Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.08/1(1014) Հոդ.4
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.11.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
29.11.2013
Дата вступления в силу
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0306/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0306/02/11
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան

Դատավորներ՝   

Ս. Միքայելյան
 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.02.2013 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ Դերենիկ, Վոլոդյա, Դեղձուհի, Էմմա, Արմինե, Հարություն, Տաթևիկ Մարգարյանների` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, գումարի բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Սևան քաղաքի Նալբանդյան թիվ 47/27 բնակարանի` Վոլոդյա, Դեղձուհի, Դերենիկ, Էմմա, Արմինե, Հարություն և Տաթևիկ Մարգարյանների համատեղ սեփականությունից առանձնացնել Դերենիկ Վոլոդյայի Մարգարյանի բաժնեմասը և 23.03.2010 թվականի թիվ ԳԴ4/0539/02/09 վճռով բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը տարածել այդ բաժնեմասի վրա, իսկ դրա անհնարինության դեպքում վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 09.10.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.02.2013 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.10.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, 200-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն` մասնավորոպես պատշաճ գնահատման չի արժանացրել հայցադիմումին կից ներկայացված գումարի բռնագանձման պահաջի մասին վճիռը, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և կադաստրի գրությունները, համասեփականատերերի մի մասի գրավոր դիրքորոշումները, մյուսների ցուցմունքներն ընդհանուր գույքից պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ, փորձագետի եզրակացությունն ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության և ընդհանուր գույքի շուկայական արժեքի վերաբերյալ: Նման պայմաններում Դատարանը պետք է վճիռ կայացներ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին:

Վերաքննիչ դատարանը, ամբողջական վերլուծության չենթարկելով գործում առկա փաստերը, չի պարզել, որ ընդհանուր գույքի բոլոր համասեփականատերերը տեղեկացված են իրենց իրավունքներին վերաբերող դատավարության մասին, նրանց մի մասն ընդհանուր գույքից բաժնեմաս չի պահանջել և համաձայն է եղել Դատարանի ցանկացած որոշման հետ, իսկ մյուսները չեն հրաժարվել գնել պարտապանի բաժինը, սակայն չեն գնել այն:

 Բացի այդ, եթե նույնիսկ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները կամ նրանց մի մասը չեն հրաժարվել գնել պարտապանի բաժինը, դա դեռևս չի նշանակում, որ Բանկի հայցը պետք է մերժվեր, քանի որ պարտապանի բաժինը գնելուց հրաժարվել կամ չհրաժարվելը հանդիսանում է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքը, և նրանք կարող են ընդհանրապես չհրաժարվել պարտապանի բաժինը գնելուց, բայց և չգնել այն:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.02.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

 1) ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2010 թվականի թիվ ԳԴ4/0539/02/09 վճռով Բանկի հայցն ընդդեմ Նորիկ Խալաֆյանի և Դերենիկ Մարգարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 9-11):

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 21.10.2010 թվականի թիվ Ե-9637-05 գրությամբ պարտատիրոջը` Բանկին, հայտնվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Դերենիկ Մարգարյանը հանդիսանում է Սևան քաղաքի Նալբանդյան թիվ 47/27 հասցեի բնակարանի համասեփականատերը, և առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով վերջինիս մասնաբաժինն առանձնացնելու վերաբերյալ հայցով դիմել դատարան, որից հետո միայն հնարավոր կլինի նշված գույքի վրա բռնագանձում տարածելը (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սևանի տարածքային ստորաբաժանման կողմից 30.09.2004 թվականին տրված թիվ 657025 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` քաղաք Սևան, Նալբանդյան թիվ 47/27 հասցեի բնակարանի նկատմամբ գրանցված է Դերենիկ, Վոլոդյա, Դեղձուհի, Էմմա, Արմինե, Հարություն, Տաթևիկ Մարգարյանների սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 71-72):

 3) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 02.08.2012 թվականին տրված թիվ 11-3424 փորձագետի եզրակացության համաձայն` Սևան քաղաքի Նալբանդյան թիվ 47/27 հասցեում գտնվող բնակարանից Դերենիկ Մարգարյանի բաժինը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել` առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, քանի որ դրանով կխախտվեն կողմերի գույքային իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող նորմատիվ ակտերով սահմանված պահանջները (հատոր 1-ին, գ.թ. 89-97):

4) Դատաքննության ընթացքում ընդհանուր սեփականության մասնակիցներից Վոլոդյա Մարգարյանը հայտնել է Դատարանին (իսկ Դեղձուհի և Էմմա Մարգարյանները համաձայնվել են), որ եթե Բանկը դիմի իրեն, ապա ինքը պատրաստ է վճարել Դերենիկ Մարգարյանի բաժնի արժեքը (հատոր 1-ին, գ.թ. 152-155):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու քաղաքացիաիրավական վեճերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վերը նշված նորմերի վերլուծության հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգը զուգակցում է ինչպես ընդհանուր սեփականության մեջ պարտապան մասնակցի, պարտատիրոջ, այնպես էլ մյուս սեփականատերերի շահերը: Մասնավորապես, վերջիններիս շահերից ելնելով սահմանված է, որ բաժնի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում: Ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում: Ընդ որում, վաճառքից ստացված գումարը կուղղվի պարտքի մարմանը: Իսկ պարտատիրոջ շահերի պաշտպանության համար սահմանված է, որ վերջինս իրավունք ունի պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև իրավունք ունի առաջարկել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով:

Վերոգրյալից հետևում է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,

2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,

3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,

4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը:

Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների համադրված վերլուծությունը նույն օրենսգրքի 192-րդ և 195-րդ հոդվածների հետ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ելնելով ընդհանուր սեփականության բնույթից և դրա մասնակիցների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` օրենսդիրը սահմանել է համապատասխան երաշխիքներ այն դեպքերի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկը նպատակ ունենա օտարելու իր բաժինը: Այն է` ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս վերջիններս ունեն վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2010 թվականի թիվ ԳԴ4/0539/02/09 վճռով Բանկի հայցն ընդդեմ Նորիկ Խալաֆյանի և Դերենիկ Մարգարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Դատարանի կողմից տրված կատարողական թերթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, սակայն վճռի պահանջներն ամբողջությամբ կատարել հնարավոր չի եղել պարտապան Դերենիկ Մարգարյանի մոտ այլ գույքի անբավարարության հիմքով, և Բանկին առաջարկվել է Սևան քաղաքի Նալբանդյան թիվ 47/27 հասցեի ընդհանուր գույքում Դերենիկ Մարգարյանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան: Բանկը դիմել է դատարան` պահանջելով Սևան քաղաքի Նալբանդյան թիվ 47/27 բնակարանից առանձնացնել Դերենիկ Վոլոդյայի Մարգարյանի բաժնեմասը և 23.03.2010 թվականի թիվ ԳԴ4/0539/02/09 վճռով բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը տարածել այդ բաժնեմասի վրա, իսկ դրա անհնարինության դեպքում վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սևանի տարածքային ստորաբաժանման կողմից 30.09.2004 թվականին տրված թիվ 657025 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` քաղաք Սևան, Նալբանդյան թիվ 47/27 հասցեի բնակարանի նկատմամբ գրանցված է Դերենիկ, Վոլոդյա, Դեղձուհի, Էմմա, Արմինե, Հարություն, Տաթևիկ Մարգարյանների սեփականության իրավունքը: Միաժամանակ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 02.08.2012 թվականին տրված թիվ 11-3424 փորձագետի եզրակացության համաձայն` Սևան քաղաքի Նալբանդյան թիվ 47/27 հասցեում գտնվող բնակարանից Դերենիկ Մարգարյանի բաժինը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել` առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու:

Դատարանը Բանկի հայցը մերժելիս պատճառաբանել է. «Տվյալ դեպքում դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ ք. Սևան, Նալբանդյան թիվ 47/27 հասցեում գտնվող բնակարանից Դերենիկ Մարգարյանի բաժինը բնեղենով առանձնացնել հնարավոր չէ առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, արձանագրում է, որ հայցվորը որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց չի ներկայացրել դատարանին, որով կապացուցվի այն փաստը, որ վերջինս օգտվել է օրենքով սահմանված իր իրավունքից և ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը, և վերջիններս հրաժարվել են գնել այն, հետևաբար, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի, դրա բացասական հետևանքները կրում է հայցվորը: Ավելին, դատաքննության ընթացքում ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներից Վոլոդյա, Դեղձուհի և Էմմա Մարգարյանները չհրաժարվեցին օրենքով սահմանված կարգով գնելու Դերենիկ Մարգարյանի բաժինը»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է. «Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործում առկա փորձագիտական եզրակացությամբ արդեն իսկ հաստատված է պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը և հայցվոր «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության պահանջի իրավունքը կարող է բավարարվել միայն պատասխանողներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու եղանակով, որի համար օրենսդիրը բացի աննպատակահարմարության այլ դեպքերից նաև սահմանել է բաժնային սեփականության մյուս մասնակիցների կողմից առանձնացվող բաժնեմասի դիմաց փոխհատուցում վճարելու կամահայտնության բացակայությունը, ուստի հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բացակայում է համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը շուկայական գնով ձեռք բերելուց հրաժարվելու պարտադիր դեպքը, որպիսի պայմաններում Դատարանի համար չէր կարող ծագել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իրավունք: Ավելին, սույն գործով հաստատված հանգամանք է, որ պատասխանողներ Վոլոդյա, Դեղձուհի և Էմմա Մարգարյանները չեն հրաժարվել գնելու Դերենիկ Վոլոդյայի Մարգարյանի բաժնեմասը»:

Մինչդեռ վերը նշված վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը 23.03.2010 թվականի թիվ ԳԴ4/0539/02/09 վճռով սահմանված գումարը բռնագանձելու նպատակով Դատարանից պահանջել է առանձնացնել Դերենիկ Մարգարյանի բաժնեմասը, իսկ դրա անհնարինության դեպքում` վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը բնեղենով առանձնացնելու անհնարինության պայմաններում միաժամանակ այն հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ Դատարանին ներկայացնելով` Բանկը, ըստ էության, կամահայտնություն է դրսևորել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի կանոնների պահպանմամբ հասնել գույքի վաճառքին` ստացված գումարից իր պարտքը ստանալու համար: Մինչդեռ, չնայած այն հանգամանքին, որ դատաքննության ընթացքում ընդհանուր սեփականության մասնակիցներից Վոլոդյա Մարգարյանը հայտնել է Դատարանին, որ եթե Բանկը դիմի իրեն, ապա ինքը պատրաստ է վճարել Դերենիկ Մարգարյանի բաժնի արժեքը (իսկ Դեղձուհի և Էմմա Մարգարյանները համաձայնվել են), այնուամենայնիվ, վերջիններս Դերենիկ Մարգարյանի հետ բաժնի առուվաճառքի պայմանագիր չեն կնքել, ինչպես նաև նրանց կողմից որևէ գործողություն չի կատարվել Դերենիկ Մարգարյանի բաժինը գնելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Դատարանը չէր կարող մերժել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հայցապահանջը:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի բաժինը ձեռք բերելու ցանկությունը զուտ ձևական առումով չէր կարող հիմք հանդիսանալ հայցի մերժման համար, այն կարող էր առարկայական լինել միայն այն դեպքում, երբ նրանց ցանկությանը զուգահեռ կատարվեին նաև որոշակի գործողություններ պարտապանի բաժինը գնելու ողղությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.02.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

   

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան