Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1141
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.03.26/15(1028) Հոդ.186
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
18.03.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
18.03.2014
Дата вступления в силу
18.03.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 մարտի 2014 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝

դիմողի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Ա. Վարդևանյանի, նույն վարչության մասնագետ Ս. Տերզիկյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 04.11.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից։

Օրենսգրքի՝ «Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով» վերտառությամբ 75-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը։ Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում»։

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխության չի ենթարկվել։

 

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչելով իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-753 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, իրավական որոշակիության և դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված համապատասխան իրավական դիրքորոշումները՝ դիմողը ներկայացնում է, մասնավորապես, հետևյալ փաստարկները. «Օրենսդիրը, սահմանելով, որ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ հանցանք է կատարել, լուծում է դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի, ինչպես նաև այլ դրույթների կարգավորումների շրջանակներում չի սահմանել հստակ և կանխատեսելի չափանիշներ, որոնցով դատարանը պետք է առաջնորդվի կամ այն հանգամանքները, որոնք դատարանը պետք է հաշվի առնի որոշում կայացնելուց։ Նախատեսելով այդպիսի որոշում կայացնելու լիազորություն և չսահմանելով որոշումը կայացնելու հստակ չափանիշներ՝ օրենքի վիճարկվող նորմը բացարձակ հայեցողություն է տվել դատարաններին»։

Նշվում է նաև, որ «Քրեական օրենսգիրքը նախատեսում է բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը թողնված է դատարանին, սակայն յուրաքանչյուր դեպքում, երբ որևէ այլընտրանքային որոշման կայացումը օրենքով թողնվում է դատարանին, նույն օրենքը միաժամանակ սահմանում է այն չափանիշները և/կամ պայմանները, որոնցով պետք է առաջնորդվի դատարանը՝ իր հայեցողական լիազորությունները կիրառելիս։ Մինչդեռ չափանիշների բացակայության դեպքում դատական հայեցողությունը կարող է հանգեցնել ոչ պատճառաբանված որոշումների կայացմանը։

 … ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը, համաձայն որի վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը՝ առաջացնում է իրավական որոշակիության սկզբունքի հետ անհամապատասխանության ակնհայտ ռիսկ և որոշակի պարտադիր չափանիշների և/կամ հանգամանքների բացակայությունը (որոնց վրա կհիմնվեր դատարանի որոշումը) արգելափակում է անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը»։

Դիմողը ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման շրջանակներում որպես ոչ պատճառաբանված դատական ակտի կայացման օրինակ է ներկայացնում ԵԱՆԴ 0017/01/11 քրեական գործը, որի շրջանակներում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, նշել է. «Դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին, հնարավոր չգտավ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ամբաստանյալին ազատել քրեական պատասխանատվությունից և գտավ, որ նրա նկատմամբ պետք է նշանակվի ազատազրկման ձևով պատիժ, հաշվի առնելով նրա կատարած հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը»։

Այս կապակցությամբ դիմողը փաստարկում է, որ դատարանի՝ որպես հիմնավորում նշված՝ «հանցագործության բնույթ» և «վտանգավորության աստիճան» եզրույթները չեն կարող համարվել պատշաճ հիմնավորում այն պարզ տրամաբանությամբ, որ վիճարկվող դրույթի կարգավորման ներքո գտնվող բոլոր արարքները հանդիսանում են առանձնապես ծանր հանցագործություններ, ուստի դրանց բնույթը և վտանգավորության աստիճանն ակնհայտ են։

 

3. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը նշում է, որ դիմողի մատնանշած իրավական անորոշությունը բացահայտելու համար հարկ է օրենսգրքի վիճարկվող դրույթը դիտարկել օրենսգրքի մյուս դրույթների հետ համադրված։ Այս կապակցությամբ պատասխանողը նշում է, որ այնպես, ինչպես հանցանք կատարած անձի նկատմամբ տասը կամ ավելի տարի ժամկետով ազատազրկում նշանակելու և ցմահ ազատազրկում նշանակելու հնարավոր հիմնական պատիժներից մեկի ընտրության ժամանակ դատարանը կաշկանդված է ՀՀ քրեական օրենսգրքի 60 և 63-րդ հոդվածների պահանջներով, այնպես էլ օրենսգրքի վիճարկվող նորմի կիրառման ժամանակ դատարանը պետք է առաջնորդվի ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածներով, ինքնին հանրային բարձր վտանգավորություն ունեցող արարքի կատարման, իրագործման առանձնահատկություններով և այն կատարող անձին բնութագրող հատկանիշներով՝ այդ ամենը դիտարկելով ծագած բացասական հետևանքների ծավալի և բնույթի լույսի ներքո։

Պատասխանողի կարծիքով` «Դիմողն անդրադառնալով վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցին հաշվի չի առել օրենսգրքի այլ հոդվածներում առկա կարգավորումները, օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի միջև գոյություն ունեցող կուռ իրավական փոխկապվածությունը»: Եվ` «... եթե բարձրացվում է վիճարկվող նորմի ոչ որոշակի լինելու խնդիրը, կամ դատարանին վերապահված լիազորությունը` կայացնելու վաղեմության ժամկետների կիրառելիության վերաբերյալ համապատասխան որոշում, դիտարկվում է բացառապես վիճարկվող նորմի համատեքստում` այն ընկալելով որպես առանձին, քրեական օրենսգրքի ընդհանուր կարգավորման հայեցակարգից ու սկզբունքներից դուրս դրույթ, ապա կարող է առաջանալ թյուր ընկալում դատարանին վերապահված հայեցողական լիազորությունների «բացառիկության» վերաբերյալ և կարող է ծագել ոչ ճիշտ պատկերացում, որը տարբեր է քրեական օրենսդրության կարգավորման համակարգային խնդիրներից ու առաջնահերթություններից»:

Պատասխանողը նշում է նաև, որ օրենսգրքի վիճարկվող նորմում օրենսգրքի 63-րդ հոդվածով արդեն իսկ ամրագրված ծանրացնող հանգամանքները չարտացոլելը չի կարող առիթ հանդիսանալ այն իրավական որոշակիությունից զուրկ համարելու կամ դատարանին վերապահված հայեցողական լիազորության սահմաններն անտեսելու համար։

Անդրադառնալով, որպես վիճարկվող դրույթի կիրառման հետևանքով ոչ պատճառաբանված դատական ակտերի կայացման օրինակ, դիմողի կողմից ներկայացված ԵԱՆԴ 0017/01/11 քրեական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի ապրիլի 23-ի դատավճռին՝ պատասխանողը գտնում է, որ հարկ է տարբերակել դատական ակտի պատճառաբանվածությունը դատական ակտի հիմնավորվածությունից։

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը, 394 և 419-րդ հոդվածների 1-ին մասերը՝ պատասխանողը գտնում է, որ դատական ակտի պատճառաբանվածությունը կարևոր, սակայն գործի ճիշտ հանգուցալուծման համար երկրորդական պահանջ է և չի հանգեցնում դատական ակտի բեկանման։ Հետևաբար, ըստ պատասխանողի` դիտարկվող դատավճռում բավարար պատճառաբանական տեքստի բացակայությունը չի ենթադրում կիրառված նորմի հակասություն ՀՀ Սահմանադրության հետ։

 

4. Դիմումում բարձրացվող իրավական որոշակիության խնդիրը դիմողը պայմանավորում է վեճի առարկա դրույթի շրջանակներում դատարանին վերապահված հնարավոր «բացարձակ» հայեցողության առկայությամբ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա իրավահարաբերություններում դատական հայեցողությունը պետք է դիտարկել ոչ թե որպես սուբյեկտիվ կամքի դրսևորում, այլ օրինական տարբերակներից մեկի իրավաչափ ընտրության հնարավորություն: Դատարանը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի` վեճի առարկա դրույթի, նախ` գործ ունի անձի հետ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել: Օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով կանոնակարգվում են ցմահ ազատազրկման հետ կապված իրավահարաբերությունները /հոդվածներ` 19/5, 49/10, 50/1, 60, 66/4, 67/6, 76/5,7, 81/4, 104/2, 305, 387 և այլն/: Երկրորդ` օրենսգրքի այլ հոդվածների հետ համադրված վերլուծության արդյունքում, գործի փաստական հանգամանքները քննության առնելու հիման վրա դատարանին տրվում է օրենքով նախատեսված երկու հնարավորություններից մեկի ընտրության իրավասություն` հնարավոր գտնել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատ արձակելը կամ, եթե դատարանը դա հնարավոր չի գտնում, ապա չկիրառել ցմահ ազատազրկում: Սա ոչ թե դատավորի սուբյեկտիվ կամքի արտահայտություն է, այլ օրենքով նախատեսված արդարադատական օբյեկտիվ գործընթացի արդյունք: Նույն տրամաբանությունից է բխում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումը: Նկատի ունենալով, որ ցմահ ազատազրկման հիմքերը կարող են տարբեր լինել, ապա տվյալ իրավակարգավորումների պայմաններում դատարանին հնարավորություն է տրվում օրենքով նախատեսված իրավաչափ տարբերակների միջև ընտրություն կատարել` գործի փաստական հանգամանքների դատաքննության հիման վրա:

ՀՀ սահմանադրական դատարանն անհիմն է համարում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությամբ պայմանավորված՝ ոչ պատճառաբանված դատական ակտի կայացման վերաբերյալ փաստարկները, քանի որ ոչ պատճառաբանված դատական ակտի կայացումը պայմանավորված է ոչ թե վիճարկվող նորմի հնարավոր հակասահմանադրականությամբ, այլ տվյալ նորմի՝ դատարանի կողմից կիրառման իրավաչափությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ կողմերի միջնորդությունների և քրեական դատավարությանը մասնակցող անձանց պահանջների վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված։ Սա դատավարական գործընթացի հստակ պահանջ է և դատարանին որևէ հայեցողությամբ չի օժտում:

Ինչ վերաբերում է դիմողի այն փաստարկին, որ վիճարկվող նորմը չի սահմանել հստակ և կանխատեսելի չափանիշներ, որոնցով դատարանը պետք է առաջնորդվի, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե վիճարկվող նորմն ընկալվում է որպես առանձին, քրեական օրենսգրքի ընդհանուր կարգավորման տրամաբանությունից դուրս դրույթ, ապա կարող է առաջանալ թյուր ընկալում դատարաններին վերապահած «բացարձակ» հայեցողական լիազորությունների վերաբերյալ: Այնինչ, ճիշտ այնպես, ինչպես հանցանք կատարած անձի նկատմամբ տասը կամ ավելի տարի, կամ ցմահ ազատազրկման ժամկետով պատիժ նշանակելու ժամանակ, դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր սկզբունքներով և, մասնավորապես, 60-63-րդ հոդվածների պահանջներով: Բացի դրանից, վեճի առարկա դրույթը լուծում է կարևոր մի խնդիր ևս, անկախ այն բանից, որ անձը ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել և դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելուց հետո անձին ազատ արձակել, ապա, ըստ վեճի առարկա դրույթի և օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի` չի կարող նաև ցմահ ազատազրկում կիրառել: Այսպիսի կարգավորումն իրավունքների պաշտպանության օրենսդրական մոտեցում է:

Կարևոր է նաև նկատի ունենալ, որ նման մոտեցումը կամ տարբեր հանցանքների առնչությամբ վաղեմության ժամկետի սահմանումը, ինչպես նաև դրա բացառումը, օրենսդրի իրավասության հարցն է: Դատարանին գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով և համապատասխան արդարադատական ընթացակարգով տրվում է միայն օրենքով նախատեսված տարբերակներից ընտրություն կատարելու հնարավորություն:

 

5. Վիճարկվող դրույթի կիրառման հետևանքով հնարավոր ոչ պատճառաբանված դատական ակտերի կայացման` դիմողի կողմից բերված օրինակի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, նախ` իրավանորմի հնարավոր ոչ իրավաչափ կիրառումը ՀՀ գործող օրենսդրությամբ ինքնին սահմանադրական արդարադատության առարկա լինել չի կարող: Երկրորդ` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից։ Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից։ Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ»։ Գործում առկա նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ նախաքննության մարմնի 2000 թվականի հունվարի 23-ի որոշմամբ թիվ 17203890 քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կասեցվել է՝ Ա. Մելքոնյանի գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառաբանությամբ։ Ա. Մելքոնյանը հայտնաբերվել է 2010 թվականի նոյեմբերի 18-ին և նույն օրը թիվ 17203890 քրեական գործի վարույթը վերսկսվել է։ Այսուհանդերձ, այս հանգամանքները նույնպես վեճի առարկա նորմի սահմանադրականությանը չեն առնչվում: Դրանք միայն քրեական գործի լուծման իրավաչափությունը վիճարկելու հիմք կարող են հանդիսանալ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

18 մարտի 2014 թ.

ՍԴՈ-1141

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան