Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.29/4(1017) Հոդ.48
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.09.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
13.09.2013
Дата вступления в силу
13.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ/0020/06/13

Գործ թիվ ԿԴ/0020/06/13

Նախագահող դատավոր՝  Գ. Ավետիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

 

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 13-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Անդրեյ Արկադևիչ Զյաբլիցևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Զյաբլիցևի պաշտպան Անուշ Մխիթարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Հ.Աբրահամյանի 2013 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Անդրեյ Զյաբլիցևը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2013 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Ա. Զյաբլիցևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Վարդանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 14-ի որոշումը բեկանվել է, և մեղադրյալ Ա.Զյաբլիցևի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Զյաբլիցևի պաշտպան Ա.Մխիթարյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Վարդանյանը` խնդրելով Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, իսկ վճռաբեկ բողոքը` մերժել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Նախաքննության մարմնի կողմից Ա. Զյաբլիցևին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար.

Ա.Զյաբլիցևը 2012 թվականի հունվարին, գողություն կատարելու դիտավորությամբ համաձայնության գալով կնոջ` Նատալյա Քրմոյանի հետ, իրենց պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևանից մեկնել են Հրազդան քաղաք և մտնելով Հրազդան քաղաքի «Սթար» սուպերմարկետի առևտրի սրահ, հագուստի մեջ թաքցնելու միջոցով գողացել են 18.800 ՀՀ դրամ ընդհանուր արժողության հակաարևահարման կրեմ, սակայն իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ առևտրի սրահից դուրս գալու պահին բռնվել են անվտանգության աշխատակիցների կողմից և գողոնը հետ են վերադարձրել:

Այնուհետև, Հրազդան քաղաքում գործող տարբեր առևտրի սրահներից գողություններ կատարելու դիտավորությամբ, հանցավոր համաձայնության գալով Նատալյա Քրմոյանի և Անահիտ Թարվերդյանի հետ, տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել են Հրազդան քաղաք և մտնելով Միկրոշրջան թաղամասի 105-րդ շենքի 1-ին հարկում գտնվող` Համեստ Փիլիպոսյանին պատկանող կոշիկի սրահ, հագուստի մեջ թաքցնելու միջոցով կատարել են զգալի չափի` 10.000 ՀՀ դրամ արժողության մեկ զույգ տղամարդու կոշիկի գողություն:

Դրանից հետո, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, նույն օրը մտել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 75-րդ շենքի առաջին հարկում գտնվող` Լուսիկ Կոստանյանին պատկանող խանութի սրահ և այնտեղից հագուստի տակ թաքցնելու միջոցով կատարել են զգալի չափի` 6.300 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 6 հատ շամպունների գողություն:

Այնուհետև, 2013 թվականի մայիսի 18-ին Հրազդան քաղաքում գործող տարբեր առևտրի սրահներից գողություններ կատարելու դիտավորությամբ, հանցավոր համաձայնության գալով Ն.Քրմոյանի և Ա.Թարվերդյանի հետ, տաքսի ավտոմեքենայով Երևանից մեկնել են Հրազդան քաղաք և մտնելով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 75-րդ շենքի 1-ին հարկում գտնվող` Լուսիկ Կոստանյանին պատկանող խանութի սրահ` հագուստի տակ թաքցնելու միջոցով կատարել են զգալի չափի` 6.300 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 6 հատ շամպունների գողություն:

Նույն օրը մտել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 73-րդ շենքի առաջին հարկում գտնվող Գոհար Խաչատրյանին պատկանող խանութի սրահ` այնտեղից հագուստի տակ թաքցնելու միջոցով կատարել են 1.450 ՀՀ դրամ արժողության 1 հատ «Վելատոն» մազի ներկի գողություն:

Նույն օրը մտել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 20 շենքի 1-ին հարկում գտնվող` Համբարձում Վարդանյանին պատկանող խանութի սրահ և այնտեղից հագուստի տակ թաքցնելու միջոցով կատարել են 2.000 ՀՀ դրամ արժողության 2 հատ շամպունների գողություն:

Նույն օրը, գողություն կատարելու նպատակով, մտել են Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 2-րդ շենքի 1-ին հարկում գտնվող` Համբարձում Վարդանյանին պատկանող «Արման և քույրեր» ՍՊԸ-ի խանութի սրահ, որտեղ Ա.Զյաբլիցևը հագուստի տակ թաքցրել է 2 հատ շամպուն, իսկ կինը` Ն.Քրմոյանը հագուստի տակ թաքցրել է 1 հատ մազի ներկ: Ա.Թարվերդյանը, դեմքով կանգնելով դեպի վաճառողուհին, ապահովել է վերջիններիս անվտանգությունը, սակայն նրանց գործողությունները նկատվել է խանութի վաճառողուհի Ալվինա Հովհաննիսյանի կողմից և երբ նրանք փորձել են դուրս գալ խանութից, Ա.Հովհաննիսյանը պահանջել է կանգնել: Ա.Զյաբլիցևը և Ն.Քրմոյանը, հասկանալով, որ իրենց գործողությունները դարձել են բացահայտ, խանութից վերցրած իրերը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ դիմել են փախուստի` վազելով դուրս են եկել խանութից և նստելով իրենց սպասող տաքսի ավտոմեքենան, հեռացել են` հափշտակելով 12.000 ՀՀ դրամ արժողության շամպունները և մազի ներկը:

6. Առաջին ատյանի դատարանն իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) քննիչի կողմից ներկայացված և սույն որոշման մեջ շարադրված փաստական տվյալներն ու տեղեկությունները Դատարանի համար, դատավարության տվյալ փուլում, ողջամտորեն բավարար են հիմնավորված համարելու Անդրեյ Զյաբլիցևի առնչությունն իրեն ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը (հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած): Սակայն, դրանք բավարար չեն արդարացված համարելու նախաքննության մարմնի ապագային վերաբերվող կանխատեսումներն առ այն, որ մշտական բնակության վայր, խնամքին 3, այդ թվում՝ 2 անչափահաս երեխա և մշտական աշխատանք ունեցող, միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Անդրեյ Զյաբլիցևը մնալով ազատության մեջ, կթաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ կխոչընդոտի գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառի չներկայանալու կամ այլ ճանապարհով, կամ կկատարի քրեական օրենքով չթույլատրված արարք կամ կխուսափի քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց կամ կխոչընդոտի դատարանի դատավճռի կատարմանը: (...) դատարանը գտնում է, որ առկա չեն Անդրեյ Զյաբլիցևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական բավարար հիմքեր» (տե´ս նյութեր, թերթ 51-60):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ մասնավորապես նշել է հետևյալը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի` մեղադրյալ Ա.Զյաբլիցևի կողմից քննությանը խոչընդոտելու հիմնավորումները բավարար են` մեղադրյալներ են հանդիսանում նաև մեղադրյալ Ա.Զյաբլիցևի կինը` Նատալյա Սուրենի Քրմոյանը և վերջինիս ընկերուհի Անահիտ Ռաֆիկի Թարվերդյանը, և մեծ է հավանականությունը, որ մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել քննությանը` վերոնշյալ անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու ճանապարհով: Այդ առթիվ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում մեղադրող կողմի պատճառաբանությունները, որ դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո վերոնշյալ անձինք փոխել են ցուցմունքները` հրաժարվելով նախկինում տված ցուցմունքներից: Վերաքննիչ դատարանը նաև արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Զյաբլիցևին մեղսագրված է հափշտակությունների` այդ թվում նաև կողոպուտի բազմադրվագ հանցանք, որը հիմք է տալիս հիմնավոր հետևություն անելու, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալը կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք (...):

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը` մեղադրյալ Ա.Զյաբլիցևի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում չկիրառելով` հաշվի չի առել նրան վերագրվող` բազմադրվագ միջին ծանրության հանցագործության բնույթն ու վտանգավորությունը: Մեղադրյալ Ա.Զյաբլիցևին մեղսագրվող միջին ծանրության հանցանքների համար նախատեսվող պատժի խստությունը` մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը մեծացնում է հավանականությունը, որ մեղադրյալն ազատության մեջ մնալով կարող է թաքնվել քննությունից:

Քննիչի միջնորդության համաձայն` նույն գործով կասկածյալներ Անահիտ Ռաֆիկի Թարվերդյանի և Նատալյա Սուրենի Քրմոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և որպես կասկածյալ տված ցուցմունքներով հայտնել են, որ Անդրեյ Զյաբլիցևի հետ նախնական համաձայնությամբ Երևան և Հրազդան քաղաքների գործող տարբեր առևտրի սրահներից կատարել են տարբեր տեսակի իրերի գողություններ:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի` վերաքննիչ բողոքում և Դատարանում բերած այն փաստարկը, որ հաշվի առնելով, որ հանցանքը համակատարողներ են կինը` Նատալյա Սուրենի Քրմոյանը և վերջինիս ընկերուհի Անահիտ Ռաֆիկի Թարվերդյանը, վերջիններս որպես կասկածյալ հարցաքննվելիս մանրամասն նշել են իրենց և մեղադրյալ Անդրեյ Զյաբլիցևի համատեղ կատարած հանցագործությունների վերաբերյալ փաստերը, սակայն վերջինիս արգելանքից ազատելուց հետո արդեն փոխել են իրենց դիրքորոշումը և հրաժարվել` ցուցմունքներ տալուց: Ուստի, մեծ է հավանականությունը, որ ազատ արձակվելուց հետո մեղադրյալը նշված դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն կարող է գործադրել` դրանով ազդելով գործի օբյեկտիվ քննության ընթացքի վրա` խանգարելով հանցագործության բացահայտմանը ու հետագայում ևս մեծ է մեղադրյալի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգը» (տե´ս նյութեր, թերթ 100-106):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

8. Բողոք բերած անձի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, Ա.Զյաբլիցևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելով` դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Վճռաբեկ բողոքի հեղինակի կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն մերժել է Ա.Զյաբլիցևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ի վնաս Ա.Զյաբլիցևի մեկնաբանելով Վճռաբեկ դատարանի` նմանօրինակ գործերով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ոչ իրավաչափ եզրահանգման է եկել Ա.Զյաբլիցևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Բողոքաբերը նշել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալ, իսկ մյուս երկու մեղադրյալները ցուցմունքներ տվել են, սակայն ներկայումս, օգտվելով իրենց իրավունքից, հրաժարվել են ցուցմունքներ տալ: Այս կապակցությամբ բողոքաբերը պնդում է, որ գործով մյուս մեղադրյալների կողմից ցուցմունքներ տալուց հրաժարվելու, այն է` իրենց իրավունքից օգտվելու հանգամանքը Վերաքննիչ դատարանը դիտել է որպես արդարադատությանը խոչընդոտելու փաստ Ա.Զյաբլիցևի կողմից:

Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ Ա.Զյաբլիցևի ընտանեկան վիճակը, խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, դրականորեն բնութագրվելը, մշտական բնակության վայր ունենալը, կալանավորման դեպքում` ընտանիքի ծանր դրության մեջ հայտնվելը:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 3-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 14-ի որոշմանը, իսկ Ա.Զյաբլիցևին` անհապաղ ազատ արձակել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման հիմքերից մեկի՝ մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանը քննության է առնում այն հարցը, թե հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք մեղադրյալ Ա.Զյաբլիցևի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

(…)»:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել միայն օրենքով սահմանված կարգով և դեպքերում (…): Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր անձ ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(…) Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում»:

13. Սույն որոշման նախորդ կետում շարադրված դրույթների վերլուծությունից բխում է, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքներից է, որի նշանակության և արժեքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել Ա.Ավետիսյանի գործով որոշման մեջ: Վկայակոչված որոշման համաձայն՝ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից:

Նշված սկզբունքների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված խափանման միջոցի կիրառման հիմքերը չեն կարող այնպես մեկնաբանվել և կիրառվել, որ կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատական ակտը պատճառաբանելու համար ընդամենը բավարար լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված իրավական ձևակերպումների վկայակոչումը կամ վերարտադրումը: Հակառակ պարագայում անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական երաշխիքը կլինի պատրանքային, իսկ հիմնական իրավունքը փաստացի կբովանդակազրկվի:

Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա» (տե´ս Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-20-րդ կետերը):

Ա.Ճուղուրյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(…)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ» (տե´ս Արամ Սեյրանի Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը):

14. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է վերոնշյալ գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է, հետևաբար մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ իր եզրահանգումները դատարանը պետք է հիմնավորի գործի նյութերում առկա փաստական տվյալներով: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման մեջ դատարանը պարտավոր է ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ հիմնավորել մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու հավանականությունը:

Վերոշարադրյալը բխում է անձին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից: Հակառակ պարագայում կխախտվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի անհարկի սահմանափակման:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ փաստել է, որ չնայած առկա է հիմնավոր կասկած Ա.Զյաբլիցևի կողմից իրեն մեղսագրվող արարքները կատարած լինելու մասին, այնուամենայնիվ, դա բավարար չէ արդարացված համարելու նախաքննության մարմնի` ապագային վերաբերող կանխատեսումներն առ այն, որ մշտական բնակության վայր, խնամքին երեք անձ և մշտական աշխատանք ունեցող, միջին ծանրության հանցագործություն կատարման մեջ մեղադրվող Ա.Զյաբլիցևը, մնալով ազատության մեջ, կկատարի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողություններից որևէ մեկը: Դրանից ելնելով Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ առկա չեն Ա.Զյաբլիցևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով ստորադաս դատարանի դիրքորոշման հետ, արձանագրել է, որ մեղադրյալ Ա.Զյաբլիցևին մեղսագրված է հափշտակությունների բազմադրվագ հանցանք, որը հիմք է տալիս հետևություն անել, որ ազատության մեջ գտնվելու դեպքում վերջինս կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կամ թաքնվել քննությունից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ քանի որ սույն գործով մեղադրյալներ են հանդիսանում նաև Ա.Զյաբլիցևի կինը` Ն. Քրմոյանը և վերջինիս ընկերուհին՝ Ա.Թարվերդյանը, ուստի մեծ է հավանականությունը, որ ազատ արձակվելուց հետո մեղադրյալը նշված անձանց վրա ապօրինի ազդեցություն կարող է գործադրել` դրանով ազդելով գործի օբյեկտիվ քննության ընթացքի վրա` խանգարելով հանցագործության բացահայտմանը: Վերաքննիչ դատարանն իր վերոգրյալ դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկել է, որ Ն. Քրմոյանը և Ա. Թարվերդյանը, որպես կասկածյալ հարցաքննվելիս, մանրամասն նշել են իրենց և Ա. Զյաբլիցևի համատեղ կատարած հանցագործությունների փաստերը, սակայն վերջինիս արգելանքից ազատելուց հետո փոխել են իրենց դիրքորոշումը և հրաժարվել ցուցմունքներ տալուց (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա.Զյաբլիցևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքում դրել է գործով մյուս մեղադրյալների` ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքը: Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանը, անտեսելով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց պաշտպանության իրավունքը, անմեղության կանխավարկածի սկզբունքը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով նրանց տրված երաշխիքները, սույն գործով մյուս մեղադրյալների կողմից իրենց դատավարական իրավունքից օգտվելը գնահատել է որպես մեղադրյալ Ա.Զյաբլիցևի հավանական անօրինական արարք կատարելու հիմնավորում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե հատկապես որ փաստական հանգամանքն է հիմք տվել գալու այն եզրահանգման, որ Ն.Քրմոյանի և Ա.Թարվերդյանի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է եղել մեղադրյալ Ա. Զյաբլիցևի ազատության մեջ լինելու և նշված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի կողմից ընդհանրապես, իսկ տվյալ դեպքում` գործով անցնող մյուս մեղադրյալների կողմից մասնավորապես, ցուցմունք տալուց հրաժարվելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմք դիտարկելը և դրանով պայմանավորված` անձին ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատության իրավունքից զրկելն իրավաչափ չէ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա փաստարկը չէր կարող դիտվել որպես Ա.Զյաբլիցևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմք, քանի որ այն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված պաշտպանության իրավունքին և անմեղության կանխավարկածի սկզբունքին:

Լռություն պահպանելու մեղադրյալի իրավունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Աշոտ Առաքելյանի վերաբերյալ որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել, որ «Կալանավորման կիրառման հիմքերի էության և նպատակային նշանակության ոչ ճիշտ ընկալումը հանգեցրել է այն բանին, որ ըստ էության տարբերություն չի դրվել մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու և նրա պաշտպանության իրավունքի միջև: Մեղադրյալի կողմից իր դատավարական իրավունքների իրականացումը ոչ մի դեպքում չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի և հիմք հանդիսանալ ինչպես կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, այնպես էլ կալանավորման ժամկետը երկարացնելու համար» (տե´ս Աշոտ Գագիկի Առաքելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԿԴ/0580/06/09 որոշման 19-րդ կետը):

17. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված և պատճառաբանված չէ մեղադրյալ Ա. Զյաբլիցևի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը: Այդ որոշման հիմքում դրված հիմնավորումները չեն բխում կալանավորման թույլատրելի հիմքերը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա. Զյաբլիցևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել չհիմնավորված, չպատճառաբանված և ոչ իրավաչափ դատական ակտի կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք է:

18. Նոր քննությամբ անհրաժեշտ է, կալանավորման միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերից ելնելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատական ստուգման ենթարկել մեղադրյալ Ա. Զյաբլիցևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և հանգել համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Անդրեյ Արկադևիչ Զյաբլիցևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան