Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.15/2(1015) Հոդ.17
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Дата принятия
29.11.2013
Подписан
Նախագահի տեղակալ
Дата подписания
29.11.2013
Дата вступления в силу
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0069/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0069/02/13

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Թումանյան

Դատավորներ՝   

Կ. Հակոբյան
 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ««ՀԱՆՔԱՎԱՆ» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ««ՀԱՆՔԱՎԱՆ» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման և պայմանագրի լուծման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 266.352 ՀՀ դրամ և լուծել 10.03.2005 թվականին կնքված «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասի վարձակալության մասին թիվ 073 պայմանագիրը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մանուկյան) (այսուհետ՝ Դատարան) 03.05.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.08.2013 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 78-րդ, 86-րդ, 218-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ներկայացված հայցապահանջը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված բացառիկ ընդդատության ենթակա հայցապահանջ չէ, որպիսի պարագայում հայցը պետք է հարուցվեր և վարույթ ընդունվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված ընդդատության ընդհանուր կանոնին համապատասխան: Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը իրավասու չէր քննելու «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հայցը, այլ պետք է կայացներ որոշում գործը պատասխանողի գտնվելու վայրի, այն է` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին հանձնելու մասին, ինչը, սակայն, չի արել՝ թույլ տալով դատավարական իրավունքի կոպիտ խախտում, որի արդյունքում պատասխանողին զրկել է իրավասու դատարանում հանդես գալու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը, հայցը բավարարել է` հիմք ընդունելով հայցվորի կողմից ներկայացված տեղեկանքը, որով պարտքի չափը չի ապացուցվել: Գումարի բռնագանձման պահանջով ապացուցման բեռը կրում է հայցվորը, որը պետք է ապացուցեր պատասխանողի պարտքի չափը։ Սույն գործով պարտքի չափի վերաբերյալ որպես ապացույց հայցվորը ներկայացրել է իր իսկ կազմած տեղեկանքը, որը սուբյեկտիվ փաստաթուղթ է և չի կարող հանդիսանալ փաստը հաստատող պատշաճ ապացույց:

Սույն գործով Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 21.08.2013 թվականին` ժամը 12:15-ին, որը չի կայացել, իսկ նոր նիստի վերաբերյալ Կազմակերպությունը չի ծանուցվել և առանց պատշաճ ծանուցման Կազմակերպության վերաքննիչ բողոքը քննվել և մերժվել է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Վերաքննիչ դատարանի 21.08.2013 թվականի ժամը 12:15-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ընկերությունը և Կազմակերպության ներկայացուցիչը ծանուցագրերով ծանուցվել են (գ.թ. 69-79)։

2. Դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով դատական նիստը սկսվել է 21.08.2013 թվականի ժամը 13:10-ին։ Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել, գործը քննել է նրանց բացակայությամբ: Նույն օրը դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված (գ.թ. 86):

3. Վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Կազմակերպությունը պատշաճ ձևով չի տեղեկացվել 21.08.2013 թվականի ժամը 13:10-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք դատարանը, գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն այն սկսելով ուշացմամբ, խախտում է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։ Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս` ըստ հայցի Վերգուշ Վարդանյանի ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ։ Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (տե'ս Վարդան Նավասարդյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Համլետ Ավդալյանի՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1867(Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն` դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա, Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին թիվ 3-2236/Ա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը)։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական նիստը նշանակել է 21.08.2013 թվականին` ժամը 12:15-ին, որի վերաբերյալ վերաքննիչ բողոք բերած անձ Կազմակերպությունը պատշաճ ձևով ծանուցվել է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական նիստը սկսել է 21.08.2013 թվականին` ժամը 13:10-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Վերաքննիչ դատարանը կողմերին պատշաճ ձևով տեղեկացրել է 21.08.2013 թվականի ժամը 13:10-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 218-րդ հոդվածների պահանջները, գործը քննել է վերաքննիչ բողոք բերած անձ Կազմակերպության բացակայությամբ, ինչը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով արձանագրված կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան