացվել`

ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.

բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

դ) սոսու վերարտադրության միջոցառումների իրականացում.

ե) գիտահետազոտական ուսումնասիրություններ:

8. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող գործունեությունը` պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցված:

9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը լրաց. 15.07.04 N 1044-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 926-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Զանգեզուր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 25870.64 հեկտար հողերի վրա և ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը, Ողջի գետի ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լանջերի վերին հատվածները:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի Զանգեզուր և Բարգուշատ լեռնաբազուկների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լեռնալանջերի բարձրլեռնային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային հարուստ ժառանգությունն են:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

3) Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

5) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ բնակավայրերի բնակչության խմելու համար պահանջվող ջրային ռեսուրսների օգտագործման.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) որսորդությունը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները` բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

11) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).

12) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

6. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`

1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրություն.

2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

3) սահմանված կարգով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպում.

4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.

5) հերթափոխային արածեցում.

6) խոտհունձ.

7) ուտելի և դեղաբույսերի հավաքը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցվածների).

8) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործում.

9) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացում.

10) գիտահետազոտական ուսումնասիրություններ.

11) սիրողական և մարզական ձկնորսություն` այդ նպատակով առանձնացված վայրերում.

12) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը.

13) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում։

7. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Ողջի և Գեղի գետերի վերին հոսանքների, ինչպես նաև Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և հյուսիսային լեռնալանջերի ջրհավաք ավազանի ջրբաժան գծերով սահմանափակված տարածքները:

 

V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

11. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականաշնորհված հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

(հավելվածը լրաց. 15.10.09 N 1187-Ն, խմբ. 19.12.13 N 1465-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան