Գլխավոր տեղեկություն
Номер
N 363-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.12.2013-23.06.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.22/20(686) Հոդ.431
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.04.2009
Дата вступления в силу
22.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2009 թվականի N 363-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրական ցանցերի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 16

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 2-ի N 363-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ ՏԿ) պահանջները տարածվում են մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման նախագծվող, կառուցվող և գործող էլեկտրական ցանցերի (ենթակայանների, բաշխիչ սարքվածքների, հոսանատարների, էլեկտրահաղորդման գծերի ու դրանց հարակից կառույցների, անկախ դրանց սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից) վրա, այդ թվում`

1) մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերի վրա, որոնք անցնում են բնակեցված տարածքներով, տնկարկներով, անտառներով և հատուկ պահպանվող տարածքներով.

2) մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման ստորգետնյա և ստորջրյա մալուխային գծերի վրա:

2. Չբնակեցված, դժվարամատչելի և անմատչելի տեղանքով անցնող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 46-րդ գլխի պահանջներին համապատասխան:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. «Անվտանգության գոտի» հասկացության պարզաբանումը տրված է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների սահմանման նպատակը դժբախտ դեպքերի կանխարգելումը և էլեկտրական ցանցերի պահպանվածության ապահովումն է:

4. Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներն օգտագործվում են ըստ նպատակայնության: Այդ գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալիք ներկայացնել ցանցերի բնականոն աշխատանքի, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքի անվտանգության ու առողջության, ինչպես նաև գույքի պահպանության համար՝ ըստ գործող նորմերի և կանոնների:

5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները և էներգետիկական օբյեկտներ շահագործող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց լիազորությունների սահմաններում, և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչությունը` «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասության սահմաններում վերահսկողություն են իրականացնում սույն ՏԿ-ում սահմանված` անվտանգության գոտիներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ:

6. Անվտանգության գոտիները, ինչպես նաև հողի նկատմամբ օգտակալությունը սահմանելու հետևանքով հողի սեփականատիրոջը կամ վարձակալին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

7. Գործող, կառուցվող և նոր նախագծվող էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում օբյեկտների հեռավորությունների պահպանումը, ինչպես նաև շինարարական նորմերով ու կանոններով և այլ նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումը բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պարտադիր է:

8. Սույն տեխնիկական կանոնակարգը ենթակա է պարտադիր կատարման էլեկտրական ցանցերի կառուցման և շահագործման ընթացքում:

 

3. ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

9. Մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերի համար սահմանվում են`

1) անվտանգության գոտիներ՝

ա. էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով (բացառությամբ ճյուղավորումների՝ դեպի շենքերի ներանցումներ), ընդգրկելով այնպիսի երևակայական ուղղաձիգ հարթություններով սահմանափակված հողի մակերեսը և օդային տարածությունը, որոնք գտնվում են գծի երկու կողմից (եզրային հաղորդալարերից՝ դրանց չշեղված դիրքի դեպքում) 2 մ հեռավորության վրա,

բ. էլեկտրահաղորդման ստորգետնյա և ստորջրյա մալուխային գծերի համար դրանք համընկնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ գլխում սահմանված պահպանության գոտիներին.

2) նվազագույն թույլատրելի հեռավորություններ՝ մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի և մերձակա շենքերի ու կառույցների, ինչպես նաև ծառերի և այլ բազմամյա տնկարկների միջև, որոնք տրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ, 25-րդ, 32 - 34-րդ գլուխներում:

10. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, առանց էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության գրավոր թույլտվության, արգելվում է`

1) իրականացնել շինարարական, հավաքակցման, պայթեցման և ոռոգման աշխատանքներ, կատարել ծառատնկման և արմատահանման աշխատանքներ, կառուցել սպորտային և խաղահրապարակներ, պահեստավորել կեր, պարարտանյութ, վառելանյութ և այլ նյութեր.

2) սարքավորել երթուղիներ` մեքենաների և մեխանիզմների համար, որոնց ընդհանուր բարձրությունը ճանապարհի մակերևույթից գերազանցում է 4.5 մ-ը, ինչպես նաև ավտոմոբիլային և թրթուրային տրանսպորտի, մեքենաների և մեխանիզմների կառանումներ (էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում).

3) կատարել 0.3 մ-ից ավելի խորությամբ հողափորման և համահարթեցման աշխատանքներ՝ տրակտորների, էքսկավատորների և այլ հողափոր մեքենաների օգնությամբ (էլեկտրահաղորդման մալուխային գծերի անվտանգության գոտիներում):

11. Գյուղատնտեսական բնագավառի տնտեսավարող սուբյեկտներին պատկանող տարածքներով անցնող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների շահագործումը կատարվում է սեփականատիրոջ հայեցողությամբ, բայց միայն այդ գծերի՝ սույն ՏԿ-ով սահմանված պահպանվածության ապահովման և անվտանգության միջոցառումների պահպանման պարտադիր կատարման պայմանով:

12. Արգելվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խախտել էլեկտրահաղորդման գծերի բնականոն աշխատանքը կամ հանգեցնել նրանց վնասմանը, մասնավորապես`

1) շպրտել գծերի վրա, հենասյուների մոտ տեղավորել կամ նրանց կամ ամրագծի լարերին կապել կողմնակի առարկաներ, բարձրանալ հենասյուների վրա, արգելափակել նրանց մոտենալու ուղիները և տանիքից ձյուն շպրտել գծերի վրա.

2) մեծ ծանրություններ (5 տ-ից ավելի) նետել, թափել հիմքեր, թթուներ և աղեր, թափոնատեղիներ առաջացնել էլեկտրահաղորդման մալուխային գծերի մայրուղիների վրա.

3) մուտք գործել էլեկտրացանցային կառույցներ, կատարել միացումներ, փոխանջատումներ էլեկտրական ցանցերում, կրակ վառել ներանցիչ և բաշխիչ սարքվածքների, էլեկտրահաղորդման օդային գծերի մոտ և էլեկտրահաղորդման մալուխային գծերի անվտանգության գոտիներում.

4) շինարարներին՝ կատարել շենքերի, կամուրջների, թունելների, երկաթուղային ու ավտոճանապարհների և այլ կառույցների քանդման և (կամ) վերակառուցման աշխատանքներ այն տեղերում, որտեղով անցնում են էլեկտրահաղորդման գծեր կամ որտեղ տեղակայված են ներանցիչ կամ (և) բաշխիչ սարքեր՝ առանց էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունների հետ համաձայնեցման:

13. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների հողատարածքը չի առգրավվում հողատերերից, այլ օգտագործվում է նրանց կողմից՝ սույն կանոնակարգի պահանջների պարտադիր կատարմամբ:

14. Կազմակերպությունները, գերատեսչությունները և առանձին քաղաքացիները պարտավոր են ձեռնարկել իրենցից կախված բոլոր միջոցները` իրենց պատկանող կամ օգտագործմանը հանձնված հողատարածքներով անցնող, մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի պահպանվածության ապահովման համար:

15. Եթե ընդհանուր հենասյան վրա կախված են մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման օդային գծեր և այլ նշանակության գծեր, որոնք պատկանում են տարբեր կազմակերպությունների, ապա այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը գծերի նորոգման ժամանակ, երբ կարող է վնաս հասցվել մյուս կազմակերպությանը, կամ այն դեպքերում, երբ պահանջվում է մյուս կազմակերպության ներկայացուցիչը, այդպիսի նորոգման մասին պետք է նախապես զգուշացնի շահագրգիռ կազմակերպությանը:

16. Էլեկտրահաղորդման օդային գծերի մերձակայքում տարբեր մեքենամեխանիզմների կիրառմամբ իրականացվելիք աշխատանքների կատարումը թույլատրվում է այն պայմանի դեպքում, եթե մեխանիզմի կամ նրա վերամբարձ կամ շարժական մասի, ինչպես նաև բարձրացվող բեռի՝ նրա ցանկացած դիրքում, հեռավորությունը մինչև մոտակա լարման տակ գտնվող հաղորդալարը կլինի 1.5 մ-ից ոչ պակաս:

17. Հեռավորությունն էլեկտրահաղորդման մալուխային գծից մինչև հողային աշխատանքների կատարման վայրը, յուրաքանչյուր մալուխային գծի կամ գծերի խմբի համար, տրվում է էլեկտրահաղորդման մալուխային գծերը շահագործող կազմակերպության` սույն ՏԿ-ի 35-րդ կետում նշված գրավոր համաձայնության մեջ:

18. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ ապահովել սույն ՏԿ-ի 16-րդ և 17-րդ կետերում նշված աշխատանքների կատարման անվտանգությունը, էլեկտրական ցանցի տվյալ տեղամասից պետք է անջատվի լարումը:

19. Հողային աշխատանքներ կատարող կազմակերպություններն այդ աշխատանքերի կատարման տեխնիկական փաստաթղթերում չնշված մալուխ հայտնաբերելու դեպքում պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները, միջոցներ ձեռնարկել մալուխի պահպանվածության ապահովման համար և տեղյակ պահել էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությանը:

20. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպությունների տեխնիկական անձնակազմերն իրավունք ունեն անարգել մոտենալու էլեկտրական ցանցերին՝ նորոգման-շահագործման աշխատանքներ իրականացնելու համար: Եթե էլեկտրական ցանցերը տեղաբաշխված են արգելված գոտիների կամ հատուկ օբեկտների տարածքներում, ապա համապատասխան կազմակերպությունները պետք է ապահովեն օրվա ցանկացած ժամին այդ ցանցերն սպասարկողների մուտքը նշված տարածքներ՝ զննման և նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

21. Գյուղատնտեսական մշակահողերի միջով անցնող, մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի պլանային վերանորոգման և վերակառուցման աշխատանքները պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 42-րդ կետի պահանջների պահպանմամբ:

22. Էլեկտրական ցանցերի վթարային վերանորոգման և շահագործման-սպասարկման աշխատանքներն իրականացվում են ցանկացած ժամանակ, բայց սույն ՏԿ-ի 43-րդ կետի պահանջների պարտադիր կատարմամբ:

23. Էլեկտրահաղորդման մալուխային գծերի նորոգումները, որոնք կապված են ճանապարհային պաստառի խախտման հետ, կարող են իրականացվել միայն սույն ՏԿ-ի 44-րդ և 45-րդ կետերի պահանջների պահպանմամբ:

24. Այն դեպքերում, երբ նախագծվող շենքերի և շինությունների շինարարական հրապարակներում կամ նրանց մերձակայքում տեղաբաշխված են մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցեր, նշված օբեկտների շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերում պետք է նախատեսվեն այդ ցանցերը շահագործող կազմակերպության հետ համաձայնեցված միջոցառումներ, որոնք կապահովեն ցանցերի պահպանվածությունը:

25. Եթե կազմակերպությունները կատարում են այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել էլեկտրական ցանցերի վերադասավորման կամ նրանց մեխանիկական վնասվածքներից պաշտպանության անհրաժեշտություն, ապա նրանք ցանցերի վերադասավորման կամ մեխանիկական վնասվածությունից պաշտպանության աշխատանքները պետք է կատարեն իրենց նյութերի և միջոցների հաշվին՝ նախօրոք այդ աշխատանքները համաձայնեցնելով այդ էլեկտրացանցերը շահագործող կազմակերպության հետ:

26. Կազմակերպությունները, որոնց իրավասության ներքո գործում են թափառող հոսանքների աղբյուր հանդիսացող, գործող կամ կառուցվող կառույցներ, պետք է իրականացնեն միջոցառումներ՝ նվազեցնելու էլեկտրական հոսակորուստը դեպի հող: Կազմակերպությունները, որոնց ենթակայության տակ են գտնվում շահագործվող կամ նոր կառուցվող էլեկտրահաղորդման մալուխային գծերը, պետք է իրականացնեն մալուխները թափառող հոսանքներից պաշտպանելու միջոցառումներ:

27. Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնելու սույն ՏԿ-ի խախտմամբ էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում կամ դրանց մերձակայքում ընթացող աշխատանքները:

 

4. 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

28. Սույն գլխում տրված են 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանվածության ապահովման պահանջները՝ դրանց անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելիս և այլ գործունեություն իրականացնելիս:

29. 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերը պահպանում են այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ են գտնվում դրանք:

30. 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերի համար սահմանվում են`

1) անվտանգության գոտիներ՝

ա. էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով, ընդգրկելով այնպիսի երևակայական ուղղաձիգ հարթություններով սահմանափակված հողի մակերեսը և օդային տարածությունը, որոնք գտնվում են գծի երկու կողմից (եզրային հաղորդալարերից՝ դրանց չշեղված դիրքի դեպքում) հետևյալ հեռավորությունների վրա՝

 

Գծի լարումը (կՎ)

Հեռավորությունը (մ)

Մինչև 20

10

35

15

110

20

150, 220

25

330, 400 և 500

30

 

բ. ջրավազանների (գետեր, ջրանցքներ, լճեր և այլն) վրայով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով, ընդգրկելով այնպիսի երևակայական ուղղաձիգ հարթություններով սահմանափակված օդային տարածությունը, որը գտնվում է գծի երկու կողմից (եզրային հաղորդալարերից՝ դրանց չշեղված դիրքի դեպքում) 100 մ հեռավորության վրա, եթե ջրավազանը նավարկելի է, իսկ եթե ջրավազանը նավարկելի չէ, էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիները սահմանվում են սույն ենթակետի «ա» պարբերությունում սահմանված չափերով,

գ. էլեկտրահաղորդման ստորգետնյա և ստորջրյա մալուխային գծերի համար դրանք համընկնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ գլխում սահմանված պահպանության գոտիներին.

2) նվազագույն թույլատրելի հեռավորություններ՝ 1000 Վ -ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի և մերձակա շենքերի ու կառույցների, ինչպես նաև ծառերի և այլ բազմամյա տնկարկների միջև, որոնք տրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 46 - 48-րդ գլուխներում:

(30-րդ կետը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

31. Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում միայն տնօրինողների կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան կարող է իրականացվել որևէ տնտեսական գործունեություն, այդ թվում՝

1) ցանկացած շենքի և կառույցի շինարարությունը, հիմնանորոգումը, վերակառուցումը կամ քանդումը.

2) ամեն տեսակի լեռնային, բեռնման-բեռնաթափման, հունի խորացման, հողահանման, պայթեցման, հողաբարելավման աշխատանքներ կատարելը, ծառեր և թփեր տնկելը կամ հատելը, դաշտակացարաններ զետեղելը, փարախներ, մետաղալարե ցանկապատեր, խաղողի և այլ այգիների ցանկաշարեր կառուցելը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր ոռոգելը.

3) այնպիսի մեքենաների և մեխանիզմների երթևեկությունը, որոնց ընդհանուր բարձրությունը (բեռան հետ միասին կամ առանց բեռան) ճանապարհի մակերևույթից 4,5 մ-ից ավելի է (էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում).

4) 0,3 մետրից ավելի խորությամբ, իսկ հերկվող հողերում՝ 0,45 մետրից ավելի խորությամբ հողային աշխատանքներ կատարելը, ինչպես նաև գետնի համահարթեցումը (էլեկտրահաղորդման ստորգետնյա մալուխային գծերի անվտանգության գոտիներում):

32. Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են դրանք իրականացնել՝ պահպանելով այդ ցանցերի պահպանվածությունն ապահովող պայմանները:

33. Արգելվում է էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք կարող են խախտել էլեկտրական ցանցերի բնականոն աշխատանքը, հանգեցնել դրանց վնասմանը կամ դժբախտ պատահարների, մասնավորապես՝

1) ավտոլցակայանների և այլ վառելիքաքսուքային պահեստարանների տեղադրումը.

2) հաղորդալարերի և հենասյուների վրա կողմնակի առարկաներ նետելը կամ դրանց մոտեցնելը, ինչպես նաև հենասյուների վրա բարձրանալը.

3) օդապարիկներ, թռչող ապարատների մարզական մոդելներ բաց թողնելը.

4) մարզահրապարակների, մարզադաշտերի, շուկաների, հասարակական փոխադրամիջոցների և բոլոր տեսակի մեքենաների ու մեխանիզմների կանգառների կազմակերպումը, բազմամարդ միջոցառումների անցկացումը, որոնք կապված չեն սահմանված կարգով թույլատրված աշխատանքների կատարման հետ.

5) մալուխային գծերի անվտանգության գոտիներում աշխատանքների կատարումը հարվածող մեխանիզմներով, 5 տ-ից ավելի զանգված ունեցող ծանրությունների նետումը, այրվող, քայքայիչ և վառելիքաքսուքային նյութեր դատարկելն ու թափելը, կրակ վառելը:

34. Եթե կազմակերպությունները և ֆիզիկական անձինք էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում կատարում են պայթեցման, շինարարական և այլ աշխատանքներ, որոնք կարող են վնաս պատճառել էլեկտրական ցանցերին, ապա նրանք պարտավոր են աշխատանքներն սկսելուց առնվազն 10 օր առաջ էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններին տեղեկացնել և նրանց հետ համաձայնեցնել աշխատանքների կատարման այն պայմաններն ու կարգը, որոնք կապահովեն էլեկտրական ցանցերի պահպանվածությունը:

35. Եթե կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք անվտանգության գոտիներում իրականացնում են ցանկացած նոր շենքի կամ կառույցի շինարարություն, հիմնանորոգում կամ վերակառուցում, ապա այդ աշխատանքների կատարման նախագծերի վրա պարտադիր կարգով պետք է ունենան էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպության գրավոր համաձայնությունը, հակառակ դեպքում անվտանգության գոտում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտմամբ կառուցված շենք-շինություններին կառուցումից հետո չի տրամադրվի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններ (սպառիչի էլեկտրական ցանցին միանալու պայմաններ): Այդ կառույցների էլեկտրամատակարարումը կիրականացվի միայն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելուց հետո:

36. Տարածքային կառավարման մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմիններն էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման, սեփականաշնորհման կամ օտարման հիմնարար փաստաթղթերի փաթեթում պարտադիր կարգով պետք է ունենան էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպության տեղեկանքը` նշված հողամասում կամ շենք-շինության տարածքում էներգետիկ օբյեկտի առկայության մասին:

37. Մալուխային գծերի կոռոզիայի հնարավոր աղբյուր հանդիսացող օբյեկտների շինարարության, հիմնանորոգման և վերակառուցման նախագծային-նախահաշվային փաստաթղթերում պետք է նախատեսվեն կոռոզիան սահմանափակելու կամ մալուխային գծերը կոռոզիայի գոտուց դուրս բերելու միջոցառումներ: Այն կազմակերպությունները, որոնց արտադրական գործունեությունը կարող է առաջացնել մալուխային գծերի կոռոզիա, պարտավոր են իրականացնել դրանց կոռոզիան սահմանափակող միջոցառումներ՝ անկախ այդ գծերի պատկանելությունից:

38. Կառուցվող կամ գործող էլեկտրահաղորդման մալուխային գծերը տնօրինողները պարտավոր են իրականացնել նշված գծերը «թափառող հոսանքներից» պաշտպանելու միջոցառումներ:

39. Օդանավերի թռիչքները պետք է իրականացվեն և էլեկտրական ցանցերի վերևում ու շրջակայքում օդային տարածությունն այլ նպատակներով պետք է օգտագործվի՝ ելնելով Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին օրենսդրության դրույթներից:

40. Եթե էլեկտրահաղորդման գծի անվտանգության գոտին համընկնում է երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների համար հատկացված գոտու, խողովակաշարերի, կապի գծերի, այլ էլեկտրահաղորդման գծերի և օբյեկտների անվտանգության գոտիների հետ, ապա դրանց պահպանությունը, շահագործման աշխատանքները տարածքի համընկնող հատվածներում կատարելիս, իրականացվում է դրանք տնօրինողների փոխհամաձայնությամբ:

41. Այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ գտնվող տարածքում առկա են անտառների և անտառային հողերի տարածքներով և անտառուղիներով անցնող էլեկտրական ցանցեր, պարտավոր են՝

1) անտառուղիները (սույն կանոնակարգի իմաստով անտառուղիներ՝ էլեկտրահաղորդման օդային գծերի տակ գտնվող և հաղորդալարերին անմիջականորեն մոտ աճող ծառերով և թփերով պատված տարածքներ) պահել հրդեհաանվտանգ վիճակում.

2) անտառուղիներում ծառերի ու թփուտների հատման միջոցով և այլ եղանակներով ապահովել անտառուղիների լայնության համապատասխանությունն էլեկտրական ցանցերի կառուցման նախագծերով նախատեսված չափերին.

3) սահմանված կարգով հատել անտառուղիներից դուրս աճող և հաղորդալարերի կամ հենասյուների վրա ընկնել սպառնացող ծառերը.

4) անտառուղիներում հատել կամ էտել 4 մետրից ավելի բարձրություն ունեցող ծառերը.

5) հրդեհավտանգ ժամանակաշրջանում ապահովել հենասյուների անվտանգությունը` դրանք շրջափակելով հանքայնացված հողաշերտով:

(41-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1357-Ն)

41.1. Սույն կանոնակարգի 41-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումներն իրականացվում են գծերը տնօրինողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին:

(41.1-ին կետը լրաց. 31.10.13 N 1357-Ն)

42. Անտառների և անտառային հողերի տարածքներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի հաղորդալարերին անմիջականորեն մոտ աճող ծառերի էտման աշխատանքներն իրականացնում են անտառները տնօրինող կազմակերպությունները` այդ գծերը տնօրինողների գրավոր տեղեկանք-հայտի համաձայն: Եթե էլեկտրահաղորդման օդային գծերն անցնում են զբոսայգիների, այգիների և այլ բազմամյա տնկարկների վրայով, ապա ծառերի էտման աշխատանքներն իրականացվում են այդ գծերը տնօրինողների գրավոր տեղեկանք-հայտի համաձայն, դրա մասին նախապես իրազեկելով համապատասխան համայնքի ղեկավարին:

(42-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1357-Ն)

43. Էլեկտրական ցանցերի հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքներ կատարելու համար տարածքներ և ուղիներ ունենալու անհրաժեշտության դեպքում՝ նշված ցանցերը տնօրինողները, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի, պարտավոր են այդ տարածքների սեփականատերերի հետ կնքել ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագիր:

44. Գյուղատնտեսական տարածքներով անցնող էլեկտրահաղորդման գծերի նորոգման և վերակառուցման պլանային աշխատանքները կատարվում են հողօգտագործողների հետ համաձայնեցնելով և, որպես կանոն, այն ժամանակ, երբ այդ տարածքները գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված չեն կամ հնարավոր է ապահովել այդ մշակաբույսերի պահպանվածությունը:

45. Էլեկտրահաղորդման գծերի վթարների կանխման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքները կարող են կատարվել տարվա ցանկացած ժամանակ՝ առանց հողօգտագործողների հետ համաձայնեցնելու, բայց նրանց նախօրոք տեղեկացնելով կատարվելիք աշխատանքների մասին: Էլեկտրահաղորդման գծերը տնօրինողները նշված աշխատանքները կատարելուց հետո պարտավոր են գյուղատնտեսական տարածքները բերել դրանց նպատակային օգտագործման համար պիտանի վիճակի, ինչպես նաև հատուցել բնությանը և հողօգտագործողներին աշխատանքների կատարման ժամանակ պատճառված վնասները: Հողօգտագործողների կրած վնասները որոշվում և հատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

46. Էլեկտրահաղորդման մալուխային գծերի նորոգման և վերակառուցման այն պլանային աշխատանքները, որոնց հետևանքով վնասվում են ճանապարհների հողային պաստառը և երեսարկը, կարող են կատարվել աշխատանքի կատարման պայմանները միայն պետական ճանապարհային մարմինների և այդ ճանապարհները տնօրինողների, իսկ բնակավայրերի սահմաններում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Աշխատանքների կատարման պայմանները պետք է համաձայնեցվեն, և սահմանված կարգով շինարարության (քանդման) թույլտվությունը պետք է ձևակերպվի աշխատանքներն սկսվելուց առնվազն 3 օր առաջ:

47. Վթարների դեպքում էլեկտրահաղորդման մալուխային գծերի՝ ճանապարհային հողային պաստառը և երեսարկը վնասող նորոգման աշխատանքները թույլատրվում է կատարել առանց նախնական համաձայնեցման, բայց պետական ճանապարհային մարմիններին և այդ ճանապարհները տնօրինողներին, իսկ բնակավայրերի սահմաններում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելուց հետո: Նշված աշխատանքները կատարող կազմակերպությունները պարտավոր են պատրաստել շրջուղիներ և պատնեշել այդ աշխատանքների կատարման տեղերն ու տեղադրել համապատասխան ճանապարհային նշաններ, իսկ աշխատանքների ավարտից հետո՝ համահարթել հողը և վերականգնել ճանապարհների հողային պաստառն ու երեսարկը:

48. Էլեկտրահաղորդման գծերի փաստացի տեղադրման վերաբերյալ նյութերը պետք է հանձնվեն տեղական ինքնակառավարման և ընդերքի բնագավառում պետական կառավարման համապատասխան մարմիններին՝ հողօգտագործման, երկրաբանական հատկացման և լեռնահատկացման քարտեզներում գրանցելու համար:

49. Կազմակերպությունները և քաղաքացիներն էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում պարտավոր են կատարել էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպությունների աշխատողների և սույն կանոնակարգից բխող պահանջները՝ էլեկտրական ցանցերի պահպանվածության ապահովման ու դժբախտ պատահարների կանխման նպատակով: Կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում սույն կանոնակարգի պահանջների խախտմամբ կատարվող աշխատանքների դեպքեր հայտնաբերելիս՝ էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպությունները պարտավոր են նրանց զգուշացնել, իսկ այդ աշխատանքները չդադարեցնելու դեպքում դիմել պետական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմիններին:

(հավելվածը խմբ. 28.07.11 N 1138-Ն, փոփ., լրաց. 31.10.13 N 1357-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան