Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՈ. 1096-9
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (01.07.1977-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՍՍՀԳՍՏ 1978.10.31/20(687) Հոդ.40
Принят
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն
Дата принятия
30.03.1977
Подписан
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ
Дата подписания
30.03.1977
Дата вступления в силу
01.07.1977

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՄԻԿՈԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓՈՂ ԹՈՔԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Բնակչության առողջության պահպանությունն ուժեղացնելու և հանրապետությունում թոքախտի դեմ պայքարի ուղղությամբ կիրառվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Սահմանել, որ միկոբակտերիաներ արտադրող թոքախտով հիվանդ անձինք, որոնք, չնայած բուժհիմնարկների և առողջապահության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են կամավոր բուժումից կամ խախտում են հիվանդանոցային ռեժիմը, ենթակա են ուղարկվելու չորս ամսից մինչև մեկ տարի ժամանակով հարկադիր բուժման` այդ նպատակով հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության կողմից հատկացված հատուկ ռեժիմի բուժական հիմնարկներում:

2. Սույն հրամանագրի 1 հոդվածում նշված անձինք հարկադրական բուժման են ուղարկվում առողջապահության մարմնի բժշկական եզրակացության և միջնորդության հիման վրա հիվանդի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի ժողովրդական դատարանի որոշմամբ: ժողովրդական դատարանը գործը քննում է ոչ ավելի քան 7-օրյա ժամկետում` կանչելով այն անձին, որի նկատմամբ միջնորդություն է հարուցվել հարկադրական բուժման ուղարկելու մասին:

Այն անձի դատարան չներկայանալը, որի նկատմամբ միջնորդություն է հարուցվել հարկադրական բուժման ուղարկելու մասին, չի կարող արգելք հանդիսանալ դատարանի կողմից հարցն ըստ էության լուծելուն:

Հարկադրական բուժման ուղարկելու կամ այն մերժելու մասին ժողովրդական դատարանի որոշումը գանգատարկման ենթակա չէ, բայց կարող է բողոքարկվել դատախազական հսկողության կարգով:

3. Այն անձը, որի նկատմամբ ընդունվել է հարկադրական բուժման որոշում, պարտավոր է համապատասխան բուժհիմնարկ ներկայանալ դատարանի որոշումը կայացնելու օրից երեք օրվա ընթացքում:

Նշված ժամկետում չներկայանալու կամ բուժհիմնարկից ինքնակամ հեռանալու դեպքում հարկադրական բուժման ուղարկված անձը բուժհիմնարկ է բերվում միլիցիայի մարմինների կողմից:

Հարկադրական բուժումը դադարեցվում է այն բուժհիմնարկի որոշմամբ, որտեղ հիվանդը բուժվում է:

4. Հիվանդի հարկադրական հոսպիտալացումից հետո նրա գույքի և ընտանիքի անչափահաս, ինչպես նաև այն չափահաս անդամների շահերի պաշտպանության հարցերը, ովքեր առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, լուծվում են օրենքով սահմանված կարգով:

5. Թոքախտով հիվանդացած և հակաթոքախտային հարկադրական բուժման մեջ գտնվող անձանց աշխատանքի տեղը, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում է մինչև տասներկու ամիս: հիշյալ ժամկետը լրանալու պատճառով աշխատանքից ազատելու դեպքում այդ անձանց աշխատանքի տեղավորումը, որպես կանոն, կատարվում է նախկին աշխատանքի վայրում կամ նրանց բնակության վայրի աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կողմից:

6. Հանձնարարել հայկական ՍՍՀ մինիստրների սովետին` մշակել և իրականացնել սույն հրամանագրի կատարման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ:

7. Սույն հրամանագիրը կիրարկել 1977 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության նախագահ`

Բ. Սարկիսով

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության քարտուղար`

Մ. Բախչինյան

 

30 մարտի 1977 թվականի
ՆՈ. 1096-9