Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.02.26/8(1021) Հոդ.111
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2013
Дата вступления в силу
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1066/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1066/02/11

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Գ. Մատինյան

Դատավորներ՝   

Լ. Գրիգորյան
 

Կ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

 

 

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 2013 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդգար Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էդգար Գրիգորյանի ընդդեմ «Ազադ Ֆայն Քեմիքլս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդգար Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 11.01.2011 թվականի թիվ 1 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում` որպես Ընկերության գովազդի գծով ղեկավար, Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` մինչև պարտավորության կատարման օրը, աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանքի գումարը, ինչպես նաև փաստաբանի վարձատրության գումարը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Հովսեփյան) 04.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Ընկերության 11.01.2011 թվականի թիվ 1 հրամանը, Էդգար Գրիգորյանին վերականգնել նախկին աշխատանքում` Ընկերության գովազդի գծով ղեկավարի պաշտոնում, Ընկերությունից հօգուտ Էդգար Գրիգորյանի բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 11.01.2011 թվականից մինչև 29.03.2012 թվականը` 7.319.221 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 29.03.2012 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը. մնացած պահանջների մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.09.2012 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2012 թվականի որոշման դեմ Էդգար Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2013 թվականի որոշմամբ Էդգար Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.04.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդգար Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 123-րդ հոդվածը, 198-րդ հոդվածի 1-ին մասը, 220-րդ հոդվածը, 222-րդ հոդվածը, 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 224-րդ հոդվածը, 226-րդ հոդվածը և 265-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործի նյութերը, որի արդյունքում անտեսել է, որ մինչև կարգապահական տույժ կիրառելը գործատուն պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն, որը տվյալ դեպքում Ընկերությունն իրենից չի պահանջել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողին աշխատանքից ազատելու պարտադիր ու կարևոր պայման է բացառապես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի չներկայանալը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը չի ապացուցել ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում իր` անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու փաստը` չներկայացնելով դրա վերաբերյալ ապացույցներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Էդգար Գրիգորյանը 10.01.2011 թվականից հետո աշխատանքի չի ներկայացել, որի հետևանքով Ընկերության 11.01.2011 թվականի թիվ 1 հրամանի կրկնօրինակը և լրացված աշխատանքային գրքույկն Ընկերությունը նրան առաքել է փոստային ծառայության միջոցով 29.01.2011 թվականին` միաժամանակ նրա բանկային հաշվին փոխանցելով կատարված վերջնահաշվարկի գումարը: Մինչդեռ առաքանին հետ է վերադարձվել:

Դրանից հետո` 23.05.2011 թվականին, Էդգար Գրիգորյանը ներկայացել է Ընկերության գրասենյակ, որտեղ վերջինիս պետք է հանձնվեր վերը նշված հրամանի կրկնօրինակը, աշխատանքային գրքույկը և համապատասխան տեղեկանք, սակայն Էդգար Գրիգորյանը հրաժարվել է ստորագրել հանձնման-ընդունման ակտը և հեռացել է Ընկերության գրասենյակից, որի վերաբերյալ Ընկերության աշխատակիցների կողմից կազմվել է համապատասխան ակտ:

Էդգար Գրիգորյանից բացատրություն չվերցնելու հանգամանքը չի կարող հայցը բավարարելու հիմք հանդիսանալ, քանի որ բացատրություն տալու իրավունքի իրականացումն անմիջականորեն կապված է գործատուի կողմից տույժի տեսակի ընտրության հետ, մինչդեռ Էդգար Գրիգորյանը տվյալ դեպքում չի պնդել, որ իր նկատմամբ անհրաժեշտ է սահմանել նվազ խիստ կարգապահական տույժ:

Աշխատանքի ներկայանալն աշխատողի պարտականությունն է, և եթե աշխատողը չի ներկայանում աշխատանքի, ապա աշխատանքից բացակայելը համարվում է անհարգելի, քանի դեռ աշխատողի կողմից չի ներկայացվել իր բացակայությունը հարգելի համարելու վերաբերյալ ապացույց: Սույն գործով Էդգար Գրիգորյանը չի ապացուցել, որ 10.01.2011 թվականին աշխատանքից բացակայել է հարգելի պատճառով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Էդգար Գրիգորյանի միջև 30.10.2008 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի համաձայն` Էդգար Գրիգորյանն ընդունվել է աշխատանքի` որպես գովազդի գծով ղեկավար (հատոր 1-ին, գ. թ. 10-15).

2) Ընկերության տնօրենի 11.01.2011 թվականի թիվ 1 հրամանի համաձայն` Էդգար Գրիգորյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 11.01.2011 թվականից լուծվել է` 10.01.2011 թվականին անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի չներկայանալու հիմքով (հատոր 4-րդ, գ. թ. 44).

3) մինչև կարգապահական տույժի կիրառումն Ընկերության տնօրենն Էդգար Գրիգորյանից խախտման մասին գրավոր բացատրություն չի պահանջել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու հարցին ընդհանրապես, ինչպես նաև անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել այն դեպքերը, երբ մինչև կարգապահական տույժ կիրառելը գործատուն աշխատողից չի պահանջել խախտման մասին գրավոր բացատրություն:

 

1) մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը… 3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գործատուի կողմից աշխատանքային կարգապահության խախտման մասին աշխատողից գրավոր բացատրություն պահանջելու ժամանակի հարցին` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ գործատուն աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրությունը պետք է աշխատողից պահանջի մինչև կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ (տե՛ս Մանյա Գալուստյանն ընդդեմ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի թիվ 3-357(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը):

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է, ինչպես նաև վերահաստատում է Մանյա Գալստյանի գործով արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ այդ բացատրությունն աշխատողից պետք է պահանջվի մինչև կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ:

 

2) մինչև կարգապահական տույժ կիրառելը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն չպահանջելու հետևանքները.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են:

Վերոնշյալից հետևում է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու հիմքով դատարան դիմելու դեպքում դատարանը վերականգնում է աշխատողի խախտված իրավունքները, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով:

 

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործով Էդգար Գրիգորյանը, իր հայցապահանջի հիմքում դնելով նաև այն հանգամանքը, որ Ընկերության տնօրենն իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծել է առանց իրենից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու, նաև պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 11.01.2011 թվականի թիվ 1 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Դատարանը, պատճառաբանելով, որ աշխատողի` խախտման մասին բացատրություն տալու իրավունքի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված հետևանքը գործատուի կողմից տույժի տեսակի ընտրությունն է, իսկ Էդգար Գրիգորյանը տվյալ դեպքում չի պնդել, որ իր նկատմամբ անհրաժեշտ էր սահմանել նվազ խիստ կարգապահական տույժ, գտել է, որ Ընկերության կողմից Էդգար Գրիգորյանից բացատրություն պահանջելու պարտականությունը չկատարելը չի կարող անմիջական հիմք հանդիսանալ Ընկերության 11.01.2011 թվականի թիվ 1 հրամանն անվավեր ճանաչելու համար, և հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ խախտման մասին բացատրություն տալու աշխատողի իրավունքն իրականացվում է մինչև գործատուի կողմից կարգապահական տույժ նշանակելը` տույժ նշանակելու և դրա տեսակի ընտրության հարցը որոշելու նպատակով, իսկ Էդգար Գրիգորյանը տվյալ դեպքում չի պնդել, որ իր նկատմամբ անհրաժեշտ է սահմանել նվազ խիստ կարգապահական տույժ, գտել է, որ Դատարանն իրավացիորեն է մերժել հայցը:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` հաստատված է, որ մինչև Էդգար Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժը կիրառելը Ընկերության կողմից խախտման մասին գրավոր բացատրություն չի պահանջվել, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածին այն առումով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածում նշված նորմը մեկնաբանվել է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությանը ոչ համապատասխան, որի արդյունքում փոփոխվել է այդ նորմի իմաստը: Վերաքննիչ դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը սխալ մեկնաբանելու արդյունքում, ըստ էության, եկել է հետևության այն մասին, որ եթե աշխատողը չի պնդում, որ իր նկատմամբ անհրաժեշտ է կիրառել նվազ խիստ կարգապահական տույժ, ուստի մինչև կարգապահական տույժ նշանակելը վերջինիցս բացատրություն վերցնելը պարտադիր չէ, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը կրում է իմպերատիվ (պարտադիր) բնույթ և պայմանավորված չէ ինչպես աշխատողի կողմից հայտնվելիք համապատասխան դիրքորոշմամբ, այնպես էլ կիրառվելիք կարգապահական տույժի տեսակով:

Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքում վկայակոչված մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Դատարանի կողմից թույլ տրված նշված խախտման, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից դրա անտեսման պայմաններում դրանք տվյալ պահին չեն կարող դառնալ քննության առարկա:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան