ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2013 թվականի N 1304-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 856-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1304-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) տեսչության ընդհանուր կառավարման նպատակով ստեղծվող կոլեգիալ մարմին է:
2. Խորհուրդն ստեղծվում է, և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Խորհրդի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Խորհրդին կից գործում է բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով), որն ստեղծվում է տեսչության և նրա աշխատողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ ներկայացված բողոքների քննության և լուծման նպատակով:
6. Բողոքարկման հանձնաժողովը խորհրդի կողմից ձևավորվող մարմին է, որը բաղկացած է նախագահից և վեց անդամից, ովքեր իրենց աշխատանքը հանձնաժողովում իրականացնում են հասարակական հիմունքներով: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չի կարող ընդգրկվել տեսչության աշխատողը:
7. Բողոքարկման հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է հանձնաժողովի առնվազն 5 անդամ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Դիմում-բողոք ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցվում է փոստի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք ներկայացրած անձը և (կամ) վերջինիս լիազորած անձը (մասնագետը): Հանձնաժողովը քննության է առնում դիմում-բողոքները և դրանց վերաբերյալ եզրակացություն է տալիս 30 օրվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություններ պահանջող դեպքերում հանձնաժողովի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն: Բողոքարկման հանձնաժողովը նիստի ավարտից հետո տալիս է եզրակացություն, որի հիման վրա տեսչության պետը նույն օրն ընդունում է որոշում դիմում-բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացության մեջ հստակ նշվում է հանձնաժողովի հիմնավորված դիրքորոշումը դիմում-բողոքի բավարարման կամ մերժման վերաբերյալ:
9. Բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատում է խորհուրդը:
10. Խորհրդի գործունեության նպատակը տեսչության գործունեության արդյունավետությունն ապահովելը և ոլորտի անվտանգության ապահովմանը նպաստելն է։
11. Խորհրդի լիազորություններն են`
1) տեսչության գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերին հավանություն տալը.
2) ստուգումներին առնչվող ուղեցույցներին հավանություն տալը.
3) տեսչության պետի կողմից ներկայացված տեսչության տարեկան և ընթացիկ հաշվետվություններին հավանություն տալը.
4) տեսչության պետի կողմից ներկայացված` կիրառված պատասխանատվության միջոցների մասին հաշվետվություններին հավանություն տալը.
5) յուրաքանչյուր տարի` նախատեսված ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված տեսչական մարմնի գործունեության թիրախների սահմանումը, որոնք ներառում են`
ա. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ` ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտներ) թվի աճը,
բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտում հանրությանն սպառնացող ռիսկերի կրճատումը,
գ. տեսչության կատարողականի և գործունեության մասին հանրության իրազեկվածության բարձրացումը.
6) տեսչության պետի կողմից ներկայացված կատարողականի ցուցանիշների ցանկին հավանություն տալը, որոնցով նախատեսված է գնահատել տեսչության կողմից իր խնդիրների իրագործումը: Խորհուրդը կարող է մերժել ցանկում ներառված ցուցանիշները կամ նպատակահարմար գտնելու դեպքում` ավելացնել այլ ցուցանիշներ: Խորհրդի կողմից հաստատված ցանկը պետք է ներառի հետևյալ ցուցանիշները`
ա. հաշվետու ժամանակաշրջանում պլանավորված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների հարաբերակցությունը,
բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների թիվը,
գ. ստուգման կամ դրա ավարտից հետո վերացված խախտումների թիվը,
դ. հայտնաբերված և դատական կարգով լուծված խախտումների թիվը,
ե. տեսչության կողմից վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտներին տրված ուղեցուցների թիվը:
12. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում տեսչությունը խորհուրդ է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ ընթացիկ եռամսյակային հաշվետվություններ, որոնք խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ: Սահմանված ցուցանիշներին կամ թիրախներին չհամապատասխանելու դեպքում խորհուրդը կարող է տեսչությանը տալ կատարողականի բարելավմանը վերաբերող ցուցումներ:
13. Սույն կանոնադրության 12-րդ կետի իմաստով` տնտեսավարող սուբյեկտը համարվում է համապատասխանող, եթե համապատասխանում է ստուգաթերթի ռիսկայնության միավորների առնվազն 80 տոկոսին բաժին ընկնող հարցերին:
14. Խորհուրդն իր նիստերը հրավիրում է առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:
15. Խորհուրդը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
16. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ աշխատակարգը` խորհուրդը:
17. Խորհրդի լիազորությունների իրականացմանն ուղղված գործողությունների կատարման ապահովման նպատակով խորհրդի քարտուղարությունն իրականացվում է տեսչության կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|