ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 փետրվարի 2014 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով` Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
Մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՕ-295 օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1999 թվականի ապրիլի 14-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1999 թվականի ապրիլի 30-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 6-ից։
Դիմողի կողմից վիճարկվող դրույթը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2011 թվականի հունիսի 23-ին ընդունված, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2011 թվականի հուլիսի 19-ին ստորագրված և 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-247-Ն օրենքով։
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը սահմանում է. «1. Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե՝ ... 5) իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, կամ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին»։
2. Քննության առարկա գործի նախապատմությունը հանգում է հետևյալին. Իջևանի համայնքի ավագանու 2003 թվականի հունիսի 21-ի, 2007 թվականի ապրիլի 12-ի և 2007 թվականի հուլիսի 18-ի` «Քաղաքաշինական նպատակներով տարածքներ հատկացնելու մասին» որոշումների հիման վրա 2008 թվականի մարտի 10-ին կայացվել է քաղաքաշինական նպատակներով կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ, որում քաղաքացի Սուրեն Սարդարյանը ճանաչվել է հաղթող։
2008 թվականի մարտի 10-ին ընդունված թիվ 38 որոշմամբ Իջևանի քաղաքապետը հաստատել է մրցույթի եզրափակիչ արձանագրությունները` համաձայն աղյուսակի, ըստ որի` Իջևան քաղաքի Օհանյան 78 հասցեում գտնվող 800 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով հանձնվել է Սուրեն Սարդարյանին։
Սույն հողամասի նկատմամբ Իջևանի քաղաքապետի 2008 թվականի մարտի 10-ի թիվ 38 որոշումից ծագող իրավունքների գրանցում կատարելու խնդրանքով Սուրեն Սարդարյանը 2013 թվականի հունվարի 23-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե (այսուհետ` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե), որտեղից ստացել է մերժում։
Սուրեն Սարդարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գրանցել Իջևան քաղաքի Օհանյան 78 հասցեում գտնվող 800 քմ մակերեսով հողամասի նկատմամբ հասարակական կառուցապատման իր իրավունքը։
ՀՀ վարչական դատարանի 2013 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
ՀՀ վարչական դատարանն իր` 2013 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ թիվ ՎԴ/1238/05/13 գործի վարույթը կասեցրել է և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ և 91-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու համար։
3. Դիմողը գտնում է, որ ոչ վեճի առարկա օրենքով և ոչ էլ որևէ այլ օրենքով սահմանված չեն մեկ այլ վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտի իրավաչափությունն ստուգելու և գնահատելու` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձի լիազորությունները, այն իրականացնելու կարգը և պայմանները։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը նշում է, որ օրենքի 2-րդ հոդվածում տրված է «անշարժ գույքի պետական միասնական կադաստր» հասկացությունը, իսկ ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 28-ի թիվ 442 որոշման համաձայն՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումն ընդգրկում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, անշարժ գույքի հաշվառումը, գնահատումը և տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը, ինչպես նաև կադաստրային քարտեզագրումը։
Ըստ դիմողի՝ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտի՝ դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին համապատասխանությունն ստուգելու և անհամապատասխանությունը հաստատելու` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց գործողությունները չեն բխում ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ և 91-րդ հոդվածների պահանջներից։
ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի իրավանորմերը համադրելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 65-րդ հոդվածների հետ՝ դիմողը հանգել է այն եզրակացությանը, որ վարչական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից ընդունված վարչական ակտի իրավաչափությունը ենթակա է գնահատման բացառապես դատական կարգով, իսկ քանի դեռ անհատական իրավական ակտը վարչական կամ դատական կարգով անվավեր չի ճանաչվել, իրավական որոշակիության սկզբունքի հաշվառմամբ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ այդ անհատական ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում, ուստի պետք է եզրահանգել, որ այդ անհատական ակտն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում` նաև պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել նշված ակտի իրավաչափությունը։
Դիմողը եզրակացնում է, որ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի կիրառելիության պարագայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ըստ էության, ոչ միայն կասկածի տակ է դնում վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից ընդունված վարչական ակտի իրավաչափությունը, այլ նաև հաստատում է դրա անհամապատասխանությունն օրենքին՝ փաստացի իրականացնելով դատարանի լիազորություններ, որպիսի իրավունք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համատեքստում չի կարող վերապահվել, քանի որ այն համարվում է գործադիր իշխանության մարմին, իսկ ելնելով իշխանությունների տարանջատման սկզբունքից` գործադիր իշխանության գործառույթն օրենքների կենսագործումն ու կիրառումն է։
4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանող կողմն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, ամրագրելով իշխանությունների տարանջատման սկզբունքը, միաժամանակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Դիմողի այն մտահոգությունը, ըստ որի` վիճարկվող նորմի առկայությունը վարչական մարմնին օժտում է արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ և խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, պատասխանողի կարծիքով` արդարացված չէ, քանի որ ինչպես նշվում է Սահմանադրության մեկնաբանություններում. «...այլ մարմինների և կազմակերպությունների կողմից իրենց իրավասությունների սահմաններում իրավական հարցերի լուծումը արդարադատության իրականացում չի համարվում»։
Ըստ պատասխանողի` գործնականում իրավասու մարմինը, առաջնորդվելով իրեն վերապահված լիազորություններով, ուսումնասիրել է գրանցման համար ներկայացված փաստաթղթերը, բացահայտել է գրանցման մերժման հիմքերը և դրսևորել է լիովին իրավաչափ վարքագիծ։ Նման իրավիճակում իրավասու մարմինը չի կարող դիմել վարչական դատարանին՝ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի իրավաչափությունը պարզելու պահանջով, այլ ՀՀ օրենսդրության հետագա խախտումներից զերծ մնալու նպատակով առավելագույնը, որ կարող է անել, համապատասխան գործողության իրականացման մերժումն է։
Պատասխանողի կարծիքով, գործող իրավակարգավորումների պարագայում, երբ իրավասու մարմինը, կասեցնելով գրանցման գործընթացը, չի կարող դատական կարգով վիճարկել այլ վարչական մարմնի կողմից ընդունված իրավական ակտի իրավաչափությունը, իսկ համապատասխան սուբյեկտը, որի օգտին կայացված է տվյալ իրավունքը նախատեսող անհատական իրավական ակտը, շահագրգռված չէ վերջինիս իրավաչափությունը դատական կամ վարչական կարգով վիճարկելու հարցում, ակնհայտորեն առնչվում է օրենսդրական բացի հետ։
Ըստ պատասխանողի, այդուհանդերձ, համապատասխան կառուցակարգերի բացակայությունը և ոչ լիարժեք օրենսդրական կարգավորումները չեն կարող հանգեցնել վիճարկվող նորմի հակասահմանադրականությանը։
5. Վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշված հարցը դիտարկել.
ա) իրավունք կամ իրավունքի սահմանափակում սահմանող իրավական ակտերի տեսակների համատեքստում՝ նկատի ունենալով օրենքի վիճարկվող դրույթում՝ «իրավունքը կամ սահմանափակումը սահմանող» բառակապակցության բովանդակության սահմանադրականության գնահատման անհրաժեշտությունը,
բ) իրավական պետության բաղադրատարր հանդիսացող՝ օրինականության սկզբունքի համատեքստում՝ նկատի ունենալով իրավաբանական ուժի մեջ գտնվող իրավական ակտերի պահանջների կատարման պարտադիրությունը,
գ) իրավական պետության սկզբունքից բխող իրավական որոշակիության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող՝ վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածի համատեքստում,
դ) իրավական պետության բաղադրատարր հանդիսացող՝ արտագերատեսչական վերահսկողության գործառույթներով չօժտված մարմնի կողմից համարժեք կամ բարձր իշխանական կարգավիճակ ունեցող մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անթույլատրելիության սկզբունքի համատեքստում,
ե) սահմանադրական կարգավորումներով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության և անկախության սկզբունքների համատեքստում։
Ընդ որում, օրենքի վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը իրավունք կամ սահմանափակում սահմանող իրավական ակտերի տեսակների համատեքստում դիտարկելու շրջանակներում սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ։
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար։
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները։
ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները։
ՀՀ Սահմանադրության՝ վերը նշված դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ բոլոր դեպքերում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը /խոսքը չի վերաբերում ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի հիմքով իրավունքի ժամանակավորապես սահմանափակմանը/ կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով, այլ ոչ թե այլ իրավական ակտով։
Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ այլ նորմատիվ, ինչպես նաև անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ, իսկ անհատական իրավական ակտերով, որպես իրավունքի կիրառման ակտեր, կարող են ընդամենը կիրառվել իրավունքի սահմանափակումները։
Օրենսդրական կարգավորման մակարդակում այս հասկացությունները պետք է հստակ և ճշգրիտ ձևով ամրագրվեն` չաղավաղելով իրավակարգավորման բովանդակությունը: Սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ քննության առարկա օրենքի իրավակարգավորման շրջանակներում կարգավորման առարկան ոչ թե իրավունքի սահմանումը կամ սահմանափակումն է, այլ օրենքով նախատեսված սահմանափակման կիրառումը:
6. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև գույքի նկատմամբ իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտերի և դրանց բողոքարկման կարգի և հետևանքների վերաբերյալ գործող իրավակարգավորման ուղղվածությանն ու տրամաբանությանը։
Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը սահմանում է. «Առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ... ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը»։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման»։
Նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է, որ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով։
Ընդ որում, քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով, տվյալ ակտն ընդունած վարչական մարմինն իրավասու է ճանաչել այդ ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունել նոր վարչական ակտ։
ՀՀ վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։
Նույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով վարչական դատարանն իրավասու է կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին, իսկ նույն մասի 4-րդ կետի ուժով՝ իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտի՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ վերը նշված դրույթների տրամաբանությունից բխում է, որ.
ա) ոչ իրավաչափ վարչական ակտի, ներառյալ՝ իրավունք կամ սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտի հետևանքը դրա անվավերությունն է կամ առ ոչինչ լինելը,
բ) ի տարբերություն վարչական ակտի անվավերության, վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության և բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը,
գ) վարչական ակտի, ներառյալ՝ իրավունք կամ սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտի իրավաչափությունը կարող է վիճարկվել թե՛ դատական, թե՛ արտադատական կարգով, ընդ որում, վարչական վարույթի շրջանակներում՝ ինչպես դատական մարմինները, այնպես էլ ակտն ընդունող կամ վերադաս վարչական մարմիններն իրավասու են կայացնելու վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու մասին որոշումներ,
դ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով թեև նախատեսված է վարչական ակտը դատական կարգով առ ոչինչ ճանաչելու հնարավորություն, սակայն այդ հնարավորությունը նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի ուժով նախատեսված է միայն շահագրգիռ անձանց համար, որպիսին չի հանդիսանում այն անձը, որի իրավունքի պետական գրանցումը մերժվել է,
ե) ի տարբերություն առ ոչինչ չհանդիսացող մյուս ոչ իրավաչափ վարչական ակտերի, առ ոչինչ վարչական ակտերն այդպիսին են հանդիսանում հենց օրենքի ուժով, ինչն իրավունքի սուբյեկտին չի պարտադրում բողոքարկել նման վարչական ակտերը և դրա արդյունքում ունենալ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի հաստատման վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի վիճարկվող դրույթները նախատեսում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժելու երկու առանձին հիմքեր.
ա) իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, ինչը հանդիսանում է տվյալ վարչական ակտն առ ոչինչ համարելու հիմք,
բ) իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին, ինչը հանդիսանում է տվյալ վարչական ակտի անվավերության հիմք։
Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից պետական գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի ստուգումը և գնահատումը ոչ միայն իրավաչափ է, այլ նաև անհրաժեշտ և պարտադիր՝ պայմանավորված այլոց իրավունքներով և ազատություններով, ինչպես նաև առ ոչինչ վարչական ակտի կատարման կամ կիրառման համար օրենքով սահմանված պատասխանատվության չենթարկվելու հանգամանքով։
7. Անդրադառնալով դիմողի փաստարկներին՝ գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի անվավերության հիմքերի՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստուգման և գնահատման մասով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական լիազոր մարմինը, մերժելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, օրենքի վիճարկվող դրույթների ուժով՝ չի կատարել վարչական ակտի պահանջը՝ անտեսելով այն հանգամանքը, որ ոչ մի իրավասու սուբյեկտ չի վիճարկել պետական գրանցման ենթակա իրավունք կիրառող վարչական ակտը, և այն գտնվում է իրավաբանական ուժի մեջ։
Վերը նշվածի կապակցությամբ, հաշվի առնելով շարադրված փաստարկները, սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի՝ դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին չհամապատասխանելու հիմքով իրավունքի պետական գրանցման մերժումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ սահմանված դատական կամ արտադատական կարգով վերացվել է պետական գրանցման իրավունք կամ սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտը, այսինքն՝ երբ դադարեցվել է վարչական ակտի իրավաբանական ուժը։ Հակառակ պարագայում ստացվում է, որ օրենքի ուժով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն չի կատարել դեռևս իրավաբանական ուժ ունեցող վարչական ակտի պահանջը։
Նման դիրքորոշման հիմքում ընկած հիմնավորումների վերաբերյալ սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
ա) Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված իրավական պետության կարևորագույն տարրերից է օրինականության սկզբունքը, որը ենթադրում է նաև, որ իրավական ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին և գործողության մեջ դրվեն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում՝ իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց կողմից այդ ակտերի պահանջների պարտադիր կատարման պայմանով,
բ) Սահմանադրության 11.2-րդ հոդվածի և 105-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ երաշխավորելով տեղական ինքնակառավարումը, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում համայնքի սեփականությունն ինքնուրույնաբար կառավարելուն ու տնօրինելուն ուղղված որոշակի գործողությունների կատարման և կամահայտնության դրսևորումների միջոցով, պետությունը, միաժամանակ, ստանձնում է համարժեք պարտականություն` Սահմանադրության 108.1-րդ հոդվածով ամրագրված` տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվող իրավական հսկողության իրավակարգավորման շրջանակում։ Այսինքն` տեղական ինքնակառավարման համակարգում սահմանադրական օրինականության սկզբունքի իրացումն ուղղված է պետության կողմից ոչ միայն տեղական ինքնակառավարման երաշխավորմանը, այլև այդ համակարգում օրինականության պահպանմանը։
Տեղական ինքնակառավարման ինքնուրույնության և անկախության երաշխավորմանն է ուղղված նաև ՀՀ սահմանադրական դատարանի՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված լիազորությունը` օրենքով սահմանված կարգով որոշել նաև տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը։ Տվյալ լիազորությունը կոչված է երաշխավորելու տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ գործունեության սահմանադրականությունը և կանխարգելելու պետական մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ գործունեությանն անհարկի միջամտությունը։ Առավել ևս` նման իրավակարգավորումների պարագայում տեղական ինքնակառավարման մարմինների ակտերի օրինականության հարցը կարող է քննության առարկա լինել բացառապես դատական կարգով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում:
8. Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև դիմողի այն փաստարկին, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն օրենսդրորեն օժտված չլինելով արտագերատեսչական վերահսկողության գործառույթներով՝ վերահսկողություն է իրականացրել կառուցվածքային առումով իր ստորադասը չհանդիսացող հանրային իշխանության այլ մարմնի՝ տեղական ինքնակառավարման մարմնի նկատմամբ`պետական գրանցման ենթակա իրավունք կիրառող վարչական ակտն անուղղակիորեն ճանաչելով ոչ իրավաչափ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է վարչական ակտի իրավաչափության (սակայն ոչ առոչնչության)՝ դատական կամ վերադասության կարգով՝ վարչական հատուկ ընթացակարգով, ստուգման և գնահատման հնարավորությունը: Միաժամանակ, որպես գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտ ընդունող մարմին կարող է հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմինը, որի, որպես վարչական մարմնի, ակտերի իրավաչափությունը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, կարող է ստուգվել և գնահատվել բացառապես դատական կարգով: Դա նաև ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի պահանջն է: Մինչդեռ օրենքի վիճարկվող դրույթով նախատեսված է այլ կարգ, ընդ որում՝ առանց հատուկ ընթացակարգի սահմանման և առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն չի կարող հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմնի վերադասը։
Միաժամանակ, ՀՀ հողային օրենսգրքի 41-րդ հոդվածի և «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համակարգային առումով վերլուծությունից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մարզպետների հողային պետական տեսչական իրավասությունների սահմանազատելու մասին» N 1149 որոշման բովանդակությունից հետևում է, որ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։
Սահմանադրական կարգավորումների շրջանակում և ի կատարումն ՀՀ Սահմանադրության 108.1-րդ հոդվածի պահանջների՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխանաբար` 7.1-րդ և 7-րդ գլուխներով իրավական հսկողութուն իրականացնող մարմինների ցանկում չի ներառվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ինչը ենթադրում է ՀՀ հողային օրենսգրքում և «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման համակարգում «հսկողություն» և «վերահսկողություն» եզրույթների բովանդակության ու սահմանների հստակեցմանն ուղղված համապատասխան օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն։ Դրանց առանցքը պետք է լինի այն, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ պետական հսկողությունը, դրա իրականացման ձևերը, մեխանիզմները, կարգը չեն կարող խախտել տեղական ինքնակառավարման ինքնուրույնությունը և դրա մարմինների անկախությունը։
9. Սույն գործի շրջանակում Սահմանադրական դատարանը հարկ է համարում օրենքի վիճարկվող դրույթները դիտարկել նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետով ամրագրված՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժելու հիմք հանդիսացած իրավակարգավորումների շրջանակներում` վերլուծելով նաև տվյալ հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի՝ ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքերում ամրագրված համապատասխան դրույթները։
Մասնավորապես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետը սահմանում է, որ՝ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր։ Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդպիսի հիմքեր կարող են հանդիսանալ, օրինակ, հողերի նպատակային և գործառնական նշանակությունն ինքնակամ փոփոխելը կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը և այլն։
Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված` հողերի նպատակային և գործառնական նշանակությունն ինքնակամ փոփոխելը հիմք է հանդիսանում ոչ միայն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը, ինչպես նաև դրանց հիման վրա հողամասերի առնչությամբ կնքված գործարքները դատական կարգով անվավեր ճանաչելու համար, այլև հողի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժելու համար։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության շրջանակներում տարբեր իրավական ակտերով կարող են սահմանվել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժման տարատեսակ հիմքեր և հաշվի առնելով սույն որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետում՝ «պարտավոր է մերժել» բառակապակցությունը չի կարող վերաբերել գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման մերժման՝ ՀՀ օրենդրությամբ սահմանված այնպիսի հիմքերին, որոնք գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի համար առաջացնում են իրավունք կամ իրավունքի սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտերի օրինականության ստուգման և գնահատման հնարավորություն ու անհրաժեշտություն։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետում ամրագրված` «իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում։
2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի` «...կամ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին» դրույթը, այնքանով, որքանով այն կիրառվում է առանց օրենքով սահմանված դատական կամ արտադատական կարգով տվյալ ակտի անվավեր ճանաչման, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 5-րդ, 91-րդ և 108.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
4 փետրվարի 2014 թ. ՍԴՈ-1137 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|